Իրաւասուների Անտարբերութեան Պատճառով Պատմական Եկեղեցին Վերածուել Է Աւերակների
«ՄԱՐՏԻՆԱՐԵՆԱ»
Սուրբ Սարգիս եկեղեցին Հայոց ցեղասպանութեան ժամանակ աղաներն ու պէյերն օգտագործել են որպէս ախոռ եւ հացահատիկի ամբար, այդ պատճառով այն յայտնի է Չելթիկ (Հըզըր Իլիաս) անուամբ: Իրաւասուների անտարբերութեան պատճառով գանձագողերը եկեղեցին վերածել են աւերակների:
Սուրբ Սարգիս եկեղեցին, որը գտնւում է Տիգրանակերտի Սուր գաւառի Ալիփաշա թաղամասում, փլուզման վտանգի առաջ է կանգնած: Եկեղեցին, որը պատկանել է կաթողիկէ հայերին, յայտնի է նաեւ Հըզըր Իլիաս անուամբ: 1900-ական թթ. սկզբներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան ժամանակ հայերի տեղահանութիւնից յետոյ այդ ժամանակուայ աղաներն ու պէյերը եկեղեցին օգտագործել են որպէս ախոռ եւ հացահատիկի ամբար, անգամ որոշ ժամանակ եղել է անմշակ բրնձի գործարան, որի պատճառով եկեղեցին ստացել է Չելթիք (թուրքերէնից թարգմանաբար` անմշակ բրինձ, «Ակունք»-ի խմբ.) անունը: Չնայած այս բոլոր անհարկի եւ անարգալից օգտագործման` եկեղեցին դեռեւս կանգուն է, սակայն գրաւոր աղբիւրների կամ եկեղեցու արձանագրութեան բացակայութեան պատճառով յայտնի չէ, թէ յատկապէս ո՛ր թուականին է այն կառուցուել: Նախագծի եւ ճարտարապետական առանձնայատկութիւններից կարելի է ենթադրել, թէ եկեղեցին հաւանաբար կառուցուել է 16-րդ դարում:
Եկեղեցին Վերածուել Է Թմրամոլների
Եւ Անբարոյականների Որջի
Այսօր կիսախարխուլ վիճակում գտնուող Սուրբ Սարգիս եկեղեցու բակն անմիջապէս եկեղեցուն կից հիւղակ կառուցած բնակիչներն օգտագործում են տնային կարիքների համար: Բացի այդ, քանի որ եկեղեցին պաշտպանութեան տակ չէ, եւ շրջապարիսպները քանդուած են, իսկ որոշ տեղերում անցքեր են բացուել, որտեղով մարդիկ կարող են անցնել, այն որպէս որջ է ծառայում թմրամոլների ու անբարոյականների համար: Եկեղեցին նաեւ գանձագողերի թիրախում է: Կանգուն մնացած վերջին աւերակների հիմքում եւ թանկարժէք երեւացող պատերի վրայ փոսեր փորելով` փլուզման եզրին են հասցրել: Եկեղեցու պատերի երեսպատման ձեւաւոր քարերը, որոնք կարծել են, թէ արժէքաւոր են, ամբողջութեամբ տեղահանել են: Չնայած փլուզմանը` եկեղեցին իր վեհաշուք ճարտարապետութեամբ շարունակում է կանգուն մնալ:
Ճարտարապետութիւն, Որը Ոչ Միայն
Կանգուն Է Մնացել, Այլեւ Մատնանշում Է
Եկեղեցու Կառուցման Թիւը
Ցաւալի վիճակում յայտնուած եկեղեցին եռանաւ պազիլիք նախագիծ ունի: Եկեղեցին երկյարկանի կառոյց է, որի 4 կամարների շարքը միմեանցից բաժանող հինգ նաւ են կազմում: Որպէս եկեղեցու հիմնական շինանիւթ` օգտագործուել է Տիգրանակերտի շրջակայքին բնորոշ սեւ պազալթէ քարը: Սրբատաշ քարերից կաղապարներ պատրաստելու արհեստագիտութեամբ կառուցուած եկեղեցու շինարարութեան ժամանակ հիմնական շինանիւթ հանդիսացած հրաբխային պազալթից բացի, օգտագործել են նաեւ երկաթի, հողի, փայտի եւ կրաքարի շաղախ: Պատերը, սիւները, սեան խոյակները, կամարները, աստիճանահարթակները, դրան եւ պատուհանների ճակատաքարերն ու յատակը եւս պազալթից են: Սուրբ Սարգիս եկեղեցու վերնայարկի սենեակների կամարների վրայ կարելի է տեսնել ձայնը խլացնող խորանարդներ: Եկեղեցու վերնայարկում դեռեւս կարելի է նկատել ժամանակին կանանց անտեսանելի լինելու համար օգտագործուած սենեակը, որն այժմ եկեղեցում մկրտութեան սրահ են անուանում, իսկ մուտքի մօտ` այդ նոյն սրահ տանող աստիճանները, խորաններ, բակի եւ աւերուած դպրոցի պատերը:
Կարելի Էր Սեփականաշնորհել
Եւ Վերանորոգել
Յայտնի դարձաւ, որ եկեղեցին գրանցուած է Հայ Առաքելական եկեղեցու Վաքըֆի (համայնքապատկան կալուածներ) անունով, որն էլ սկսել է վերանորոգման եւ նախագծման աշխատանքները: Մօտ 4 տարի տեւած նախագծման աշխատանքներից յետոյ սպասւում է, որ ֆինանսական աղբիւր գտնելու դէպքում անմիջապէս կը սկսուեն վերանորոգման աշխատանքները: Ցայսօր ցաւալի վիճակում յայտնուած եկեղեցին մշակոյթի նախարարութիւնն ու տեղական ինքնակառավարման մարմինները կարող էին սեփականացման միջոցով վերանորոգել, մինչդեռ աչք են փակել գանձագողերի կողմից եկեղեցու պատմական շերտը բազմիցս վնասելու փորձերի վրայ եւ եկեղեցին թողել բախտի քմահաճոյքին:
Թարգմ. ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»

