ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԻ ՅԱՂԹՈՂ

Եւրոպայում  կատարած համերգային շրջագայութիւնից Երեւան վերադարձաւ «Փարոս» հաշմանդամների երգչախումբը: Վերադարձաւ յաղթանակած, եւ այդ յաղթանակը թէ՛ մասնագիտական, թէ՛ բարոյական նուաճումն էր: «Փարոս» հաշմանդամների երգչախմբի գեղարուեստական ղեկավարը «Ազդակ»-ի ընթերցողին յայտնի (տես տողերիս հեղինակի յօդուածը «Ազդակ», 25.06.2010 թ.) խմբավար, նուագավար, պէյրութահայ երիտասարդ Րաֆֆի Միքայէլեանն է: Աւարտելով Պէյրութի «Բ. Կանաչեան» երաժշտանոցը եւ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը, տակաւին երիտասարդ, նա արդէն արժանի ճանաչում ունի որպէս բազմաշնորհ մասնագէտ:

Վերոնշեալ համերգային շրջագայութեան մասին հետաքրքրայարոյց զրոյց ունեցայ Հայաստանի Արամ Խաչատրեանի անուան համերգասրահի շահագործման ծառայութեան պետ Ռոպէրթ Միրզոյեանի հետ: Նախ եւ առաջ, բնաւ ո՛չ աւելորդ է ընթերցողին ներկայացնել պարոն Միրզոյեանին: Իր պապենական արմատներով Արեւմտեան Հայաստանի Վանայ աշխարհից, արուեստին քաջատեղեակ եւ անխոնջ նուիրեալ Ռոպէրթ Միրզոյեանը` թեքնիք գիտութիւնների մարզում ճանաչուած մասնագէտ է, Հայաստանի Հանրապետութեան  պետական մրցանակի դափնեկիր: Նրա մի շարք նորարարական յայտնութիւնների թւում է` գունային-երաժշտական գործառոյթով աշխատող շատրուանների ստեղծումը: Իր այդ նախագծային հիմքի վրայ, նախկին ԽՍՀՄ բազում քաղաքներում, ներառեալ Երեւանում, գործում էին գունային-երաժշտական շատրուաններ: Իր բուն մասնագիտութեանը զուգընթաց, տուրք տալով իր բացառիկ սիրուն երաժշտական արուեստի նկատմամբ, եւ  օժտուած լինելով արհեստավարժ կազմակերպչական ձիրքով, Ռոպէրթ Միրզոյեանը երկար տարիներ ի վեր եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախմբի եւ Արամ Խաչատրեանի անուան համերգասրահի տնօրէն: Ռոբերտ Միրզոյեանը հէնց այն անձերից մէկն էր, ում ջանքերով 2000-ին Երեւանում կայացաւ Վիեննական երաժշտութեան փառատօն: Այդ յիշարժան օրերին նա ստանձնեց իր վրայ` Վիեննայի քաղաքապետարանի մշակոյթի բաժնի վարիչ Պեռնհարտ Տենշերին եւ նրա կնոջը` մշակութաբան Պարպարային Հայաստանին յաւուր պատշաճի ծանօթացնելու առաքելութիւնը: Դրանից յետոյ Պարպարա Տենշերը, որ սկսեց հայերէն սովորել, բազմիցս կրկին Երեւան այցելեց, հրատարակեց «Արարատի հովանու ներքոյ» իր գիրքը:

Առաւել սերտացան ստեղծագործական կապերը, ինչի արդիւնքներից մէկն էլ եղաւ «Փարոս» երգչախմբի վերոնշեալ ուղեւորութիւնը  Վիեննա, որին իր մասնակցութիւնը բերեց նաեւ Ռոպէրթ Միրզոյեանը: Նշենք նաեւ, որ պարոն Միրզոյեանը ներկայումս հանդիսանում է հասարակական կարգով Հայաստանում Վիեննայի քաղաքապետարանի մշակութային բաժնի ներկայացուցիչը: «Փարոս»-ի չորս  ելոյթներն անցան լեցուն դահլիճներում  եւ մեծ յաջողութեամբ: Աւստրիայի եւ այլազգի նրբաճաշակ երաժշտասէր հանրութիւնը ջերմ ընդունելութեանն արժանացրեց «Փարոս»-ի եւ իր գեղարուեստական ղեկավար Րաֆֆի Միքայէլեանի մեկնաբանմամբ հայ դասական եւ արդի երգահանների, ինչպէս նաեւ Մոցարթի ստեղծագործութիւնների կատարումները:

Վիեննայից «Փարոս» երգչախումբը մեկնեց Պրաթիսլաւա, մասնակցելու «Մուզիքա Սաքրա»  համբաւանուն միջազգային մրցոյթին: Բացառիկ էր Հայաստանի ներկայութիւնն այդ մրցոյթին, որին մասնակցում էին շատ երգչախմբեր Եւրոպայի տարբեր երկրներից: Յանձնախմբի որոշմամբ մրցոյթում առաջին մրցանակ ո՛չ մէկին չի շնորհուել: Իսկ երեք մրցանակներ (մէկ յատուկ մրցանակ եւ երկու պրոնզէ մրցանակներ) յանձնուեցին Հայաստանի «Փարոս»-ին: Եւ ամենամեծ յաղթանակն այն է, որ լինելով ինքնագործ (ո՛չ արհեստավարժ) երգչախումբ` «Փարոս»-ը իր նուաճած երեք մրցանակներով յաղթեց, մրցելով սոսկ արհեստավարժ, մասնագիտական երգչախմբերի հետ: Երեւոյթն բացառիկ է: Այս ամէնը անշուշտ գնահատելի փաստեր են, սակայն, ըստ էութեան, դրանք շա՜տ աւելի մեծ ներքին արժէք ունեցող երեւոյթի արտաքին դրսեւորումներն են: Իսկ ամենամեծ երեւոյթն, որն արժանի է խոր գնահատանքի, այն է, որ այս ամէնում առկայ է երկու հիմնական գործօնների գեղեցիկ համադրութիւնը. մասնագիտական եւ մարդկային: Յատուկ բարոյական խրախուսանքի եւ գնահատանքի է արժանի բոլոր այն անհատների մարդկային ներդրումը, որոնք նպաստում են նման գործընթացին: Այն է` մղել հաշմանդամ մարդուն դէպի երգը, արուեստի աշխարհը, կազմակերպել նման երգչախմբի գոյատեւումը, առաջընթացը, եւ ոչ միայն սեփական, այլ նաեւ` արտերկրում, եւ հովանաւորել այդ ամէնը: Այստեղ պէտք է յիշատակել նաեւ` Արմէն Ալավերդեանի անունը, որը (նոյնպէս հաշմանդամ է) մեծ կամքի ուժով ստեղծել եւ տնօրինում է «Unison» հաշմանդամների կազմակերպութիւնը, որի կազմում է ընդգրկուած նաեւ «Փարոս» երգչախումբը: Լինելով արուեստի նուիրեալ,  Արմէն Ալավերդեանը տարիներ ի վեր ջանադրաբար վարում է նաեւ «Փարոս»-ի ղեկավար-տնօրէնի պաշտօնը:

Այո՛, երիցս ազգավայել եւ մարդասիրական գործ է սա, որի առիթով արժէ եւս մէկ անգամ յիշատակել անուններ. «Փարոս» հաշմանդամների երգչախմբի գեղարուեստական ղեկավար Րաֆֆի Միքայէլեան, տնօրէն Արմէն Ալավերդեան, վերոնշեալ համերգային շրջագայութեան գաղափարապէս եւ գործնականօրէն կազմակերպիչներ Ռոբերտ Միրզոյեան եւ Վիեննայի քաղաքապետարանի մշակոյթի բաժնի վարիչ Պեռնհարտ Տենշեր, մի շարք հովանաւորներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ: Հոգեհաճոյ է գիտակցել, որ ներկայումս առկայ են նման երեւոյթներ, երբ միատեղւում են մասնագիտական եւ մարդկային արժէքները:

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Երեւան

Share this Article
CATEGORIES