ՀՅԴ Արցախի Կառոյցը Դեռեւս Զբաղած Է Ընտրական Օրէնսգիրքով
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար, ԱԺ կրթութեան եւ գիտութեան յանձնաժողովի նախագահ Արմէն Սարգսեանը «Ժողովուրդ»-ի հետ զրոյցում յայտարարեց, որ այժմ իրենց առաջնահերթութիւններից է ԼՂՀ ընտրական օրէնսգրքի բարեփոխումը, քանզի 2015 թուականի ապրիլին Արցախում ԱԺ ընտրութիւններ են: Իսկ ահա դրանից յետոյ արդէն ԼՂՀ Աժ-ում կը քննարկուի սահմանադրական բարեփոխումների հարցը:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Սարգսեան, ՄԱԿ Ընդհանուր ժողովի 69-րդ նստաշրջանում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրութիւններին Սերժ Սարգսեանը յայտարարեց, թէ «Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ յաճախ արձագանգում են շատ պարզ. «Գրողի ծոցը վաւերացնէք»: Նախօրէին Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէում նիստ էր, անդրադարձ եղե՞լ է Ս. Սարգսեանի այդ յայտարարութեանը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մենք այդ հարցին չենք անդրադարձել, քանի որ օրակարգային այլ հարցեր ունէինք: Բացի այդ, տուեալ հարցի հետ կապուած Դաշնակցութեան կարծիքը ձեզ բոլորիդ յայտնի է եւ այն երբեւիցէ չի փոխուել:
Հ.- Տեղեկութիւններ կան, որ Հայաստանում ՀՅԴ-ն կրկին պատրաստւում է ՀՀԿ-ի հետ քոալիցիոն յուշագիր ստորագրել, ինչի նախապայմանը եղել է հայ-թուրքական արձանագրութիւնները յետ կանչելը: Դուք տեղեա՞կ էք այդ մասին:
Պ.- Ղարաբաղի Դաշնակցութիւնը նման լուր չունի, մէկը միւսի հետ կապել, իմ կարծիքով, պէտք չէ: Բայց նման հարցերը կարող էք Գերագոյն մարմինին ուղղել, քանի որ Ղարաբաղի ՀՅԴ-ն Հայաստանի ՀՅԴ կազմում չէ, ինքն անկախ միաւոր է ու երկուսս միասին կապուած ենք ՀՅԴ բիւրոյի հետ: Հետեւաբար մենք այդպիսի բան չենք լսել:
Հ.- ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնն այժմ միակ ոչ իշխանական քաղաքական ուժն է, որը դրական է վերաբերւում սահմանադրական բարեփոխումներին: Ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԼՂՀ ՀՅԴ-ն այս հարցում:
Պ.- ԼՂՀ Դաշնակցութիւնը սահմանադրական բարեփոխումների համար պայքարողներից մէկն է, խորհրդարանական հանրապետութիւնը տարիներ շարունակ Դաշնակցութեան պայքարի գաղափարն է եղել: Այստեղի Դաշնակցութիւնը եւս պատրաստւում է, որպէսզի ԼՂՀ-ում եւս սահմանադրական բարեփոխումներ լինեն, բայց այսօր մենք աշխատում ենք Ընտրական օրէնսգրքի վրայ: Ընտրական օրէնսգրքի հետ կապուած շատ հարցեր կան, որոնց շուրջ այսօր մեր կարծիքը չի համընկնում ուրիշ կուսակցութիւնների կարծիքների հետ, բայց յոյս ունենք ու շարունակում ենք քննարկելը: Մենք եւս պահանջում ենք, որ այստեղ լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգ, հիմա գլխաւորն այդ կէտն է, իսկ մնացած կէտերը միասին քննարկում ենք ու գալիս ենք ինչ-որ մի եզրակացութեան:
Հ.- Հայաստանում մեծ դժգոհութիւն կայ սահմանադրական բարեփոխումների հետ կապուած: Ին՞չ տեսակէտներ են հնչում այդ առումով ԼՂՀ-ում:
Պ.- Արցախն ունի իր իւրայատկութիւնը եւ այժմ ինչ-որ բան ասելը ճիշդ չէ, դեռեւս պէտք է քննարկենք, յետոյ ընդհանուր եզրակացութեան գանք: ԼՂՀ-ում 2015 թուականի ապրիլին Ազգային ժողովի ընտրութիւններ են, դրա համար մեզ համար առաջնայինը ընտրական օրէնսգիրքն է, երեւի ընտրութիւններից յետոյ քննարկենք սահմանադրական փոփոխութիւնները: Հիմա ցանկանում ենք աւելի կատարելագործուած օրէնսգիրք ունենալ:
Հ.- ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնը 3 անդամից է բաղկացած, ի՞նչ էք կարծում, արդեօք ձեզ կը յաջողուի՞ ընտրական օրէնսգրքի փոփոխութեան հարցում ամրագրել ՀՅԴ մօտեցումները:
Պ.- Մենք բոլոր հարցերն աշխատում ենք միասին քննարկել ու մէկ եզրակացութեան գալ, ի հարկէ կան հարցեր, որ չենք կարողանում անցկացնել, բայց Ղարաբաղում մի քիչ ուրիշ է, այդպէս տարանջատուած պատեր կուսակցութիւնների միջեւ չկան: Մեզ մօտ մի քիչ աւելի հեշտ են քննարկումները, բայց, ի հարկէ, երբեմն էլ լինում են հարցեր, որոնք սկզբունքային են` ստացւում է, կամ չի ստացւում: Ի տարբերութիւն շատ կուսակցութիւնների, մեր ծրագրերը ճշդուած են ու մէկ դաշնակցականն էլ կարող է ներկայացնել ամբողջ կառոյցի ծրագրերը:
Հ.- Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի հանրային փոխադրամիջոցների գինը թանկանալու է` 70-ից դառնալով 100 դրամ: Ին՞չ է պատրաստւում անել ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնը: Տեղեկութիւններ կան, որ ստեփանակերտցիները պատրաստւում են համընդհանուր բողոքի ցոյցեր կազմակերպել: ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնը միանալո՞ւ է այդ ցոյցերին:
Պ.- Այո՛, մեր խմբակցութեան պատգամաւորն այդ ամէնի հետ կապուած հարցադրում է բարձրացրել ու որոշակի ցոյցերի մեր երիտասարդները մասնակցել են: Կան նաեւ այլ ծրագրեր, որոնք մենք հետագայում կը քննարկենք: Ուզում ենք տնտեսական հաշուարկ անել, որպէսզի աւելի որոշակիօրէն կարողանանք հիմնաւորել այն, ինչ կայ:

