«Հայկական Գիւղ Են Վաճառում Թուրքիայում». Արիս Նալճը
Թուրքական «Թէ24» կայքում լոյս է տեսել պոլսահայ լրագրող Արիս Նալճըի յօդուածը, որը պատմում է վաճառքի դրուած հայկական գիւղի մասին: Լրագրողը գնացել է վաճառքի մասին յայտարարութեան հետքերով, զրուցել գիւղը վաճառողի հետ, ուսումնասիրել հայկական այդ գիւղի պատմութիւնը: Նա նաեւ պատմում է Պոլսի Շիշլի թաղամասում մի հնավաճառի մասին, որը վաճառում էր նախկինում հայերին պատկանած տներից վերցուած հնութիւններ: «Սիվիլնէթ»-ը յօդուածը թարգմանաբար ներկայացնում է ստորեւ:
– Բարե՛ւ, եղբա՛յր, ես հետաքրքրւում եմ այն յայտարարութեամբ, որ դուք տեղադրել էք «սահիպինտէն» կայքում:
– Ասա՛, ախպե՛ր ջան:
– Վաճառում ես հայկական գիւղ, այն որտե՞ղ է գտնւում:
– Գրուած է Օրհանկազիում, սակայն գտնւում է Պուրսայից դէպի Կեմլիք տանող ճանապարհին` Ասայիշ եւ Կիւվենլի գիւղերի մօտ:
– Ասում ես, թէ հայկական գիւղ է եղել: Այժմ ի՞նչ վիճակում է:
– Խառը չէ, թող դա չանհանգստացնի քեզ: Լազ, չերքեզ ու նման բաներ չկան այնտեղ:
– Այսի՞նքն:
– Գիւղում բոլորը մուհաճիր են (Պալքաններից եկած քոչուոր մուսուլմաններ, Սիվիլնէթ): Անհանգստանալու բան չկայ:
– Լա՛ւ, եթէ ես ամսուայ վերջին գամ, կարո՞ղ եմ տեսնել գիւղը, այն ենթակառուցուածքներ ունի՞, թէ՞ ոչ:
– Ունի, ինչպէ՞ս չունի: Ճանապարհները քարքարոտ են, սակայն մայրուղու մօտ է, գիւղն ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցուածքները: Այսինքն, ինչ կայ` գրել ենք յայտարարութեան մէջ, որ յետոյ սուտ դուրս չգանք: Այնտեղ հին հայկական գերեզմանատուն կայ:
– Այսինքն` ո՞նց թէ գերեզմանոց: Եթէ գերեզմանոց է, ապա այդ տարածքը պէտք է պատկանի Գերեզմանների վարչութեանը, այդպէս չէ՞:
– Ո՛չ, այնտեղ գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հին տէրերը ոսկորներ են գտել: Ինչ եմ ուզում ասել` տուն-մուն սարքելիս մի՛ վախեցիր դրանցից:
Այս զրոյցն իրական է:
Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Մեծ մօրս դաջուածքները» ժապաւէնի բեմադրիչ Սիւզան Խարտալեանը ընկերային ցանցի իր էջում տեղադրել էր այս յայտարարութիւնը: Ես էլ համացանցում փնտռեցի, գտայ ու կապ հաստատեցի կեմլիքցի յարգելի Մ. Ի. հետ, որն անշարժ գոյքի գործակալ է: Այդպէս տեղի ունեցաւ մեր խօսակցութիւնը: Ի հարկէ, պիտի ձեւացնէի, թէ գնորդ եմ: Հակառակ դէպքում` պատասխան չէի ստանայ:
Որքան մօտենում է 2015թ., պետութիւնը կարծես թէ շինծու փորձեր է անում` ցոյց տալով, թէ հետաքրքրուած է հայերի խնդիրներով, սակայն փոխանակ աւելանայ փոխըմբռնումը` շատանում են մարդիկ, ովքեր ինձ նամակներ են գրում` հայերի թողած ոսկիները եւ խլուած գոյքը վաճառելու նպատակով:
Արդէն մի քանի շաբաթ է` Մուհսին անունով մի մարդ ընկերային ցանցում գրում է, թէ` «արի՛, Մուշում ոսկիներ փնտռենք»:
Յաջորդ անգամ անպայման կը պատմեմ Կազիօսմանփաշայում սուրճի սեղանի շուրջ գանձագողերի պատմութիւնների, ինչպէս նաեւ այն մասին, թէ Մուշում ի՛նչ պատահեց ինձ եւ Մուհսինի հետ: Այժմ, սակայն, խօսում ենք վերոնշեալ յայտարարութեան մասին:
