2015 Թուականից 50 Տարի Առաջ Ի՞նչ Է Եղել
Լրագրող Սերտար Քորուճուն եւ Արիս Նալճըն ուսումնասիրելով Հայոց ցեղասպանութեան 50-րդ տարելիցին Թուրքիայի մամուլում տեղ գտած լուրերը` հեղինակել են «1965` 2015 թուականից 50 տարի առաջ, 1915 թուականից 50 տարի անց» գիրքը: Գրքի հեղինակներն անդրադառնում են 1965 թ. հայկական սփիւռքի` աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպած Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումներին եւ թէ ինչպէս են այդ լուրերն արտացոլուել Թուրքիայի մամուլում:
50 տարի առաջ ապրիլի 24-ին ի՞նչ կատարուեց, ինչպիսի՞ զարգացումներ ազդեցութիւն ունեցան, միջազգային հասարակական կարծիքն ինչպէ՞ս արձագանգեց Հայոց ցեղասպանութեանը, ոգեկոչման այս արարողութիւններն ու պահանջներն ինչպէ՞ս արտացոլուեցին Թուրքիայի մամուլում, ահա այս հարցերի շուրջ «Ակունք»-ի աշխատակից Անահիտ Քարտաշեանը զրուցել է գրքի հեղինակների հետ:
- ՀԱՐՑՈՒՄ.- Ձեր գրքի լոյս ընծայումը համընկաւ Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրտողանի ապրիլի 24-ի կապակցութեամբ յղած ցաւակցութեանը: Կը ներկայացնէ՞ք, թէ ինչի՛ մասին է գիրքը:
Ս. Ք.- Ցանկացանք նախքան 2015 թ. որեւէ նախագիծ ներկայացնել: 1965 թ. առաջին անգամ միջազգային ասպարէզում յիշատակում են Հայոց ցեղասպանութիւնը: Փորձեցինք պատասխանել, թէ այդ թուականին ե՛ւ միջազգային հարթակում, ե՛ւ Թուրքիայում ինչեր կատարուեցին, Անգարան ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեց, Թուրքիայի մամուլում ինչպիսի արձագանգ ունեցաւ: Ահա մամուլից ծաղկաքաղ կատարելով` ցանկացանք ցոյց տալ, որ 50-ամեակին սա տեղի ունեցաւ, 100-ամեակին էլ կարող է տեղի ունենալ: Գիրքն ընթերցելիս էլ կը տեսնէք, որ 1965 թ. ստեղծուած թեզերը Թուրքիան 49 տարի շարունակ օգտագործում է եւ կարծես թէ 50-րդ տարում էլ շարունակելու է օգտագործել:
Ա. Ն.- Երբ պատրաստում էինք գիրքը, չէինք կարծում, որ նման ցաւակցական հաղորդագրութիւն է լինելու: Փորձեցինք գիրքը լոյս ընծայել ապրիլի 24-ին, այդպէս էլ եղաւ, սակայն չուզեցինք թողնել 2015 թուականին: Նախքան 100-ամեակը` մարդիկ թող կարդան եւ իմանան, թէ ի՛նչ է կատարւում: Երբ սկսեցինք ուսումնասիրել այս թեման, սկզբում շատ տեղեկութիւն չունէինք, նախ` մտածեցինք յօդուած գրել, այնուհետեւ` զեկոյց, սակայն ուսումնասիրութեան ընթացքում հանդիպեցինք այն շրջանին, երբ առաջ են քաշուել թուրքական պատմական թեզերը: Այս թեզը առաջ է քաշուել 1965 թ., քանի որ սփիւռքն այդ ժամանակ է սկսում ցեղասպանութիւն բառն օգտագործել: Պատկերացրէք` առաջին անգամ սկսում են օգտագործել «ժենոսիտ» բառը, Թուրքիայի մամուլում էլ են գործածում այն, թէեւ չգիտէին, թէ ի՛նչ իմաստ է պարունակում: Եւ ահա դրանից յետոյ առաջ են քաշւում թեզեր ու արտայայտութիւններ:
Ըստ էութեան, գրքի լոյսընծայումը համընկաւ ցաւակցական հաղորդագրութեանը: Վարչապետ Ռ. Թ. Էրտողանի ցաւակցութիւնը ցոյց տուեց, որ 49 տարի առաջ` 1965 թ., տեղի ունեցածը այսօր Թուրքիայում կրկին նոյնութեամբ շարունակւում է. ո՛չ թեզում փոփոխութիւն կայ, ո՛չ էլ արտայայտութիւններում: Ըստ իս` միակ տարբերութիւնը լեզուն է: Քանի որ այն ժամանակ ատելութիւն չէր սերմանւում, կամաց-կամաց դրա սկիզբն էլ է դրւում: Այսպէս, օրինակ, անգամ տարբեր է թիւրքականութեան եւ քաղաքացիութեան մասին սահմանումը: 1965 թ. իւրաքանչիւր քաղաքացի թուրք էր ընկալւում, իսկ այսօր Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի ենք ասում:
Այն, որ վարչապետի ցաւակցական հաղորդագրութիւնից յետոյ «լաւ հայեր» յայտնուեցին եւ շնորհակալութիւն յայտնեցին, նոյնութեամբ տեղի է ունեցել նաեւ 1965 թ.: Ոգեկոչման միջոցառումները Լիբանանից են սկսւում: Կրկին մի խումբ հայեր թերթերին նամակ են գրում ասելով` «Թող հայերը լռեն», «Արեւմտեան Հայաստանը պատրանք է», «Սա տենդ, հիւանդագին գաղափար է» եւ այլն: Եւ այս ամէնն ասում են հայերը:
Ս. Ք.- Ըստ էութեան, ստիպում են ասել: Այո՛, «լաւ հայեր» կան, որովհետեւ նրանց ստիպում են ասել:
Այս առումով շատ կարեւոր է Ճիւնեթ Արճայուրեքի` «Հիւրրիյեթ» թերթում լոյս տեսած յօդուածը: Նախ` պատասխանում է սփիւռքին, յետոյ էլ ասում, որ այս ամէնի ամենալաւ պատասխանը Թուրքիայի հայերն են տալու:
Ա. Ն.- Յաջորդ օրն էլ Թուրքիայի հայերը յանկարծակի սկսում են նամակ գրել: Կեղծ նամակներ չեն, բոլորի անունները ճիշդ են: Այդ նամակները գրելու մտայնութիւնն էլ 1915 թ. ի վեր Թուրքիայում մնացած հայերի անհանգիստ եւ հիւանդ հոգեբանութեան արդիւնքն է, ողբերգութեան մէջ են եւ սա կատարում են առանց հասկանալու: Ուսումնասիրելուց յետոյ ինքս ինձ հարցրեցի` «Լա՛ւ, այսքա՞ն, արդեօ՞ք չեն հասկանում»: Սակայն նոյն բանն այսօր էլ են կատարում: Կարծում եմ` սա մի փոքր հիւանդագին մօտեցում է, որովհետեւ այդ դէպքում ինչո՞ւ այն ժամանակ գնացին արտերկիր, օդափոխութեան համա՞ր գնացին Սուրիա: Եթէ Թուրքիայում բնակուող մի հայի հարցնենք, թէ հայերն ինչո՞ւ Սուրիա գնացին, տեսնես` ի՞նչ կը պատասխանի, ի՞նչ է կարծում: 1965 թ. իրենց փրկելու, նոյն բանը չվերապրելու համար են ասում այս ամէնը:
- Հ.- Եթէ հայեացք նետենք դէպի յետ, ապա 1965 թ. Թուրքիայում ի՞նչ էր տեղի ունենում, որտեղի՞ց էին ծագում փոքրամասնութիւնների տագնապները:
Ս. Ք.- 1964 թ. գլխներին եկածից են վախենում: Հայերը տեսնում են, որ յունական համայնքը թիրախ է ընտրուած: Համայնք, որն, ըստ էութեան, նմանատիպ ջարդ է ապրել: 1950-60-ականների Թուրքիայում բոլորը Անգարայի եւ «մետիա»-ի նշանառութեան տակ էին: Ինչո՞ւ, որովհետեւ Կիպրոսի հարց կար, որի պատճառով 1955 թ. մի պատրոյգ արդէն իսկ վառուել էր եւ Պոլսում սեպտեմբերի 6-7 դէպքերը տեղի ունեցան: Թէեւ այդ դէպքերի ժամանակ յոյներն էին թիրախ ընտրուած, սակայն հայերն ու հրեաներն էլ վնաս կրեցին: Հայերը մտածում էին, որ` «եթէ շատ խօսենք, մեր գլխին էլ նոյնը կը գայ»: Թէեւ Անգարայի եւ յոյների միջեւ եղած լարուածութեան արդիւնքում Պոլսի յոյներին որեւէ բան չի լինում, սակայն քանի որ բացառապէս Կիպրոսի յոյների եւ թուրք հատուածի միջեւ բախում է լինում, յարաբերութիւնները լարուած բնոյթ են ստանում, եւ տեղի է ունենում հանրապետական շրջանի առաջին յունական տեղահանութիւնը: Թուրքիայում բնակուող Յունաստանի քաղաքացի յոյները «20 տոլար, 20 քիլօ» կոչուած արշաւի շրջանակում ուղարկւում են Յունաստան: 1964 թ. սկսուած գործընթացն անմիջապէս չի աւարտւում: Թերթերը վկայում են, որ 2000 յոյն է Յունաստան գնացել: Ինչո՞ւ են գնացել: Սեփական կամքո՞վ են գնացել: Ոեւէ յոյն հաւանաբար դարեր շարունակ ապրած հողը չէր լքի եւ գնայ Յունաստան, որը ո՛չ տեսել, ո՛չ էլ լսել էր: Նման իրավիճակում, բնականաբար, հայերն էլ արդարացիօրէն մտածում են «տեսնես հերթը մե՞զ էլ է հասնելու»: Նման ձեւով օրակարգ է բարձրանում յունական պատրիարքարանի փակման հարցը: 1453 թ. Կոստանդնուպոլսի գրաւումից յետոյ սուլթան Ֆաթիհի թոյլտուութեամբ գործող պատրիարքարանը 1965 թ. փորձում են փակել: Այսինքն անգամ միջնադարում գործած կառոյցը փորձում են հանրապետական Թուրքիայում փակել: Բնականաբար այս ամէնը տեսնող հայերն էլ մի փոքր վախենում են: Թէեւ այս «լաւ հայերին» հիմա մի փոքր քննադատում ենք, սակայն պէտք է քննադատել նրանց այս հոգեկան վիճակին հասցրած համակարգը:
Ա. Ն.- Յոյներին շարքից հանեցին: Հայերը, որ ականատես են լինում այս ամէնին, ասում են` «հաստատ մեր հերթն է»: Եթէ ամէն պահի ապրես վտարուելու վախով, ապա ուզած-չուզած կը մտածես, որ` «հերթը քոնն է»: Հաւանաբար սա տեսնող մեր պատրիարքն էլ էր վախենում:
Եթէ սփիւռքահայերը քաջութիւն ցուցաբերեն, կարողանան գալ եւ շրջել Թուրքիայում, Անատոլիայում (Արեւմտեան Հայաստան, «Ակունք»-ի խմբ.), գնան Հայաստան, այնտեղ աշխատեն, միգուցէ այստեղի հայերն էլ կարողանան դուրս գալ այս հիւանդագին հոգեվիճակից եւ ասեն այն, ինչ պէտք է ասեն: Դեռեւս պոլսահայերը քաղաքականութեամբ զբաղուող հայերին լաւ աչքով չեն նայում` «ասում են` ԺՀկ, ԱԶԿ, ԺԴԿ է գնացել, Աստծոյ սիրուն, թող չխառնուեն»: Անգամ մի հոգու մահը շատ կարեւոր է դարձել: Դեռեւս հայերի թերթերի ամենակարեւոր բաժինները մահազդների էջերն են: Թերթ մահազդ կարդալու համար են գնում: Այլեւս շատ կորուստ տալու համբերութիւն չի մնացել: Անգամ ամուսնութիւններն են քննարկման առարկայ: Պատրիարքարանը դէմ է խառն ամուսնութիւններին, անգամ յոյների հետ ամուսնութիւնը չի ընդունում:
- Հ.- Լա՛ւ, տարիներ շարունակ տեւած լռութիւնից յետոյ Անգարան սեփական ժողովրդին ինչպէ՞ս է բացատրում, որտեղի՞ց ծագեց այս Հայոց ցեղասպանութիւնը:
Ս. Ք.- Դէպքը կապելով Կիպրոսի խնդրի հետ` արտաքին հրահրում է համարում: Ըստ Թուրքիայի «մետիա»-ի, հայերին հրահրողն ու թուրքերի եւ հայերի յարաբերութիւնները փչացնողը «սատանայ յոյներն են»:
Թուրքական մամուլի դիրքորոշումը հետեւեալն էր. «Հայերը լաւ թուրք են, մենք նրանց սիրում ենք, մեր մէջ էլ են հայեր բնակւում, նրանք Օսմանեան կայսրութեանը չափազանց հաւատարիմ էին, ըստ էութեան, նրանք վատ համայնք չեն, հաւատարիմ ազգ էին, սակայն նրանք շարունակաբար արտաքին ազդեցութեան տակ են ընկնում: Մի ժամանակ ռուսների հետ էին, նրանց մի մասն ապստամբեց, այսօր էլ Հայոց ցեղասպանութեան մասին չեն մտածում: Հիմա էլ քանի որ Կիպրոսի յոյների եւ թուրքերի յարաբերութիւնները վատ են, սփիւռքահայերին են հրահրում»: Թուրքիայի «մետիա»-ի մամուլի դիրքորոշումը հայերին արհամարհելը չէր, այդ ժամանակ սատանայի կերպարը յոյներն էին:
Ա. Ն.- Ըստ էութեան, խնդիրը Մերձաւոր Արեւելքից է ծագում: «Մեղաւորը» Լիբանանն է: Որոշ թերթեր էլ ասում են, թէ Ամերիկայի, կայսերապաշտութեան թշնամանքն է: Օրինակ` Ազիզ Նեսինը Հայկական հարցը ներկայացնում է որպէս ամերիկեան հրահրանք: 50 տարի անց էլ զուգահեռ պետութիւններն են մեղաւոր:
Լիբանանից է սկիզբ առնում, որովհետեւ 1915 թ. պոլսահայ համայնքի մտաւորականութեան ոչնչացումից յետոյ Լիբանանը դառնում է երկրորդ վայրը, որտեղ գնում էին հայերը: Արդիւնքում Լիբանանը դառնում է մտաւորականութեան կենտրոնը: Բոլոր գրքերն այնտեղ էին տպագրւում: Այդ մտաւորական ներուժն անմիջապէս Հայաստան չգնաց, դեռեւս չի գնացել: Եթէ այսօր որեւէ բան լինի, ապա Լիբանանն է այն վայրը, որտեղ հնչակեանները, ռամկավարներն ու դաշնակցականները միասին են, միասին կարող են գործել, քաղաքականութեամբ զբաղուել, գրել, մի խօսքով` գաղափարական կենտրոնն է: 1915 թ. Հայոց ցեղասպանութեամբ հայ գրականութեան զարթօնքի ժամանակաշրջանն աւարտւում է, սակայն չի ոչնչանում. Լիբանանում նոր փուլ է թեւակոխում, հակառակ դէպքում արեւմտահայ գրականութիւնն էլ չէր լինի: Պոլսի հայ գրողների մի մասը կեանքի որոշ փուլ անց է կացրել Լիբանանում, այնուհետեւ կրկին Պոլիս է վերադարձել: Մերձաւոր Արեւելքում Լիբանանը հայերի համար գիտական կենտրոն է եղել:
Հիմա էլ շարունակում է այդպիսին մնալ: Քեսապից հայերն ո՞ւր փախան: Լիբանան:
Ս. Ք.- 1965 թ. սկսում է սփիւռքն ընկալուել որպէս «վատ» հայեր, հէնց այդ ժամանակ է սկսում նաեւ «ներսի հայ» եւ «դրսի հայ» տարբերակումը: Այս մտայնութիւնն ունեցողների համար Թուրքիայում բնակուող հայերը «հաւատարիմ էին», իսկ արտերկրի հայերը` «դաւաճան», սակայն այս հարցի նախապատմութիւնը նրանց չէր հետաքրքրում, ոչ ոք չէր հարցնում, թէ այս մարդիկ ինչո՞ւ են Լիբանանում, Փարիզում ծնւում-մեծանում, ինչո՞ւ են գնացել Ամերիկա: Կարծես սփիւռքահայը այլ հայ է: Մինչդեռ այդ մարդկանց արմատներն այս հողերում են:
- Հ.- Թուրքիայի մամուլում Խորհրդային Հայաստանն ինչպէ՞ս է արտացոլւում:
Ա. Ն.- «1965 թ. միթինկ (հաւաք) է» յիշատակւում: Խորհրդային Հայաստանում ամենամեծ ցոյցն է լինում, տասնեակ հազարաւոր մարդիկ են մասնակցում: Բնականաբար մասնակիցների թիւը քննարկման ենթակայ է. հայկական աղբիւրներն ասում են հարիւր հազարաւոր, ռուսական աղբիւրներն ուրիշ թիւ են նշում: Ցոյցը Օփերայի հրապարակում է տեղի ունենում: Քանի որ այդ ժամանակ մէկ այլ ազգի զրպարտելը կամ ազգայնականութիւնն արգելուած էր, այլ ուղիներ են փնտռում, օրինակ` 1965 թ. հաւաքի ժամանակ առաջ են քաշում «Մեր զոհերին ոգեկոչելու համար յուշարձան ենք ուզում» պահանջ հաւաքը Սիլվա Կապուտիկեանի եւ Պարոյր Սեւակի առաջնորդութեամբ է տեղի ունենում: Հետագայում Մոսկուան չի մերժում, Կապուտիկեանին եւ Սեւակին Մոսկուա են կանչում, որտեղ պահանջին հաւանութիւն են տալիս, եւ սկսւում է Ցեղասպանութեան յուշահամալիրի շինարարութիւնը, որը աւարտին է հասնում 1967-ին: Սակայն պէտք է նշել, որ Ցեղասպանութեան առաջին յուշարձանը բացուել է 1965 թ.` Երեւանում. դա Գաճի գործարանի մօտ կառուցուած աղբիւրն է: Թաղի բնակիչները ցանկանում են գումար հաւաքել եւ յուշարձան կառուցել, որի վրայ ծրագրւում է գրել «1915 թ. թուրքերի կողմից սպաննուած հայերի յիշատակին»: Սակայն երբ աղբիւրի նախագիծը հաստատման համար ներկայացնում են քաղաքապետարանի համապատասխան բաժնին, վրայի գրութեան համար նախագիծը չի հաստատւում: Մի քանի փորձից յետոյ ասում են, որ եթէ այդ գրութիւնը նախագծից հանեն, կը հաստատուի: Նրանք էլ հանում են, նախագիծն անմիջապէս հաստատւում է, եւ բնակիչներն սկսում են գումար հաւաքել: Քանի որ այդ ժամանակ մեծ փողեր հաւաքելն արգելուած էր, կոպեկ են հաւաքում: Գումարը հաւաքում եւ աղբիւրի կառուցում են: Ապրիլի 23-ին ասում են. «Մէկ է` ոչ մէկը չի տեսնի», եւ գրում. «Ցեղասպանութեան ժամանակ սպաննուած հայերի յիշատակին»: Ապրիլի 23-ի երեկոյեան ամէն ինչ պատրաստ էր արդէն: Այս աղբիւրի մասին մեզ «Ակօս» թերթի հայերէն էջերի պատասխանատու եւ գրող Սարգիս Սերոբեանը պատմեց: Հայաստանի մեր ընկերներն էլ գնացել եւ նկարել են: Իրօք, մինչեւ հիմա կանգուն է եւ վրան էլ այդպէս է գրուած: Ահա առաջին յուշարձանն այդ է: 1965 թ. նաեւ Արժանթինում է յուշարձան բացւում, իսկ Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրը բացւում է 2 տարի անց` 1967-ին:
- Հ.- Ըստ Թուրքիայի «մետիա»-ի` Խորհրդային Հայաստանն ինչպիսի՞ն է, օրինակ` Թուրքիայի հայերին «լաւ եւ հաւատարիմ» են բնութագրում, իսկ սփիւռքահայերին` «վատ»:
Ա. Ն.- Թերթերում չկայ մի բան, որը թիրախ ընտրէր Ռուսաստանին, միայն Մոսկուայում Թուրքիայի դեսպանատան առջեւ կատարուած ցոյցի մասին լուր կայ: Ըստ էութեան, Ռուսաստանի հետ լաւ յարաբերութիւններ ունենալու համար Ռուսաստանին Խորհրդային Հայաստանին շատ չէ անդրադառնում: Օրինակ` Ամերիկան կայսերապաշտական երկիր լինելու համար աւելի մեծ վտանգ է ներկայացնում:
- Հ.- Եթէ նայենք Թուրքիայի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի ելոյթներին, ապա իրենց ելոյթներում կարծես թէ Անգարան Երեւանին որպէս կողմ չի տեսնում, անգամ վերջին ցաւակցական հաղորդագրութիւնն էր սփիւռքին ուղղուած, ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը:
Ա. Ն.- Կարող է լինել: Ըստ էութեան, վերջին ցաւակցական ուղերձում անգամ ասաց «հիմա հերթը սփիւռքինն է»: Արտաքին գործերի նախարարն էլ է սփիւռքին դիմում: Դեռեւս ոչինչ չի փոխուել: Այն ժամանակ էլ էին սփիւռքին դիմում, հիմա էլ: Անգարայի համար սփիւռքն էլ միատարր չէ: Օրինակ` արտաքին գործերի նախարար Տաւութօղլուն ասում է. «Սփիւռքը միատարր կառոյց չէ, այնտեղ կան ինչպէս ուշադրութեան արժանի մարդիկ, այնպէս էլ մարդիկ, որոնց հետ խօսել անկարելի է»: Ցաւակցական ուղերձից յետոյ առաջին հակազդեցութիւնը եկաւ Ամերիկայի Հայ ազգային կոմիտէի (Հայ դատի յանձնախումբ – Ա.) գործադիր տնօրէն Ա. Համբարեանից: Ճիշդն ասած` հետաքրքիր է, թէ ովքե՞ր են այն հայերը, որ Թուրքիայի հետ կապեր են հաստատում: Ասում են, չէ՞, «ջերմ հայեր»: Ո՞վ է այդ մարդկանց ներկայացնում, միութիւն է, թէ՞ քաղաքապետ, հետաքրքիր է իմանալ: Անգարայի համար «վատ հայեր» դեռեւս կան: Այդ հայերն այստեղ էլ կան: Ըստ Անգարայի, «Կեզիի» դէպքերի ժամանակ ցոյց անող հայերը լաւը չեն:

Սերտար Քորուճու – «Սի. Էն. Էն. Թիւրք»-ում աշխատում է որպէս խմբագիր: «Ռատիքալ», «Ակօս», «Էքսփրես» եւ «Պիրկիւն» թերթերում լուրեր է պատրաստել, յօդուածները լոյս են տեսել «Թարաֆ» թերթում եւ «Միլլիյեթ»-ի գրքերի մասին յաւելուածում: 2009 թ. «Կիւնճել» հրատարակչութիւնը հրատարակել է Ս. Քորուճուի «Քրտական հարցն ըստ օտար լրագրողների», իսկ 2014 թ.` «Սուրիան հողին հաւասարուելուց յետոյ»:
Ս. Ք.- Թուրքիայի թեզի համաձայն, 1965 թ. այս Ցեղասպանութեան հարցը մեր դէմ բարձրացնողը ոչ թէ Հայաստանն էր, այլ` սփիւռքը: Հայաստանը «լաւ» եւ «վատ» հայերի մէջտեղում է: Ըստ էութեան, խորհրդային շրջանում Հայաստանն անկախ ազգային պետութիւն էր, ընդհանրապէս Մոսկուային էին դիմում: Հայաստանին որպէս կողմ չի դիտարկում, որովհետեւ սփիւռքահայերը Թուրքիայի համար Հայաստանից աւելի զօրեղ են: Այսօր Հայաստանն ի՞նչ կարող է անել Թուրքիային: Ո՞րն է Երեւանից Անգարային եկող հաւանական ամենամեծ սպառնալիքը: Տնտեսապէս որեւէ բան անելու ուժ չունի, քաղաքականութեան տեսանկիւնից կրկին սահմանափակ են հնարաւորութիւնները: Հիմնական ուժը սփիւռքի ձեռքում է: Ֆրանսայում սփիւռքահայերի շնորհիւ Ցեղասպանութեան հարցը մինչեւ նախագահ Ֆ. Հոլանտ է բարձրացւում, Ամերիկայում Ցեղասպանութեան մասին «մետիա»-ին խօսել ստիպողը, Օպամային նախընտրական քարոզարշաւում «Ցեղասպանութիւնը ճանաչելու եմ» ասել տուողը սփիւռքահայերն են, ոչ թէ Երեւանը: Հիմա եթէ սփիւռքահայերն այսքան ուժեղ են, բնականաբար Թուրքիան ոչ թէ Հայաստանին, այլ սփիւռքին է դիմում:
Վարչապետի գրասենեակից եւ արտաքին գործերի նախարարութիւնից հնչեցուող ուղերձներում մշտապէս այս հարցը պնդում են: Համաձայն պաշտօնական տեսակէտի, միջազգային հարթակում տեղի ունեցածը այս «վատ հայերն» օգտագործում են: Վարչապետի ցաւակցական ուղերձից անմիջապէս յետոյ արտաքին գործերի նախարար Տաւութօղլուի պարզաբանման մէջ հետեւեալ միտքն է հնչում. «Մենք Երեւանի հետ հանդիպումներ ենք ունենում, որեւիցէ խնդիր չունենք, կարողանում ենք Երեւանին համոզել, խօսել, սակայն սփիւռքը չի համոզւում եւ Երեւանին պատին է դէմ տալիս»: Այսինքն Թուրքիայի ընկալմամբ Երեւանն էլ է լաւը, կարող են նստել, խօսել, սակայն քանի որ սփիւռքից ճնշում կայ, Հայաստանը չգիտի, թէ ինչ անի, երկու քարի արանքում է: Ըստ Անգարայի, քանի որ Հայաստանը ծանր տնտեսական կացութեան մէջ է, սփիւռքի նիւթական աջակցութեան կարիքն ունի, հետեւաբար ում մօտ որ փողն է, նա էլ ցոյց է տալիս ճանապարհը:
- Հ.- Այս տարի Պոլսում իրականացուած Հայոց ցեղասպանութեան զոհերի ապրիլքսանչորսեան ոգեկոչմանը բազմաթիւ սփիւռքահայեր կային, սակայն կարծես թէ պոլսահայերը մեծ մասնակցութիւն չէին ցուցաբերում: Պետութեան գծած սահմանը չանցնելու վախի՞ց է, թէ՞ մէկ այլ պատճառ կայ:

Արիս Նալճը – «Այ. Էմ. Սի.» հեռուստաընկերութեան լուրերի բաժնի տնօրէնն է, ինչպէս նաեւ պատրաստում է «Կամուրջ» հաղորդումը: Գրում է «Թէ. 24» կայքում: Նրա յօդուածները լոյս են տեսել «Ակօս», «Պիրկիւն», «Էվրենսել», «Օզկիւրկիւնտեմ», «Ռատիքալ» եւ «Զաման» թերթերում:
Ա. Ն.- Թուրքիայում մարդիկ դեռեւս վախենում են իրենց կեանքի համար: Պոլսահայերը երբեք քաղաքական հակազդեցութիւն չեն ցուցաբերել: Անգամ երբ Հ. Տինքին սպաննեցին, ոչ բոլորը փողոց դուրս եկան: Բոլորը դուրս չեն էլ գայ: Եթէ 45 հազար հայ կայ, հազիւ 20 հազարը դուրս գայ: Ահա այդ կէսից էլ ապրիլքսանչորսեան ոգեկոչմանը եկող մարդկանց ձայնը, ըստ իս, աճում է: Անցեալի հետ համեմատած` այս տարի ե՛ւ կազմակերպիչների, ե՛ւ մասնակիցների շարքերում աճող այս ձայները տեսայ: Հայերն ամբողջութեամբ կազմակերպչական գործերին չեն մասնակցում, որովհետեւ, կարծում եմ, որ եթէ հայերը կազմակերպեն, ապա այլ ձեւով պէտք է ոգեկոչեն: Իրօք, Թաքսիմի հրապարակում պէտք է թուրքերը ոգեկոչեն: Տարբերութիւն չեմ տեսնում Թուրքիայում եւ սփիւռքում անցկացուող ոգեկոչումների միջեւ: Ինչպէս որ սփիւռքում են գնում եւ Թուրքիայի դեսպանատան առջեւ գոռում «Մարդասպան Թուրքիա», այստեղ էլ պէտք է գոռալ: Ի՞նչ է, այստեղ «Մարդասպան Էրտողան» չե՞ն գոռում: Եթէ խօսքի ազատութիւն կայ, ապա այս ցոյցերը պէտք է ազատ իրականացնել: Կարծում եմ` այս պահին թուրքերի եւ քրտերի ազատ արտայայտուելու տեղն է, իսկ հայերն էլ պէտք է ասեն «Տե՛ս, մեզ համար են լացում»: Ես այսքան անձայն ցոյց չեմ ցանկանում, որովհետեւ սիրտս այրւում է: Պապիս սպաննել են ասելով` ոչ թէ լացում եմ, այլ բարկացած եմ: Չգիտեմ, թէ այս խօսքի ազատութիւնը, որն այսօր Թուրքիան ունի, Էրտողանի՞ շնորհիւ է, կամ էլ ա՞յն կէտն է, որին Թուրքիան պարտադրուած է հասել, բայց օրէցօր աճում է:
Ս. Ք.- 2007 թ. փոքրամասնութիւնների հոգեբանութեան աշխարհում շրջադարձային էր: Առաջին անգամ այս հողերում ոչ մուսուլման մէկին սպաննեցին, որի թաղման արարողութեանը մարդկային հոծ զանգուած մասնակցեց: Հրանդ Տինքի սպանութեան մասին լսելով` բոլորն իրենց տներում վախի զգացումով պատուեցին, յետոյ էլ` Զիրվէի սպանութիւնը. շատ մութ շրջան էր: Հետեւաբար մարդիկ այս լուրն առնելուն պէս մտածում էին դուռ-պատուհանը փակել, ոչ մէկի հետ չխօսել, սակայն այդ հսկայական զանգուածը տեսնելով` մարդիկ մտածեցին, որ այս երկրում կան մարդիկ, որոնց հետ մէջք մէջքի տուած կարելի է կանգնել. դուրս գալու եւ խօսելու ժամանակն է: Բայց նշածս երկուութիւնը դեռեւս կար: Այս երկրի մարդիկ չեն վստահում այս հողերին: 2004-2005 թթ. Եւրոպական Միութեան համարկուելու գործընթացն էր, իսկ 2007 թ. էլ քրիստոնեաների սպանութիւնները տեղի ունեցան: Այս երկրում մակընթացութիւնները շատ են: Թէեւ 2-րդ սահմանադրական շրջանում բոլորը գոռում էին` «Մեզանից իւրաքանչիւրը քաղաքացի է», սակայն շատ չանցած` տեղահանութիւններ սկսեցին: Այդ իսկ պատճառով մի կողմից բոլորը գօտեպնդւում են, օրինակ` միասին կարողանում ենք մեր ձայնը բարձրացնել, Թաքսիմում էլ ոգեկոչմանը գնալ, սակայն միւս կողմից էլ մտահոգութիւն կայ, թէ նորից խաւար շրջան կը գա՞յ, թէ՞ ոչ: Հիմա չեմ կարծում, թէ ամբողջութեամբ վտանգն անցել է: Ե՛ւ ես, ե՛ւ իմ շրջապատը դեռեւս տագնապներ ունենք: Օրինակ` թաղամասում, որտեղ ես եմ ապրում, հարեւաններս անգամ Պերքին Էլվանի ցոյցերին մասնակցելու վերաբերեալ ասում էին` «Որդի՛ս, Աստծոյ սիրուն, այս երկրում իրավիճակը չլարենք, այդպիսի բաների մի՛ մասնակցէք, ցոյցերը վերջում մեր գլխին են ջարդելու», որովհետեւ Թուրքիայում միշտ էլ սա է եղել:
- Հ.- Եթէ 10 տարով յետ գնանք, ապա այսօրուայ Թուրքիայում որոշ հարցեր շատ աւելի հանգիստ են քննարկւում, բազմաթիւ թապուներ են ջարդուել, ըստ ձեզ, Թուրքիան, այն կէտից, որին հասել է, յետ քայլ կարո՞ղ է կատարել:
Ս. Ք.- Թուրքիայում առաջընթացը մշտապէս Մեհթեր (ենիչերիների նուագախմբի քայլերգ, Ա. Ք.) քայլերգի նման է եղել` 3 քայլ առաջ, 2 քայլ յետ, նորից 3 քայլ առաջ, իսկ թէ ե՞րբ այդ 2 յետքայլը կը լինի, երբեք չես իմանայ:
Փ. Ս. Հարցազրոյցի ժամանակ սրճարանում մեր կողքի սեղանին նստած հայերը, մեր զրոյցից անհանգստացած, վեր կացան եւ մէկ այլ սեղանի շուրջ նստեցին: Կա՛մ տհաճ էր լսել իրականութեան մասին, կա՛մ էլ չցանկացան գլխներին փորձանք բերել:

