Պատարագ Աղթամարում. Սուրբ Խաչ Եկեղեցում Մեծ Մասամբ Քրտեր Եւ Թուրքեր Էին
Հարիւրաւոր հայեր` աշխարհի տարբեր ծայրերից, սեպտեմբեր 7-ին հաւաքուել էին Վանի Աղթամար կղզում` ներկայ գտնուելու սուրբ պատարագի:
«Նիուզ ամ.»-ի թղթակիցը Վանից հաղորդում է, որ պատարագին ներկայ էր Պոլսոյ հայոց պատրիարքական փոխանորդ, Արամ արք. Աթեշեանը, յունաց պատրիարք Բարթողիմէոսը, ասորական ուղղափառ եկեղեցու պատրիարքական փոխանորդը եւ բարձրաստիճան այլ հոգեւորականներ, ինչպէս նաեւ` Վանի իշխանութիւնների ներկայացուցիչներ: Պատարագից անմիջապէս յետոյ ներկաներին իր ողջոյնի խօսքը յղեց Պոլսոյ հայոց պատրիարքական փոխանորդը, որից յետոյ արդէն ներկաները հաղորդութիւն ստացան:
Հետաքրքրական է, որ այս տարի պատարագին մեծամասամբ թուրքեր եւ քրտեր էին ներկայ: Հէնց նրանց էլ յատուկ տեղեր էին յատկացուել եկեղեցում: «Նիուզ»-ի թղթակցի հետ զրոյցում բակում հաւաքուած հայերը բողոքում էին, որ մուտքի մօտ կանգնած անվտանգութեան աշխատակիցներն ու հոգեւոր այրերի թիկնապահներն իրենց թոյլ են տուել մտնել մի քանի րոպէով, իսկ արդէն հաղորդութեան ժամանակ առհասարակ ոչ մէկին չեն թոյլատրուել մուտք գործել եկեղեցի:
Հաղորդութիւնից յետոյ Արամ արք. Աթեշեանը ողջունեց դրսում հաւաքուած հաւատացեալներին, աղօթեց եւ անմիջապէս հեռացաւ:
Այնուամենայնիւ, Ռուսիայից, Միացեալ Նահանգներից եւ Եւրոպայից ժամանած հայերը ոգեւորուած էին. մեզ հետ զրոյցում նրանք շեշտում էին, որ իրենց համար ամենակարեւորն իրենց ծնողների ծննդավայր այցելելն է: Պատարագին մասնակցում էին նաեւ մեծ թուով օտարերկրացիներ: Ի դէպ, նրանց մի մասը Վան էր ժամանել Երեւանից, որտեղ գիտաժողովի համար էին եկել:
Նշենք, որ Թուրքիայի կառավարութեան միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007-ին վերանորոգուել է եւ բացուել այցելութիւնների համար` որպէս թանգարան: Այնուհետ Պոլսոյ հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարութեանը` Աղթամարի Սուրբ Խաչում տարին մէկ անգամ պատարագ իրականացնելու թոյլտուութիւն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակոյթի նախարար Էրթուղրուլ Կիւնայը յայտարարեց, թէ արդէն կայ Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբէթին խաչ տեղադրելու թոյլտուութիւնը: Պատարագի անցկացման օր նշանակուեց սեպտեմբերի երկրորդ կիրակի:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թուականներին կառուցուել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատուէրով` ճարտարապետ, քանդակագործ եւ նկարիչ Մանուէլի կողմից: Տաճարի արտաքին պատերը զարդարուած են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթութիւնը: Զարդաքանդակները ստեղծելիս Մանուէլը հաշուի է առել հնարաւոր դիտանկիւնները եւ տարբեր ժամերի լուսաւորութիւնը: Պատերից մէկի վրայ Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին` ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը:
Աղթամարում Մենք Հիւր Էինք
Տիկին Ատրինէն ծնուել է Պոլսում, սակայն վեց տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխուել Նիւ Եորք: Յիսուն տարի անց նա նորից իր ծնողների հայրենիքում է, եկել է պատարագին մասնակցելու: «Նիուզ»-ի թղթակցի հետ զրոյցում տիկին Ատրինէն նշեց, որ շատ ոգեւորուած է կատարած այցից:
«Շատ աղուոր է, շատ տպաւորուած եմ, պատարագի համար եմ եկել. միշտ ուզել եմ գալ եւ ծնողներիս հայրենիքը տեսնել», ասաց նա: Ինչքան էլ տիկին Ատրինէն դրական զգացմունքներով լցուած լինէր, չմոռացաւ շեշտել, որ պատարագն ամբողջութեամբ լսելու հնարաւորութիւն չի ունեցել:
Իսկապէս այդ օրը կղզում գտնուող բոլոր հայերն էին դժգոհ: Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնը 2010թ-ից թոյլ է տալիս տեղի հայերին ամէն տարուայ սեպտեմբերի երկրորդ կիրակին պատարագ կազմակերպել չգործող Սուրբ Խաչ եկեղեցում: Այս տարի պատարագը մատուցուեց մէկ շաբաթ շուտ. պատճառը ոչ մէկին յայտնի չէ:
Չնայած թուրքական կողմն այս պատարագը ներկայացնում է` որպէս հայկական կրօնական ծէս, եկեղեցու ներսում գերակշռում էին թուրքերն ու քրտերը, եւ սա ոչ այն պատճառով, որ հայեր չէին եկել. պարզապէս անվտանգութեան աշխատակիցներն ու թիկնապահները հայերին թոյլ էին տալիս մտնել` «արագ նայելու եւ արագ դուրս գալու համար»:
Հետաքրքիր է, որ այս պատարագը լուսաբանելու էին եկել մի քանի տասնեակ լրատուամիջոցներ, որոնց ներկայացուցիչները տեղում լուսաբանում էին արարողութիւնը, իսկ Հայաստանից ժամանած մեր թղթակցի համար` փորձում արհեստական խոչընդոտներ ստեղծել: Նրանց շուտով միացան նաեւ հոգեւոր այրերի թիկնապահները եւ մօտ 5-6 տղամարդ յայտնուեց մեր տեսախցիկի առջեւ, երբ տեսան Հայաստանից ժամանած լրագրողի վկայականը:
Ինչքան էլ բացատրես, որ սա քո պատարագն է, այն քեզ համար է մատուցւում, նրանք չէին հասկանում, իսկ ընթացքում էլ փորձում հոգեբանական ճնշում գործադրել: Տպաւորութիւն էր, որ սա թուրքերի համար կարեւորագոյն օր է, ըստ երեւոյթին, նոյնիսկ Էրտողանի երդմնակալութեան արարողութեանն այսպիսի լրջութեամբ չէին պատրաստուել:
Թուրքիան այդ օրը «ցոյց տուեց» աշխարհին, թէ ինքն ինչքան բարի է հայ ազգի նկատմամբ, որ ինքը չէր կարող ցեղասպանութիւն գործել:
Պատարագն աւարտուեց. հայերը դեռ դրսում սպասում են Պոլսոյ պատրիարքին: Վերջինս սկսեց հաղորդութիւն տալ: Հէնց այդ պահին թիկնապահները փակեցին եկեղեցու մուտքը` թոյլ տալով ելումուտ անել միայն լրագրողներին: Նորից զարմանք. այդ հաղորդութիւնը հայերիս համար չէ՞ր:
Վերջապէս, դրսում հաւաքուածներին «հանդիպելու» դուրս եկաւ Արամ արք. Աթեշեանը` մի խումբ հոգեւոր այրերի եւ առաջին անգամ պատարագին մասնակցող Յոյն Ուղղափառ Տիեզերական պատրիարքի ուղեկցութեամբ: Արքեպիսկոպոսն ու ներկաները աղօթքներ կարդացին ու ուղղաթիռով արագ հեռացան:
Աղթամարում այսքան սպասուած պատարագը տեւեց մօտ մէկ ժամ, կղզին նորից դատարկուեց, իսկ տարբեր երկրներից ժամանած հայերը լուռ հեռացան` արցունքն աչքերին, իսկ կարօտը` սրտում:

