«Հայրենիքն Ու Իշխանութիւնը Միմեանցից Զանազանելու Իմաստնութիւնը». «Թերթ»-ի Հարցազրոյցը Լիլիթ Գալստեանի Հետ

0812_Lilit-Galstian-4Հայրենի «Թերթ» կայքը հարցազրոյց մը ունեցած է  Հայ յեղափոխական դաշնակցութեան Գերագոյն մարմինի անդամ, Ազգային ժողովի նախկին երեսփոխան Լիլիթ Գալստեանին հետ, որ անդրադառնալով վերջին օրերուն սահմանին վրայ տիրող ծայրայեղ լարուածութեան` նշած է, որ հայ մարդուն եւ քաղաքական ուժերուն մէջ այսօր յաղթած է պետական, ազգային մտածողութիւնը:

Ստորեւ` հարցազրոյցը:

«ԹԵՐԹ».- Շատերը հաճելիօրէն զարմացած են առկայ իրավիճակում բարոյահոգեբանական այս մթնոլորտում գտնուող մեր հասարակութեան կողմից ի ցոյց դրուած կամային յատկանիշներից, մեր ազատամարտիկների առաջին գիծ մեկնելու պատրաստակամութիւնից` չնայած այն վիճակին, որ իրենց իշխանութիւնների կողմից անտեսուած են զգում, աղքատ ու յուսահատուած: Այսինքն սրանք երեւոյթներ էին, որ բացայայտուեցին ու ոգեւորեցին: Սա ձեզ համար անակնկա՞լ էր:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ո՛չ, բացարձակապէս զարմացած չեմ, որովհետեւ հայրենիքն ամէն ինչից վեր է, եւ, փա՛ռք Աստծոյ, Հայաստանում այդպէս են մտածում: Չէր կարող հակառակը լինել… այսինքն` ինչպէ՞ս կարող ենք մտածել, որ մեր սահմանը Երեւանն է կամ Հայաստանի 29,000 քառակուսի քիլոմեթր տարածքը: Չէ՛, մեր սահմանը` մեր տունը, մեր զարկերակը սկսում է այնտեղ, որտեղ հայ զինուորն է կանգնած: Մենք` հայերս, նախանձելի քոտ ունենք` հողի պաշտամունք, հողի սպառնալիքի ժամանակ զարմանալիօրէն միաբանւում ենք: Ես երկրի նկատմամբ այդ նոյն զգացողութիւնն եմ ունեցել 1988-ին, Ազատութեան հրապարակում այդ նոյն թթուածինն էր: Նաեւ մի տեսակ հանգստութիւն իջաւ հոգուս, տագնապներս փարատուեցին: Չէ՛, այլ կերպ չէր կարող լինել: Ռուբէն Յովսէփեանն էր շատ լաւ մի տող գրել, եւ շատ լաւ է, որ մենք ունենք հայրենիքն ու իշխանութիւնը զատելու իմաստնութիւնը: Եւ նոյնիսկ ընկերային ցանցերի պէս անպատասխանատու միջավայրում մի ներքին զգօնութեամբ բոլորը զուսպ են: Միգուցէ մեր գոյատեւման քոտերից մէկն էլ սա է:

«Թ.».- Այո՛, Ռուբէն Յովսէփեանը գրեց, որ մենք տեսանք, թէ ինչպէ՛ս Հայաստանի Հանրապետութիւնը դարձաւ հայրենիք: Իսկ քաղաքական ուժերի պահուածքն ինչպէ՞ս կը գնահատէք: Նկատի չունեմ միայն Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցութիւնների յայտարարութիւնը, որը, ի դէպ, աննախադէպ էր:

Լ. Գ.- Այլ կերպ չի կարող լինել, հայրենիքը մէկն է: Մենք հո Ղանայի հաւաքակա՞նը չենք, որ գնանք աշխարհի առաջնութիւն եւ ասենք` մեր պատուեգինը տուէք, խաղանք (ծիծաղում է): Չէ՛, հայրենիքի հետ չեն խաղում, հայրենիքի համար զոհւո՛ւմ են, հայրենիքը պահո՛ւմ են: Խորհրդարանական բոլոր ուժերի համատեղ յայտարարութիւնը շատ բնական է` կենսական շեշտադրումներով: Ես նոյնիսկ ակնկալում եմ, որ արտաքին վտանգի պահին մեր երկու նախագահները` ե՛ւ Լեւոն Տէր Պետրոսեանը, ե՛ւ Ռոպերթ Քոչարեանը հանդէս կը գան համապատասխան յայտարարութեամբ:

Երբ ուքրանական դէպքերը նոր-նոր էին սկսուել, եւ Մայտանն անկառավարելի էր դառնում, ակնածանքի մի պահ ապրեցի, երբ այդ երկրի երեք նախագահները նստել էին մի սեղանի շուրջ` քննարկելու երկրին սպասուող վտանգները:

Այս պահին Հայաստանի՛, մեզանից իւրաքանչիւրի ճակատագիրն է սահմանին որոշւում: Եւ նաեւ խոցելի է այն զգացողութիւնը, որ գուցէ ոմանք ունեցել են, թէ պատերազմն աւարտուել էր: Չէ՛, պատերազմը չէր աւարտուել, պատերազմը շարունակւում է:

Բայց այս ամէնը մի երես էլ ունի` բոլոր ճգնաժամային իրավիճակները լրացուցիչ ուղիների եւ ելքերի բանալիներ որոնելու շատ դրական ուժ կարող են ունենալ: Շատ կ՛ուզենայի, որ այս համախմբումը, ոգին, որ մենք ունենք հայրենիքի, հողի, զինուորի նկատմամբ, ունենանք նաեւ ներքին կեանքում: Արտաքին ճակատում, թէ սահմանի վրայ մեր զէնքն աւելի զօրաւոր է, երբ ներսում միասին ենք:

Ես խորապէս համոզուած եմ եւ, իսկապէս, այլընտրանք չեմ տեսնում, յարգում եմ միջազգային կառոյցների տեսակէտները կամ դերակատարութիւնը, բայց մեր բոլոր խնդիրների լուծման բանալին կայացող, զարգացող, արժանապատիւ, ժողովրդավարական Հայաստանն է: Ես ուզում եմ լաւատես լինել, որ այն խոհեմութիւնն ու միասնականութիւնը, որ ունենք արտաքին սպառնալիքի նկատմամբ, կարող ենք գործադրել նաեւ երկրի դիմադրողականութիւնը զօրացնելու համար:

«Թ.».- Իսկ ներքին կեանքում իշխանութեան եւ ընդդիմութեան պայմանական ասած` ճիշդ պահուածքը ինչպիսի՞ն պէտք է լինի: Օրինակ` մենք կենցաղից դէպքեր գիտենք, երբ մարդիկ իրար հետ կռուելուց ու հաշտուելուց յետոյ իրար նկատմամբ աւելի նրբանկատ են լինում, բայց յետոյ նորից իշխում են սովորական տրամադրութիւնները:

Լ. Գ.- Ներքին կեանքում քաղաքական ճիշդ պահուածքի անկիւնաքարը, մղիչ ուժը Հայաստան պետութեան շահն է: Մեզ պիտի միաւորի «յանուն Հայաստանին»-ը: Գաղափարախօսական տարաձայնութիւններն ու զանազանութիւնները դեռ յանուն Հայաստանի եւ Հայաստանի ազգային շահերի միաւորուելու ունակութիւն չունենալու հիմք չեն: «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» իրավիճակը, որն այս օրերին աւելի շատ «պատերազմ» կարգավիճակին է մօտ, դրդում է բոլոր գերակայութիւնների սանդղակում առաջնահերթութիւններ վերասահմանել: Հայ մարդու եւ քաղաքական ուժերի մէջ այսօր յաղթել է պետական, ազգային մտածողութիւնը: Կա՞յ այլ մօտեցում, քան` պաշտպանել հայրենիքը, կանգնել սահմանին: Պարզ ճշմարտութիւն եմ, չէ՞, ասում:

Արտաքին վտանգի, սպառնալիքի դէմ մենք իրաւունք չունենք ներքին բաժանարարներ ունենալ:

Հայաստանից` որպէս Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնը երաշխաւորող երկրից, լրացուցիչ քաղաքական իմաստնութիւն է պահանջւում, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» իրավիճակում ապրող երկրից իշխանութիւնը պարտաւոր է այնքան ողջամտութիւն ունենալ, որ հասարակութիւնը չպառակտի ընկերային անարդարութեան, որոշ «ընտրեալների» անպատժելիութեան ու շնականութեան մթնոլորտում: Հաւասար իրաւունքներով հասարակութիւնն է առաւել պաշտպանուած արտաքին մարտահրաւէրներից:

Սոսկ մեր ոգուն, ոգեղինականութեանն ու հայրենասիրութեանը ապաւինելն արդարացուած չէ, քաղաքական կլիման պէտք է սնել տնտեսական, ընկերային, մարդկային ձեռքբերումներով…

«Թ.».- Ա՛յ, հիմա աշունը գալու է, մարդիկ նորից թանկացած ելեկտրուժի վարձ են մուծելու, ու ակնյայտ է, որ է՛լ աւելի ծանր է լինելու:

Լ. Գ.- Սա քաղաքական խոհեմութեան հարց է…

«Թ.».- Որը առաջին հերթին` ակնկալում էք իշխանութիւններից, որքան հասկանում եմ:

Լ. Գ.- Սա առաջին հերթին վերաբերում է քաղաքական մեծամասնութեանը, խորհրդարանում «մէկ կոճակի» տիրապետող մեծամասնութեանը, որը ներքին կեանքում շարունակում է խուլ մեծամասնութիւն լինել: Եւ, բնականաբար, ներքին կեանքի քաղաքական ձախողումների հիմնական պատասխանատուութիւնը իշխանութեանն է: Եւ ինչո՞ւ չէ` արտաքին քաղաքականութեան մէջ մեր բազմաթիւ ձախողումները` նոյնպէս:

Տեսէ՛ք, երբ սահմանին դաւադիր թուրքի գնդակից 18-ամեայ զինուոր է զոհւում, մեր ընտիր տղերքը սեփական կեանքով հող են պահում, սակաւապետներից մէկի լակոտը հերթական շնականութեան մէջ է: Այդ հակադրութիւններն անընդունելի են:

«Թ.».- Այդ սակաւապետը ասաց` լակոտի մեքենան վերացուած է, այսինքն` այս շնականութեան «գործիքը»:

Լ. Գ.- Ի՜նչ մեծ պատիժ… պէտք է վերացնել այդ արժէքային համակարգը, որը ծնում է այս անպատժելիութիւնն ու շնականութիւնը: Կրկնում եմ` քաղաքական իմաստնութիւնն ու խոհեմութիւնը հաւասար իրաւունքներով հասարակութիւն կերտելու մէջ է: Հայաստանից մեկնողների, փախչողների մեծ մասը մեկնում է ո՛չ այնքան հացի համար, որքան` ստորացուած արժանապատուութեան ու անպաշտպանուածութեան:

Չաւարտուած պատերազմի երկրում ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրը կարեւոր է: Այսօր Հայաստանի ռազմավարական պաշարը ո՛չ միայն զինուորն է, բանակն` իր մարտունակ, ժամանակակից զինատեսակներով, տնտեսութիւնն ու քաղաքական հաստատութիւնների կայացման մակարդակը, այլ նաեւ` երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Բայց ի՛նչ լաւ է, որ այս երկու-երեք օրը վկայեցին, որ հայի ուժն իր ոգու մէջ է, «Ամէն բանէ վեր` ՀԱՅՐԵՆԻՔ», ինչպէս կ՛ասէր Աղբալեանը:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )