Գտնուած-Կորսուած

Արտիւշա Շահբազեանին մի առիթով հարցրեցի` «Արտո՛ւշ (մենք հասակակից ենք), բա այսպէս ո՞նց կը լինի. վէպ ունես հրատարակած, հրաշալի պատմուածքներ, փիես, բայց քեզ մարդիկ աւելի շատ որպէս կուսակցական եւ քաղաքական գործիչ գիտեն»:

– Երկրի քանդուելը շատերի կեանքում սրբագրումներ կատարեց,- պատասխանեց,- թատրոնի եւ բեմադրութեան բաժինն աւարտած մարդը խորհրդային տարիներին իսկի կը մտածէ՞ր քաղաքականութեան մասին: Ճակատագիրս էր, երեւի, որ Հայաստանը հէնց այդ ժամանակ անկախացաւ:

Բայց ի՛նչ դեր էլ խաղացած լինի քաղաքականութիւնը Արտուշի կեանքում, նրա գրական գործերից զգացւում է, որ առնուազն իր հոգեհարազատ թեմայից մարդուց եւ մարդու հոգեկան աշխարհի վայրիվերումներին հետեւելու մղումներից ինքը չի հեռացրել: Նա, ինչպէս կաւից, հունցում է անընդհատ շարժման մէջ գտնուող մարդու կերպարներ, որոնք անընդհատ մի իրավիճակից յայտնւում են մէկ այլ իրավիճակում: Տինամիքա` առաջին հերթին. սա Արտուշի գրական ոճն է: Միապաղաղ կեանքով ապրող մարդը, եթէ չասենք հետաքրքիր չէ, ապա, առնուազն,  նոր գոյն չի բերում իր հետ: Արտաշէսի հերոսը անհանգիստ, ինքն իր «ես»-ին անդաւաճան, բայց միեւնոյն ժամանակ ներքին ապրումներով, ներքին տրամայով առլեցուն մարդն է, հայ մարդը, հայ իրականութեան ծնունդ մարդը:

Վէպը` «Դուք գնացէք, ես մնում եմ», հրատարակուել է 2008-ին, տարբեր տարիների, հիմնականում «Նորք» հանդէսում, հրապարակուել են նրա պատմուածքները` «Քարը», «Եղբօրս տան ճամբին», «Ինչպէս յոյսի բարակ շող», «Հայկարամի ցերեկներն ու Ասպրամի գիշերները» եւ այլն: Մեր «Գրական պատուալում» առաջին անգամ ընթերցողի դատին է ներկայացւում «Գտնուած, կորսուած» պատմուածքը, որի հերոսը դարձեալ կեանքի թոհուբոհին խառնուած հայ մարդն է` Խաչիկը: Խաչիկը Ռուսաստանում դարձել է Արթուր Նիկոլայիչ: Խաչիկ անունով Ռուսաստանում շատ առաջ չես գնա… մտածել է տալիս Շահբազեանը: Նա Ռուսաստանը լայնքով ու երկայնքով ոտքի տակ տուած Խաչիկին երկար ընդմիջումից յետոյ բերել է Հայաստան, ներկայացրել դասընկերների միջավայրում: Այդ միջավայրը, որքան էլ հարազատ, օտարոտի է թւում Խաչիկին: Ի՜նչ խաղաղ է այստեղ, ի՜նչ ազատ էք դուք` նկատում է հերոսը: Այն աշխարհը, որտեղ ինքն է յայտնուել, Հայաստան չէ: Խաչիկը նոյնիսկ շատ արագ է վարում մեքենան: Սովորութիւն է, ասում է, դանդաղես` վրայովդ կ՛անցնեն: Կեանքը ռինկ է Խաչիկի համար, չյարձակուես` քեզ կը տապալեն: Հայ մարդը դարձել է մեծ աշխարհի նոր իրողութիւնների գերին:

Պատմուածքի մուտքն ու աւարտը խորհրդանշական են` համադասարանցիները Խաչիկի հետ հանդիպում են թաղման տեղում, նրանից բաժանւում մահուան, Խաչիկի մահուան պատճառով: Երկար բաժանումից Խաչիկին համարեա մոռացել էին արդէն, բայց եկաւ, թարմացաւ յիշողութիւնը, ու նորից գնաց… այս անգամ` անվերադարձ: Գտան ու կորցրին մարդուն: Այս հակասութիւնն էլ աւելի է ընդգծում մարդկային կորստի ցաւը:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

Գտնուած-կորսուած

– Եղբա՛յր, արի ծանօթացիր Արթուր Նիկոլայիչի հետ:

Ես մօտեցայ մեր թաղի Յակոբին եւ նրա հետ ամառային տապից պատի ստուերում պատսպարուած անծանօթին:

– Արտուշ,- ասացի ես` մեկնելով ձեռքս:

– Արթուր Նիկոլայիչ,- արձագանգեց անծանօթը եւ  քթի ծայրին դրուած, ակնոցի տակ, ժպտաց:

– Եղաւ,- հաստատեցի ես, քանի-որ  դուր չէր եկել  կարգավիճակ ընդգծող «Արթուր Նիկոլայիչը»: Ի վերջոյ թաղման էինք եկել, եւ ոչ թէ իշխող կուսակցութեան  համագումարի: Ի դէպ, հաւանաբար կարգավիճակը ընդգծելու նոյն նպատակով էր նա այստեղ յայտնուել սեւ կոստիւմով ու փողկապով: Իսկ որ դիմացինս ինչ-որ մարդկանց համար Արթուր Նիկոլայիչ էր, դրանից ինձ համար ո՛չ տաք էր, ո՛չ պաղ:

Անծանօթն ակնյայտօրէն զգաց իմ վերաբերմունքը, բայց դրանից արեց իրեն յարմար հետեւութիւն:

– Լա՞ւ են գործերը, Արտո՛ւշ,-  հարցրեց նա եւ շրթերի անկիւններում  ծիծաղ գծագրուեց:

– Չեմ  դժգոհում,- քթիս տակ քրթմնջացի ես ու շուռ եկայ, որ հեռանամ:

– Սպասի՛ր,- ասաց անծանօթը  ու մի քայլ անելով` բռնեց թեւիցս,- չճանաչեցիր` Խաչիկն եմ, Գրիգորեան  Խաչատուրը, մեր դասարանի Խչոն,- ասաց նա արդէն լուրջ տոնով:

Գրկախառնուեցինք, յետոյ ես մէկ քայլ յետ գնացի ու սկսեցի զննել առջեւս կանգնած, արծաթի պէս սպիտակ մազերով, թուխ  մաշկով, կոկիկ տղամարդուն: Մուգ ակնախոռոչների մէջ  փայլող մեծ ու սեւ աչքերն էին միայն յուշում, որ դիմացինս Խաչիկ Գրիգորեանն է` մեր Խչոն:

– Խաչի՛կ,  մենք բոլորս էլ փոխուել ենք, բայց դու  բոլորովին անճանաչելի ես դարձել:

– Հայերէն ասած` կեանքը վրայովս անցել է, ինչպէս ասֆալտ տափանող մեքենայ` անյարմար չէ՞ր,  որ չփոխուէի,- լուսաբանեց Խաչիկը: Իմ զարմանքը սակայն չէր մարում:

– Բա՞ Արթուր Նիկոլայիչն ինչ է նշանակում:

– Ռուսաստանում «Խաչիկ» բրենդով շատ առաջ չես գնայ, ոչ էլ չորս հազար երկու հարիւր  քառասունմէկ մարդ մատիդ շարժումով կը պտտուեն` ժամացոյցի պտուտակների պէս:

Մինչ այս կցկտուր տեղեկութիւններ ունէինք,  որ Խաչիկը Ռուսաստանում ինչ-որ բիզնեսով է զբաղւում: Նա Հայաստանից հեռացել էր դպրոցն աւարտելուց մէկ թէ երկու տարի անց եւ անցած երկար ու ձիգ ժամանակահատուածում ես,  ինչպէս եւ մեր միւս ընկերները, գրեթէ ոչինչ  չէինք  լսել նրա  մասին:

Այդ պահին  յիշեցի նաեւ, որ Յունանը, ում յուղարկաւորութեանը մասնակցելու էի եկել, կողքի թաղեցի լինելով` նաեւ Խաչիկի մեծ քրոջ ամուսինն էր: Ակնյայտ էր, որ հէնց Յունանի մահն էլ առիթ էր դարձել, որ այսքան տարիների բացակայութիւնից  յետոյ Խաչիկը հայրենիք վերադառնար:

Ինձանից ոչ պակաս հետաքրքրութեամբ էր լցուած եւ դասընկերս, ու մինչ ես կը պատասխանէի նրա  հարցերին, յայտնուեցին Վանիկն ու Սասունը: Մենք միասին մասնակցեցինք յուղարկաւորութեանը, իսկ արդէն երեկոյեան` Յունանենց տանը դրկից Սասունենց տան պատշգամբում, չորս դասընկերներով, երկար զրուցեցինք` համտեսելով սուրճ, գարեջուր եւ աշնանային մրգեր: Խաչիկը միրգը փորձում էր  առաջին անգամ տեսնողի հետաքրքրասիրութեամբ  եւ միաժամանակ պատմում էր իր կեանքի` մեզ անյայտ պատմութիւնը:

– Հօրեղբօրս տղաների մօտ մի քանի տարի աշխատելուց յետոյ հասկացայ, որ եթէ կտրուկ փոփոխութիւնների չձգտեմ, իսկական կեանքն անցնելու է կողքովս,  փշրանքներ  բաժին հանելով  աղքատ ազգականիս: Սովորեցի տնտեսագիտութեան ինստիտուտում ու  փոքր-մոքր գործեր ձեռնարկեցի, որ աւելի շուտ չարչիութիւն կարելի էր անուանել,  քան գործարարութիւն: Շատ չանցած` հասկացայ, որ խաբել-խաբուելու փոխյարաբերութիւնների մէջ պարտուողի դերում չլինելու համար պիտի օրէնքներից  գլուխ հանես: Աւարտեցի նաեւ իրաւաբանականը:

– Խաչի՛կ,  կը ներես, բայց երկու բարձրագոյն աւարտելը, այն էլ` միանգամայն տարբեր թեքումով, քեզ համար դժուա՞ր չէր,- զարմանքը չկարողացաւ թաքցնել Սասունը: Սասունի անկեղծութեանը նոյնքան անկեղծ  պատասխան հետեւեց.

– Ինչին  խելքս հասնում էր` չարչարուելով իւրացնում էի, ինչն էլ  բարդ էր` կաշառքով էի յաղթահարում:

Խաչիկը պատմեց, որ Տիւմենում ամուսնացել եւ երկու  դուստր է ունեցել: Յետոյ, սակայն, ընտանիքից հեռացել է,  քանի որ կինը չի ցանկացել Մոսկուա տեղափոխուել: Մոսկուայում  երկրորդ անգամ ամուսնացել է պաշտօնաթող գեներալի աղջկայ հետ, որն իրեն մէկական  աղջիկ ու տղայ  է պարգեւել: Այս ընթացքում, յարաբերական յաջողութիւններով, հազար ու մի գործի էր ձեռք զարկել, մինչեւ որ մուտք էր գործել դեղագործական բիզնեսի ասպարէզ: Ներկայումս  ունէր դեղերի արտադրութիւն, շինարարական բիզնես եւ մի փոքր «խրուած էր» սպասարկման ոլորտի մէջ: Հիմնական եկամուտը, սակայն, ստանում էր դեղերի ու կոսմետիկայի գերմանական ֆիրմայի ռուսաստանեան ներկայացուցիչը լինելու շնորհիւ: Այս գործի բերումով տասնեակ հիմնարկներ, խանութներ ու բազաներ ունէր  տարբեր մարզերում ու քաղաքներում: Խաչիկը չթաքցրեց նաեւ, որ առաջ գնալու հարցում բաւական օգնել է պաշտօնաթող գեներալ աները:

Պատմութիւնն աւարտելով` Խաչիկը խոր շունչ քաշեց ու շարունակեց կարծես ինքն իր հետ.

– Ի՜նչ հանգիստ է Հայաստանում, կարծես մոլորակից դուրս ապրէք:

Յետոյ նա երկար նայում էր աչքերի առջեւ տարածուած այգուն.

– Տղե՛րք, ծիրան հիմա այլեւս չի ճարուի, չէ՞:

– Խաչի՛կ,- բացատրեց Վանիկը,- Հայաստանում միայն մի բան է դժուար ճարւում, դրա լինելու դէպքում մնացած ամէն ինչ կարելի է  գտնել:

– Հասկացայ, փողը,- ոգեւորութեամբ արձագանգեց Խաչիկը.- ուրեմն ծիրան կերանք: Ի դէպ, կարելի է նաեւ  ուրիշ բաներ ուտել: Չէ՞ք  մերժի, եթէ հրաւիրեմ  հիւրասիրութեան:

Խաչիկի` Հայաստանում գտնուելու գրեթէ բոլոր յաջորդող օրերը, մեծ մասամբ,  միասին անցկացրեցինք: Անթաքոյց զարմանք ապրեց` լսելով, որ ցայսօր պահպանել ենք ընկերութեան կորիզը եւ երեխայի պէս ուրախացաւ իմանալով, որ կարելի է դասընկերների հանդիպում կազմակերպել: Այդ հանդիպմանը նա ներկայացաւ սպիտակ կոստիւմով ու կարմիր փողկապով, իր մեծ «Ճիփը» լցրած դասընկերուհիների համար նախատեսուած ծաղկեփնջերով:

Խաչիկը Հայաստանում մնաց հինգ օր եւ այդ օրերի ընթացքում, հիմնականում մեր ընկերակցութեամբ, եղաւ դպրոցում, բուսաբանական այգում, որը մեր խաղերի վայրն էր դասերից փախչելու ժամերին: Եղաւ յիշողութեան մէջ մնացած Երեւանի հին, ինչպէս եւ անծանօթ նոր  անկիւններում, այցելեց հօր շիրիմին, ինչպէս եւ` բարեկամների ու հարեւանների  ընտանիքների: Ըստ էութեան, վաղ առաւօտից շարժման մէջ էր եւ հասցնում էր ամէն տեղ` մեծ արագութեամբ վարելով աւտոմեքենան, որով եւ եկել էր Ռուսաստանից:

– Շատ արագ ես քշում,- մի օր ասաց Սասունը:

– Արագութիւնը իմ կենսակերպի մէջ է մտնում, այլապէս չեմ հասցնի:

– Ի՞նչը չես հասցնի, – զարմացաւ Սասունը:

– Կեանքի ետեւից չեմ հասցնի: Ժամանակ կար, որ ուզում էի քայլ պահել Ռուսաստանի վազքի հետ, հիմա Ռուսաստանն է ընկած իմ նմանների ետեւից: Դանդաղեցիր` վրայովդ կ՛անցնի: Իմ ընտրած կեանքը նման է ռինկի, եթէ դու անընդհատ չյարձակուես, քեզ կը տապալեն:

Խաչիկը թերեւս երկարաձգէր հայաստանեան  այցելութիւնը, եթէ ծրագրած չլինէր տունդարձի ճանապարհին ինչ-որ գործընկերոջ տղայի պսակադրութեանը մասնակցել:

Ոգեւորուեց  դպրոցն աւարտելու երեսունհինգամեակը նշելու գաղափարից եւ պայմանաւորուեցինք այդ առիթով միջոցառում կազմակերպել, երբ մի քանի շաբաթից կը վերադառնայ` մասնակցելու հանգուցեալ փեսայի քառասունքին: Իսկ մինչ այդ, երկու շաբաթով, ընտանիքին Սպանիա հանգստի պէտք է  տանէր,  հեռաւոր մի մարզում  իր ղեկավարած ցանցի նոր խանութի բացմանը ներկայ լինէր, ինչ-որ խորհրդի նիստ անցկացնէր եւ մի քանի «մանր գործեր կարգաւորէր»: Ի դէպ, ստանձնեց նաեւ մի կարեւոր պարտաւորութիւն. պէտք է լինէր Տամբովում, գտնէր նոյնպէս շատ վաղուց այնտեղ  տեղափոխուած մեր  դասընկեր Սայադին  եւ իր հետ Հայաստան բերէր: Ի տարբերութիւն Խաչիկի, Սայադի հետ մենք հեռակայ կապ պահպանում էինք: Թէեւ այս ընթացքում նա եւս երբեք չէր վերադարձել Հայաստան: Սայադը ազգութեամբ եզտի էր` մեր դասարանի ամէնից պարտաճանաչ աշակերտը: Նա ամէն օր դպրոց էր գալիս դասերը սերտած, միշտ մաքուր ու կոկիկ հագնուած: Ի հարկէ օրուայ աւարտին նոյնպիսի թափթփուած ու փնթի տեսք էր ունենում, ինչպէս բոլորս, սակայն յաջորդ առաւօտեան դարձեալ  ուսուցիչների օրինակն էր մնացածներիս համար: Սայադն աւարտեց Հայաստանի պետական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետը, բոլորիս պէս զինուորական ծառայութիւն անցաւ, իսկ  երկրի   փլուզուելու շրջանում ընտանիքով տեղափոխուեց Տամբով: Այստեղ  շինարարական բիզնեսով  զբաղուող հարազատները նրան ամբարձիչ էին նուիրել, ինչը վարձու աշխատանքների տրամադրելով` Սայադն ապահովում էր  ընտանիքի  հացը:

Խաչիկի գալն ու գնալը երազի տպաւորութիւն թողեցին: Մեր առջեւ կարծես բոլորովին ուրիշ մարդ էր: Հասունութեան ու գործնականութեան կողքին, ակնյայտ էր կազմակերպուածութիւնը: Արտայայտութիւնների մէջ զուսպ էր, յարաբերութիւններում` չափուած-ձեւուած: Կարելի էր համոզուել, որ ոչ միայն Խաչիկն էր կեանքից շատ բան խլել, այլեւ կեանքն էր նրան կարգին թափ տուել` զգալիօրէն փոխելով թէ՛ ձեւը եւ թէ՛ բովանդակութիւնը:

Խոստման համաձայն, սեպտեմբերի սկզբին Խաչիկը յայտնուեց, ընդ որում` իր հետ բերելով նաեւ Սայադին: Սայադը  լրացրեց Խաչիկի մասին մեր տեղեկութիւնները, որքան որ հասցրել

Էր իրազեկուել, Մոսկուայում, երկու օր, դասընկերոջ հիւրը լինելով:

Ակնյայտ էր դարձել, որ Խաչիկը տիրապետում էր անշարժ ու շարժական լուրջ միջոցների, ճանաչուած էր  ազդեցիկ շրջանակներում, համանախագահ էր Ռուսաստանի հայ գործարարների միութեան, որի նպատակն էր այդ երկրի սկսնակ հայ գործարարներին աջակցութիւնը:  Բացի նախկին եւ ներկայ ընտանիքների հոգսը հոգալը, մեր դասընկերը նաեւ օգնում էր մերձաւորներին, զբաղւում էր բարեգործութեամբ:

Ինչպէս եւ ենթադրւում էր, այս նոր հանդիպման ժամանակ մեր հիմնական  միջոցառումը դարձաւ դպրոցն աւարտելու 35-րդ տարեդարձի նշումը: Խաչիկը դարձեալ հանդիպմանը ներկայացաւ  ոտքից գլուխ սպիտակ հագած, ծաղիկների փնջերով, ինչպէս եւ վաղօրօք պատուիրուած «Նաիրի» կոնեակի տակառիկով: Նրա տրամադրութիւնը  փոխուեց, երբ պարզ դարձաւ, որ  հանդիպմանը ներկայացել են 12 մարդ: Վանիկը յիշեցրեց, որ աւարտական դասարանի 20 աշակերտներից  Բարսեղեան Ռուզանն ու Վաղոն մահացած են: Սիրանը ամուսնուց լքուելուց   եւ մի քանի այլ տղամարդկանց փոխելուց  յետոյ, վերջին սիրեկանի հետ մեկնել էր Ամերիկա, որտեղ նրանք ամուսնացել էին: Գոհարը նոյնպէս ամուսնալուծուել էր, որից յետոյ խուսափում էր թէ՛ բարեկամներից եւ թէ՛ ընկերներից: Անահիտը հանգստեան տանն էր, իսկ մնացած երեքը այդ օրը բացակայելու համար ունեցել էին  տարբեր պատճառներ: Խաչիկը կարծես թէ ընդունեց բացատրութիւնը, այնուամենայնիւ երկար ժամանակ դէմքից չէր անհետանում  տխրութեան ստուերը: Կոնեակն ու մանաւանդ բարձր երաժշտութիւնը, որից հայրենի ռեստորաններում ցանկութեան դէպքում անգամ փախչել հնարաւոր չէ, շուտով բարձրացրեց ընդհանուր տրամադրութիւնը եւ  կերուխումը նմանուեց այն քէֆերին, որ անում էինք երեսունհինգ տարի առաջ:

Մինչ այդ էլ նկատել  էինք,  որ երկար բացակայած մեր դասընկերը քիչ է ուտում, փոխարէնը ծխում է  շատ: Ինքնամփոփ մի պահի, երբ Աշխէնը ցանկացաւ նրան պարի հրապարակ բերել, Խաչիկը մեղմ  ժպտալով ասաց.

– Պարզւում է, ամէն ինչ չէ, որ կարելի է փողով գնել:

Յետոյ պարեց, յետոյ աւելացրեց.

– Երանի՛ ձեզ, ի՜նչ ազատ էք ապրում: Իսկ ինձ միշտ օդը չէր հերիքում, ես էլ  յիմարի պէս կարծում էի, թէ ինֆարկտահար սիրտս է համը հանում:

Խաչիկը պատմեց, որ երկու տարի առաջ, մի առաւօտեան, երբ սովորականի պէս աշխատանքի գնալիս է եղել, զանգահարել է փոքր դուստրը եւ յայտնել, թէ քոյրը մահանում է: Վարորդին տուն է ուղարկել ու ինքը մի շնչով կտրել է հարիւրաւոր քիլոմեթրեր: Տեղ հասնելով` պարզել է, որ տեղի է ունեցել անհեթեթ թիւրիմացութիւն: Հիւանդասենեակից դուրս գալով` բժիշկը գործընկերներին յայտնել է, թէ հիւանդը մահամերձ է, նկատի ունենալով ծեր կնոջ, իսկ Խաչիկի դուստրը կարծել է, թէ խօսքը նոյն պալատում պառկած  քրոջ մասին է:

– Պրկուած նեարդերս թուլացան այդ պահին ու ինչ-որ բան  կտրուեց ներսումս: Չգիտեմ` ինչո՛ւ է այդ Տիւմենը այդքան դառը կատակներ անում հետս,- ասաց  Խաչիկը եւ ժպտաց կրկին:

Յետոյ նա խնդրեց,  որ կոնեակի տակառիկի վրայ բոլորս գրենք անուն-ազգանուններս ու ստորագրենք:  Ինքը տարայի կողին աւելացրեց. «104 դպր. 1968-1978 ուս. տարի, 2013թ. 10-ի Գ-ի 35-ամեակ»: Խնդրեց, որ այդ տակառիկը մնայ իրեն եւ խոստացաւ, որ այդուհետ իւրաքանչիւր  տարի մի այդպիսի տակառիկ է լինելու:

Մենք ռեստորանից հեռացանք, երբ այդ մասին  խնդրեցին փակուող զուարճավայրի աշխատակիցները: Բաժանուելու ցանկութիւն չկար, եւ գրեթէ մինչ առաւօտ, Սասունենց տանը Վանիկն ու Արթուրը կիթառով նուագում էին մեր դպրոցական տարիների սիրուած երգերը, բոլորով խմում ու ձայնակցում էինք նուագողներին:

Խաչիկը մեկնեց նոյնքան անսպասելի, որքան` նախորդ անգամ: Այս դէպքում խոստացաւ վերադառնալ հոկտեմբերի սկզբներին եւ ինչ-որ սիւրպրիզներ մատուցել:

Այս հանդիպումից յետոյ, երբեմն-երբեմն հեռախօսային կապ էինք ունենում Խաչիկի հետ: Աւելի շատ, սակայն, նրա մասին մեզ ինչ-որ բաներ էր փոխանցում Սայադը: Պարզուեց նաեւ, որ Սայադի` Մոսկուայում գտնուող բարեկամները գործընկերային կապերի մէջ են Խաչիկի հետ եւ սա նոյնպէս մի կամուրջ էր, որ օգնում էր Սայադին շատ բաներ իմանալ մոսկուաբնակ ընկերոջ գործերից: Որպէս գաղտնիք` Սայադը փոխանցեց, որ Խաչիկը հոկտեմբերի սկզբներին ցանկանում է Հայաստան գալ եւ այստեղ նշել իր տարեդարձը: Ցանկանում է նաեւ Հայաստան բերել ընտանիքին եւ ծանօթացնել ընկերների հետ:

Դարձեալ որպէս ժամանակից շուտ չբացայայտելիք գաղտնիք` Սայադն իմացել էր, որ դասընկերներին եկամտաբեր գործով ապահովելու համար Խաչիկը ցանկանում է Կրասնոդարում կահոյքի ֆաբրիկա գնել:

– Ազդուել է  մի քանի ընկերների վիճակից եւ  ցանկանում է այդպիսի գործ ձեռնարկել: Կրասնոդարում ինչ-որ մարդիկ նրան գումարներ են պարտք, որի դիմաց առաջարկել են կահոյքի ֆաբրիկան: Խաչիկը մինչ վերջերս փողն է պահանջել, բայց հիմա որոշել է տէր կանգնել արտադրութեանը: Ի հարկէ ֆաբրիկան իր պարզունակ ու անորակ արտադրանքով ներկայումս «սկած» վիճակում է: Խաչիկը որոշել է 800.000 տոլարի չափով ներդրում կատարել, արտասահմանից նորագոյն հաստոցներ ու տեխնոլոգիաներ բերել եւ  բարձրորակ կահոյքի արտադրութիւն սկսել: Այս ամէնի սկիզբը  դրուած պէտք է լինի մինչ Հայաստան գալը, որպէսզի ձեզ որոշակի բան ունենայ ներկայացնելու: Արդէն մարդկանց յանձնարարել է հումքի ու սպառման շուկաներն  ուսումնասիրել: Իտալիայից մասնագէտներ է կանչել խորհրդատուութեան համար: Մտածում է, որ գործը արագ սկսելը նաեւ  յաւելեալ ծախսերն է կրճատելու, ինչպէս եւ ներդրուած գումարների ետ  պտոյտն է արագացնելու:

Այս ամէնը համակարգչային տեսակապով բացատրեց Սայադը` արդարացնելով նաեւ Խաչիկի ժամանակաւոր լռութիւնը: Ինչպէս  տեղեկացանք, այս ընթացքում նա մի  քանի կարեւոր գործեր  պէտք է հասցնէր: Նաեւ մեկնելու էր Տիւմեն, սեպտեմբերի վերջին, մեծ  դստեր պսակադրութիւնն անցկացնելու համար: Ըստ Սայադի, այդ նպատակով նա նոյնիսկ Երեւանից իր հետ խմիչքներ, զարդեղէն ու այլ նուէրներ էր գնել: Ի դէպ, իր ողջ տեղաշարժը նա նախընտրում  էր կատարել սեփական  մեքենայով, որովհետեւ մեքենայի մէջ ոչ միայն համակարգիչ ու հեռուստացոյց կար, այլեւ` հագուստ, հիգիենայի պարագաներ եւ անհրաժեշտ այլ  իրեր:

Խաչիկի ծննդեան օրը հոկտեմբերի  4-ն էր, հետեւաբար նա առնուազն մէկ-երկու օր առաջ պէտք է լինէր Երեւանում:

Սեպտեմբերի 28-ին, գիշերուայ 12:30-ին զրնգաց ձեռքիս հեռախօսը: Լսափողի այն կողմից սառը ձայնով Վանիկը հարցրեց.

– Քնա՞ծ էիր,- ու պատասխանի չսպասելով` աւելացրեց.- հէնց նոր Սայադը զանգեց, Խաչիկը վթարի է ենթարկուել: Տիւմեն չհասած շատ բարձր արագութեան պայմաններում մեքենայի մէջ ինչ-որ բան է կոտրուել ու մեքենան շուռ է եկել: Գլորուող մեքենայի միջից Խաչիկը դուրս է շպրտուել  ճանապարհից հեռու: Արդէն չորս օր անգիտակից  պառկած է հիւանդանոցում:

Յաջորդ առաւօտեան Խաչիկի հօրաքրոջ տղան յայտնեց մեզ, թէ փառք Աստծոյ, գլուխը լրջօրէն վնասուած չէ, ճգնաժամն անցնում է` կողոսկրեր են հեռացրել: Առայժմ բժիշկները անընդհատ քնեցնում են:

Նոյն օրուայ երեկոյեան զանգահարեց Սայադը եւ ասաց, որ արեան զեղում է սկսուել գլխում` հիմա մեր ընկերոջը միայն ինքը կարող է օգնել եւ Աստուած: Յաջորդ առաւօտուայ ժամը 7-ին Սայադը զանգեց եւ ասաց, որ կէս ժամ առաջ Խաչիկը մահացաւ:

Նոյն օրը, երբ Տիւմեն քաղաքից ոչ հեռու, ինչ-որ գիւղում տեղի էր ունենում Խաչիկի  յուղարկաւորութիւնը, նոյն պահին,  Երեւանի մի փոքրիկ եկեղեցում   քահանան կատարում էր հանգուցեալի հոգեհանգստի արարողութիւնը:

Քահանան ցանկանում էր  համոզել, որ այդ պահին Խաչիկը մեզանից երջանիկ է, որովհետեւ ազատուեց երկրային ցաւերից ու սաւառնեց այնտեղ ուր  չկայ հոգս, մեղք եւ տառապանք: Մոմերի լոյսի անհանգիստ ստուերներից  փայլփլող մեր պաղ դէմքերից  քահանան հասկանում էր, որ  չի  համոզում, եւ կարծես իր հաւատն էլ էր սասանւում ու շարունակում էր նորանոր հիմնաւորումներ բերել: Հոգեւոր պաշտօն կատարողի մտքերը շեղում էր Խաչիկից մեծ` նրա փոքր քրոջ չդադարող ողբը:

Լքելով  եկեղեցին, մենք աւտոմեքենաների շարասիւն կազմելով` շարժուեցինք դէպի քաղաքի  միւս ծայրը, ուր գտնւում էր Խաչիկի հօր եւ նրա մանուկ հասակում մահացած եղբօր գերեզմանը: Վանիկի մեքենայի մէջ, նրա կողքին նստած էի ես, իսկ ետեւի նստարանին Աշխէնն էր, Կարապետեան Ռուզանը եւ Վարդուհին: Աշխէնը անընդհատ ներողութիւն էր խնդրում եւ պատասխանում էր հերթական հեռախօսազանգերին: Աշխէնն աշխատում էր սոցիալական ծառայութիւնում եւ այնպիսի տպաւորութիւն էր, թէ օրուայ այդ ժամին նրա գործից դուրս գալը մեծ խառնաշփոթ էր ստեղծել հիմնարկում:

Վանիկը քարացած լռութիւնը կոտրելու համար մեխանիկօրէն միացրեց ռատիոն  եւ երգի հնչելու հետ էլ անմիջապէս անջատեց այն: Երգեց հերթական հեռախօսազանգը, եւ Աշխէնը անօգուտ փորձեց որքան կարելի է կարճ կապել խօսակցութիւնը.

– Հա՛, Մարինէ՛, հա՛ ջան, Մարինէ՛, անհանգստանալու կարիք չկայ: Այո՛, թուղթը պատրաստ, սեղանիս դրուած է: Երէկուանից է սեղանից դրուած: Դու հիմա մտիր իմ սենեակ, թուղթը վերցրու, տար թող  Յուսիկեանը ստորագրի, տար, տուր շէֆին: Շէֆը գիտի, ասա Աշխէնը ետ է գալու: Հա՛, Մարինէ՛: Հա՛ ջան, Մարինէ՛: Կը գտնես, Մարինէ, սեղանիս կենտրոնում դրուած է, ուրիշ թուղթ շուրջը չկայ, կը գտնես, Մարինէ՛: Տա՛ր, տո՛ւր շեֆին, բայց առանց ստորագրելու չտաս, նախ մտի՛ր Յուսիկեանի մօտ, որ ստորագրի: Եղաւ, Մարինէ՛:

Աշխէնը անջատեց հեռախօսը ու կրկին իշխեց սպաննիչ լռութիւնը: Ես հազացի, ու այդ պահին նորից  հնչեց Մոցարթի «Թուրքական քայլերգը»: Աշխէնը դարձեալ փորձեց խօսել` որքան կարելի  է  ցածր եւ անկիրք.

– Ուրախ եմ, որ բոլոր թղթերը բերել էք, տիկին Լորետա, բայց ես թաղման մէջ եմ: Կա՛մ թողէք թղթերը` գնացէք, կա՛մ գնացէք` յետոյ եկէք, կա՛մ, թէ չէ վաղը եկէք: Հասկանում եմ, տիկին Լորետա, ուրախ եմ, տիկին Լորետա, բայց ոչինչ անել չեմ կարող այս պահին:

Աշխէնը  չկարողացաւ այլեւս պահպանել զուսպ տոնը.

– Տիկի՛ն Լորետա, ես թաղման մէջ եմ` մարդ է մահացել, հասկանո՞ւմ էք, չպիտի մահանար, բայց մահացել է, հասկանո՞ւմ էք, տիկի՛ն Լորետա…

Գերեզմանատունը գտնւում էր քաղաքամերձ գիւղի վերջում: Անշարժացած օդի մէջ լսւում էին  իրար ձայնող թռչունների հատուկենտ կանչերը: Արեւը մեխուել էր զենիթում, իսկ աշնանային կարճացող օրը կարծես թէ դէպի վերջալոյս էր սահում: Ասես ինչ-որ բան անշշուկ հեռանում  էր, իսկ աշնան ուժահատ լոյսը թրթռում էր ինչպէս մարմրող կրակը: Մարդիկ փորձում էին ամփոփուել իրենք իրենց մէջ, բայց Խաչիկի քրոջ բարձրաձայն ճիչերը բոլորին վերադարձնում էր այն իրականութիւնը, որն  աչքերի առջեւ էր: Խաչիկի ժպտացող նկարը յիշեցնում էր մեր դպրոցական համադասարանցուն եւ միաժամանակ անցումային տարիքն էր այն  Խաչիկի, որին ճանաչեցինք վերջերս: Խնկի ծուխը ջղաձիգ գալարուեց անակնկալ յայտնուած քամուց,  ապա ազատուեց նրա ճիրաններից ու նետուեց դէպի երկինք…

Մեքենաների նոյն շարասիւնը այժմ վերադառնում էր Խաչիկի մեծ քրոջ տուն: Երանի ինչ-որ մէկը  զանգեր Աշխէնին, եւ հալուէր քարացած լռութեան այսբերգը:

– Ես իմ ախմախ երազների ձեռքը կրակն եմ ընկել,- ասաց Վանիկը.- Ռուզանին, մահուանից առաջ, քանի անգամ երազում տեսայ: Յետոյ Վաղոյին էի տեսնում, մինչեւ որ նրա մահուան լուրն  իմացանք: Էս օրերին էլ անընդհատ Խաչիկին էի տեսնում: Երեւի շատ էի մտածում վերադարձի մասին…

Սառը լռութիւնը կրկին սողոսկեց մեքենայի մէջ:

Վարդուհին պատուհանից  դուրս էր նայում, իսկ Կարապետեան Ռուզանը նստած էր կենտրոնում եւ չէր կարող ապակուց դուրս նայել:

– Մայրիկդ  ո՞նց է, Աշխէ՛ն,- հարցրեց  Ռուզանը:

– Վա՛տ,- պատասխանեց Աշխէնը:

– Աշխէ՛ն, յիշեցի մի երկու օր առաջ մամայիդ եմ տեսել երազում,- ասաց Վանիկը:

– Վանի՜կ,- ասաց Աշխէնը.- Այլեւս մամայիս երազումդ չտեսնես…

Մենք նստել էինք  Խաչիկի մեծ քրոջ տան բաց պատշգամբում, խաշլամայ էինք ծամում եւ  բաժակը սեղմած մատներս իրար քսելով խմում էինք: Խմեցինք Խաչիկի կենացը, յետոյ ներկաները խմեցին Խաչիկի ընկերների կենացը: Կարծես երէկ էր, որ իմ դիմաց  Վանիկի կողքին նստած էր Խաչիկը, եւ մենք առանց խօսքի նայում էինք իրար ու մտածում էինք նոյն բաների մասին:

Կարծես կապանքներից ազատուեցինք, երբ յայտնուեցինք փողոցում: Աշխէնը որքան կարելի է շուտ պէտք է հասնէր աշխատավայր: Վարդուհու աշխատավայրը քաղաքից դուրս էր եւ անիմաստ կը լինէր ետ վերադառնալը: Մինչ հիմնարկ հասնելը Ռուզանը ժամանակ ունէր, ու որոշել էր  ցրուելու համար պտտուել խանութներում: Վանիկն ասաց, թէ գնում է այգին ջրելու, յետոյ յիշեց, որ նախորդ օրն էր ջրել, բայց միեւնոյն է, որոշեց գնալ ու կրկին ջրել: Իմ մօտ երեխաներիս տեսնելու  ցանկութիւն էր ծնուել: Մինչ գործի իջնելը  ուզեցի տուն հանդիպել:

Վանիկի ձեռքի բանալին ոչ մի կերպ չէր մտնում մեքենայի դրան փականի մէջ, նա նեարդայնացած բացագանչեց.

– Գնացել – գնացել էիր,  մոռացել էինք, որ նոյնիսկ գոյութիւն ես ունեցել, ինչի՞ եկար: Վատ-լաւ ապրում էինք, ինչո՞ւ ամէն ինչ խառնեցիր իրար: Բա՛ հիմա մենք ի՞նչ անենք:

Իւրաքանչիւրս մի ուղղութեամբ  իրարից հեռացել էինք, Վանիկը յաւերժական աւագի իրաւունքով հրահանգեց.

– Ժողովո՛ւրդ, էս երկու ամիսը ջնջում ենք մեր կենսագրութիւնից: Չեն եղել  էս երկու ամիսները, ոչինչ չի եղել:

– Փորձենք, գուցէ ստացուի,- աշնանային հեռացող  օրուայ մարմրող լոյսի ալիքներին թեւածեց Վարդուհու պատասխանը, ապա լուծուեց,  անհետացաւ լռութեան մէջ:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Share this Article
CATEGORIES