ՄԻ՞ԹԷ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԿՐԿՆՒՈՒՄ Է . ԿԱՄ` ՆՈՐԻՑ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Հին, բայց ոչ հնացած խօսք է` պատմութիւնը կրկնւում է: Քսաներորդ դարում Ռուսական կայսրութիւնը երկու անգամ (թէեւ երկրորդ անգամ` ՍՍՀՄ անուանումով) ցնցուեց` 1917-1918թ. եւ 1991թ.: Երկու անգամ էլ Հարաւային Կովկասում առաջացան պետութիւններ, երկու անգամ էլ տարակարծութիւններ առաջացան այդ պետութիւնների սահմանների վերաբերեալ եւ երկու անգամ էլ այդ իրավիճակը յանգեցրեց պատերազմների: Երկու անգամ էլ այդ պատերազմներում հայկական բանակը (նկատի ունեմ Հարաւային Կովկասի մասով) յաղթող դուրս եկաւ:

Առաջին անգամ միջազգային հանրութիւնը Հայաստանին համոզեց-պարտադրեց հայկական զինուած ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից կամ նորերը չտեղակայել այնտեղ:

Օրինակ, լայնօրէն յայտնի է Արեւելեան Անդրկովկասում Անտանտի երկրների զինուած ուժերի հրամանատար բրիտանացի զօրավար Ուիլիըմ Թոմսոնի 1918թ. դեկտեմբերի 2-ին (ինչպիսի խորհրդանշական ամսաթիւ) ներկայիս Բերդաձոր գիւղում զօրավար Անդրանիկին փոխանցուած նամակի պատմութիւնը: Նամակով Թոմսոնը Անդրանիկին յորդորում էր այլեւս առաջ չշարժուել եւ չմտնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ առաջիկայում Փարիզի Խաղաղութեան վեհաժողովում քննարկուելու էր նաեւ Հարաւային Կովկասի նորաստեղծ պետութիւնների սահմանների հարցը: Ակնարկն այն էր, որ պէտք չէ աւելորդ բարդութիւններ ստեղծել` առանց դրանց էլ Լեռնային Ղարաբաղը հայաստանեան է լինելու, քանի որ բացառապէս հայաբնակ էր: Հետագայում ղարաբաղցիներն առանց Անդրանիկի էլ կարողացան ընդհանուր առմամբ պաշտպանել իրենց երկրամասը, իսկ Ազրպէյճանի Հանրապետութիւնը, չնայած յաւակնութիւններին եւ յոխորտանքին, երբեք, անգամ Թուրքիայի ռազմական օժանդակութեամբ, ի վիճակի չեղաւ արդիւնաւէտ վերահսկողութիւն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ես նկատի ունեմ, ի հարկէ, մինչ այն պահը, երբ ղարաբաղցիները կերան բոլշեւիկեան կուտը:

Թոմսոնը ճիշդ էր, կամ մասամբ ճիշդ էր: Փարիզի վեհաժողովը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպէս նաեւ Դաշտային Ղարաբաղի զգալի մասը, մաս պիտի կազմէին Հայաստանի Հանրապետութեանը: Սակայն առանց այդ երկրամասում հայ զօրքերի առկայութեան` արդեօ՞ք այդ որոշումն ի կատար ածուեց:

Ներկայումս, հաշուի առնելով հետեւանքները, կարելի է տարբեր մօտեցումներ ունենալ Անդրանիկի արարքի հանդէպ: Սակայն յիշենք ժամանակի իրավիճակը եւ համեմատենք ներկայ իրավիճակի հետ.

ա) Ազրպէյճանի հիմնական դաշնակիցը եւ քաղաքական հովանաւորը` Թուրքիան, պատերազմում ջախջախիչ պարտութիւն էր կրել: Այսօր իրավիճակը բնաւ այդպէս չէ:

բ) Ազրպէյճանի Հանրապետութիւնը, թէեւ հռչակել էր իր գոյութիւնը, սակայն այն գոյութիւն չունէր ոչ տէ ֆաքթօ, քանի որ չունէր արդիւնաւէտ վերահսկում քիչ թէ շատ նշանակալից որեւէ տարածքի վրայ, եւ` ոչ էլ տէ ժիւրէ, քանի որ չունէր որեւէ երկրի ճանաչում: Այսօր իրավիճակը բնաւ այդպէս չէ:

Օսմանեան ճանաչումը տուեալ պահին չունէր իրաւական հետեւանք, քանի որ սոյն կայսրութիւնն ինքն անվերապահ անձնատուութեան պատճառով (30 հոկտեմբերի, 1918թ.) դադարել էր միջազգային իրաւունքի տէր լինելուց:

գ) Միջազգային հանրութիւնը հակամարտութիւնների լուծման հիմք միանշանակօրէն ընդունում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որը առաջ էր քաշուել Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի կողմից նրա յայտնի Տասնչորս կէտանոց ուղերձի մէջ, 1918թ. յունուարի 8-ին: Այս անվիճելի սկզբունքն էր դրուած բոլոր զինադադարների եւ նոր պետութիւնների սահմանների հիմքում: Այսօր իրավիճակը բնաւ այդպէս չէ: Ի դէպ, Ազգերի լիկայի Հայաստանի սահմանները որոշող յանձնաժողովը 1920թ. փետրուարի 24-ին հայ-վրացական եւ հայ-ազրպէյճանական սահմանների մասով վերահաստատեց այս դիրքորոշումը:

դ) Դաշնակից ուժերն Հարաւային Կովկասում, ի սատարում իրենց խօսքերի, ունէին 23 հազարանոց ուժեղ զօրաբանակ: Այսօր իրավիճակը բնաւ այդպէս չէ: Խօսւում է խաղաղապահների մասին, որոնք, ըստ վերջին տասնամեակների դառն փորձի, ի վիճակի չեն եղել իրենց իսկ պաշտպանել կամ կատարել ստանձնած առաքելութիւնը` Պալքաններում կամ Ռուանտայում:

Այս համեմատութիւնները կարելի է դեռ շարունակել եւ, ցաւօք սրտի, դրանք չեն լինելու յօգուտ մեր ժամանակների: Տեսնենք` ի՞նչ ունենք մենք հիմա, կամ ի՞նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են զօրքերը դուրս բերել մեր իսկ երկրից (կասկածողներին խորհուրդ կը տամ կարդալ Ազգերի լիկայի 1920թ. փետրուարի 24-ի զեկոյց-առաջարկը),  դիմացը խոստանալով` համոզել Ազրպէյճանին չսկսել պատերազմ, գոնէ մի քանի տարի: Ի հարկէ, պատերազմը բնաւ ցանկալի զարգացում չէ: Սակայն արդեօք ազատագրուած տարածքների յանձնումը երաշխաւորո՞ւմ է խաղաղութիւնը: Ի հարկէ` ոչ: Իմ խորին համոզմամբ, այն աւելի է հաւանական դարձնում պատերազմի վերսկսումը Ազրպէյճանի կողմից: Եւ հակառակի նման, չկայ եւ չի լինելու նախկին 23 հազարանոց զօրաբանակը, որ կանխի այդ պատերազմը: Թէեւ արդարութեան համար պէտք է նշել, որ որեւէ զօրաբանակի տեղակայում մեր տարածաշրջանում տեւական չի լինելու: Միւս գործօններին չեմ էլ անդրադառնում` այնքան ակնյայտ են տարբերութիւնները:

Հիմա ամենակարեւոր հարցը` ի՞նչ անել: Անել այն, ինչը նախատեսուած էր նման դէպքի համար: Դեռ ժամանակին հէնց այսօրուայ քաղաքական մեծաւորները որոշել էին` Հարաւային Կովկասի երկրներին տրւում էր խիստ սահմանափակ ժամանակահատուած (որն աւարտուել է 1920թ. նոյեմբերի 22-ին) փոխադարձ համաձայնութեամբ սահմանավէճերը կարգաւորելու համար: Փոխադարձ համաձայնութեամբ հարցերը չլուծուելու պարագային, սահմանները որոշւում են Ազգերի լիկայի (ներկայումս` ՄԱԿ) հովանու ներքոյ գործող յանձնաժողովի իրաւարարութեամբ «սկզբունքօրէն հիմք ընդունելով ազգագրական տուեալները»: Այսօր այս սկզբունքը կարող է կիրարկուել երկու տարբերակով` նախնական (հիմք ընդունելով 1920թ. տարեվերջի ազգագրական տուեալները), որով ոչ միայն Լեռնային, այլեւ Դաշտային Ղարաբաղն էր Հայաստանի Հանրապետութեան մաս: Սակայն Հայաստանը Ազրպէյճանին է զիջում մերձարաքսեան որոշ տարածքներ: Կամ` հաշուի առնելով վերջին 90 տարուայ զարգացումները (հիմք ընդունելով ներկայիս ազգագրական պատկերը), որով Հայաստանի Հանրապետութեանն են անցնում հայկական ուժերի կողմից ներկայումս վերահսկուող տարածքները, իսկ Դաշտային Ղարաբաղի տիտղոսը Հայաստանը զիջում է Ազրպէյճանին:

Այսօր ակնյայտ է, որ բանակցային գործընթացը, չնայած հայկական կողմերի բոլոր ջանքերին եւ քաղաքական չափազանց փափկանկատութեանը, յայտնուել է փակուղու մէջ: Հիմնական պատճառն այն է, որ Ազրպէյճանը պատրաստ չէ դոյզն իսկ զիջումի: Ըստ էութեան, նա Լեռնային Ղարաբաղին առաջարկում է աւելի ցածր կարգավիճակ, քան ԼՂԻՄ-ն ունէր մինչեւ 1988թ.: Այստեղ պէտք է շեշտել, որ միջազգային հանրութիւնը, յանձին միջնորդական խմբի, ունի մեղքի իր բաժինը: Փոխանակ Ազրպէյճանին պարտադրելու իրականացնել իր իսկ պարտաւորութիւնները (լայն առումով` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը յարգելու, իսկ աւելի նեղ առումով` զինադադարը յարգելու) իրականացնում է Ազրպէյճանին սիրաշահելու խիստ վտանգաւոր քաղաքականութիւն: Ի վերջոյ, խաղաղութեան պահպանմամբ ոչ միայն հայկական կողմերը պիտի շահագրգռուած լինեն: Ազրպէյճանի կորցնելիքը հաստատ աւելի շատ է լինելու եւ հետեւանքն` աւելի աղէտալի: Նաեւ թող մի քիչ էլ Արեւմուտքի գլուխը ցաւի իր ներդրումների ապագայի համար: Հաստատ մետաղի ջարդոնի գինն աւելի նուազ է, քան` նաւթային աշտարակների կամ նաւթա-կազամուղների:

Հասկանալի է, որ ներկայումս խիստ դժուար է փոփոխել բանակցային գործընթացի տրամաբանութիւնը, որի ակունքները գալիս են գրեթէ երկու տասնամեակի խորքից: Սակայն այլ ելք չկայ: Յատկապէս` քանի դեռ համաձայնեցուած չէ ամբողջը, ուրեմն համաձայնեցուած չէ ոչինչ: Երբեմն այլընտրանքի բացակայութիւնն է դառնում հիմնական շարժիչ ուժը, մեծ ջանքերի ու փոփոխութիւնների հիմնական մղիչը:

Ի վերջոյ, եթէ աշխարհի քաղաքական մեծաւորները այսօր պատրաստ չեն կենսագործելու առնուազն երեք փաստաթղթի մէջ (տես` Հայաստանի սահմանները որոշող Ազգերի լիկայի յանձնախմբի զեկոյցը եւ առաջարկները, 24 փետրուարի, 1920թ.: Սեւրի պայմանագիր, յօդուած # 92, 10 օգոստոսի 1920թ.: Ուիլսընի իրաւարար վճիռ, յաւելուած 1, թիւ # 2) ամրագրուած իսկ որոշումները, ապա ի՞նչ երաշխիք, որ վաղը հաւատարիմ կը մնան իրենց այսօրուայ կիսաբերան խոստումներին:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ

Share this Article
CATEGORIES