Հարցազրոյց Սերաֆիմ Սեպալայի Հետ. Հայաստանի Մասին 500 Էջանոց Գիրք Հեղինակած Ֆին Հոգեւորական. «Երբեք Ոչ Մի Տեղ Նման Գեղեցկութիւն Չեմ Տեսել»

Վարեց` ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ

0820finpriestՖին հոգեւորական Սերաֆիմ Սեպալան երկար տարիներ ուսումնասիրել է հայկական մշակոյթն ու պատմութիւնը եւ ունի մի շարք հրապարակումներ այս թեմայով, այդ թւում 500 էջանոց մի գիրք` հայ մշակոյթի մասին, իսկ ներկայումս նա աշխատում է Հայոց ցեղասպանութեան թեմայի շուրջ մի նոր գրքի վրայ: «Փանորամա»-ին տուած հարցազրոյցում նա պատմում է իր գործունէութեան, ինչպէս նաեւ Հայաստանի հետ ունեցած իր իւրայատուկ կապի մասին: Ըստ նրա, Հայաստանը Միջին Արեւելքի մշակոյթների վերջին անկիւնն է, որտեղ հին քրիստոնէական աւանդոյթները դեռեւս պահպանւում են եւ նա անուանում է Հայաստանը իր հոգու տունը:

ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Հա՛յր Սերաֆիմ, դուք մի քանի տարի է, ինչ զբաղւում էք հայագիտութեամբ եւ ունէք մի քանի հրապարակումներ հայկական մշակոյթի մասին: Ինչպէ՞ս դուք, լինելով ֆին ուղղափառ վանական, սկսեցիք հետաքրքրուել Հայաստանով: Մասնաւորապէս ի՞նչ թեմաներ էք ուսումնասիրել:

ՍԵՐԱՖԻՄ ՍԵՊԱԼԱ.- Ես հետաքրքրուած էի Հայաստանով նախքան ուղղափառութիւն ընդունելը. դա երկար պատմութիւն է: 1990-ականներին, երբ երիտասարդ ուսանող էի, ես ցանկանում էի դառնալ քրիստոնեայ, բայց դեռ չգիտէի, թէ ինչպիսի՛ քրիստոնեայ էի ուզում լինել: Հելսինքիում կային բազմաթիւ դաւանանքներ ունեցող եկեղեցիներ, եւ ես դրանք բոլորն այցելեցի: Ուղղափառ եկեղեցին իմ ցանկի վրայ վերջինն էր: Իսկ մինչ այդ ես արդէն այցելել էի մի հայկական եկեղեցի Պոլսում: Ես ուսումնասիրում էի արեւելագիտութիւն եւ սեմական լեզուներ Հելսինքիում եւ շատ գրքեր էի կարդում քրիստոնէութեան պատմութեան մասին: Ես համոզուեցի, որ քրիստոնէութիւնը իր ոգով արեւելեան կրօն է, եւ որ արեւելեան եկեղեցիները ամենամօտն են ակունքներին: Յետոյ ես գնացի Երուսաղէմ մէկ տարով եւ ծանօթացայ այդ բոլոր եկեղեցիների հետ` սուրիական, ղպտի եւ եթովպական ուղղափառ եկեղեցիների, ինչպէս նաեւ` հայկական եկեղեցու հետ: Այնտեղ ես ապրում էի հայկական թաղամասում` մի հայկական տան տանիքում: Այսպիսով, դա ինձ համար ե՛ւ ակադեմական, ե՛ւ անձնական փորձառութիւն էր: Ես թարգմանում էի հոգեւոր գրականութիւն սիրիակ (արամերէն) լեզուից ֆիներէն, բայց այդպէս էլ հնարաւորութիւն չունեցայ սովորելու հայերէն:

Յետոյ ես ընդունեցի ուղղափառութիւն եւ դրանից մի քանի տարի անց դարձայ վանական: Վանական տարիներին մեծ զբաղուածութիւն ունէի: Ամէն օր 14 ժամ եկեղեցում էի եւ աշխատանքի մէջ, իսկ երեկոյեան աշխատում էի իմ դոկտորական թեզի վրայ: Յետոյ ես անսպասելիօրէն ստացայ աշխատանքի հրաւէր համալսարանից, եւ եկեղեցին հաւանութիւն տուեց, որ ես ստանձնեմ այդ աշխատանքը: Միայն այդ ժամանակ ես հնարաւորութիւն ստացայ իրականացնելու իմ երազանքը եւ աւելի խորը ուսումնասիրել Հայաստանը:

ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Ի՞նչ հետաքրքիր բացայայտումներ էք արել Հայաստանն ուսումնասիրելիս:

