«Նոր Զարթօնք»-ը Հարթակ Է, Որը Հիմք Ընդունելով Թուքիայի Հայ Համայնքը` Ծառայում Է Մեզ Պէս Տարատեսակ Խտրականութիւնների Ենթարկուած Իւրաքանչիւրին
ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
Ներկայացնում ենք «Ակունք»-ի հարցազրոյցը Պոլսում գործող «Նոր զարթօնք» հարթակի հիմնադիրներից Սայաթ Թեքիրի հետ: «Նոր զարթօնք»-ը թէեւ սկիզբ է առնում Թուրքիայի հայ համայնքից, սակայն այն տարատեսակ խտրականութիւնների դէմ պայքարի հարթակ է:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ ասել է «Նոր զարթօնք» կամ «նոր զարթօնքցի»…
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ըստ էութեան, եթէ մտածենք, թէ ինչպէ՛ս է ստեղծուել, մի գուցէ եւ ձեր հարցին պատասխան կարողանանք գտնել: «Նոր զարթօնք»-ը ստեղծուել է ինչ-որ բաների դէմ եղող մի խումբ մարդկանց համախմբման արդիւնքում, բնականաբար, առաւելապէս երիտասարդների համախմբման արդիւնքում, քանի որ Թուրքիայում յատկապէս մեր աւագ սերունդը վախի մթնոլորտում է մեծացել: Մենք շատ ճնշումների ենք ենթարկուել, սակայն շատ կոտորած, ջարդ չենք տեսել, իսկ նրանք տեսել են: Ցեղասպանութիւն են ապրել: Նրանք մեզ պատմել են իրենց յիշողութիւնները, սակայն մենք չենք տեսել: Մեզ համար Հրանդ Տինքի սպանութիւնն այդ պատմուած յիշողութիւնների վերակենդանացումն էր: «Նոր զարթօնք»-ը ստեղծուել է Հրանդ Տինքի սպանութիւնից առաջ, սակայն ժողովրդական շարժման է վերածուել Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ:
«Լա՛ւ, մինչեւ հիմա շատ բան տեսանք եւ ապրեցինք` կոտորած, ջարդեր, ցեղասպանութիւն, Ունեցուածքի հարկ, մի շարք խտրականութեամբ լի կիրառումներ, սակայն այլեւս բաւ է», ասացինք: Մի կողմից «Նոր զարթօնք»-ը ինչ-որ բաներից դժգոհ հայերի համախմբման արդիւնքում ստեղծուած խումբ է, միւս կողմից էլ միայն հայերի ուղղութեամբ չէ, որ գործունէութիւն է ծաւալում: «Նոր զարթօնք»-ը հասարակական շարժում է, որի գործունէութեան ծիրում են կանանց, աշխատաւորների խնդիրները: «Նոր զարթօնք»-ը կարեւորում է նաեւ բնապահպանական խնդիրները: Այսինքն` «Նոր զարթօնք»-ը գործունէութիւն է ծաւալում ոչ միայն հայերի իրաւունքների համար, այլեւ իր խօսքն է ասում Թուրքիայի, անգամ` ողջ աշխարհի վերաբերեալ: «Նոր զարթօնք»-ը կազմակերպութիւն է, որը չի սահմանափակւում հայերով, բաց է դրսի համար եւ դրանով իսկ փորձում է յաղթահարել հակահայ վերաբերմունքը: Ահա «Նոր զարթօնքցի» լինելը նման մի բան է, սակայն այդքան էլ հեշտ չէ. 50 հազարի հասած համայնքում հեշտ չէ փորձել որեւէ բան կատարել, եւ ահա «նորզարթօնքցի» լինել` նշանակում է միմեանց օգնել, սատարել: Ինչպէս ասում է Պարոյր Սեւակը, քիչ ենք, բայց հայ ենք, եւ միմեանց օգնելով` այս երկրում ժողովրդավարութեան կռիւ ենք տալիս:
Հ.- «Նոր զարթօնք»-ի անդամները միայն հա՞յ են:
Պ.- Մինչեւ վերջերս բոլորը հայ էին, սակայն երկու տարի է` այս ասպարէզում գործող միւս համայնքներից էլ են մեզ միանում: Երբ որեւէ միջոցառում կամ ցոյց ենք կազմակերպում, բնականաբար աջակցութիւն ենք փնտռում: Ինչպէս ասացի, լոկ հայերով չի լինում: Ըստ էութեան, հայերը ամաչում են փողոց դուրս գալ, հասարակութիւնում իրենց հայկական ինքնութեամբ ներկայանալիս խնդիրների են հանդիպում, քանզի վախենում են: Հասկանում եմ այդ վախերը, սակայն պէտք է յաղթահարել դրանք: Անգամ մայրս է ասում ` «ի՞նչ կը լինի այդ ցոյցերի ժամանակ զգուշ եղիր»: Հետեւաբար, երբ հայերն գործունեայ չեն, միւս համայնքների, ժողովուրդների, այսինքն` ընդդիմադիր, ընկերվարական մարդկանց հետ միմեանց օգնելով` կարողանում ենք որոշ բաներ կատարել: Դա շատ աւելի արժէքաւոր է:
Հրանդ Տինքի, ծառայութեան ժամանակ սպաննուած Սեւակ Պալըքճըի, Սամաթիայում սպաննուած տարեց հայ կնոջ` Մարիձա Քիւչիւքի յիշատակին երթեր կազմակերպեցինք, որոնց ոչ միայն հայերը մասնակցեցին, այլեւ աջակցեցին միւս համայնքներից: Բազմամարդ էր: Բազմաթիւ մարդիկ իրենց դժգոհութիւնը յայտնեցին երթի ժամանակ: Կարեւոր է, որ միայն հայերն իրար մէջ չհաւաքուեցին, այլ աջակցութիւն եղաւ նաեւ միւս համայնքներից: Նաեւ պէտք է հաշուի առնել իրավիճակը. Թուրքիան բազմազգ պետութիւն է, հանրապետութեան հետ մէկտեղ փորձել են միատարր դարձնել, ձուլել քրտերին առանձին, չերքեզներին առանձին: Բացի այդ, հայերին ու յոյներին էլ ոչնչացրել են: Ստիպել են, որ միմեանց նկատմամբ կանխակալ կարծիք ունենանք: Հայերը քրտերի նկատմամբ կանխակալ կարծիք ունեն, քրտերն էլ` հայերի: Եթէ ուզում ենք փոխել այս կանխակալ կարծիքը, ապրել դոյզն-ինչ ժողովրդավար երկրում, ապա դա կարող ենք կատարել բոլոր այդ ճնշուածների հետ միասին: Հետեւաբար մենք այս տրամաբանութեամբ ենք շարժւում: Ճնշուած ասելով` միայն ազգերը նկատի չունեմ, այլ նաեւ աշխատաւորները եւ այլն:
Հ.- «Նոր զարթօնք»-ը հայկական ինքնութիւնը, հայ մշակոյթը, հայերէնը կենդանի պահելու եւ պահպանելու համար քայլեր կատարո՞ւմ է:
Պ.- Լեզուի հարցում նման խնդիրներ կան, քանի որ մեր դիւանակալութիւնը հայերէն նոր դասագրքեր տպագրելու հարցում դժուարութիւններ է առաջացնում: Ես, օրինակ, միջնակարգ դպրոցում «Թանգարան» կոչուած դասագրքով եմ սովորել: Այս դասագիրքն իրօք թանգարան է` իր անուան պէս: Քանի որ այդ դասագրքով են սովորել մայրս ու տատիկս: Հարցին նայենք մանկավարժութեան տեսանկիւնից: Առնուազն 50 տարի բոլորն այդ գրքով են սովորում: Մի կողմից անգլերէն եւ թուրքերէն դասագրքերն են, որոնք գունաւոր են, նկարներով, միւս կողմից էլ` 50 տարի որեւէ փոփոխութեան չենթարկուող հայերէն դասագրքերը:
Կարծում եմ` կրօնից շատ աւելի կարեւոր է պահպանել լեզուն եւ մշակոյթը: Ցաւօք, որոշ մարդիկ դադարում են հայ լինել` դառնալով թուրք քրիստոնեայ:
«Նոր զարթօնք»-ը հայկական մշակոյթի վերաբերեալ միջոցառումներ է կազմակերպում: Մի միութիւն ունենք, որը կոչւում է Հայկական մշակոյթի եւ փոխօգնութեան միութիւն: Այստեղ հայերէնի դասընթացներ ենք կազմակերպում: Հայերէն ասելով` նկատի ունեմ արեւմտահայերէն: Գիտէք, որ «ԵՈՒՆԵՍՔՕ»-ն երկու տարի առաջ արեւմտահայերէնը դասել է վերացման վտանգի տակ յայտնուած լեզուների շարքին: Պատկերացրէք` 100 տարի առաջ Պոլիսը արեւմտահայերէնի «մայրաքաղաքն» էր, մինչդեռ այսօր ոչնչացման վտանգի տակ է: Ահա սա կանխելու համար նախ եւ առաջ լեզուի դասընթաց բացեցինք: Հայերէնով ժապաւէնի ցուցադրութիւն էլ ենք կազմակերպում:
Այս ինքնութիւնն աւելի շատ ստեղծուած մի բան է: Օրինակ` ամերիկացի հայի ինքնութեան եւ պոլսահայի, պէյրութահայի եւ կամ հայաստանցի հայի ինքնութիւնը նոյնը չէ: Այո՛, լեզուն, որով խօսում ենք, նոյնն է, մեր կրօնը նոյնն է, սակայն որոշ տարբերութիւններ կան. տարբեր են կեանքի եւ կիներու նկատմամբ մեր հայեացքները, ընկերային յարաբերութիւնները: Վերոնշեալ հայկական ինքնութեան պահպանման հարցում մեր կատարած իւրաքանչիւր քայլը ներդրում է, սակայն այդ ինքնութիւնն էլ, ինչպէս ասացի, հայ քրիստոնեայ պէտք չէ լինի: Այս ինքնութիւնը լոկ պոլսահայ համայնքի համար չէ. այսօր տէրսիմցի, համշենցի հայեր կան, որոնք ցանկանում են համարկուել այս համայնքին: Նոր են իմանում իրենց հայկական ծագման մասին: Ոմանք դառնում են քրիստոնեայ, գնում են եկեղեցի եւ ցանկանում համարկուել համայնքին: Շատ կարեւոր է նաեւ, թէ մենք որտեղից ենք ստեղծել այդ ինքնութիւնը, եթէ «Ո՛չ, դուք քրիստոնեայ չէք, մուսուլման էք, մի՛ եկեքէ ասելով` փակում ենք դռները, այստեղ խնդիր է առաջանում: Այս ինքնութիւնը լոկ կապուած է իսլամական երկրում փոքրամասնութիւն լինելու հետ, միգուցէ սա անցեալից է գալիս: Հիմա պէտք է բաց լինենք եւ այս մարդկանց ընդունենք մեր համայնք:
Կը ցանկանայի խօսել նաեւ «Նոր Ռատիօ»-ի մասին: «Նոր Ռատիօ»-ն արդէն 5 տարի է` գործում է համացանցում: Սկզբում հայերէն սկսեցինք, սակայն այժմ Թուրքիայում խօսուող 15 լեզուով է հեռարձակւում: Ե՛ւ ռատիոյի, ե՛ւ միութեան անունը հայերէն է: Սկզբում ոչ ոք չէր հասկանում, բոլորը հարցնում էին` «ի՞նչ է նշանակում», անգամ սխալ գրողներ էին լինում, սակայն նրանց սովորեցրեցինք, վերջապէս մի հայերէն բառ սովորեցին: Մեր թիրախային խումբը լոկ հայերը չեն, ցանկացանք ստեղծել մի հարթակ, որտեղ մեզ պէս ճնշուած, մեզ պէս խտրականութեան ենթարկուած իւրաքանչիւրը կարող է խօսել: Ահա «Նոր Ռատիօ»-ն այդ նպատակին է ծառայում: Սակայն «Նոր Ռատիօ»-ն չի բաւարարւում լոկ ազգերի խնդիրներին անդրադառնալով, բնապահպանման, կանանց, մարդկանց խնդիրների վերաբերեալ հաղորդումներ էլ ենք պատրաստում:
Հ.- «Նոր Զարթօնք»-ի վերաբերեալ համացանցում ուսումնասիրութիւններ կատարելիս ուշադրութիւնս գրաւեց մի հետաքրքիր կէտ. «Նոր Զարթօնք»-ը մերժում է տարեցների` երիտասարդների վրայ ունեցած իշխանութիւնը»: Քիչ առաջ ձեր անդրադարձած հարցերում հին եւ նոր սերունդների միջեւ տարաձայնութիւններ լինու՞մ են:
Պ.- Բնականաբա՛ր: Եթէ չլինեն, կամ նոր սերունդը մտածի հին սերնդի պէս, ասել է, թէ խնդիր կայ: Պատմութիւնը շարունակաբար առաջ է գնում: Մենք 1915 թ. ցեղասպանութեամբ կորցրեցինք մեր ժողովրդին, մեր արհեստաւորներին, հողագործներին, գիւղացիներին ու մեր եկեղեցիները, սակայն մեր մեծ կորուստը 1915 թ. ապրիլի 24-ին սկսուած մեր մտաւորականների աքսորն էր. կորցրեցինք մեր մտաւորական շերտը: Մեզ գլխատեցին: Գլխատելուց յետոյ մարմինն այլեւս հակազդեցութիւններով, շարժումային անդրադարձներով է շարժւում: Մենք վերածուեցինք աւատատիրական մտածելակերպի, որը կարեւորում է տարեցի փորձառութիւնը: Այլ կերպ ասած` տարեցը լաւ է, իսկ ինչո՞ւ, որովհետեւ աւելի փորձառու է: Բնականաբար այդ փորձառութիւնն ունի եւ՛ իր առաւելութիւնները, ե՛ւ թերութիւնները: Թուրքիայում տեղի ունեցած ճնշումները, ցաւերը մշտապէս այդ տարեցներին պահում են տանը: Երիտասարդ սերունդը մի փոքր աւելի գործունեայ է:
Ըստ իս, մենք չկարողացանք ստեղծել այդ մտաւորական խաւը, եւ այն փոխարինեցինք այդ տարեցների փորձառութեամբ: Ահա փորձառութիւնն ու սովորութիւնների արդիւնքում ունենք այս իրավիճակը: Այս պահին պոլսահայ համայնքը պահպանողական է: Եւ սա միայն կրօնական իմաստով չեմ ասում, գաղափարախօսութեան տեսանկիւնից էլ է պահպանողական, այսինքն բաց չէ նոր գաղափարների համար: Ըստ էութեան, մի բան ասելիս, պատասխանը հետեւեալն է` «ո՛չ, չի կարող փոխուել»: Արդէն 100 տարի է` մշտապէս այդ կերպ ենք վարւում: 100 տարուայ մէջ երկիր է փոխւում, կայսրութեան փոխարէն` հանրապետութիւն է ստեղծւում, մեր համայնքի թիւը 2 միլիոնից 50 հազարի է հասնում, փոխւում է պատմութիւնը, սակայն համակարգը չի փոխւում, եւ մարդիկ կարողանում են աջակցել: Անգամ 100 տարի առաջուանից էլ ենք յետ գնացել: Գոնէ 100 տարի առաջ Ազգային սահմանադրութիւն, այլ կերպ ասած` Ազգային կանոնադրութիւն ունէինք, հոգեւորականներից անկախ քաղաքական ժողով ունէինք: Հիմա դա էլ չունենք:
Հ.- Այս իրավիճակն ինձ յիշեցնում է 19-րդ դարում Երիտասարդ հայերի եւ ամիրաների միջեւ առաջացած տարաձայնութիւնները: Ինչպէս եւ Երիտասարդ հայերը, այնպէս էլ մեր համայնքի այժմեան երիտասարդ սերունդը, որը կարողացել է ազատուել վախերից եւ խախտել լռութիւնը, տէր է կանգնում իր իրաւունքներին եւ փորձում որոշ բանէր փոխել: Ըստ ձեզ` կը յաջողի՞:
Պ.- Հեշտ չէ, այն էլ` ա՛յս ժամանակաշրջանում: Լոկ Թուրքիայի հայերի համար չեմ ասում, աշխարհում է այդպէս, ընդդիմադիր շարժումը զօրեղ չէ: 19-րդ դարը յեղաշրջումների դարաշրջան էր: Իսկ այսօր ամբողջովին հակառակն է, աւելի պահպանողականների դարաշրջան է: Այստեղ շատ դժուար է գործել: Ք. Մարքսն ասում է` «մարդիկ, շղթաներից բացի, կորցնելու ոչինչ չունեն», սակայն այսօր մարդիկ կորցնելու շատ բան ունեն: Այս ընտրական համակարգն էլ է շատ ազդեցիկ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների ժամանակ «յանկարծ համակարգը չփոխուի» ասելով` մարդիկ իրենց ձայնը տուեցին իշխող կուսակցութեանը: Եթէ նայենք, Հայաստանում էլ է նոյն վիճակը. իշխող կուսակցութիւնը իւրաքանչիւր ընտրութեան ժամանակ էլ աւելի է ամրապնդում իր դիրքերը: Դարձել է պահպանողական կուսակցութիւն:
Նաեւ, եթէ «Նոր Զարթօնք»-ը մի բան է ասում, սակայն ուրիշ բան է կատարում, արդէն իսկ խնդիր է: Այն, ինչ քննադատում է, պէտք է իր շարքերում չլինի:
Հ.- Նախկինում տեղի ունեցած կոտորածների եւ ցեղասպանութեան պատճառով Թուրքիայում հայ համայնքը փորձում է աւելի զգոյշ խօսել եւ գործել: Մինչեւ վերջերս պոլսահայ համայնքն ապաքաղաքականացած դիրքորոշում ունէր, սակայն Կեզիի ցոյցերի ժամանակ «Նոր Զարթօնք»-ի գլխաւորութեամբ հայերը եւս մէկ անգամ յիշեցրեցին այս հողերում իրենց գոյութեան մասին: Սա ուղե՞րձ էր, թէ՞…
Պ.- Ըստ էութեան, «Նոր Զարթօնք»-ն արդէն 10 տարի է` նման միջոցառումներ եւ ցոյցեր է կազմակերպում: Ցեղասպանութեան 90-ամեակին գիտաժողով կազմակերպեցինք: 2006 թ. եւս գիտաժողով կազմակերպեցինք, որին զեկոյցով մասնակցեց նաեւ Հրանդ Տինքը: Նախքան Կեզիի ցոյցերը եւս մասնակցում էինք, սակայն Կեզիի բողոքի ցոյցերը ողջ աշխարհին եւս մէկ անգամ հայերի մասին լսել տուեց. «Տես, ասում են` հայերն էլ են այնտեղ եղել»: Հասկանում եմ, որ տեղի ունեցած ցաւալի դէպքերը մարդկանց ստիպում են զգուշաւոր լինել, սակայն այլեւս պէտք չէ այդպէս լինի: Ղեկավարից, ամիրայից, թաղականից, աղայից մինչեւ հասարակ շարքային, այսինքն` մեր ողջ ժողովրդի համար (պոլսահայ համայնքի) պետութիւնը սահման է գծել: Ասում է` ձեր սահմանն այսքան է, ինչ սահմանի մասին է խօսքը, մեր ժողովուրդն անգամ գծած սահմանից մէկ քայլ այս կողմ է կանգնած, անգամ սահմանին չի մօտենում, չի պահանջում իր իրաւունքները: Տարատեսակ պատճառաբանութիւններ է բերում` ,ոնց էլ լինի, չենք կարող ոչինչ անել, մէկ է` սա մեր երկիրը չէէ: Եւ իրաւացի են: Տեսնում ենք յարուցուած դատական գործերի արդիւնքները: Այո՛, մեզ համար սահման են գծել, մենք էլ չենք ուզում այդ սահմանն անցնել: Սահմանը մի կողմ դնենք, մեր ուշքն ու միտքը Լոզանի պայմանագրով մեզ տրուած իրաւունքներն են, սակայն այն մէկ դար առաջ էր. ես ուրիշ աշխարհում եմ ապրում, այլ իրաւունքներ ունեմ: Ինչպէս որ 21-րդ դարում Եւրոպայի երկրներում բնակուող փոքրամասնութիւնները կամ, թողենք Եւրոպան, այնտեղ խնդիրներ կան, Քանատայում կամ էլ պալթեան երկրներում, այսինքն` ամենաժողովրդավար երկներում փորամասնութիւններն ինչ իրաւունք որ ունեն, մենք էլ ենք դա պահանջում: Եւ ինչպէս որ ասացի, մեր պահանջները միայն հայերի համար չեն:
Վերադառնալով Կեզիի զբօսայգուն` ասեմ, որ մենք, ըստ էութեան, հայ լինելու համար չէինք այնտեղ: Եւ ոչ էլ այն պատճառով, որ այնտեղ ժամանակին հայկական գերեզմանոց է եղել կամ է Կեզի զբօսայգին է: Մենք նախ եւ առաջ այնտեղ էինք` պաշտպանելու մեր զբօսայգին: Այդ շրջանում ցոյցերն արգելուած էին, 3-րդ կամուրջը կառուցուեց, բնապահպանութեան համար մի շարք ցոյցեր տեղի ունեցան, եւ մենք առաջին իսկ օրուանից այնտեղ էինք: Գիշերն այգում լուսացրեցինք, անգամ երբ ոստիկանութիւնն առաջին անգամ յարձակուեց ցուցարարների վրայ, այնտեղ էինք: Մենք նոյնպէս մասնակցում էինք այդ բողոքի ցոյցին: Ինչպէս որ մարդիկ բողոքում, իրենց դժգոհութիւնն էին արտայայտում, մենք էլ նրանց նման, նրանցից մէկն էինք: Թաքսիմի հրապարակի կողմից «Նոր Զարթօնք»-ի գրասենեակը մօտ է Կեզիին, այն բացեցինք մարդկանց օգնութիւն ցուցաբերելու համար: Լա՛ւ, յաղթեցինք, բա հիմա ի՞նչ ենք անելու, սկսեցինք մտորել: Մտածեցինք, որ այս զբօսայգու վերաբերեալ շատ բանի են անդրադառնալու, սակայն ոչ ոք այս զբօսայգու պատմութեան մասին չի խօսելու: Ասացինք մի քիչ էլ այս զբօսայգու պատմութեանն անդրադառնանք, որովհետեւ այդ ցոյցերի ժամանակ վարչապետ Էրտողանն ասաց. ,դուք պատմութիւն չգիտէք, այնտեղ ժամանակին հրետանու զօրամաս է եղել, մենք տէր ենք կանգնում մեր պատմութեանըէ: Մենք էլ մամլոյ հաղորդագրութիւն ուղարկեցինք` ասելով. «Այո՛, զօրամասի պատմութիւնը կայ, սակայն դրանից առաջուայ պատմութիւն էլ գոյութիւն ունի: Դրանից առաջ այնտեղ եղել է Սուրբ Յակոբ հայկական գերեզմանատունը: Խորհրդանշական տապանաքար պատրաստեցինք զբօսայգում, որը զբօսայգու մարդկանց ուշադրութիւնը գրաւեց եւ լուսանկարելով` տարածեցին ողջ աշխարհով մէկ:
Հ.- Եթէ չեմ սխալւում, Կեզի զբօսայգում շինարարական աշխատանքների ժամանակ տապանաքարեր էին յայտնաբերուել:
Պ.- Այո՛, ըստ էութեան, ցանկացանք շեշտել, որ այս երկրում որտեղ ուզում էք փորէք, հայերի հետքերին էք հանդիպելու. դրանք կա՛մ եկեղեցու պատեր են լինելու, կա՛մ էլ մարդու ոսկորներ: Մենք պէտք է այնտեղ զբօսայգու վերաբերեալ մի բան ասէինք եւ ասացինք. «Այո՛, ժամանակին մեր գերեզմանատունը մեր ձեռքից վերցրեցիք, սակայն մեր զբօսայգին չենք տալու, չէք կարողանալու վերցնել»: Իրօք չտուեցինք: Մարդիկ մասնակցեցին, աջակցեցին: Շատ հետաքրքիր բան տեղի ունեցաւ. Մարդիկ Թուրքիայի դրօշներով գալիս եւ ասում էին` «Օ՜, հայերն էլ են այստեղ»: Լուսանկարւում էին տապանաքարի մօտ: Պատկերացրէք` մեզ համար էլ էր մի փոքր տարօրինակ:
Հ.- «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան իշխանութեան գալուց յետոյ Թուրքիայում սկսուեցին քրտական եւ հայկական նախաձեռնութիւնները: Ինչպէ՞ս էք գնահատում յատկապէս հայկական նախաձեռնութիւնը: Թուրքիայի հայ համայնքի համար յատկապէս ո՞ր կուսակցութեան օրակարգն ու ծրագիրն է աւելի ձեռնտու:
Պ.- Ե՛ւ «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութիւնում, ե՛ւ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնում մի շարք հայեր կան: Իրավիճակը հետեւեալն է. այո՛, վերջին 10 տարուայ ընթացքում «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան իշխանութեան գալուց յետոյ հայերի իրաւունքները վերականգնւում են` բռնագրաւուած ունեցուածքը վերադարձւում է, սակայն սա հայերի գեղեցիկ աչքերի համա՞ր է կատարւում: Եւրոպական միութեան համարկման գործընթացով է պայմանաւորուած: Եւ կամ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնները Թուրքիայի եւ Հայաստանի ցանկութեա՞մբ էին: Նալբանդեանի եւ Տաւութօղլուի` արձանագրութիւնները ստորագրելու պահին նրանց հետեւում կանգնած Զուիցերիոյ, Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգներին արտաքին գործերի նախարարներին պէտք է տեսնել: Այսինքն` ոչ ոք ոչ մէկի գեղեցիկ աչքերի համար չի անում: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը ամէն անգամ այս զարգացումները մատուցում է որպէս շնորհ` «տեսէք, վերադարձնում ենք ձեր իրաւունքները»: «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան հայ համայնքի ներկայացուցիչները եւս ասում են` «նայէք, «Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը մեզ օգնում է»: Բնականաբար, իշխանութեան հետ գործնապաշտ յարաբերութիւններ հաստատելը, աշխատանքային կապեր ստեղծելը վաքըֆների նախագահների, հարուստ հայերի համար կարեւոր է, եւ սա միայն Թուրքիայում չէ. համայն աշխարհում է այդպէս: «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութիւնը իրեն համարում է պահպանողական ժողովրդական կուսակցութիւն, սակայն այդքան էլ ժողովրդավար չի երեւում: Թուրքիայի հայ համայնքը ներսից պահպանողական է, սակայն վախենում է, երբ երկիրն է դառնում պահպանողական: «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան այդ իսլամիստ պահպանողական թեւը վախեցնում է հայերին, եւ նման իրավիճակում «իսլամիստներն են գալիս» ասելով` գնում եւ իրենց ձայնը տալիս են Ժողովրդահանրապետական կուսակցութեան: Սրանք աշխարհիկներն են: Սակայն երբ նայում ենք Ժողովրդահանրապետական կուսակցութեան անցեալին, տեսնում ենք Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեանը` այսինքն Հայոց ցեղասպանութիւնն իրականացնողներին: 1915 թ. չաւարտուեց գործընթացը, այն շարունակուեց: Հանրապետութեան հաստատման առաջին շրջանում պատերազմական յանցագործ ճանաչուած անձինք Մալթայի աքսորից հետ վերադարձան: Այս մտայնութիւնը Ժողովրդահանրապետական կուսակցութեան մէջ մինչեւ 60-ական թթ. առկայ էր: Այժմ դրսից նայողի աչքով խորհրդարանին նայէք` «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութեան, Ժողովրդահանրապետական կուսակցութեան, Ազգային Շարժում կուսակցութեան, Խաղաղութիւն ժողովրդավարութիւն կուսակցութեան: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը իսլամիստական է, ինչի՞ հետ է կապւում: Անմիջապէս Ապտիւլ Համիտը կամ մէկ այլ անուամբ Կարմիր սուլթանն է մարդու միտքը գալիս: Ժողովրդահանրապետական կուսակցութեան ասելիս` Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը: Ազգայնական շարժում կուսակցութիւնը, ըստ էութեան, ֆաշիստական կուսակցութիւն է: Խաղաղութիւն ժողովրդավարութեան կուսակցութեան ասելիս` քրտերն ու Համիտեան գնդերը: Սակայն այստեղ մի փոքր տարբերութիւն կայ. բազմաթիւ քուրդ մտաւորականներ, Խաղաղութիւն ժողովրդավարութիւն կուսակցութեան անդամներ հայերից ներողութիւն են խնդրում, մէկ միլիոն տոլար տալով` վերանորոգում են Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին: Սակայն, բնականաբար, բոլոր քրտերն այդպէս չեն մտածում: Այս թեմաների վերաբերեալ խորհրդարանում միայն Խաղաղութիւն ժողովրդավարութիւն կուսակցութիւնը եւ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնն են խօսում: Հիմա դրսից նայելու դէպքում չպէտք է որեւէ կուսակցութեան հետ համագործակցել, սակայն որպէս «Նոր Զարթօնք»` մենք աջակցում ենք Խաղաղութիւն ժողովրդավարութիւն կուսակցութեան իր այդ առանձնայատկութեան համար եւ Ժողովրդահանրապետական կուսակցութեան, որը բոլոր փոքրամասնութիւններին ներառում է իր մէջ:
վերադառնալով Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան քաղաքականութեանը` պէտք է ասել, որ եթէ մենք այս երկրում խօսում ենք ցեղասպանութեան մասին, հանգիստ շնչում ենք, դա Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան շնորհը չէ, այլ պայմանաւորուած է Եւրոպական Միութեան հետ համարկման գործընթացով եւ ամենակարեւորը` Հրանդ Տինքի սպանութեամբ: Այսօր աւելի ազատ խօսելու եւ հանգիստ շնչելու համար մենք մեծ գին ենք վճարել, եւ այդ գինը Հրանդ Տինքն է:
Հ.- Այսինքն, եթէ այսօր Եւրոպական Միութեան հետ համարկման գործընթացը դադարեցուի, Թուրքիան այն կէտից, որին հասել է, յետքա՞յլ է կատարելու:
Պ.- Արդեօ՞ք նման գործընթացում չենք: Եւրոպական Միութեան հետ համարկման գործընթացը կանգնեցուել է, որի արդիւնքում երկրում հակաժողովրդավարական գործընթացներն աճել են: Երկու գործընթացները պայմանաւորուած են մէկը միւսով. մէկը միւսի արդիւնքն ու պատճառն են: Ինչպէս արդէն ասացի, առկայ է եւրոպական Միութեան հետ համարկման գործընթացը եւ Հրանդ Տինքի սպանութիւնը: Մենք Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ ենք սկսել աւելի հանգիստ խօսել: Պէտք է պայքարենք, անցնենք պետութեան գծած սահմանը եւ պայքարենք մեր իրաւունքների համար:
«Նոր Զարթօնք»-ը ստեղծուել է իրաւունքներին տէր կանգնելու, համախմբուելու եւ կազմակերպուելու համար: Մենք Թուրքիայում մի խօսք ունենք` «Այս երկրում բնակուողների 99 տոկոսը մուսուլման է»: Անգամ եթէ 1 տոկոս կամ 0.1 տոկոս լինենք, մէկ է` մենք այստեղ ենք: Մեզ սպաննեցիք, ոչնչացրեցիք, բնականաբար, սա ողջ ժողովրդի համար չեմ ասում, այլ այդ ժամանակուայ ղեկավարների համար, սակայն մենք դեռեւս այստեղ ենք եւ լինելու ենք, մենք չենք վերջանալու: Անգամ եթէ այսքան քիչ մնանք, մէկ է` մեզ այս հողերից չէք կարողանալու դուրս վռնտել:
«Ակունք»

