Հայկական Հետազօտութիւններ Թուրքական Ուղեղային Կենտրոններում
ԱՐԵՍՏԱԿԷՍ ՍԻՄԱՒՈՐԵԱՆ
Արդի դարաշրջանում տեղեկատուական պատերազմներն ընթանում են գրեթէ բոլոր դաշտերում` այդ գործընթացներում ներառելով պետական եւ ոչ պետական հաստատութիւններին:
Համացանցի եւ տեղեկատուական այլ արհեստագիտութիւնների զարգացման, գիտակրթական նոր ձեռքբերումների հետ միասին մատչելի դարձաւ նաեւ տեղեկութիւն ստանալը, ինչն առաջ բերեց նաեւ տեղեկատուական հոսքերի ընդգրկուն տիրոյթ: Վերջին 20 տարիներին տարբեր երկրներում հիմնուեցին զգալի թուով ուղեղային կենտրոններ (ՈւԿ)` այդ տիրոյթում եղած տեղեկատուական նիւթի հայթայթման, մշակման, վերահսկման եւ վերլուծման համար: Այս տեսանկիւնից բացառութիւն չէ Թուրքիան: ՈւԿ-երը, որոնք ընդունուած է համարել «հինգերորդ իշխանութիւն», անմասն չեն տեղեկատուական-քարոզչական գործողութիւններից:
Մինչեւ Խորհրդային Միութեան փլուզումը` Թուրքիոյ մէջ հայկական հետազօտութիւնները բացառապէս իրականացւում էին ակադեմական կառոյցների շրջանակներում: Առկայ ստուարաթիւ վերլուծական կենտրոնների հիմնական մասի, այդ թւում` «փակ վերլուծական» խմբերի հետազօտական աշխատանքները կենտրոնացած էին հիմնականում հայկական սփիւռքում տեղի ունեցող տեղաշարժերի եւ մեծ մասամբ հայկական ահաբեկչական խմբաւորումների գործունէութեան հետազօտութիւնների վրայ: Ներկայումս այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայ-թուրքական յարաբերութիւնները, Հայոց ցեղասպանութեան, սփիւռքի եւ ընդհանրապէս Հայաստանին ու հայութեանը վերաբերող քաղաքական, ռազմավարական նշանակութեան հիմնախնդիրները, բացի ակադեմական կառոյցներից, դարձել են նաեւ թուրքական վերլուծական հաստատութիւնների հետազօտութիւնների առարկայ:
Արժէ յիշատակել, որ վերջին տարիներին Թուրքիայում հայերէնի դասաւանդման ուղղութեամբ եւս քայլեր են արւում: Մասնաւորապէս այդ նպատակով ակադեմական հաստատութիւններում հիմնադրուել են տարբեր ստորաբաժանումներ, նեղ մասնագիտացուած հաստատութենական բաժիններ: Դրանք հայոց լեզուի եւ գրականութեան բաժիններ են եւ գործում են հիմնականում ուսումնակրթական ծրագրերի ու դասընթացների շրջանակներում: Միեւնոյն ժամանակ, որոշ համալսարաններում ստեղծուել են նաեւ հայկական հետազօտական կենտրոններ, որոնց հետազօտական բուն նպատակը Ցեղասպանութեան թեմաներով ուսումնասիրութիւններն են, եւ այս ուղղութեամբ աշխատանքները բաւական մեծ տոկոս են կազմում:
Կենտրոնների «մտաւորական արտադրանքն» ունի, նախ` քարոզչական, երկրորդ` ճանաչողական եւ, ի վերջոյ, կիրառական նշանակութիւն: Աչքի անցկացնելով վերջին հինգ տարիներին մօտ 10 հետազօտական կենտրոնների հրատարակած յօդուածները, գրքերը, զեկոյցները` հայկական հետազօտութիւնները կարելի է բաժանել երկու մասի` պատմական եւ արդի: Պատմական հետազօտութիւնները վերաբերում են հետեւեալ թեմաներին.
- Հայերը տարածաշրջանում թիւրքական նուաճումից առաջ
- Հայերը Սելճուքեան ժամանակաշրջանում
- Հայերն Օսմանեան կայսրութիւնում (ընկերային, քաղաքական, ժողովրդագրական, կրթական եւ մշակութային իրադրութիւնը)
- Հայկական կուսակցութիւններն Օսմանեան կայսրութիւնում
- Հայոց ցեղասպանութիւնը
- Լոզանի պայմանագիրը եւ Հայկական հարցը
- Հայկական համայնքը հանրապետական Թուրքիայում:
Արդի խնդիրների ուսումնասիրութիւնները վերաբերում են`
- Հայաստանի Հանրապետութեան հիմնմանը\
- Հայաստանի Հանրապետութեան ժողովրդագրական, մշակութային խնդիրները, հանրութեան ընկերային կառուցուածքին
- Թուրքիա-Հայաստան եւ Թուրքիա-Ազրպէյճան-Հայաստան յարաբերութիւններին
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին
- Հայկական հարցին միջազգային յարաբերութիւնների պարունակում
- Հայկական սփիւռքին
- Հայերի ներկայութեանը համացանցային տարածութիւնում
- Հայկական Զանգուածային լրատուամիջոցների եւ մետիա-դաշտի ուսումնասիրութիւններին
- Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեանը եւ այլն:
Երկու դէպքում էլ շարքը կարելի է շարունակել` յաւելելով նաեւ այլ ուղղութիւններ, սակայն վերոյիշեալ հետազօտութիւններին աւելի մեծ տեղ է յատկացւում: Թէեւ միշտ չէ, որ ՈւԿները կատարում են պատմական հետազօտութիւններ, այդուհանդերձ, դրանք հազուադէպ, բայց որոշ ՈւԿ-երի պարագայում առկայ են: Մնացած դէպքերում պատմական հետազօտութիւնները կատարւում են կա՛մ համալսարաններին կից գործող հետազօտական-վերլուծական կառոյցներում (օրինակ` Սաքարիայի եւ Աթաթիւրքի համալսարանների թուրք-հայկական յարաբերութիւնների հետազօտութիւնների կենտրոններում), կա՛մ «հայագիտական» հարցերում մասնագիտացուած ՈւԿ-երում:
Պատմական եւ արդի խնդիրներով զբաղուող խոշորագոյն «հայագիտական» կենտրոնը, որտեղ հայկական հետազօտութիւնները կրում էին հիմնարար բնոյթ, ժամանակին Թուրքիայի Եւրասիական ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնին կից գործող, 2001թ. հիմնադրուած եւ քարոզչական մեծ մեքենայի վերածուած Հայկական հետազօտութիւնների հիմնարկն էր (Ermeni Araştirmalari Enstitüsü): 2009թ. վերոյիշեալ կենտրոնը դադարեցրեց գործունէութիւնը: Թուրքական լրատուամիջոցները նշեցին ֆինանսական աջակցութիւնից զրկուելու հանգամանքը, մինչդեռ այն փակուեց քաղաքական դրդապատճառներով:
Հայկական հետազօտութիւնների հիմնարկն այժմ շարունակում է աշխատանքները մէկ այլ հետազօտական կենտրոնում` «Ա. Հ. Ի. Մ.»-ում (Եւրասիական ուսումնասիրութիւնների կետրոն), Կովկաս եւ Հայկական հարց բաժնի կարգավիճակով, նախագահն է նախկին դիւանագէտ Օմեր Էնկին Լիւթեմը: AVIM-ը եւ մէկ այլ ռազմավարական կենտրոն` ՕՐՍԱՄ-ը (Մերձաւորարեւելեան ռազմավարական հետազօտութիւնների կենտրոն) հիմնադրուել են Թուրքմենական համագործակցութեան եւ մշակոյթի հիմնադրամի կողմից: Ընդհանրապէս միջինասիական թուրքմենական դրամագլխի ներդրումը Թուրքիայի գիտավերլուծական կենտրոնների գործունէութեան մէջ նոր եւ եզակի երեւոյթ է, որը նկատելի է վերջին հինգ տարիներին:
Ինչ վերաբերում է հայկական հետազօտութիւններին, կենտրոնը հրատարակում է երկու ամսագիր` «Հայկական հետազօտութիւնների հանդէս»-ը (թուրքերէն) եւ «Review of Armenian Studies»-ը (անգլերէն): Որոշ տուեալների համաձայն, այն վերահսկւում է Թուրքիայի Գիտական եւ արհեստագիտական հետազօտութիւնների խորհրդին կից Ազգային ակադեմական ցանցի եւ տեղեկատուական կենտրոնի կողմից:
Թէեւ ամսագրերում հրատարակուող յօդուածներն անդրադառնում են հայագիտութեան տարբեր բնագաւառների, այնուամենայնիւ, գերակշռող են Ցեղասպանութեան ժխտողականութեան վերաբերեալ հրապարակումները, ինչը վկայում է, որ դրանք շարունակում են գործել Անգարայի հայկական հիմնարկի որդեգրած սկզբունքներով: Ժամանակ առ ժամանակ ամսագրերում կարելի է հանդիպել հայոց պատմութեան տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող յօդուածների, որոնց նպատակն անաչառութեան պատրանքի ստեղծումն է: Թուրք հեղինակներից բացի, ամսագրերում հրատարակւում, ինչպէս նաեւ խմբագրական խորհրդում ընդգրկուած են արեւմտեան եւ ազրպէյճանցի հեղինակներ ակադեմական եւ վերլուծական շրջանակներից, ինչը միջազգային բնոյթ է տալիս պարբերականներին: Հակահայկական, քարոզչական բնոյթի հրապարակումները չեն սահմանափակւում սոյն պարբերականներով: Կենտրոնը նման աշխատանքներ ներկայացնում է նաեւ զեկոյցների տեսքով:
Հայկական հարցերում մասնագիտացուած են նաեւ Աթաթիւրքի եւ Սաքարիայի համալսարաններին կից թուրք-հայկական յարաբերութիւնների հետազօտութիւնների կենտրոնները: Երկար ժամանակ երկու կենտրոններն էլ գործակցում էին Անգարայի հայկական հիմնարկի հետ, իսկ այժմ աւելի սերտ են դրանց եւ AVIM-ի յարաբերութիւնները:
Հայկական հետազօտութիւններով եւ ուսումնական գործունէութեամբ զբաղուող թուրքական կառոյցների (ակադեմական, թէ վերլուծական) միջեւ համագործակցութեան մակարդակը բարձր է: Նրանք աշխատում են փոխլրացման սկզբունքով: Այդ յարաբերութիւնները հնարաւորութիւն են տալիս լուծել մի քանի առանցքային խնդիրներ. քատրերի վերապատրաստում, ռազմավարական նպատակների յստակեցում եւ իրագործում, համատեղ ծրագրերի, գիտաժողովների իրականացում եւ այլն:
Յատկանշական է, որ վերոյիշեալ կենտրոնների ռազմավարական նպատակներից մէկն էլ հայերի կողմից թուրքերի հանդէպ իրականացուած «ցեղասպանութիւն» թեզիսի զարգացումն ու տարածումն է արտերկրում: Պատահական չէ, որ թուրքական ազգայնականութեան օճախ համարուող Էրզրում քաղաքում գործող Աթաթիւրքի համալսարանի վերը նշուած կենտրոնն այդ նպատակով մի քանի գիւղերում հիմնել է «ցեղասպանութեան թանգարաններ» եւ 2015 թուականին իրականացուելիք գիտական եւ այլ միջոցառումների մասնակիցներից մէկն է:
Եթէ հակահայագիտական կենտրոնների գործունէութիւնն ինչ-որ տեղ հասկանալի է, ապա զարմանալի է, թէ ինչպէ՛ս են տնտեսական եւ ընկերային հետազօտական ուղղուածութիւն ունեցող կենտրոնները յայտնւում քարոզչութեան տիրոյթում (օրինակ` Անգարայում գործող Եւրասիայի տնտեսական յարաբերութիւնների միութիւնը` «Էքօաւրասիա», կամ Ընկերային եւ ռազմավարական հետազօտութիւնների հիմնադրամը` «Քոքսաւ»: Բանն այն է, որ «Էքօաւրասիա»-ն համաթիւրքական նշանակութիւն ունի, եւ ակնյայտ է ազրպէյճանական ձեռագիրը, որի միջոցով էլ ԼՂ եւ Խոջալուի վերաբերեալ վերլուծական աշխատութիւններ են հրատարակւում: Եւ սա չի վերաբերում միայն այս կառոյցներին:
Չենք թուարկի նմանատիպ այլ կենտրոնները. ակնյայտ է, որ Հայաստանի եւ հայութեան վերաբերեալ հետազօտութիւնները կրում են հիմնականում պարբերական, մնացած դէպքերում` դիպուածային կամ իրավիճակային բնոյթ: Դրանց մեծ մասն իրականացւում է կովկասեան, տարածաշրջանային եւ այլ անուանումներ կրող ենթաբաժինների կողմից:
Այսպիսով, ակադեմական հաստատութիւնների հայկական հետազօտութիւնների կողքին, չի կարելի անտեսել նաեւ ՈւԿ-երի դերը, որոնք այս դէպքում ներկայանում են որպէս յաւելեալ ներուժ:
ԱՐԵՍՏԱԿԷՍ ՍԻՄԱՒՈՐԵԱՆ
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
«Գլոբուս» վերլուծական հանդէս, թիւ 5, 2014

