ՆԱՄԱԿԱՆԻ

9 յուլիսի մեր թիւով լոյս ընծայած էինք նամականի մը, որ կը վերաբերէր պաստառի մը առնչութեամբ ստեղծուած շփոթին։ Խմբագրութիւնս ստացաւ այս գծով երկու այլ նամակներ եւս, զորս կը հրատարակենք ստորեւ՝ այսպիսով փակելով այս հարցին արծարծումը մեր էջերէն։

«Ա.»

ՆԱՄԱԿ ԿԱՊԻ ՄԱՆՈՒԿԵԱՆԻՆ

Յարգելի՛ բարեկամ, դուք ձեր նամակում տպագրել էք երկու գեղանկարի պատկեր` նշելով, որ դրանցից մէկի հեղինակը Տիգրան Պետրոսեանն է, իսկ միւսինը` ուքրանացի նկարիչ Վ. Աֆանեսովը: Ներկայացնելով այս երկու նկարները` դուք փորձում էք պարզել ճշմարտութիւնը, թէ ո՛վ ո՛ւմ է նմանակում, միաժամանակ աւելի հաւանական էք համարում, որ հայ նկարիչն է ընդօրինակում ուքրանացուն: Իսկ ճշմարտութիւնը, սիրելի հայրենակից, բոլորովին այլ տեղ պէտք է փնտռել: Ձեր մտքով չի էլ անցնում, որ դրանք նոյն հեղինակի նկարներն են, եւ որ այդ երկու նկարների հեղինակը ես կարող եմ լինել, հայազգի գեղանկարիչ Տիգրան Պետրոսեանս, որը երբեք չի էլ լսել Վ. Աֆանեսով անունով նկարչի մասին: Չգիտեմ` ո՛վ եւ ի՛նչ նպատակով է ձեզ խաբել, իմ նկարները վաճառելով որպէս օտար նկարչի գործեր: Այս խնդիրը ինձ բնաւ չի հետաքրքրում: Միակ բանը, որ հիմա ինձ հետաքրքրում է, դա այն է, թէ ո՞վ է այն խաբեբան, որը փոխել է իմ նկարների ստորագրութիւնները: Ես բարեբախտաբար պահպանել եմ իմ այդ նկարի Միացեալ Նահանգների արտահանման (2007-ին) մաքսային փաստաթղթերը, որոնք պատրաստ եմ տրամադրել «Ազդակ»ի խմբագրութեանը:

Նաեւ խորհուրդ կը տամ ձեզ, յարգելի բարեկամ, մինչեւ մամուլում «զգայացունց բացայայտումներ» անելը` նախ դիմել հէնց նկարիչներին եւ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալ: Տեղեակ եմ պահում «Ազդակ» թերթի ընթերցողներին, որ գնալու եմ մինչեւ վերջ եւ վերականգնելու եմ իմ հեղինակային իրաւունքը իմ ստեղծած բոլոր նկարների վրայ: Իմ ստորագրութիւնները պէտք է վերականգնուեն: Մտադիր եմ մօտ ժամանակներս ժամանել Պէյրութ եւ վերականգնել իմ հեղինակային իրաւունքը: Այս նամակին կից ուղարկում եմ նաեւ Աֆանեսովին վերագրուած իմ նկարի լուսանկարը, որտեղ յստակ երեւում է իմ ստորագրութիւնը:

Եթէ համեմատենք այս լուսանկարը նախորդի հետ, ապա կը տեսնենք, որ Աֆանեսովին վերագրուած նկարի ստորին հատուածը, որտեղ եղել է իմ ստորագրութիւնը, կտրուած է:

Արուեստագէտի հեղինակութիւնը ձեռք է բերւում երկար տարիների քրտնաջան աշխատանքով եւ պէտք է զերծ մնալ չստուգուած տեղեկութիւններ եւ անհիմն եզրակացութիւններ հրապարակելուց:

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

———————————————-

 

Մեծայարգոյ խմբագրութիւն «Ազդակ» օրաթերթի

Կարդալով ձեր օրաթերթում տպագրուած Կապի Մանուկեանի նամակը, չէի կարող անտարբեր մնալ, քանզի խօսքը վերաբերում է Հայաստանի շնորհալի գեղանկարիչներից մէկին` Տիգրան Պետրոսեանին, որի արուեստը ներկայացուած է Երեւանի «Արամէ» պատկերասրահում, Երեւան քաղաքի պատմութեան թանգարանում, ինչպէս նաեւ Լոս Անճելըսի «Սթեֆանիս» եւ «Ռոսլին» հեղինակաւոր պատկերասրահներում:

Հէնց սկզբից յայտարարում եմ ամենայն պատասխանատուութեամբ, ձեռքիս տակ ունենալով բոլոր անհրաժշտ ապացոյցները, որ Կապի Մանուկեանի նամակում տպուած երկու նկարների հեղինակը նոյն մարդն է` Տիգրան Պետրոսեանը:

Այն նկարը, որի տակ նամակում նշուած է Վ. Աֆանեսով, 2007 թ. սեպտեմբերին Երեւանից արտահանուել է Լոս Անճելըս նկարի իսկական հեղինակ Տիգրան Պետրոսեանի կողմից եւ նոյն թուականին վաճառուել Լոս Անճելըսի «Ռոսլին» պատկերասրահում որպէս Տիգրան Պետրոսեանի վրձնին պատկանող նկար: Թէ ե՛րբ եւ ո՛ւմ կողմից է այդ նկարի հեղինակը դարձել Աֆանեսով եւ հասել Պէյրութ, պէտք է անպայման բացայայտել: Այս ամէնից դժուար չէ ենթադրել, որ յարգարժան Կապի Մանուկեանի գնած միւս 4 նկարների հեղինակն էլ ոչ թէ Աֆանեսովն է, այլ նոյն ինքը` Տիգրան Պետրոսեանը: Հետեւաբար, մենք տուեալ դէպքում գործ ունենք ոչ թէ ոճային նմանակումների կամ ընդօրինակումների հետ, այլ` բացայայտ կեղծիքի:

Յարգարժան  Կապի Մանուկեանը պարզապէս խաբէութեան զոհ է դարձել: Ակնյայտ է, որ ինչ-որ մէկը փոխել է Տիգրան Պետրոսեանի ստորագրութիւնները եւ այդ նկարները հրամցնել իբրեւ մէկ ուրիշ նկարչին պատկանող գործեր: Խաբէութեան այս ձեւը, պէտք է ասեմ, բաւական տարածուած է եւ նորութիւն չէ արուեստի փորձագէտների համար: Դժուար է միանշանակ պնդել, թէ ի՛նչ նպատակով են Տիգրան Պետրոսեանի ստեղծած գործերը մատուցուել իբրեւ օտարազգի հեղինակի նկարներ: Գուցէ այն պատճառով, որ մի քանի տարի առաջ Տիգրանի անունը բաւականաչափ յայտնի չի եղել արուեստասէրներին, եւ կեղծարարը օտար նկարիչի անուն դնելով նրա նկարների վրայ` նպատակադրուել է աւելի դիւրին վաճառել դրանք: Բայց այս ամէնը պէտք է պարզի արդէն ինքը` Կապի Մանուկեանը եւ ի հարկէ` գեղանկարիչ Տիգրան Պետրոսեանը: Յուսանք, որ նրանք կը կարողանան գտնել կեղծարարին եւ պատասխանատուութեան կանչել նրան:

Ինձ համար միայն անհասկնալի է մնում, թէ ինչո՛ւ յարգարժան Կապի Մանուկեանը մեր ժամանակների տեղեկատուական արհեստագիտութիւնների  պայմաններում չի փորձել ստուգել, թէ ո՛վ է այդ ուքրանացի նկարիչը եւ ի՛նչ ոճի մէջ է ստեղծագործում: Եթէ նա անէր, ապա շատ հեշտութեամբ համացանցում կը գտնէր Վլատիմիր Աֆանազիյէվ ազգանունով երկու հեղինակի (նրանցից մէկի հայրանունը Ալեքսանտր, միւսինը` Նիքոլայ): Բաւական է համացանցում տեսնել նրանց իսկական նկարները հասկանալու համար, որ այդ երկու Աֆանասեւներից եւ ոչ մէկի նկարները նմանութեան եզր անգամ չունեն Տիգրանի արուեստի հետ: Եթէ իմ բերած այս բոլոր փաստարկները բաւականաչափ համոզիչ չթուան Կապի Մանուկեանին, ապա նա կարող է դիմել հէնց Աֆանասեւներին (երկուսն էլ ողջ են), նրանց ցոյց տալով իր գնած բոլոր 5 նկարների լուսանկարների եւ հէնց իրենցից համոզուել, որ այդ նկարների հետ իրենք որեւէ առնչութիւն չունեն: Կարեւոր եմ համարում նշել, որ տիգրան Պետրոսեանի տարբեր ժամանակաշրջանների աշխատանքներ տարիներ ի վեր ներկայացւում են «Արամէ» պատկերասրահի կայքէջում (www.aramegallery.com), եւ մենք մինչ օրս միայն ու միայն գովասաքի ու գնահատանքի խօսքեր ենք լսում Տիգրանի մասին աշխարհի տարբեր երկրներից` նաեւ` Ռուսաստանից եւ Ուքրանիայից: Եւ երբեք ամենափոքր իսկ ակնարկ չի եղել ուրիշ մէկի հետ ոճային նմանութեան մասին: Իսկ ոճային նմանակումները համացանցի դարում շատ արագ են բացայայտւում:

Օգտուելով առիթից, կը ցանկանայի մի քանի խորհուրդ տալ արուեստի գործեր սիրողներին եւ հաւաքողներին` նրանց զերծ պահելու համար տհաճ անակնկալներից:

1.- Երբեք արուեստի գործեր ձեռք մի՛ բերէք պատահական մարդկանցից, նախապատուութիւն տալով արուեստի սրահներին եւ արհեստավարժ արուեստի միջնորդներին:

2.- Արուեստի գործեր վաճառողից անպայման պահանջէք նկարի բնօրինակ լինելը հաստատող փաստաթուղթ (certificate of Authenticity), ինչպէս նաեւ` նկարի հեղինակի արուեստին նուիրուած քաթալոկներ, մամուլում տպագրուած կարծիքներ եւ այլն:

3.- Անպատճառ տեղեկացէք տուեալ նկարի կենսագրութեանը, թէ ի՛նչ ճանապարհով է նա յայտնուել վաճառողի մօտ:

4.- Փորձէք ինքներդ ծանօթանալ տուեալ հեղինակի միւս ժամանակաշրջանների աշխատանքներին, որպէսզի ընդհանուրի մէջ կարողանաք գնահատել եւ արժեւորել ձեզ առաջարկուող աշխատանքը: Վերջում կ՛ուզենայի յոյս յայտնել, որ այս նամակին կ՛արձագանգեն նաեւ մասնագէտները, ինչպէս նաեւ` այն գեղանկարիչները, որոնք ճանաչում են Տիգրան Պետրոսեանին, այս չափազանց պարկեշտ, ազնիւ անձնաւորութեանը եւ տաղանդաւոր արուեստագէտին:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆ
Երեւանի «Արամէ» պատկերասրահի տնօրէն

Share this Article
CATEGORIES