Պատմութեան Համար. Վատերն Ու Լաւերը 1915թ. Ցեղասպանութեան Ժամանակ
ԱՅՇԷ ՀԻՒՐ
Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութիւնը տեղահանութեան եւ կոտորածների ժամանակ բաւականին վարպետօրէն օգտագործել է քրտերի, թուրքերի, չերքեզների, վրացիների, հայերի, ալեւիների, սիւննիների, քրիստոնեաների եւ եզիտիների միջեւ առկայ լարուածութիւնները:
1915թ. մայիսի 27-ին «պատերազմական պայմաններում կառավարութեան հրահանգներին ընդդիմացողների համար զինուորների կողմից կիրառուելիք միջոցների վերաբերեալ ժամանակաւոր օրէնքով պաշտօնապէս սկսուած 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը (մէկ այլ յօդուածով կը բացատրեմ, թէ ինչո՛ւ եմ այսպէս անուանում)», որի սկիզբը խորհրդանշական համարւում է 1915թ. ապրիլի 24-ին մի խումբ հայ մտաւորականների դէպի Այաշ եւ Չանքըրը աքսորը, հիմնականում Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան կողմից ուղղորդուող թուրքական ազգայնականութեան` փլուզման եզրին կանգնած Օսմանեան կայսրութեան փոխարէն թուրքական ազգային պետութիւն հիմնելու ճանապարհին որպէս առաջին քայլ` երկիրը ոչ մուսուլման տարրերից մաքրելու եւ ունեցուածքը իսլամականացնելու-թրքացնելու գործունէութիւն էր:
Որակեալ Մեղսակցութիւնը
Նման յանցագործութիւնը բնականաբար հնարաւոր կը լինէր իրականացնել կայսրութեան հպատակների զգալի հատուածի հետ համագործակցութեան արդիւնքում: Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութիւնը տեղահանութեան ու կոտորածների ժամանակ վարպետօրէն օգտագործել է թէ՛ քրտերի, թուրքերի, չերքեզների, վրացիների ու հայերի, թէ՛ ալեւիների, սիւննիների, քրիստոնեաների, եզիտիների եւ թէ՛ շրջանների, քաղաքների, գիւղերի, աշիրեթների եւ նոյնիսկ` անձերի միջեւ առկայ լարուածութիւնը:
Այսպիսով, հայերի (եւ բնականաբար` յոյների, ասորիների) նկատմամբ իրականացուած փախցնելու եւ բնաջնջման գործողութիւնների ժամանակ Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան ընդյատակեայ Յատուկ կազմակերպութեանը եւ բանակային միաւորումներին աջակցող, բազմաթիւ վայրերում այս գործողութիւնները անձամբ համակարգող եւ գործադրող այնպիսի տարբեր ցեղերից բաղկացած մուսուլման խմբերի միջեւ, ինչպիսիք են` թուրքերը, քրտերը, չերքեզները, չեչենները, վրացիները, «որակեալ» մեղսակցութիւն է ստեղծուել: Մնացեալ հայկական ունեցուածքը թալանած, հայ երեխաներին որպէս ծառայ կամ հոգեզաւակ վերցրած, աղջիկներին իրենց կանանոց առած տեղական ղեկավարները կամ էլ ժողովրդական զանգուածները, հայերից բռնագրաւած հարստութիւնը սեփական դրամագլխի վերածած առեւտրական քաղքենի դասակարգը, հայերից դատարկած արհեստի ասպարէզը զբաղեցրած արհեստաւորները եւս դարձել են այս մեծ յանցանքի բացայայտ կամ գաղտնի մեղսակիցները:
Վատերը
Տեղահանութիւն իրականացրած անձնակազմում էին «Հարպիյէ» ռազմական ակադեմիայի շրջանաւարտներից 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, զօրավար Մահմուտ Քամիլ փաշան, գլխաւոր սպայակոյտի Հետախուզութեան վարչութիւնից գնդապետ Սէյֆին, ռազմական նախարար Էնվեր փաշայի հօրեղբայր Հալիլ փաշան եւ խորթ եղբայր Նուրի (Քըլլըգիլ) փաշան Մոսուլի 6-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալի Իհսան Սապիս փաշան, Յատուկ կազմակերպութեան մարդասպան Եագուպ Ճեմիլը եւ «գիժ» Հալիթը (Քարսըալան), այնպիսի բժիշկներ, ինչպիսիք են` Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ Պէհաէտտին Շաքիրը, Նազըմը կամ էլ Տիգրանակերտի նահանգապետ Մեհմետ Ռեշիտը, այնպիսի բարձրաստիճան դիւանակալներ, ինչպիսիք են` «մահակով կառավարիչ» մականունով Տրապիզոնի նահանգապետ Ճեմալ Ազմին, նախ Երզնկայի նահանգապետ, այնուհետեւ Պիթլիսի (Բաղէշ) Պաղտատի եւ Մոսուլի նահանգների ընդհանուր նահանգապետ Մեհմետ Մեմտուհը, կրթութեան նախարար Ահմետ Շիւքրիւն, անվտանգութեան տնօրէն Իսմայիլ Ճանփոլատը, տեղական աւագանին, ինչպէս օրինակ` Կիրեսունից (Կիրասոն) Թոփալ Օսման աղան եւ Տրապիզոնից Եահեա Քահեան, Մալաթիայի միւֆթի Զակիրզատէն:
Բնականաբար, ամենասարսափելի յանցագործութիւնները գործել են տեղահանութեան կարաւանների վրայ օսմանեան պատմութեան մէջ մինչ այդ նմանը չունեցող բարբարոսութեամբ յարձակուած, կողոպտած աւազակապետերն ու աւազակային խմբերի անդամները, որոնք ծագում էին տարբեր հասարակութիւններից: Այս բարբարոսութեան ընդհանուր պատճառն այն էր, որ այս աւազակախմբերը անդամների մեծ մասին արիւնախում մարդասպանների միջից ջանասիրաբար ջոկել էին Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ դոկտոր Պէհաէտտին Շաքիրն ու Նազըմը: Նրանց, յատուկ հրամանով, բանտերից ազատել էին, որպէսզի իրականացնէին այդ դաժան պարտականութիւնները:
Լաւերը
Ի հակադրութիւն վատերի` եղել են նաեւ ղեկավարներ եւ բնակիչներ, ովքեր հայերին սպաննելու հրամանին ընդդիմանալու համար սպաննուել են, հայերին իրենց տներում թաքցրել են` դրանով իսկ վտանգելով սեփական կեանքը. օրինակ` 1914 թ. սկսած նախ Հալէպի, այնուհետեւ Գոնիայի նահանգապետ Ճելալ պէյը թոյլ չի տուել, որ իր նահանգի հայերին տեղահանեն: Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամի այն խօսքին, թէ այս արիւնոտ ճանապարհորդութիւնը «ազգային իտէալի» համար է, նա պատասխանել է` «Ո՞ր ազգային իտէալի: Թուրքերն ու մուսուլմանները այս ոճրագործութիւնների պատճառով արիւն են լացում, սակայն չեն կարողանում խոչընդոտել: Նման դաժանութիւններն ազգային իտէալ անուանելը ազգի համար ամենամեծ հայհոյանքն ու զրպարտանքն է»: Մինչեւ 1915թ. հոկտեմբերը, երբ պաշտօնից ազատուեց, խոչընդոտել է բազմաթիւ հայերի` նաեւ շրջակայ գաւառներից, Տէր Զօր աքսորելուն: 1915թ. օգոստոսին Անգարայի նահանգապետ Մազհար պէյը (հետագայում` 1918թ. Մազհար պէյը նշանակուեց Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարարութեան կողմից ստեղծուած այն հետաքննիչ յանձնաժողովի նախագահը, որը 1918թ. վերջերին եւ 1919թ. սկզբներին զբաղուեց հայերի տեղահանութեան եւ կոտորածների պատասխանատուների հետաքննութեան գործով, «Ակունք») պաշտօնից ազատուել է այն բանի համար, որ դէմ է արտայայտուել իր նահանգի հայերին աքսորելու հրամանին: Մազհար պէյը հետեւեալ կերպ է մեկնաբանել հրամանին դէմ արտայայտուելու իր որոշումը` «Ես նահանգապետ եմ, ոչ թէ աւազակ»:
