Սփիւռքահայ 70 Գործարարներ` Արցախի Նախագահի Նստավայրում Բակօ Սահակեան. Արցախի Շէնացման Գործում Իր Ուրոյն Ներդրումն Ունի ԱՌԻ-ն
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Արցախի շէնացման գործում, յատկապէս Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում, իր ուրոյն ներդրումն ունի ԱՌԻ-ի ծրագիրը, յայտարարեց Արցախի նախագահ Բակօ Սահակեանը ԱՌԻ-ի բաժնետէրերի հետ սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտում կայացած հանդիպման ընթացքում: «Աղաւնոյ գետի ափին Առիաւան գիւղի կառուցումը կարեւոր է ոչ միայն ժողովրդագրական, այլ քաղաքական իմաստով», ասաց Սահակեանը, ընդգծելով, որ արդարացուած է եւ ամօթ չէ ներդրումներով Արցախում դրամ վաստակելը: «Եթէ կարելի է դրամ վաստակել Միացեալ Նահանգներում, Ֆրանսայում եւ կամ Գերմանիայում, ապա ինչու չի կարելի Արցախում: Մենք պէտք է ճեղքենք այն կարծրատիպը, որ Արցախում դրամ վաստակելը ամօթ է», ասաց Սահակեանը:
Արցախի նախագահը ԱՌԻ-ի բաժնետէր սփիւռքահայ շուրջ 70 գործարարների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ հանրապետութեան տնտեսութիւնը զարգանում է բոլոր ճիւղերում: Զարգացումը ակնառու է երեք հիմնական ոլորտներում` հանքարդիւնաբերութիւն, ելեկտրուժի արտադրութիւն եւ շինարարութիւն: Սահակեանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում Արցախի գետերի վրայ կառուցուել են 8 ջրելեկտրակայաններ: Առաջիկայ տարիներին Արցախը ամբողջութեամբ բաւարարելու է ելեկտրուժի իր ներքին կարիքները եւ հնարաւորութիւն է ունենալու աւելցուկը արտահանել Հայաստան եւ արտերկիր:
Ի պատասխան ԱՌԻ-ի բաժնետէրերից Թալին Իւրնէշլէանի հարցի, Արցախի նախագահը նշեց, որ ներդրումների համար գրաւիչ կարող է լինել գիւղատնտեսութիւնը, յատկապէս Արաքսի հովիտը, որտեղ ոչ միայն եղանակը մօտ է մերձարեւադարձայինին, այլ առատ ջուր կայ եւ տարուայ աւելի քան 300 օրը արեւոտ է: «Արցախի 400 հազար հեկտար հողատարածքից այսօր մենք մշակում ենք միայն 60 հազար հեկտարը», ասաց Սահակեանը, յաւելելով, որ Արաքսի ափամերձ հատուածի հողատարածքները գիւղատնտեսական նպատակներով օգտագործելու աշխատանքներ են սկսուել: Այս տարի Արաքսի ափին` Արցախ-Ազրպէյճան սահմանից ոչ հեռու, հիմնադրուել է նոր գիւղ` Արաքսաւան:
Ստեփանակերտի Օդակայանի Խնդիրը
ԱՌԻ-ի բաժնետէրերից Յակոբ Գըլպաշեանը Բակօ Սահակեանից փորձեց ճշդել, թէ ինչ հանգրուանում է Ստեփանակերտի օդակայանի շահագործման խնդիրը: Ի պատասխան` Արցախի նախագահը շեշտեց, որ երկու հայկական պետութիւնների միջեւ օդային կապի հաստատումը կարեւոր է ոչ միայն ներդրումներ բերելու, այլեւ մարդու ազատ տեղաշարժի իրաւունքը կեանքի կոչելու տեսանկիւնից: Սահակեանը ասաց, որ երբ Արցախը նախաձեռնեց օդակայանի շինարարութիւնը, այդ մասին տեղեկացուել է ԵԱՀԿ-ն: Հետագայում, երբ Ազրպէյճանը սպառնաց, որ կը կործանի Ստեփանակերտի օդակայանից երկինք բարձրացող եւ վայրէջք կատարող օդանաւերը, Արցախի իշխանութիւնները ականջալուր եղան միջազգային հանրութեան խնդրանքին, որ օդակայանի գործարկումը չդառնայ ռազմական գործողութիւններ սկսելու առիթ Ազրպէյճանի համար: «Մենք չենք համակերպուել այս վիճակի հետ եւ փնտռում ենք լուծումներ օդակայանը շահագործման յանձնելու համար: Մեր համբերութիւնը սահման ունի: Մենք մեր հնարաւորութիւններն ու միջոցները ուղղելու ենք օդակայանը գործարկելու ուղղութեամբ», ընդգծեց Սահակեանը:
Արցախի նախագահը կարեւորեց Հայաստանը Արցախին կապող երկրորդ մայրուղու` Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի շինարարութիւնը: Այն իրականացւում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Ինչպէս «Հեռուստամարաթոն-2013»-ը, այնպէս էլ այս տարուայ նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակուելիք գումարները ուղղուելու են այդ ճանապարհի շինարարութիւնը աւարտելուն:
Բակօ Սահակեանը ասաց, որ Արցախը Հայաստանի հետ կապելու համար կարեւոր է նաեւ երկաթուղային հաղորդակցութիւն ունենալը, ընդ որում ոչ միայն Արցախի հիւսիսային, այլ հարաւային հատուածով:
Արցախի Հետ Համագործակցութիւնը
Գոհացնում Է ԱՌԻ –ին
Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում ելոյթ ունեցան նաեւ ԱՌԻ-ի հիմնադիր բաժնետէրերից մի քանիսը: Մասիս Ալեքսանտրեանը նշեց, որ ԱՌԻ-ի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ համագործակցութիւնը հեզասահ է, թափանցիկ եւ արդիւնաւէտ: «Մենք համոզուած ենք, որ երկիրը հնարաւոր է տնտեսապէս զարգացնել ոչ թէ բարեսիրութեամբ, այլ ներդրումներով», ասաց Ալեքսանտրեանը:
ԱՌԻ-ի բաժնետէրերը խորապէս համոզուած են, որ ազատագրուած տարածքները պէտք չէ վերադարձուեն, բայց նաեւ գիտակցում են, որ հողը շէնացնելով են պահում, շարունակեց Ալեքսանտրեանը, հետեւաբար` «ժամանակն է, որ բնակեցնենք Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանները»:
Բենիամին Պչաքճեանը նշեց, որ եթէ նախորդ այցի ընթացքում Արցախ էր ժամանել 55 գործարար, ապա այս անգամ` 70-ից աւելի, իսկ յաջորդ անգամ այդ թիւը պէտք է հասցնել 150-ի: Այս այցելութիւնները փոխադարձաբար ճանաչելու նպատակ ունեն, ասաց Պչաքճեանը:
Վահան Գասարճեանը նախագահ Սահակեանից եւ ԱՌԻ-ի հետ համագործակցող Արցախի ներկայացուցիչներից շնորհակալութիւն յայտնեց ԱՌԻ-ի ծրագրերին ընդառաջելու, օժանդակելու եւ երաշխիքների համար:
ԱՌԻ-ի խորհրդի նախագահ Սուրէն Սարգիսեանը ընդգծեց, որ Առիաւան գիւղը կառուցելուց յետոյ պէտք է սկսել նոր` երկրորդ գիւղի շինարարութիւնը:
Արթօ Դաւիթեանը շնորհակալութիւն յայտնեց հանդիպմանը ներկայ Արցախի պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանին եւ հայկական բանակին, որը հայ-ազրպէյճանական վերջին ընդհարումների ժամանակ զսպեց ազրպէյճանական գրոհները: Հայկական բանակը աշխարհին ցոյց տուեց, որ «մեր ձեռքում կայ երկաթեայ շերեփ», ասաց Դաւիթեանը:
Մովսէս Յակոբեան.
Արցախի Բանակը Մարտունակ Է
Նախագահ Սահակեանի եւ ԱՌԻ-ի բաժնետէրերի հանդիպման սկզբում Արցախի առաջնորդի առաջարկով պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը ներկայացրեց բանակի` վերջերս աւարտուած զօրավարժութիւնների արդիւնքները, ինչպէս նաեւ` շփման գծում իրավիճակը:
«Արցախի պաշտպանական բանակն այսօր հզօր կառոյց է, որը կարողանում է կատարել իր առջեւ դրուած մարտական խնդիրները: Ազրպէյճանի կողմից լայնածաւալ ռազմական գործողութիւնները չեն սկսւում միայն այն պատճառով, որ մեր բանակը մարտունակ է», ասաց նա:
Յակոբեանը յիշեցրեց, որ Ազրպէյճանի զինուած ուժերի ստորաբաժանումները հիմնականում կանգնած են Արցախի ուղղութեամբ, քանի որ նպատակ ունեն արցախեան հարցը լուծել ռազմական ճանապարհով: «Եթէ Հայաստանն ու Արցախը արդէն քսան տարի գտնւում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» իրավիճակի մէջ, ապա պաշտպանութեան բանակը ամէն օր գտնւում է պատերազմական վիճակի մէջ», ընդգծեց նա:
Յակոբեանն ասաց, որ այս տարուայ յունիս եւ յուլիս ամիսներին Ազրպէյճանի զինուժը իր ստորաբաժանումները մօտեցրել էր շփման գծին հնարաւոր մօտ տարածք` պատրաստուելով լայնածաւալ ռազմական գործողութիւնների, բայց հայկական բանակի կողմից իրականացուած համապատասխան գործողութիւններից յետոյ իր զինուժը եւ ռազմական արհեստագիտութիւնը յետ է քաշել:
Յատուկ «Ազդակ»-ի համար