ՍԵՐԱՖԻՄ ՍԵՊԱԼԱ.- Ինձ համար հայկական ամէն բան, որ գոյութիւն է ունեցել Ցեղասպանութիւնից առաջ ընկած ժամանակաշրջանից ի վեր, բարձրագոյն գեղեցկութեան արտայայտում է: Վասպուրականի մանրանկարները, դուդուկի եղանակները, շարականները, Սայաթ Նովան, Արցախի կարպետները եւ անգամ` լարախաղացների պարերը: Ես երբեք ոչ մի տեղ նման գեղեցկութիւն չեմ տեսել: Այս ամէնի համադրութիւնը ցեղասպանութիւններով եւ արիւնահեղութիւններով լի պատմութեան հետ յիրաւի իւրօրինակ է: Այս բոլորը իմ հոգու տունն է: Ես ցաւ եմ զգում ամէն անգամ, երբ տեսնում եմ, որ այս թանկարժէք մարգարիտները փոխարինւում են արեւմտեան աղբով Երեւանում: Հայաստանը Միջին Արեւելքի մշակոյթների վերջին անկիւնն է, որտեղ հին քրիստոնէական աւանդոյթները դեռեւս պահպանւում են ողջ մշակոյթի մէջ` օփերաներից մինչեւ սրբավայրերը: Այս ամէնն այնքան մեծ արժէք ունի: Ես ի հարկէ տեսնում եմ Հայաստանի ներկայիս խնդիրները, բայց խնդիրներ կան բոլոր երկրներում: Մի ծայրայեղ օրինակ բերեմ. ինքնասպանութիւնների թիւը ֆինական զարգացած գիւղերում անհամեմատ աւելի մեծ է, քան` հայկական ամենաաղքատ գիւղում: Ինչո՞ւ: Միգուցէ այն պատճառով, որ դեռ մի շատ թանկագին բան կայ աղքատ հայկական գիւղերում, մի բան, որ ֆիները չունեն…

ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Դուք ուսումնասիրել էք Հայոց Ցեղասպանութեան փիլիսոփայութիւնը, ինչպէս նաեւ` ցեղասպանութեանը յաջորդող ժամանակաշրջանի հայկական արուեստը: Կարո՞ղ էք մի փոքր խօսել ձեր այս աշխատանքի մասին:

ՍԵՐԱՖԻՄ ՍԵՊԱԼԱ.- Այո՛, ես ուսումնասիրել եմ Ցեղասպանութեանը յաջորդող ժամանակաշրջանի մշակոյթը, թէ ինչպէ՛ս է Ցեղասպանութիւնն ու դրա ժխտումը ազդել եւ ինչպէ՛ս է այն արտացոլուել հայկական մշակոյթի, կերպարուեստի, ժապաւէնների, գրականութեան եւ ընդհանրապէս հայկական ինքնութեան վրայ: Ես զգացի, թէ որքան աւելի եմ խորանում իմ ուսումնասիրութեան մէջ, այնքան աւելի մեծ ցաւ եմ զգում: Ցեղասպանութիւն եզրը այսօր շատ թոյլ իմաստով է օգտագործւում: Երբ մի քանի հազար մարդ է մահանում, օրինակ` Միջին Արեւելքի հակամարտութիւններում, քաղաքական գործիչները միանգամից դա անուանում են ցեղասպանութիւն: Իրական ցեղասպանութեան ժամանակ մահացածների թիւը, լինի դա հազարներ, թէ միլիոններ, իրականում երկրորդական հարց է: Ես դիտարկում եմ ցեղասպանութիւնը որպէս գոյաբանական իրադարձութիւն` համակարգուած յարձակում տուեալ ազգի գոյութեան դէմ բոլոր մակարդակներում` անցեալի, ներկայի եւ ապագայի վրայ: Հայերի անցեալը ոչնչացուել է եւ շարունակում է ոչնչացուել Թուրքիայի կողմից: Ներկան յափշտակուել էր այդ 1.5 միլիոն նահատակներից: Իսկ ցեղասպանութեան պատճառով առաջացած իրական խնդիրը ազգի ապագան է եւ ողջ կենսակերպը: Նստել եւ զրուցել եկեղեցու բակում, Լոս Անճելըսում նոյնը չէ, ինչ որ նստել եւ զրուցել Աղթամարում: Աղօթքների, ազգային երգերի, գորգագործութեան, աւանդոյթների հազարաւոր տարիների կենսափորձը հողին հաւասարեցուեց` սա՛ է ցեղասպանութեան բուն էութիւնը: Այս պահին ես արդէն գրում եմ իմ երրորդ գիրքը Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով: Այս անգամ ես ցանկանում եմ նկարագրել Արեւմտեան Հայաստանի գիւղերից մէկի կեանքը` իր խնճոյքներով եւ աւանդոյթներով, ինչպէս նաեւ` ներկայացնել մի քանի մարտիրոսութեան դէպքեր` հիմնուած ականատեսների պատմութիւնների վրայ: Ես երբեք չեմ գրում քաղաքական գործիչների կամ դիւանագէտների մասին: Ինձ համար նրանք երկրորդական են: Այն, ինչ կարեւոր է, ժողովուրդն է եւ նրա ոգին` իր ոգեղէնութեան եւ արուեստի մէջ:

ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Հա՛յր Սերաֆիմ, դուք նաեւ հրատարակել էք 500 էջանոց գիրք ֆիներէն լեզուով` վերնագրուած «Արարատից արեւելք», որը ներկայացնում է հայկական մշակոյթը, պատմութիւնը, արուեստը եւ կրօնը: Կարո՞ղ էք մի քանի խօսքով ներկայացնել գրքի բովանդակութիւնը:

ՍԵՐԱՖԻՄ ՍԵՊԱԼԱ.- Ես 15 տարի սպասում էի, որ ոեւէ մէկը գիրք գրի հայկական մշակոյթի մասին ֆիներէն լեզուով, բայց ոչ ոք չէր գրում: Այսպիսով, ես հասկացայ, որ ես ինքս պէտք է դա անեմ: Այս գիրքը մշակոյթի պատմութիւն է, որը ներկայացնում է հայոց պատմութեան տասներկու ամենակարեւոր գլուխները: Ես փորձեցի դա ներկայացնել այնպէս, որ այն չլինի կայսրութիւնների, առաջնորդների եւ իշխանաւորների յարաբերութիւնների մասին պատմող չոր նկարագրութիւն, այլ ներկայացնի հայկական ինքնութիւնը պատմական հարթութեան մէջ: Ես խօսում եմ այն մասին, թէ ինչո՛ւ այնպիսի երեւոյթներ, ինչպիսիք են Աւարայրը, կաթողիկոսը, այբուբենը, Նարեկացին, Ազնաւուրը եւ այլք, մաս կազմում հայկական ինքնութեան:

ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Արդեօք գիրքը թարգմանուելո՞ւ է հայերէն կամ անգլերէն:

ՍԵՐԱՖԻՄ ՍԵՊԱԼԱ.- Ցաւօք, կարծում եմ, որ ոչ: Այն նախատեսուած է ֆին ընթերցողների համար: Յուրախութիւն ինձ, արդէն հարիւրաւոր ֆիներ կան, ովքեր ճամբորդել են Հայաստան այս «աղիւսն» իրենց ձեռքերում: Նրանք ասում են, որ Հայաստանում նրանք տեսնում են իրենց հետաքրքրող շատ բաներ եւ շատ խորն են ամէն ինչ վերապրում, յետոյ նրանք կարդում եւ հասկանում են: Ճիշդն ասած` ինձ թւում է, որ ես նպաստել եմ Ֆինլանտիայում մի զարմանալի ենթամշակոյթի ստեղծմանը: Մեզ մօտ բազմաթիւ մարդիկ կան, ովքեր մեծապէս սիրում են Հայաստանը, իր բոլոր թերութիւններով հանդերձ, եւ անգամ ունեն իրական կարօտի զգացում Հայաստանի հանդէպ: Իմ ընկերների մեծ մասը եղել է Հայաստանում արդէն մօտ հինգ անգամ եւ որքան աւելի շատ են նրանք այցելում, այնքան աւելի են խենթանում: Հէնց այս պահին նրանցից մէկը ձիով գնում է Ջերմուկից Սեւան:

ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Իսկապէս շատ հաճելի է բացայայտելը, որ մենք ունենք այսպիսի լաւ ֆին ընկերներ, ովքեր այսպէս սիրում են Հայաստանը: Հետագայում Հայաստան այցելելու ի՞նչ ծրագրեր ունէք:

ՍԵՐԱՖԻՄ ՍԵՊԱԼԱ.- Տարին երկու անգամ ես խումբ եմ բերում Ֆինլանտիայից: Հոկտեմբերին տանում եմ նրանց հիւսիսային Հայաստան, իսկ մայիսին տանելու եմ Արցախ եւ Սիւնիք: Յուսով եմ` կը կարողանամ նոր տարին էլ անցկացնել Հայաստանում: Չեմ կարող երկար ամիսներ ապրել առանց Հայաստանի:

– Հա՛յր Սերաֆիմ, շնորհակալութիւն հետաքրքիր զրոյցի, ինչպէս նաեւ ձեր կատարած հայանպաստ աշխատանքի համար:

 

 

 

 

 

Share this Article
CATEGORIES