Եզիտիները Փրկութեան Են Սպասում. Միացեալ Նահանգների Նախագահ Պարաք Օպաման Եզիտիների Կոտորածները Որակել Է Ցեղասպանութիւն
Տեղակալ ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԷՍԵԱՆ
Հիւսիսային Իրաքում բնակուող եզիտիները յայտնուել են ֆիզիքական բնաջնջման եզրին: Փաստացի ցեղասպանութեան զոհ է դարձել շուրջ 600 մարդ: Իրենց «Իսլամական պետութիւն» անուանող ծայրայեղականները չեն քաշւում նոյնիսկ կտտանքներից, փաստեր կան կենդանի թաղումների մասին: Ծայրայեղականների նման վարքագիծը ստիպել է Միացեալ Նահանգներին` վերանայել իրենց վերաբերմունքը այդ կազմակերպութեան նկատմամբ եւ նոյնիսկ դիմել ռազմական գործողութիւնների:
Յունիսի սկզբներից Իրաքում աշխուժացել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն» անունը կրող ծայրայեղ ահաբեկչական կազմակերպութիւնը` ժամանակին նիւթական մեծ միջոցներ կուտակելով Սիրիայի գործող նախագահ Պաշշար Ասատի դէմ պատերազմական գործողութիւններում: Նրանք կարողացան ծաւալուել հիւսիսային Իրաքում եւ յայտարարել շարիաթի օրէնքների հիման վրայ «Իսլամական խալիֆայութիւն» ստեղծելու մասին: Յուլիսին «Իսլամական խալիֆայութեան» գրոհայինները լուրջ հարուած հասցրեցին հիւսիսային Իրաքի քրտական իշխանութեան զինուած ստորաբաժանումներին, ինչը հնարաւորութիւն տուեց շարունակել առաջխաղացումը դէպի կենտրոնական Իրաք: Օգոստոսին ծայրայեղականների ենթակայութեան տակ յայտնուեցին Սիրիայի Հալէպից Իրաքի Տիալա նահանգների միջեւ ընկած տարածքները եւ շուրջ 20 քաղաք:
Իրենց ենթակայութեան տակ յայտնուած շրջաններում ծայրայեղականները, սպառնալով ֆիզիքական բնաջնջմամբ, պահանջել են քրիստոնեաներին եւ եզիտիներին հաւատափոխ լինել: Վտանգի առջեւ են կանգնել նոյնիսկ տեղացի շիի մահմետականները: Ծայրայեղականների ձեռքում է յայտնուել նաեւ հիմնականում եզիտիներով բնակեցուած Սինճար քաղաքը: Այն դատարկուել է` 300,000 բնակչից այժմ մնացել է ընդամէնը 25,000-ը: Հազարաւոր ընտանիքներ ամառուայ տապին, առանց սննդի, ջրի կամ դեղամիջոցների` պատսպարուել են լեռներում: Ընդհանուր առմամբ, ֆիզիքական բնաջնջման սպառնալիքից փախուստի է դիմել շուրջ 200 հազար եզիտի: Վերջին շաբաթուայ ընթացքում սպաննուել է 500 տղամարդ, առեւանգուել եւ որպէս ստրուկ վաճառուել 300 կին, սովից եւ ծարաւից մահացել է շուրջ 80 երեխայ: Յայտնաբերուել են զանգուածային գնդակահարուածների գերեզմանոցներ:
Համաձայն միջազգային իրաւապաշտպան «Միջազգային ներում» կազմակերպութեան, հիւսիսային Իրաքի Քրտական տարածաշրջանային կառավարութիւնը փակել է սահմանները` զրկելով տեղահանուած եզիտիներին իր վերահսկողութեան տակ գտնուող բնակավայրերում ապաստանելուց, այն դէպքում, երբ Իրաքի կենտրոնական կառավարութիւնը եւս որեւէ ջանք չի գործադրում մարդասիրական օգնութիւն հասցնելու եզիտի բռնագաղթեալներին:
Աշխարհի բոլոր եզիտիներն այսօր բարձրաձայնում են Իրաքում իրենց եղբայրների ճակատագրի մասին: Հայաստանում եզիտիների համայնքը եւս դատապարտել է ոճրագործութիւնը եւ դիմել է միջազգային հանրութեանը` քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու եւ հայրենակիցներին օգնելու համար:
Իրաքի հիւսիսում ստեղծուած մարդկային աղէտը ստիպել է փոխել Ուաշինկթընի վերաբերմունքը ժամանակին Սիրիայի նախագահ Պաշշար Ասատի դէմ պատերազմող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութեան» նկատմամբ: Նախագահ Պարաք Օպաման եզիտիների կոտորածները որակել է ցեղասպանութիւն` միաժամանակ յայտարարելով, որ իրաքեան նոր պատերազմ չի լինելու: Օգոստոսի 8-ից ամերիկեան ռազմաօդային ուժերը հարուածներ են հասցրել գրոհայինների խարիսխներին: Էֆ-18 երկու կործանիչ լազերային թիրախաւորմամբ 220 քիլոկրամանոց ռումբ է արձակել իրաքեան Քիւրտիստանի մայրաքաղաք Էրպիլը պաշարող ահաբեկիչների ռազմական թիրախների վրայ: Արդիւնքում ոչնչացուել է շուրջ 500 գրոհային, հրետանային համակարգեր, ռատարներ եւ փոխադրամիջոցներ: Ուաշինկթընը մտադիր է շարունակել «Իսլամական պետութեան» գրոհայինների խարիսխների ռմբակոծումը` ոչ միայն նրանց առաջխաղացումը կասեցնելու, այլ նաեւ` լեռներում պատսպարուած եզիտիներին փրկելու համար «մարդասիրական միջանցք» ստեղծելու նպատակով: Միացեալ Նահանգները նաեւ յաւելեալ աջակցութիւն են սկսել տրամադրել հիւսիսային Իրաքի քրտերին` Էրպիլ քաղաքի վրայ ծայրայեղականների գրոհը կասեցնելու համար:
Օգոստոսի 11-ին Իրաք է ժամանել նաեւ Ֆրանսայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆապիուսը, որը հանդիպել է Իրաքի կենդրոնական իշխանութիւնների եւ քիւրտ ղեկավարութեան ներկայացուցիչների հետ: Ֆրանսացի դիւանագէտը յայտնել է ՕԹԱՆ-ի կողմից ծայրայեղականների դէմ համակարգուած գործողութիւններ սկսելու մտադրութեան մասին, ինչպէս նաեւ` վստահեցրել, որ արեւմտեան երկրները իրենց պաշտպանութեան տակ են վերցնում երկրի քրիստոնեայ եւ եզիտի համայնքները:
Յատկանշական է, որ Իրաքում ներկայումս ստեղծուած իրավիճակը եզակին է, որը միաւորում է Արեւմուտքին եւ Ռուսաստանին: Թէ՛ Ուաշինկթընը եւ թէ՛ Մոսկուան հակուած են պահպանել Իրաքի ամբողջականութիւնը եւ վտարել երկրից ծայրայեղականներին: Իրաքեան հարցը մերձեցնում է Միացեալ Նահանգներին նաեւ Իրանի հետ, որը անհանգստացած է շիի եւ եզիտի ազգաբնակչութեան ճակատագրով: Տարածաշրջանային միակ երկիրը, որին ոչ միայն ձեռնտու է «Իսլամական խալիֆայութեան» առաջխաղացումը, այլ որը նաեւ աջակցում եւ ֆինանսաւորում է, Սէուտական Արաբիան է, սակայն Ռիատում հասկանում են, որ նման իրավիճակը երկար չի տեւի եւ իրենք եւս վտանգուած են:
Ինչ վերաբերում է քրիստոնեաների եւ եզիտիների նկատմամբ կատարուած ոճրագործութիւններին, ապա «Իսլամական խալիֆայութեան» ծայրայեղականներին պատժելու եւ ՄԱԿ-ի կողմից քրիստոնեաների եւ եզիտիների կոտորածները դատապարտելու պահանջով հանդէս են եկել քրիստոնէական բոլոր արեւելեան եկեղեցիների ղեկավարները, այդ թւում նաեւ` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ը եւ հայ կաթողիկէ եկեղեցւոյ պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ.:
«Հայ զինուոր»