«Թէեւ Մզկիթի Վերածուած Եկեղեցիներն Այդ Կերպ Փրկուել Են Գանձ Որոնողների Աւերումներից, Բայց Եւ Այնպէս Դա Վանտալիզմ Է…» Զաքարիա Միլտանօղլու

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Սոյն թուականի օգոստոսի 11-17-ը Թուրքիայի Քոճաէլի նահանգի Դերբենթ գաւառում ԵՄ-ի ֆինանսաւորմամբ, «Աջակցութիւն Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հելսինքեան քաղաքացիական համախմբումի կողմից կազմակերպուեց «Եաւաշ-Կամաց» ամառային դպրոցը, որին մասնակցեցին շուրջ 20 ուսանողներ եւ ուսուցիչներ Հայաստանից եւ նոյնքան էլ` Թուրքիայից: Օգոստոսի 12-ին, ամառային դպրոցի ծրագրի համաձայն, «Հայկական մշակութային հետքերը Անատոլիայում» վերնագրով դասախօսութեամբ հանդէս եկաւ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մասնակցած պոլսահայ ճարտարապետ Զաքարիա Միլտանօղլուն:

Դասախօսութիւնն ուղեկցուեց Արեւմտեան Հայաստանում եւ ժամանակին հայաբնակ եղած` Թուրքիայի այլ շրջաններում հայկական պատմական ու մշակութային յուշարձանները ներկայացնող շուրջ 400 լուսանկարներով, որոնք պատկանում էին բանախօսի անձնական արխիւին:

Զաքարիա Միլտանօղլուն ելոյթն սկսեց «Այս տարածքները մի ժամանակ մշակութային առումով շատ հարուստ էին, սակայն նոյնը չենք կարող ասել ներկայի մասին» նախադասութեամբ եւ մասնակիցներին յայտնեց, որ դասախօսութեան շրջանակներում 18 քաղաքի հայկական հետքեր են ներկայացուելու:

Ինչպէս շեշտեց ճարտարապետը, Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութիւնից առաջ 2330 վանքեր ու եկեղեցիներ եւ 2000 դպրոցներ ու վարժարաններ կային: Միլտանօղլուն ելոյթն սկսեց իր ծննդավայր Կեսարիայից, որի Էքրեք գիւղում են գտնուել 2 հայկական եկեղեցիներ, որոնք, սակայն, չեն պահպանուել: Փոխարէնը` յիշեալ գիւղի հայկական գերեզմանոցում պահպանուել են որոշ խաչքարեր, մի բան, որ բանախօսի խօսքով, հազուադէպ է պատահում, քանի որ ընդհանրապէս Արեւմտեան Հայաստանի խաչքարերը շատ քիչ են պահպանուել:

Միլտանօղլուն ներկայացրեց Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եւ Սուրբ Աստուածածին եկեղեցիները: Վերջինս որպէս մարզասրահ է օգտագործւում:

Ինչպէս ընդգծեց բանախօսը, Կեսարիայում եւ ընդհանրապէս հայերով հոծ բնակեցուած շրջաններում եղել են առնուազն մէկական հայկական թաղամասեր, եւ Կեսարիայի Թաւուքլուլար թաղամասում ժամանակին հայ մեծահարուստների պատկանած մի փողոց ներկայում վերականգնւում է: Թալաս գաւառում նոյնպէս եղել են հայ հարուստների տներ, որոնցում այսօր պահպանուել են հայկական գրութիւններ:

Կեսարիային մօտ գտնուող Էւերեկ գաւառում ժամանակին ապրել են բազմաթիւ հայեր ու յոյներ: Էւերեկը հայաբնակ է եղել անցեալում: Այստեղ է գտնուել Սուրբ Թորոս եկեղեցին: Միլտանօղլուն ընդգծեց, թէ Էւերեկում յատկապէս հետաքրքիր են հայկական փայտաշէն տները:

Պոլսահայ ճարտարապետը մանրամասն ներկայացրեց նաեւ Մուշը` յիշեցնելով անցեալ տարի պետութեան կողմից այստեղ փլուած հայկական թաղամասը, որը միայն մէկն էր քաղաքի 6 հայկական թաղամասերից: Սուրբ Ստեփանոս եկեղեցին Մուշ քաղաքի 8 եկեղեցիներից մէկն էր: Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ վանքը, որը մի քանի անուններ է ունեցել, կառուցուել էր 4-րդ դարում: Սուրբ Կարապետը փլուել է 1937 թուականին` կառավարութեան հրահանգով: Չենկելլի կոչուած գիւղը հիմնուել է հէնց այս վանքի տարածքում, երբ թուրքական կառավարութիւնը մի քրտական աշիրեթի առաջարկել է բնակութիւն հաստատել վանքի շուրջը: Ներկայում Սուրբ Կարապետի որոշ հատուածներ օգտագործւում են նաեւ որպէս ախոռ ու պահեստ:

Բանախօսն ընդգծեց, որ հայկական վանքերի եւ եկեղեցիների աւերումը երբեմն հեշտ չի եղել, եւ երբ պետական մարմինները տեսել են, որ բահերով ու քլունգներով դրանք չեն քանդւում, թնդանօթների զարկերով են ոչնչացրել: Քեփենէք գիւղում գտնուող Մշոյ Սուրբ Առաքելոց վանքը ներկայում գտնւում է կիսաւեր վիճակում: Ճարտարապետն անդրադարձաւ նաեւ Մուշում գտնուող Թաթեր մատուռին, որի շուրջն արօտավայր են դարձրել:

Վանի հայկական հետքերին անցնելով, բանախօսը կատակեց` ասելով, թէ Վանը ոչ թէ լիճ է, այլ` ծով: Ինչպէս նշեց Միլտանօղլուն, Վանայ ամրոցի շուրջ եղել են 3-4 հայկական եկեղեցիներ, որոնցից, սակայն, այսօր հետք անգամ չի մնացել:

«Անշուշտ, երբ Վան ենք ասում, անմիջապէս Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ենք յիշում», շեշտեց Սուրբ Խաչը վերանորոգած հայազգի ճարտարապետը եւ յաւելեց. «Թէեւ Աղթամար կղզին մեծ չէ, սակայն այն շատ նշանաւոր է եղել: Արտակարգ կառոյց է. արժէքաւոր է ոչ միայն հայերիս, այլեւ համայն մարդկութեան համար: Այստեղ եկած բոլոր արտասահմանցի ճանապարհորդները յիշատակել են նրա մասին»:

Զաքարիա Միլտանօղլուն ամառային դպրոցի մասնակիցներին պատմեց, թէ ինչպէս է քիւրտ նշանաւոր գրող Եաշար Քեմալը 1950-ական թուականներին Սուրբ Խաչը փրկել աւերումից, ապա ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց հայկական միջնադարեան ձեռագրերի վրայ, որոնք սուրբ են համարուել հայերի կողմից:

Բանախօսն անդրադարձաւ նաեւ Արեւմտեան Հայաստանում հեթանոսական շրջանում հայերի ստեղծած մշակոյթին եւ նշեց, որ հայ հեթանոսական տաճարներ են եղել յատկապէս Երզնկայում, որտեղից գողացուած Անահիտ դիցուհու արձանը ներկայում ցուցադրւում է Բրիտանական թանգարանում:

Ճարտարապետը յայտնեց, որ երկրաշարժերի  պատճառով հին Երզնկայի հայկական թաղամասերից որեւէ հետք չի մնացել, սակայն Ակն (Էղին) շրջանում մինչ օրս կանգուն են որոշ հայկական կառոյցներ, օրինակ` Ակնի Սուրբ Գէորգ եկեղեցին:

Նա անդրադարձաւ նաեւ ամբողջովին հայկական բնակավայր եղած Դերջան գիւղին, որն ամայացել է 1915-ին: Երզնկայի Աբրանք գիւղում եղել է մի շատ նշանաւոր վանք: Բանախօսը ներկաներին ցոյց տուեց նաեւ Երզնկայում գտնուող հինգուկէս մեթրանոց 2 հայկական խաչքարերը:

Սեբաստիան ներկայացնելիս Զաքարիա Միլտանօղլուն շեշտեց, որ Հայոց ցեղասպանութիւնից առաջ այստեղ են գտնուել 204 դպրոց` 20.599 աշակերտներով, ինչպէս նաեւ` 120 եկեղեցիներ ու 14 վանքեր: Որպէս օրինակ` յիշատակուեց Սուրբ Նշան վանքը, որտեղ եղել է նաեւ ձեռագրատուն:

Ճարտարապետը շեշտեց, թէ որպէս կանոն` Արեւմտահայաստանի այն հայկական եկեղեցիները, որոնք չեն վերածուել մզկիթի, դարձել են պետական կառոյցներ: Նա նաեւ անդրադարձաւ Դիւրիղիի նշանաւոր մզկիթին, որը նախկինում եղել է հայ հեթանոսական տաճար, ինչպէս նաեւ` նոյն վայրում գտնուող Թաշհորոն եկեղեցուն:

Այնթապ քաղաքում հայ նշանաւոր ճարտարապետներ եղած Պալեանների կառուցած Սուրբ Աստուածածին եկեղեցին, որը մի ժամանակ օգտագործուել է որպէս կալանատուն եւ զօրանոց, ներկայում մզկիթի է վերածուած:

Բանախօսը նաեւ ընդգծեց, որ այսօր ոչ մի հայկական վանքի եւ եկեղեցու սեփականութեան վկայական հայերին չի պատկանում: Բացառութիւն է կազմում միայն Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին:

Կուտինայի կամ Քիւթահիայի հայկական թաղամասերը դեռ կանգուն են, իսկ 3 հայկական եկեղեցիներից պահպանուել է միայն մէկը, որը ներկայում, սակայն, որպէս հարսանքատուն է ծառայում: Հէնց այդ վանքում է ժամանակին ուսանել Կոմիտաս վարդապետը, որի ապրած տան լուսանկարը եւս ցուցադրուեց ներկաներին:

Մարտինում դեռեւս կանգուն մի շարք հայկական կառոյցներ կան, թէեւ մեր օրերում այնտեղ ընդամէնը 1-2 հայկական ընտանիք է ապրում:

Տրապիզոնից պահպանուել է միայն Քայմաքլըի եկեղեցին, իսկ Մալաթիայի հայկական թաղամասից գրեթէ ոչինչ չի հասել մեզ: Բանախօսը Մալաթիային անդրադառնալիս ցոյց տուեց նաեւ այն տունը, որտեղ ծնուել է Հրանդ Տինքը:

Ըստ Միլտանօղլուի, պահպանուել են Մալաթիայի հայկական գերեզմանոցները, իսկ Արաբկիր գաւառի հայկական եկեղեցին աւերուել է յատուկ հրահանգով:

Ճարտարապետը նաեւ հաղորդեց, որ հազար ու մի եկեղեցիների քաղաք համարուող Անիի մայր տաճարն սկսել է վերանորոգուել: Որոշուել է վերականգնել այստեղի եւս 2 եկեղեցիներ, այդ թւում` կիսաւեր Սուրբ Ամենափրկիչը:

Բանախօսը յայտնելով, թէ Արտուինի հայկական եկեղեցիներն ու վանքերը վէճի առարկայ են դարձել հայերի եւ վրացիների միջեւ, ընդգծեց, որ, օրինակ, Իշխան եկեղեցին խիստ տիպական հայկական եկեղեցի է: Պիթլիսի Քըզըլ վանքը ներկայում մզկիթի է վերածուած` միւս հարիւրաւոր հայկական եկեղեցիների նման:

Վերջին քաղաքը, որում մնացած հայկական հետքերին անդրադարձաւ Զաքարիա Միլտանօղլուն, Անգարան էր: Այստեղ հիմնականում բնակուել են հայ կաթոլիկներ, որոնց աքսորել էին Պոլսից: Ճարտարապետն անդրադարձաւ նաեւ Անգարայի հայկական թաղամասին ու եկեղեցուն, որից ընդամէնը մէկ նկար էր պահպանուել:

Զաքարիա Միլտանօղլուն ելոյթն աւարտեց Ցեղասպանութեան ժամանակ որբացած հայ մանուկների լուսանկարների ցուցադրմամբ, որոնք ներկայացուած էին «Որոնւում են…»  խորագրի ներքոյ:

Հարց ու պատասխանի ժամանակ մի թուրք մասնակից հարցրեց, թէ արդեօք հայկական եկեղեցիներն ու վանքերը պետութեան կողմից մզկիթի են վերածուել` պահպանուելո՞ւ նկատառմամբ: Հարցին ի պատասխան բանախօսը շեշտեց.

«Թէեւ մզկիթի վերածուած եկեղեցիներն այդ կերպ փրկուել են գանձ որոնողների աւերումներից, բայց եւ այնպէս` դա վանտալիզմ է…»:

 

Դերբենթ
«Ակունք»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )