«ՔՈՓԱ ԱՄԵՐԻՔԱ». ՈՒՐՈՒԿՈՒԷՅ ԵՒ ՉԻԼԻ` ՅԱՂԹԱԿԱՆ

Ալվարօ Փերէյրա

Արժանթինի մէջ տեղի ունեցող «Քոփա Ամերիքա»ի ֆութպոլի մրցաշարքի Ա. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ տեղի ունեցան երկու ճակատումներ, որոնցմով աւարտեցան Գ. խմբակի մրցումները:

Ուրուկուէյ 1-0 արդիւնքով յաղթեց Մեքսիքայի` շնորհիւ Ալվարօ Փերէյրայի նշանակած կոլին (14-րդ): Մեքսիքա այսպիսով իր կատարած երեք մրցումներն ալ աւարտեց պարտութեամբ:

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք Ուրուկուէյ, որ գրաւեց խմբակին երկրորդ դիրքը, քառորդ աւարտականին իր դէմ պիտի ունենայ մրցաշարքը հիւրընկալող երկիրը` Արժանթինը:

Խմբակին պարագլուխի դիրքը գրաւեց Չիլի, որ 1-0 արդիւնքով յաղթեց Փերուի: Մրցումին միակ կոլը նշանակեց Վալտօ Փոնսէ` կորսուած վայրկեաններուն (92-րդ): Երկու կազմերն ալ մրցումը աւարտեցին տասը մարզիկով: Չիլիէն կարմիր քարտ ստացաւ Ժան Պոսժուր (60-րդ), իսկ Փերուէն` Ճիանքարլօ Քարմանօ (60-րդ):

Նշենք, որ Փերու, հակառակ իր կրած պարտութեան, իր կարգին ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը` իբրեւ լաւագոյն երրորդ դիրքը գրաւող կազմերէն մէկը:

Ստորեւ` Գ. խմբակին վերջնական դասաւորումը.

—————-Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Չիլի           2     1     0     4     2     7
2.- Ուրուկուէյ 1     2     0     3     2     5
3.- Փերու          1     1     1     2     2     4
4.- Մեքսիքա 0     0     3     1     4     0

Share this Article
CATEGORIES