«Թուրքիայում Հայկական Յուշարձանների Շատ Սեփականատէրեր Դրանց Պահպանման Հարցում Ակնկալում Են Հայաստանի Օժանդակութիւնը»

Սամուէլ Կարապետեան

Սամուէլ Կարապետեան

«Հիմնականում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբին կառուցուած եկեղեցիները դեռ պահպանուել են, իսկ աւելի շուտ կառուցուած եկեղեցիները` ոչնչացուել», «Թերթում»-ի հետ զրոյցում ասաց նա եւ նշեց, որ Մուշի հայկական եկեղեցին, ինչպէս նաեւ Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին ցանկութեան դէպքում կարող են վերականգնել, իսկ նուազագոյնը`գոնէ ամրակայել:

Յիշեցնենք, որ Մուշի հայկական թաղամասում շինարարական աշխատանքները շարունակուելու պատճառով քանդուելու վտանգի տակ է յայտնուել նաեւ Մուշի Ամրոց (Քալէ) թաղամասի հայկական եկեղեցին:

«Թուրքիայի տարածքում հայկական շատ եկեղեցիներ տարբեր բնակավայրերում սեփականաշնորհուած են, եւ ամէն մի սեփականատէր դրանց հետ իր քմահաճոյքով է վերաբերւում. ցանկանում է` յարդանոց է օգտագործում, ցանկանում է` գոմ, իսկ եթէ հարկաւոր չէ` ընդհանրապէս քանդում է: Այսինքն ինչպէս ցանկանում են, այնպէս էլ վարւում են, որովհետեւ պաշտամունքային կառոյցները միտումնաւոր սեփականաշնորհուած են», ասաց Սամուէլ Կարապետեանը եւ նշեց, որ եկեղեցիները պահպանելու հարցում, եթէ մենք իսկապէս պատկանելութիւն ենք զգում եւ անկեղծ մտահոգ ենք, պէտք է փորձել բոլոր ճանապարհները:

Չնայած դրան` Սամուէլ Կարապետեանը յայտնեց, որ ամենատարբեր տեղերում կան նաեւ սեփականատէրեր, որոնք ցանկանում են պահել եկեղեցիները, սակայն ժամանակի ընթացքում շէնքերը քայքայուել են, ծածկերը` վնասուել: «Շատերն ասել են, որ մենք մեր ուժերով այսքան տարի ծածկ ենք անում, արդեօք կարո՞ղ է Հայաստանն օժանդակել, որ աւելի հիմնաւոր աշխատանքներ արուեն, մեզ այդ հարցով շատ են դիմել: Ես կարող եմ ամբողջ ցանկ պատրաստել, թէ որ եկեղեցիների սեփականատէրերն իրենց ուժերի սահմաններում պահել են եւ այսօր էլ պատրաստակամ են պահել եկեղեցիները, եթէ օժանդակութիւն լինի ու յատկապէս ակնկալում են, որ այդ օժանդակութիւնը Հայաստանից լինի, քանի որ գիտեն, որ հայկական է», ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի օժանդակութեանը, ապա յուշարձանագէտն ասաց, որ Հայաստանի յուշարձանների պահպանութեան պիւտճէն, որը յատկացւում է մշակոյթի նախարարութեանը, այնքան քիչ է, որ նոյնիսկ Հայաստանի եկեղեցիների համար չի բաւարարում. այդ միջոցներով առաւել վտանգուած յուշարձանների հսկողութիւն է արուել, եւ հերթով ամրակայում են:

Հարցին, թէ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ հնարաւո՞ր է` Թուրքիան իրեն բնորոշ ձեւացնելու քաղաքականութիւն վարի եւ յուշարձանների վերականգնողական աշխատանքներ իրականացնի, Սամուէլ Կարապետեանը պատասխանեց. «Կարծում եմ, թէ տրամաբանական եւ հնարաւոր է, որ մինչեւ 1915 թուականը կառուցած եկեղեցիները ցանկանան ցուցադրաբար վերականգնել»:

Սամուէլ Կարապետեանը յայտնեց, որ միայն Տանձուտ գիւղում է նկատել, որ հայկական եկեղեցու վրայ ցուցանակ կայ, որտեղ երեք լեզուով` թուրքերէն, անգլերէն, վրացերէն, նշուած է` միակ հայկական եկեղեցին ողջ տարածաշրջանում, այսինքն մնացածը կամ վերացրել են, կամ բաժան-բաժան են արել:

«Նոյնիսկ տասնիններորդ դարի վերջին կառուցած մի եկեղեցի կայ` հայերէն որմնանկարներով, որտեղ նշուած է, որ դա բիւզանդական եկեղեցի է», ասաց նա:

Share this Article
CATEGORIES