Եկեղեցիներն Օգտագործում Են Որպէս Ախոռ

«Սասուն օրկ»

0912_akhorՍասունում բազմաթիւ եկեղեցիներ օգտագործւում են որպէս ախոռ: Առանց ուսումնասիրելու` բազմաթիւ պատմական աւերակներ թողել են բախտի քմահաճոյքին:

Որեւէ շրջանում գտնուող այնպիսի պաշտամունքի վայրեր եւ կրթական հաստատութիւններ, ինչպիսիք են` հին եկեղեցին, մզկիթը, «մետրեսէն» եւ սինակոկը, ինչպէս նաեւ` հոգեւոր կրթարանները, ոչ միայն կրօնական կարեւորութիւն ունեն, այլեւ պատմական կոթող են:

Սասունում բազմաթիւ պատմական կառոյցներ աւերուած վիճակում շարունակում են իրենց գոյութիւնը: Սասունում բազմաթիւ ամրոցներ, ջրաղացներ եւ եկեղեցիներ պայքարում են ժամանակի դէմ: Այլ երկրներում նմանատիպ կառոյցների մեծ նշանակութիւն են տալիս, մինչդեռ մեր շրջանում նման կառոյցները ոչ միայն բախտի քմահաճոյքին են թողնւում, այլեւ` աւերւում:

Թէեւ Սասունի գիւղական շրջաններում գտնուող բազմաթիւ եկեղեցիներ կարող են զբօսաշրջութեան համար բացել, սակայն մեծամասամբ դրանք կա՛մ ախոռ են օգտագործում, կա՛մ էլ թողել են բախտի քմահաճոյքին: Յատկապէս գանձագողերի պատճառած աւերածութիւնների պատճառով եկեղեցիների մեծ մասը զգալի վնասներ է կրել:

Վերջին տարիներին օրէցօր աճում է արտերկրից եկածների հետաքրքրութիւնը Սասունի նկատմամբ, սակայն Սասունի պատմական կոթողների վիճակը ողբալի է: Այցելութեան ընթացքում, երբ զբօսաշրջիկները տեսնում են, որ եկեղեցիները որպէս ախոռ են օգտագործւում, բաւականին վշտանում են եւ իրենց բողոքն արտայայտում դրա դէմ:

Հետեւաբար անհրաժեշտ է, որ իրաւասուները կարճ ժամանակահատուածում գիւղացիներին նոր ախոռներ յատկացնեն, իսկ որպէս ախոռ օգտագործուող եկեղեցիները մաքրեն եւ բացեն զբօսաշրջութեան համար:

Այս շրջանակում պէտք է մաքրելով հսկողութեան եւ պաշտպանութեան տակ վերցնել այնպիսի կիսականգուն եկեղեցիներ, ինչպիսիք են` Գոմք վանքը, Քառասուն Մանուկը, Միտինգը, Բեկսեն, Արծուիկը եւ Չիրթինիկը:

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ

«Ակունք»

 

Share this Article
CATEGORIES