Լոյս Տեսած Է «Վէմ»-ի Վերջին Թիւը

0815VemՕգոստոսի սկզբին լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2014 թուականի երկրորդ համարը` 273 էջ ծաւալով, որում աւելացել են ինչպէս տեսական-մեթոտաբանական բնոյթ ունեցող հրապարակումները, այնպէս էլ Ա. Աշխարհամարտի 100-ամեակի հետ կապուած գիտական ուսումնասիրութիւնները:

Շարունակելով մարդասիրական ու հասարակական գիտութիւնների ասպարէզում Հայաստանում առկայ ճգնաժամի յաղթահարման ուղիների փնտռտուքը` «Վէմ»-ի թիւ 2-ի խմբագրականում վերլուծութեան է ենթարկուել խորհրդային-ամբողջատիրական մտածողութիւնից ժառանգութիւն մնացած եւ հայ պատմագիտական մտքի առաջընթացը կաշկանդող այսպէս կոչուած` «օբյեկտիւիստական» պատմաճանաչողութիւնը, որով այսօր էլ առաջնորդւում է հայաստանեան հետազօտողների գերակշիռ մասը: Ցոյց է տրուել, որ բնագիտութեանը բնորոշ մեթոտաբանութեան մեքանիկական իւրացման միջոցով 19-րդ դարի կէսերին ձեւաւորուած եւ մարքսիզմի «խողովակով» հայ պատմագիտութեանը փոխանցուած ճանաչողական նման ելակէտը որեւէ կապ չունի գիտակցութեամբ ու կամքով օժտուած մարդկանց գործողութիւններն ուսումնասիրող պատմական գիտութեան հետ եւ բացարձակապէս սնանկ է: Զուգահեռաբար` «Հիմնաքարեր» բաժնում հրապարակուող «Պատմութեան գաղափարը Եոհան Տրոյզենից մինչեւ Ռոպին Քոլինկուուտ» ուսումնասիրութեան միջոցով «Վէմ» հանդէսը սկսել է գիտական պատմութեան` պատմագիտութեան ձեւաւորման ու զարգացման յաջորդական հանգրուանների ներկայացումը, ինչը թոյլ է տալիս արդի հայ հետազօտողին մտովի վերապրելով այդ բարդ գործընթացը` յաղթահարել ներկայումս իրեն բաժին ընկած խիստ պարզունակ ճանաչողական փակուղիները:

Ա. Համաշխարհային պատերազմի 100-ամեակի առիթով հանդէսի երկրորդ համարում շարունակուել են ինչպէս ժամանակի մթնոլորտը վերակենդանացնող (Սուսաննա Գ. Յովհաննիսեան), այնպէս էլ Մեծ եղեռնի հետեւանքները քննող (Իշխան Գ. Չիֆթճեան) հրապարակումները:

«Վէմ»-ի հիմնական բաժիններում տպագրուած ուսումնասիրութիւններից ուշագրաւ ու միաժամանակ` խիստ արդիական է ճանաչուած հնագէտ, Արցախի Տիգրանակերտի հետազօտութեան արշաւախմբի ղեկավար Համլետ Լ. Պետրոսեանի արցախեան պատկերաքանդակներին նուիրուած հրապարակումը: Պատճառն այն է, որ վերջերս «պեղելով, ակադեմիկոս Յովսէփ Օրբէլու` Սանկտ-Պետերբուրգում գտնուող ժառանգութեան մասունքները, ազրպէյճանցի հետազօտողները սկսել են օգտագործել ականաւոր հայ գիտնականի հարցադրումները` իրենց տխրահռչակ «աղուանական» համադրոյթի հիմնաւորման համար»:

Հանդէսի 2014 թուականի երկրորդ համարի «Լրատու» բաժնում տեղ են գտել անցած ամիսներին համապատասխանաբար` Փարիզում ու Պէյրութում վախճանուած ֆրանսացի ականաւոր պատմագէտ Ժաք Լը Կոֆի եւ Սփիւռքի գրական կեանքի յենասիւներից մէկի` Պօղոս Սնապեանի գիտական վաստակն ամփոփող յօդուածներ:

Մեծ հետաքրքրութեամբ է ընթերցւում նաեւ իսրայէլցի ժամանակակից պատմաբան Եայիր Աուրոնի «Անընդունելի անտարբերութիւն. սիոնականութիւնը եւ Հայոց ցեղասպանութիւնը» գրքի ընդարձակ գրախօսականը (Արմէն Ց. Մարուքեան): Բացայայտւում է հրեայ հետազօտողի հարցադրումների խորքային շերտը, որն այդպէս էլ չի ընկալուել որոշ հարցերում թուրքական պատմագրութեան դրոյթները կրկնած այս աշխատութեան հեղինակին Հայաստանում «երկինք բարձրացնող» մտաւորականների ու պատմաբանների կողմից:

«Վէմ»-ի թիւ 2-ում զգալիօրէն աւելացել է նաեւ ՀՅԴ պատմութեան վաւերագրերի հրապարակումը: Դրանցից արդիական հնչեղութիւն ունեն յատկապէս 1917-1918 թուականներին հայ-ռուսական փոխգործակցութեան խորացման նպատակով Ռուսաստանում բուռն գործունէութիւն ծաւալած, բայց խորհրդային իշխանութիւնների կողմից որպէս պատանդներ ձերբակալուած դաշնակցական գործիչներ Յակոբ Զաւրեանին (Զաւրիեւ) եւ Լիպարիտ Նազարեանին վերաբերուող փաստաթղթերը (Վլադիմիր Ն. Ղազախեցեան):

Share this Article
CATEGORIES