Քէօթահիայի (Կուտինա, «Ակունք») կառավարիչ Ֆայիկ Ալին (Օզանսօ) չի բաւարարուել լոկ իր շրջանի հայերին աքսորելու հրամանին չենթարկուելով, Պալըքեսիրից, Աֆիոնից, Իզմիթից եւ Ատապազարից Քէօթահիա եկած հայերին ցուցաբերել է տարատեսակ օգնութիւն: Որպէսզի Քէօթահիայում չկուտակուեն, եկած հայերին, ըստ մասնագիտութեան եւ արհեստի, ուղարկել է շրջակայ գաւառներ եւ գիւղեր: Նա միւս գաւառներից Քէօթահիայում ապաստանած հայ աղքատներին է բաժանել այն 500 ոսկին, որը հաւաքել եւ Կարմիր մահիկին էին տուել Ֆայիկ Ալիի հովանու տակ վերցուած հայերը: Ֆայիկ Ալին գաղթականների համար ճաշարաններ է կառուցել: Որպէսզի հայ երեխաներն անուս չմնան, դպրոց է բացել եւ տնօրէն նշանակել մի հայի:
Քասթամոնուի նահանգապետ Ռեշատ պէյը, Եոզկաթի կառավարիչ Ճեմալ պէյն ու Էրզրումի նահանգապետ Թահսին պէյը չեն ենթարկուել բնաջնջման հրամաններին: Մալաթիայի քաղաքապետ Ազիզօղլու Մուսթաֆա աղան տեղահանութիւնը խոչընդոտելու իրաւասութիւն չունէր, սակայն բազմաթիւ մարդկանց է թաքցրել իր տանը: Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան անդամներից մէկի որդին սպաննել է նրան` ասելով, թէ` «պաշտպանում է անհաւատներին»: Լիճէի գայմագամ Հուսէին Նեսիմի պէյին, Պեշիրի գայմագամ Մուաւինի Սապիթ պէյին, Պասրայի նահանգապետ Ֆերիթ պէյին, Միւնթեֆեկի կառավարիչ Պետիի Նուրի պէյին եւ լրագրող Իսմայիլ Մեսթային սպաննել են Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան պարագլուխներից դոկտոր Ռեշիտ պէյի հրամանով: Իսկ Մարտինի կառավարիչ Հիլմի պէյը վերջին պահին է փրկուել մահից:
Սաւուրի գայմագամ Սըթքը պէյը 200 տոմինիքեան միսիոների թաքցրել է իր տանը: Միտեաթի գայմագամ Նուրի պէյը, Չերմիքցի Մոհամմետ Համտի պէյը, սաւուրցի Մեհմետ Ալի պէյը, սիլուանցի Իպրահիմ Հաքքը պէյն այն անձինք էին, ովքեր հայերին եւ ասորիներին օգնութիւն են ցուցաբերել: Եդեսիայի քաղաքարպետ Սըթքը պէյը մահից փրկել է ասորի համայնքին եւ հայ կաթողիկէ համայնքի առաջնորդներին: Եդեսիացի Հաճի Հալիլը մի ընտանիքի 7 անդամներին փրկելու համար թաքցրել է իր տան առաստաղում:
Բացի այդ, Տրապիզոնի շրջանի եւ Քասթամոնուի մի խումբ սիւննի թուրքեր, Գոնիայի մեւլանաները, Մարտինի ասորիները, Սինճարի եզիտիները եւ Տէրսիմի գըզըլպաշ աշիրեթների մեծ մասը փրկել են հայերին: Մինչդեռ Տէրսիմի ցանկապատ հանդիսացող Արաբկիրում, Էղինում (Ակն, «Ակունք»), Կիւրիւնում, Քեմախում, Երզնկայում, Դերջանում, Քըղիում եւ Բալուում հայերին ոչ միայն թալանել, այլեւ սպաննել են: Նոյն կերպ Սիրիայի Տէր Զօրում հայերին ապաստանած եւ ուտելիքով ապահոված բազմաթիւ արաբ աշիրեթների կողքին եղել են պետեւիներ, որոնք թալանել եւ սպաննել են: Ռաս ուլ Այնում որոշ չեչեններ հայերի վրայ յարձակուել, որոշներն էլ պաշտպանել են:
Գոնիայի Նահանգապետ
Ճելալ Պէյի Յուշերը
Յօդուածն աւարտենք «լաւ թուրքերից» Գոնիայի նահանգապետ Ճելալ պէյի 1919թ. «Վաքիչ» թերթում լոյս տեսած «Հայկական դէպքեր, պատճառներն ու ազդեցութիւնը» վերնագրուած յուշերից մի հատուածով. «Այո՛, մի խումբ հայեր օգնել են թշնամուն: Որոշ հայ պատգամաւորներ, նախընտրելով աւազակութիւնը, բազմաթիւ ոճրագործութիւններ են գործել: Կառավարութեան պարտականութիւնը մեղաւորներին ձերբակալելն ու միայն նրանց պատժելն էր: Եթէ սա անհնար էր, ապա պէտք էր այդ շրջանի հայերին ոչ թէ թշնամաբար, այլ բարեկամաբար եւ ժամանակաւոր այլ վայրեր տարագրել: Աւազակն ամէն ինչ կարող է անել, որովհետեւ աւազակ է: Իսկ կառավարութիւնը հետապնդում է միայն մեղաւորներին: Սակայն, ցաւօք, այն ժամանակուայ կառավարութեան մեծամեծերը քանի որ երբեք չէին կորցրել գաղտնի կազմակերպութեան ոգին, այս տեղահանութիւնն իրականացրեցին անխոհեմ ձեւով, որն անգամ արիւնարբու աւազակը չէր կարող իրականացնել: Այդ ժամանակուայ կառավարութիւնը քանի որ մտածում էր` ռուսները յարձակուելու են Սաքարիայի հովտի վրայ, հայերն էլ նրանց աջակցելու են, որպէս կանխարգելիչ միջոց` ասում էին, որ տեղահանութիւնը տարածուելու է մինչեւ Անգարա, Գոնիա եւ Էսկիշեհիր: Այդ ժամանակ քանի որ ռուսները դեռ նոր էին զրահանաւերով մատակարարուել, մենք դեռ իշխում էինք Եաւուզում, Լեսպոսում եւ Սեւ ծովում, անհնար էր, որ ռուսների զինուորները մտնէին Սաքարիայի աւազան: Եկէք` այս հնարաւորութիւնն էլ ընդունենք… Ինչո՞ւ Պուրսայի, Էտիրնէի (Ատրիանապոլիս, «Ակունք») եւ Թեքիրտաղի հայերին տեղահանեցին: Այս տեղե՞րն էլ էին մտնում Սաքարիայի աւազանի մէջ: Հալէպում նահանգի բնակչութեան 1/70 անգամ չկազմող հայերից ի՞նչ էին ուզում: Ճիշդ, սխալ հայրենիքի բարօրութեան համար հայերին իրենց բնակավայրերից հանելը եթէ անգամ անհրաժեշտութիւն լինի, նման ձեւո՞վ պէտք է իրականացուի: Կառավարութիւնը, որը հրամայում է հայերին ուղարկել Տէր Զօր, մտածե՞լ է, թէ այս խեղճերն այնտեղ արաբ քոչուոր ցեղերի մէջ առանց կացարանի ու սննդի ինչպէ՞ս են ապրելու: Եթէ մտածել է, ապա հարցնում եմ` այնտեղ որքա՞ն սնունդ են ուղարկել, գաղթականների համար քանի՞ տուն է կառուցուել: Հայերի նման դարեր շարունակ նստակեաց կեանքով ապրող ազգին Տէր Զօրի անապատներում, որտեղ ջուր եւ շինարարական այլ նիւթեր չկան, բնակեցնելու նպատակը ո՞րն էր: Ցաւօք, խնդիրը մերժելու եւ աղաւաղելու հնարաւորութիւն չկայ: Նպատակը ոչնչացումն էր, ոչնչացրեցին: Կրկին թաքցնել ապարդիւն է, այս որոշումը կայացրել են Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան ընդհանուր կենտրոնի յայտնի անդամներից ոմանք, եւ, բնականաբար, այն կեանքի է կոչել կառավարութիւնը, որը բաղկացած է այդ ընդհանուր կենտրոնի անդամներից:
Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան ընդհանուր կենտրոնը Պալքանեան պատերազմից առաջ հեշտութեամբ կարգաւորել է նաեւ Մակեդոնիայի հարցը: Կենտրոնի անդամներից մէկի կարծիքով, Մակեդոնիայի հարցը բնակչութեան հարց է. եթէ իսլամ բնակչութիւնը շատանայ, ապա հարցն ինքնըստինքեան կը կարգաւորուի: (…) Երկու թիւերի միջեւ յարաբերակցութիւնը որոշելու համար թիւերից մէկը պէտք է մեծացնել, միւսը` փոքրացնել: Ռումելիի բնակչութեան միջեւ առկայ տարբերութիւնը վերացնելու համար պուլկարներին, յոյներին, սերպերին ոչնչացնելու հնարաւորութիւն չկար, դրա համար էլ փորձեցին Պասրայից բերել իսլամ գաղթականներին:
Իսկ Անատոլիայում նման դժուարութեան կարիք չկար: Կազմակերպեցին հայերի ոչնչացումը: Սա անձամբ իրականացրել է ոչ թէ ընդհանուր կենտրոնը, այլ` այն ժամանակուայ կառավարութիւնը: Եթէ այդպէս չլինէր, ապա կոտորածներին չմասնակցած գայմագամներին սպաննելու, կառավարիչներին եւ նահանգապետերին աշխատանքից ազատելու դէպքում, կոտորածներին մասնակցածները ասպարէզում առաջ չէին գնայ: Տեղահանութիւնը Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան անդամների հսկողութեամբ չէր իրականացուի:
Այսպէս, ըստ իս, գալիս եմ խնդրի ամենակարեւոր կէտին. այս խառնաշփոթի, այդ կոտորածների եւ ոճրագործութիւնների համար թուրքերը եւս պատասխանատո՞ւ են, թէ` ոչ:
(…)
Ենթադրում եմ, որ առնուազն 3-4 հարիւր հազար (մէկ ու կէս միլիոն, «Ակունք») հայ է մահացել: Մի ազգ, որն այսքան արիւնաքամ է եղել, ճչալու եւ բողոքելու իրաւունք ունի: Այս իրաւունքի դէմ ոչ ոք չի կարող առարկել, սակայն միայն հայ չի մահացել: 2 միլիոնից աւելի թուրք ու արաբ էլ է մահացել: Թուրքերն ու արաբները եւս հայերի պէս խաբուած եւ անճար են: Նրանք էլ ճչալու եւ բողոքելու իրաւունք ունեն: Օսմանեան կայսրութեան ներկայիս վիճակը նմանեցնում եմ Էրզրում (Կարին, «Ակունք») նահանգի վերոնշեալ վիճակին, այսինքն ողջ երկրում երկու դասի մարդ կայ` բռնութեամբ օրէնքից շահ հետապնդող բռնակալներ եւ նրանց բռնութիւնների արդիւնքում ճնշուած թուրքեր, արաբներ, հայեր… Բոլորիս համար էլ աղէտի ծնունդ տուող պատճառներ կան: Հայրենիքից բաժանուելով` ճանապարհներին մահացած կամ էլ սպաննուած հայերի հետ եւ Սիրիայի անապատներում, Էրզրումի լեռներում քաղցից, հիւանդութիւնից, տապից մահացած կամ սպաննուած թուրքերը Ալճերիայում եւ Սիրիայում քաղցից փողոցներում հեծելով մահացող արաբների եւ Ճեմալ փաշայի հրամանով մահապատժի ենթարկուած եւ աքսորավայրերում ծայրայեղ աղքատութեան մէջ, տարաբախտ ուժը նոյն ուժն է: Հետեւաբար ե՛ւ թուրքերը, ե՛ւ արաբները հայերի պէս հայցուոր են: Մենք էլ ենք արդարութիւն պահանջում: Մէկս միւսին մեղադրելու փոխարէն, ձեռք ձեռքի տուած, քաղաքակիրթ աշխարհից արդարութիւն պահանջենք, եւ դարեր ի վեր եղբայրաբար ապրած արաբներին, թուրքերին եւ հայերին այս վիճակին հասցրածների պատիժը պահանջենք` ու քանի դեռ ուշ չէ, բաւականին յարմար կը լինի, կրկին փորձենք եղբայրաբար ապրել»:
Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»

