Խուսափել Զոհի Կարգավիճակից

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

«Ո՛վ լուսաւոր Եւրոպա, քո խօսքն ո՞ւր մնաց հապա, Մեր խեղճ երկիր Արմէնիա թողիր քանդած, խարաբա»: Ժողովրդական ֆոլկլոր է, որը տարածուել էր Ցեղասպանութիւնից յետոյ:

«Եգիպտական բուրգերը փոշի կը դառնան, Արեւի պէս, երկի՛ր իմ, կը վառուես վառման»: Մեծ բանաստեղծի տողերն են, որոնք գրուել են նոյն ժամանակահատուածում:

Երկու մօտեցում. մէկը` առօրեայ, սովորական, այն, ինչ մենք ամէն օր լսում ենք փողոցում եւ սրճարաններում, երկրորդը` մտքի, հոգու աշխատանքի արդիւնք: Մէկը` «ճակատագրի հարուածներ»-ի դէմ անզօր մարդու յուսահատ կշտամբանք, որն ուղղուած է դրսի ուժերին, միւսը` հպարտ, վստահ մարտահրաւէր, որը նոյնպէս ուղղուած է աշխարհին:

Ո՛չ մի անհատի, ո՛չ մի ազգի կեանք բաղկացած չէ միայն հաճոյքներից, յաջողութիւններից եւ յաղթանակներից: Ինձ թւում է, որ դժուարութիւններն ու կորուստները ինչ-որ չափով նաեւ անհրաժեշտ են եւ օգտակար, քանի որ թոյլ չեն տալիս մեզ թուլանալ, ապրել երազանքների խաբուսիկ աշխարհում, օգնում են դիմաւորել իրականութիւնը բաց աչքերով: Իսկ յետոյ ամէն ինչ կախուած է մեր գնահատականից: «Մեզ (ինձ) խաբեցին, մեզ չպաշտպանեցին, մեզ թողեցին միայնակ նենգ թշնամու դէմ»` մի մօտեցում է: «Մենք (ես) կը կպնենք գործին եւ խնդիրը կը լուծենք: Իսկ եթէ չկարողանանք, ապա վստահ կը լինենք, որ արել ենք հնարաւորն ու անհնարինը»` այլ տեսանկիւն է: Ընտրենք, թէ ո՛րն է մեզ աւելի ձեռնտու:

Իսկ առաջին բանը, որը պէտք է անել, մեր բառապաշարից «խեղճ» բառը հանելն է: Ինքներս մեզ, մեր մերձաւորներին եւ յատկապէս մեր ազգին երբեք «խեղճ» չանուանենք: Այդ բառն արտասանելով` ես պատկերացնում եմ մի դիստրոֆիկի, որը վեր է թռնում ամէն մի աղմուկից: Դա՛ չի մեր ժողովրդի խորհրդանիշը, այլ` սահմանին կանգնած երիտասարդը:

Վերջում ուզում եմ մէջբերել եւս մի մեծ բանաստեղծի` Եոսիֆ Բրոդսկու խորհուրդը, որը վերջերս շատ է տարածուել Ֆէյսպուքում եւ կիրառելի է թէ՛ անհատի, թէ՛ ազգի հանդէպ. «Հնարաւորինս խուսափէք ձեզ վերագրել զոհի կարգավիճակ: Որքան էլ անտանելի լինի ձեր վիճակը, աշխատէք դրանում չմեղադրել արտաքին ուժերին` պատմութեանը, պետութեանը, ղեկավարութեանը, ցեղը, ծնողներին, լուսնի շրջափուլը, մանկութիւնը, այն, որ ձեզ ժամանակին գիշերանօթին չեն նստեցրել` ցանկը երկար է եւ ձանձրալի: Այն պահին, երբ դուք մեղքը գցում էք ինչ-որ մէկի վրայ, դուք ոչնչացնում էք ձեր վճռակամութիւնը ինչ-որ բան փոխելու եւ աւելացնում էք անպատասխանատուութեան «վակիում»-ը, որոնք այնքան սիրում են լցնել չարքերն ու դեմագոգները, քանի որ անդամալոյծ կամքը ուրախութիւն չի բերում հրեշտակներին»:

Ամէն ինչ շատ արդիական է: Մանաւանդ` չարքերի եւ դեմագոգների մասը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«Առաւօտ» թերթի գլխաւոր խմբագիր

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )