ԳԱՆՁԱՍԱՐԱՊԱՏՈՒՄ

Օրեր առաջ «Ֆէյսպուք» ընկերային ցանցում զետեղուեցին լուսանկարներ, որտեղից պարզ դարձաւ, որ Գանձասար վանական համալիրի  պարիսպը երեսպատւում է: Նոյն ընկերային ցանցում նշւում էր, որ երեսպատումը ներդաշնակ չէ տաճարի հետ եւ կարող է խոչընդոտ հանդիսանալ, որ համալիրը մտնի «ԵՈՒՆԵՍՔՕ»ի ցուցակ: Այդ գաղափարի հեղինակն ու ֆինանսաւորողը յայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետեանն է: Յատկանշական է, որ երեսպատումն անօրինական է, քանի որ ԼՂՀ կառավարութեանը կից պատմական յուշարձանների պահպանութեան վարչութիւնը թոյլտուութիւն չի տուել, եւ ինչպէս նշել էր վարչութեան պետ Սլաւա Սարգսեանը, չի էլ տալու:

Վանական համալիրի պարսպի երեսպատումը ապտակի նման մի բան է համարել ճարտարապետ Արսէն Կարապետեանը:

Այնուհետեւ, երեսպատման աշխատանքներն արդարացնելու համար բարերարի եղբայր Վլադիմիր Հայրապետեանը նշել էր, որ պարիսպը կառուցուել է 1980-ականներին, հետեւաբար այն 13-րդ դարի արժէք չէ;

Այս յայտարարութիւնը վրդովեցրել էր ճարտարապետ Ստեփան Նալբանդեանին, ով 1989թ. մի խումբ ճարտարապետների հետ մէկ ամիս ապրել է վանքում եւ վերականգնողական աշխատանքների նախագիծ է մշակել: Նա հաւաստիացրել է, որ պարիսպը միանշանակ կառուցուել է տաճարի հետ զուգահեռ եւ առհասարակ պատմական յուշարձանի եղած վիճակին, նրա կարծիքով, կպնել չի կարելի:

Աղմուկից մի քանի օր անց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնութեամբ «Գանձասարի վերածնունդ» ծրագրի իրականացման գրասենեակը լրագրողական շրջայց է կազմակերպում դէպի վանական համալիր, որի ընթացքում լրագրողներին պարզաբանումներ են տալիս թէ՛ Լեւոն Հայրապետեանի եղբայր Վլադիմիր Հայրապետեանը, թէ՛ Գանձասարի տէր Գրիգոր քհնյ. Մարկոսեանը, թէ՛ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը:

Բաւական վրդովուած կերպով Վլադիմիր Հայրապետեանը լրագողներին յորդորում էր աղմուկի բարձրացման պատճառները պարզել հէնց աղմուկ բարձրացնողներից եւ ինչ-որ խորհրդաւորութիւն մտցնելով` նշում, որ պէտք է հարցնել, թէ ինչո՞ւ է դա արուել եւ ո՞ւմ կինն է անողը: Նա նշել է, որ երեսպատման աշխատանքների նախագիծն արդէն կար, եւ եթէ Լեւոն Հայրապետեանն այդ նախագիծը հովանաւորէր, դրանով այլ կազմակերպութիւն էր զբաղուելու, իրենք էլ մտածեցին` իսկ ինչո՞ւ ուրիշը, եթէ ոչ իրենք:

Թոյլտուութիւնը Վլադիմիր Հայրապետեանը ստացել է, իր խօսքերով, Աստծուց եւ նշել, որ երբ իրենք ասֆալթ էին գցում, եկեղեցու տանիքն էին վերանորոգում, ոչ ոք իրենց թոյլտուութիւն չէր տալիս` «վերցնում անում էին»: Նա նաեւ յիշեցրել է, որ Լեւոն Հայրապետեանն իր գրպանից ամէն ամիս $2000 է վճարում Գանձասարի գիշերային լուսաւորութեան համար:

Երեսպատման աշխատանքների արժէքը նա չի հաշուել, քանի որ իրենք երբեք չեն հաշւում, բայց դրանք հաւանաբար 1 միլիոն տոլար են կազմում: Նա նաեւ նշել էր, որ 2 օրից թոյլտուութիւն է ստանալու:

Գանձասարի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու հոգեւոր հովիւ տէր Գրիգոր քհնյ. Մարկոսեանն էլ կարծիք էր յայտնել, որ աղմուկը բարձրացուել է միտումնաւոր, ճարտարպետի կողմից ում

