Արձանագրութիւններից Չե՞նք Հրաժարւում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովում, ապա եւ Քոլոմպիայի համալսարանի ելոյթներում նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ Հայաստանը «լրջօրէն քննարկում է հայ-թուրքական արձանագրութիւնները խորհրդարանից յետ կանչելու հարցը»: Զոյգ արձանագրութիւնները Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարան էին ուղարկուել գրեթէ հինգ տարի առաջ վաւերացման նպատակով, սակայն թուրքական կողմը առաջ` քաշեց նախապայման` հայկական կողմը պէտք է Արցախի հարցում գնայ զիջումների, այլապէս հայ-թուրքական սահմանը կը մնայ փակ, Անգարայի եւ Երեւանի միջեւ չեն հաստատուի դիւանագիտական յարաբերութիւններ:

Քոլումպիայի համալսարանում Սարգսեանը ընդգծեց, որ Հայաստանի իշխանութիւնները լրջօրէն քննարկում են մօտ ապագայում այդ արձանագրութիւնները յետ կանչել խորհրդարանից ոչ այն պատճառով, որ «դրանք վնասակար են», այլ որովհետեւ «դրանք ապրել են իրենց կեանքը»:

Այսպիսով, Սարգսեանը շարունակում է պնդել, որ արձանագրութիւնները վնասակար չեն, եւ երկրորդ, որ ամէնից կարեւորն է եւ որը մնաց քաղաքական գործիչների ու վերլուծաբանների ուշադրութիւնից դուրս, Հայաստանը իր ստորագրութիւնը յետ չի քաշի այդ արձանագրութիւններից, այլ միայն դրանք յետ կը կանչի խորհրդարանից: Մի բան է արձանագրութիւնները խորհրդարանից յետ կանչելը, բոլորովին այլ բան` դրանցից հրաժարուելը:

Անկասկած, Հայաստանի եւ անձամբ Սերժ Սարգսեանի համար դիւրին չէ այդ արձանագրութիւններից հրաժարուելը երկու հիմնական` ներքին եւ արտաքին պատճառներով: Առաջին, եթէ հրաժարւում ես արձանագրութիւններից, անուղղակի կերպով ընդունում ես, որ դրանց բովանդակութիւնը կամ որոշ ձեւակերպումներ հայկական կողմի շահերից չեն բխում: Մինչդեռ տարիներ շարունակ պաշտօնական Երեւանը պնդել է, որ այդ արձանագրութիւնները հայանպաստ են, դրանցում չկան նախապայմաններ, եւ եթէ դրանք հայանպաստ չլինէին, ապա թուրքական կողմը ժամ առաջ դրանք կը վաւերացնէր: Երկրորդ, միջազգային հանրութիւնը չափազանց կարեւորել է այդ արձանագրութիւնները, գովասանքի խօսքեր հնչեցրել Հայաստանի եւ Սերժ Սարգսեանի հասցէին, հետեւաբար դիւրին չի լինի դէմ գնալ արեւմտեան գործընկերների` Միացեալ Նահանգների եւ եւրոպական երկրների ցանկութիւններին:

Բայց նաեւ երրորդ, ոչ պակաս կարեւոր իրողութիւնը կայ: Արժէ՞ արդեօք ընդհանրապէս այդ արձանագրութիւններից հրաժարուելը, երբ դրանց վրայ փոշի է նստել, երբ դրանք արդէն մահացած են: Իրականում այդ արձանագրութիւնները մահացած են ստորագրման օրուանից, եւ եթէ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում չլինէին Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները, ապա ո՛չ Էտուարդ Նալբանդեանը, ոչ Ահմեթ Տաւութօղլուն դրանք չէին ստորագրելու:

Միւս կողմից, քանի դեռ հայկական կողմը այդ արձանագրութիւններից չի հրաժարուել, Թուրքիան շահարկելու եւ իւրաքանչիւր առիթի դէպքում յայտարարելու է, որ երրորդ երկրները պէտք չէ միջամտեն հայ-թուրքական յարաբերութիւններին, իրենց երկրներում քննարկման դնեն Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը: Հէնց արձանագրութիւնների հետեւանք է այն, որ վերջին հինգ տարիներին միայն մէկ երկրի` Շուէտի խորհրդարանն է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, այն էլ` մէկ քուէի առաւելութեամբ: Աւելի՛ն,. Շուէտի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը իրենց թուրք գործընկերներին ներողամտութիւնը հայցեցին:

Արձանագրութիւններից չհրաժարուելը մէկ այլ վտանգ է պարունակում: Ինչպիսի՞ն կը լինի  Հայաստանի դիրքորոշումը, եթէ Թուրքիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախաշեմին արձանագրութիւնները վաւերցնի: Դա քիչ հաւանական, բայց հնարաւոր տարբերակ է: Պաշտօնական Երեւանը բազմիցս յայտարարել է, որ թուրքական կողմի վաւերացումից յետոյ Հայաստանի խորհրդարանը եւս կը վաւերացնի դրանք:

ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի իր ելոյթի հիմնական մասը Սերժ Սարգսեանը նուիրեց Հայոց ցեղասպանութեանը, հայ-թուրքական յարաբերութիւններին եւ Արցախի խնդրին: Թուրքիան, սակայն, հպանցիկ անդրադարձաւ միայն ղարաբաղեան հակամարտութեանը: Նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը ՄԱԿ-ի ամպիոնից ունեցած իր ելոյթում յայտարարեց, որ` «Թուրքիան կը ցանկանար աւարտուած տեսնել Ազրպէյճանի տարածքների բռնագրաւումը»: Նկատենք, որ Սարգսեանը աւելի շուտ էր ելոյթ ունեցել, քան Էրտողանը, այնպէս որ, ցանկութեան դէպքում, Թուրքիայի նախագահը կարող էր հակադարձել Հայաստանի նախագահին:

Վերջին մի քանի տարիներին Սերժ Սարգսեանն ու արդէն նախկին նախագահ Ապտուլլահ Կիւլը շնորհաւորական ուղերձներ էին փոխանակում Հայաստանի եւ Թուրքիայի ազգային տօների առիթով: Կիւլը պարբերաբար շնորհաւորում էր սեպտեմբերի 21-ը, իսկ Սարգսեանը շնորհաւորում էր հոկտեմբերի 29-ը` Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման օրը: Այս տարի աւանդոյթը խախտուեց: Ոչ Թուրքիայի նախագահի, ոչ Հայաստանի նախագահի պաշտօնական կայքէջում չկայ տեղադրուած հաղորդագրութիւն, համաձայն որի Էրտողանը շնորհաւորել է Հայաստանի անկախութեան օրը` սեպտեմբեր 21-ը: Հետաքրքիր է` Սարգսեանը հոկտեմբերի 29-ի առիթով Էրտողանին ուղերձ յղելո՞ւ է:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES