Իշխանութեան Հետ Քոալիսիոն Կազմելը Բացառւում Է

ardzvig_Interview-tert.amՀայ յեղափոխական դաշնակցութիւնը բացառում է գործող իշխանութեան հետ կրկին քոալիսիոն կազմելը, չնայած որ քոալիսիայից դուրս գալու պատճառ հանդիսացող հայ-թուրքական արձանագրութիւնները ԱԺ-ից յետ կանչելու հնարաւորութեան մասին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում յայտարարեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը: «Իշխանութեան հետ քոալիսիա կազմելը պարզապէս բացառւում է, ինչ վերաբերում է որոշակի խնդիրների հետ կապուած մեր գործունէութեանը, ապա համագործակցութեան կենտրոնում սահմանադրական փոփոխութիւններն են, եթէ կ՛անցնի մեր պատկերացրած պահանջը, մենք կ՛աջակցենք այդ սահմանադրական փոփոխութիւններին, ինչն առաջին քայլն է համակարգային ամբողջական իշխանափոխութեան»,- Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արծուիկ Մինասեանը:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Մինասեան, ինչպէ՞ս էք գնահատում ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը, արդեօ՞ք տեղին ու ժամանակին էր արուած հայ-թուրքական արձանագրութիւնները խորհրդարանից յետ կանչելու քայլը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Բնականաբար յայտարարութիւնը դրական եմ գնահատում, նաեւ` այն շեշտադրութիւնները, որ տրուեցին: Մենք միշտ կողմ ենք եղել արձանագրութիւնների չեղեալ համարելուն, հիմա առաւել եւս սկզբունքը կիրառելի է: Մեր համոզմամբ, արձանագրութիւնները օր առաջ օրակարգից հանելը Հայաստանին հնարաւորութիւն կը տայ շատ աւելի ամրացնելու իր դիրքերը թէ՛ միջազգային քաղաքականութեան, թէ՛ նաեւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացներում:

Հ.- Չէ՞ք կարծում ձեւակերպումները մի փոքր կտրուկ էին, մասնաւորապէս շատ քննարկուեց «գրողի ծոցը վաւերացնեն» արտայայտութիւնը:

Պ.- Դուք դա Դաշնակցութեա՞նն էք հարցնում. կարծում եմ` ոչ միայն գրողի ծոցը, այլ աւելի վատ ծոցեր պէտք է ուղարկուէին այդ արձանագրութիւնները:

Հ.- Պարո՛ն Մինասեան, հիմա, երբ Հայաստանի նախագահը «գրողի ծոցն» ուղարկեց հայ-թուրքական արձանագրութիւնները, ինչի պատճառով Հայ յեղափոխական դաշնակցութիւն խմբակցութիւնը 2010թ-ին դուրս եկաւ քոալիսիայից, հնարաւո՞ր է, որ քննարկէք կրկին քոալիսիա վերադառնալու հարցը, մանաւանդ որ այլ հարցերում նոյնպէս համաձայնութիւն կայ` խօսքը սահմանադրական բարեփոխումների մասին է:

Պ.- Քոալիսիա կազմելը պարզապէս բացառւում է, ինչ վերաբերում է որոշակի խնդիրների հետ կապուած մեր գործունէութեանը, ապա համագործակցութեան կենտրոնում սահմանադրական փոփոխութիւններն են, եթէ կ՛անցնի մեր պատկերացրած պահանջը, մենք կ՛աջակցենք այդ սահմանադրական փոփոխութիւններին, ինչն առաջին քայլն է համակարգային ամբողջական իշխանափոխութեան: Բացի այդ, միշտ այն թիւր կարծիքն է ձեւաւորուել, որ միայն այդ հարցի պատճառով է Դաշնակցութիւնը դուրս եկել քոալիսիայից, ի հարկէ ո՛չ: Սա պարզապէս այն վերջին կաթիլն էր, որը մեր քոալիսիայից դուրս գալու պատճառ դարձաւ. այնպէս որ, քոալիսիա կազմելը պարզապէս բացառւում է: Բազմաթիւ հարցերում մենք ունեցել ենք տարակարծութիւններ, տարաձայնութիւններ, որոնք ամփոփուած են Դաշնակցութեան յայտնի 7 կէտերի մէջ:

Երկրորդ` ո՞ր դէպքում է ձեւաւորւում քոալիսիա: Քոալիսիա արհեստականօրէն պէտք չէ ձեւաւորուի: Երբ չկայ մեծամասնութիւն խորհրդարանում, քոալիսիա են ձեւաւորում, որպէսզի ապահովի այդ մեծամասնութիւնը: Ակնյայտ է, որ այս դէպքը այդ ձեւը չէ, եւ հետեւաբար, խօսել քոալիսիայի մասին այն ձեւով, ինչ ձեւով մենք նախկինում ունեցել ենք, ոչ միայն տեղին չէ ու տրամաբանական չէ, այլ նաեւ որեւէ իրական հիմք չունի:

Երրորդ պատճառը, եթէ խօսում ենք ընդհանրապէս համագործակցութեան հնարաւորութիւնների մասին, մենք յստակ ասել ենք` մեր այսօրուայ օրակարգային կարեւոր հարցերից մէկը սահմանադրական բարեփոխումներն են: Մենք աջակցելու ենք այն փաթեթին, որը, մեր պատկերացմամբ, կ՛ապահովի Հայաստանի զարգացումը, քաղաքական կեանքի առողջացումը, որովհետեւ այսօր մեր քաղաքական կեանքը պարզապէս հիւանդ է, եւ եթէ մենք ժամանակին չմիջամտենք, կը ստացուի, որ հիւանդութիւնը դառնում է անբուժելի, իսկ անբուժելի հիւանդութիւն նշանակում է ցանկացած իշխանութեան անընդհատ վերարտադրութեան մեքանիզմի գործունէութիւն: Հետեւաբար սահմանադրական բարեփոխումների մեր հիմնական մեխը քաղաքական համակարգի առողջացումն է, արմատական փոփոխութիւններն են եւ ամբողջական իշխանափոխութեան իրականացումը: Ի դէպ, այս բառակապակցութիւնը, որը շրջանառւում է բոլորի կողմից, եւ որը առաջին անգամ շրջանառութեան մէջ ենք դրել մենք, պատկերացնում են դրա իրականացումը շատ պարզ ու հասկանալի ձեւով` ամբողջ համակարգերը` սկսած պետական իշխանութեան կազմաւորումից մինչեւ տեղական իշխանութեան կազմաւորում, պէտք է փոփոխութեան ենթարկուեն` հիմքում ունենալով ընտրական համակարգը: Եթէ ընտրական համակարգը չփոփոխուեց, եթէ ընտրական համակարգում մնացին այսօրուայ արատաւոր դրսեւորումները, ոեւէ մէկը պատասխանատուութիւն չկրեց ոչ արդար ընտրութիւնների անցկացման համար, մենք չենք կարող ունենալ արդիւնաւէտ պետական կառավարում, հետեւաբար անձի հետագայ պաշտօնավարումը այլեւս կը դառնայ մեքանիկական գործօն: Ուստի երկրորդ կարեւոր փուլը համակարգային փոփոխութիւնների առաջին եւ ամբողջ կազմաւորման սկզբունքի փոփոխութիւնն է, երկրորդ ընտրութիւնների միջոցով` անձանց հեռացումը իշխանութիւնից:

Սա է մեր պատկերացրած համակարգային իշխանափոխութիւնը: Մենք ցանկացած դէպքում, երբ ասում ենք առաջինը անձն է, ոչ թէ համակարգն է, ստացւում է յայտնի ասացուածքը` «Եզները դնում ենք սայլից յետեւ»:

Share this Article
CATEGORIES