հաւանաբար գումար չեն տուել, որ իրականացնի վերականգնողական աշխատանքները:

«Ինձ թւում է, որ սա միտումնաւոր է արուած: Գուցէ հասցնեն այն վիճակին, որ իրենք անեն այս ամէնը», ընդգծել է նա:

Անդրադառնալով Պարգեւ սրբազանի լռութեանը` տէր Գրիգոր քհնյ. Մարկոսեանն ասել էր, որ նա հաւանաբար ցանկանում է մի ձեւ հաշտեցնել կողմերին, քանի որ ունենալով Լեւոն Հայրապետեանի նման բարերար` շատ լաւ գիտակցում է, թէ ո՛ւմ այգին են քար գցում:

Թւում էր, թէ հարցը հանգուցալուծուելու է Պարգեւ սրբազանի պարզաբանումներով:

Ի տարբերութիւն Վլադիմիր Հայրապետեանի եւ տէր Գրիգոր քհնյ. Մարկոսեանի, Պարգեւ սրբազանը վստահութիւն է յայտնել, որ պարիսպը ոչ թէ 13-րդ դարի է, այլ 7-րդ դարի: Պարիսպը վերակառուցելու առաջարկով հանդէս է եկել բարերար Լեւոն Հայրապետեանը, ինքն էլ համաձայնուել է, սակայն տարաձայնութիւն է առաջացել ԼՂՀ կառավարութեանը կից յուշարձանների պահպանութեան վարչութեան հետ, ով մարտի 1-ին բացասական որոշում է կայացրել: Այդ ժամանակ միայն 2 քառակուսի մեթր էր պարսպապատուած եւ աշխատանքները դադարեցուել են` վերսկսուելով մի քանի օրից: Իսկ վերսկսուել են, որովհետեւ Պարգեւ սրբազանի խօսքերով` «մարդը (Լեւոն Հայրապետեանը) ցանկութիւն ունի եւ ուզում է իր նախկին ցանկութիւնը մինչեւ վերջ տանել»: Նրա ենթադրութեամբ հիմա էլ աշխատանքները չեն կանգնելու, շարունակուելու են:

Նա նաեւ ընդգծել է, որ 1989թ. Հայաստանի յուշարձանների պահպանութեան վարչութիւնից ճարտարապետներ էին գնացել Գանձասար եւ ուսումնասիրել էին, թէ ինչպէ՛ս պէտք  է վերակառուցուի բուն տաճարը, սակայն պարսպի մասին ուսումնասիրութիւն չի եղել: Նա ընդունել է, որ վերականգնողական աշխատանքները յաճախ իրականացւում են առանց կանոնները պահպանելու, քանի որ ֆինանսական հնարաւորութիւն չի լինում:

Ինչ վերաբերում է դաւադրութիւններին, սրբազանը չի ցանկացել մեկնաբանել դրանք` նշելով, որ անուններ չի տալու ու չի ցանկանում անձնաւորել հարցը: Իսկ ինչ-որ բան ճշդելու համար խորհուրդ է տուել դիմել աղմուկ բարձրացնողներին, ովքեր իրեն «ցեխի հետ խառնեցին»:

Ստացւում է, որ սկզբում արդարացման համար ընտրուել էր պարիսպը հնութիւնից եւ պատմական արժէք լինելուց զրկելու տարբերակը, սակայն հետագայում այդ վարկածի թուլութեան պատճառով թեման շեղուեց դէպի «դաւադրութիւնների տեսութիւն» եւ ստացուեց, որ պէտք է դեռ պարզել, թէ ո՛վ է եղել այն ճարտարապետը, ո՛վ է եղել այն կինը եւ ո՛վ ի վերջոյ նրա ամուսինը:

Այս ամբողջի մէջ գոյութիւն ունի պարզ ճշմարտութիւն` պատմական արժէքին ձեռք տալու համար, յատկապէս վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար պահանջւում է թոյլտուութիւն համապատասխան գերատեսչութիւնից, որն այսօր չի տրուել: Թէ ինչո՞ւ թոյլտուութիւնը չի տրուել, դա արդէն քննարկման այլ թեմա է:

Սակայն, քանի դեռ թոյլտուութիւնը չկայ, այդ աշխատանքները, անգամ եթէ դրանք բարի մղումներով են իրականացւում, օրինական չեն, չնայած բոլոր արդարացումներին:

ԱՐՓԻ ԲԵԳԼԱՐԵԱՆ

 

Share this Article
CATEGORIES