Այո՛, գնալու եմ: Ուղեկցելու եմ գանձագողերին` տեսնելու համար, թէ կարո՞ղ եմ համոզել, որ չքանդեն եկեղեցիներն ու հին գերեզմանատները: Իսկ եթէ քանդեն, իմ ձեռքով նրանց կը յանձնեմ ոստիկանութեանը. տեսնենք` նրանց հետ ինչպէ՞ս կը վարուեն:
Չեմ կարծում, թէ ինչ-որ բան կ՛անեն նրանց, սակայն ես անպատճառ պէտք է անցնեմ այս փորձութեան միջով: Պէտք է դա անեմ, որպէսզի հասկանամ հայերի ու յոյների ունեցուածքի վրայ յոյս դրած հազարաւոր մարդկանց հոգեբանութիւնը:
Թո՛ղ նրանք ինձ իրենց տեղը դնեն, ես էլ ինձ` իրենց տեղը, որպէսզի կարողանան հասկանալ իմ ցաւը:
Ինչեւէ, համացանցային կայքում տեսնելով «Վաճառւում է հայկական գիւղ» գրութիւնը, մտքովս ի՛նչ ասես` անցաւ:
Իսկ եթէ ցանկանում էք տեսնել վաճառուող հայկական գիւղերի ցանկը, յղումները` ստորեւ:
Մէկը` 105 հազ. թուրքական լիրա (մօտ 50 հազ. տոլար)
Միւսը` 75 հազ. լիրա (38 հազ. տոլար)
Շատ թանկ չեն…
Քարսաք Գիւղը
Վաճառուող գիւղի տարածքների եւ մրգատու այգիների քարտէզներին ծանօթանալուց, ինչպէս նաեւ փոքր հետազօտութիւն անցկացնելուց յետոյ հասկացայ, որ հաւանաբար գործ ունենք Կեմլիքի հայկական Քարսաք գիւղի հետ:
Այն գտնւում է Պուրսայից 42, Օրհանկազիից` 11 քմ հեռաւորութեան վրայ:
Չգիտեմ, թէ ո՛ր թուականին է հիմնադրուել գիւղը, սակայն կան հին եկեղեցու աւերակներ, հայերին եւ յոյներին պատկանող գերեզմաններ (հէնց այս գերեզմանոցներն էլ վերոնշեալ վաճառուող տարածքներն են): Մինչեւ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումը գիւղի մեծամասնութիւնը յոյներ ու հայեր էին: Հանրապետութեան հիմնադրումից յետոյ արդէն Թրակիայից եկած գաղթականները զբաղեցրեցին յոյների եւ հայերի բնակավայրերը: Շրջանառուող առասպելի համաձայն, 1900-ականների սկզբներին Պուլկարիայից եկած գաղթականները ցանկացել են հաստատուել այդ գիւղում, սակայն նրանց խանգարել են այդ կողմերի գիւղերի հայերը:
Դրութիւնը բարդացել է, եւ գործին միջամտել է այդ ժամանակաշրջանի ոստիկանութիւնը, ինչի պատճառով Քարսաքի վերին ու ստորին հատուածներում կառուցւում է երկու գիւղ, որոնք բնակեցւում են Պուլկարիայից գաղթած թուրքերով:
Այդ գիւղերի անուններն են` Ասայիշ (թուրքերէն` հանգիստ) եւ Կիւվենլի (թուրքերէն` ապահով, Սիվիլնէթ):
Ի՜նչ խորհրդանշական անուններ են, չէ՞:
1915-ին եւ հետագայ տարիներին ցեղասպանուած, աքսորուած հայերին պատկանող ամայացած գիւղերը ոչնչանում են, եւ դրանց տարածքի հաշուին ընդլայնւում են վերոնշեալ երկու գիւղերը: Հայկական գիւղը վերանում է քարտեսի վրայից եւ ներառւում շրջակայ գիւղերի տարածքի մէջ:
Կարծես թէ խուսափել են գերեզմանոցներից, եւ հէնց այդ պատճառով էլ մինչեւ 2014թ. ոչ ոք ձեռք չի տուել:
Եթէ ցանկանում էք աւելի մանրամասն իմանալ Կեմլիքի հայերի մասին, այցելէք այս կայքը` http://team-aow.discuforum.info/t3580-Gemlik-Kazasi.htm:
Ես երբեմն մտածում եմ, որ մենք` հայերս, ունենք մեր սեփական գաղտնի ալեհաւաքը:
Որտեղ էլ լինէք, մի հայ կը գտնէք:
Այդ հարցում մենք վարպետ ենք: Ըստ երեւոյթին, մեր «սակաւութիւնն» է պատճառը:
Երբ իմանում ենք, որ նոյնիսկ մի հայ կայ, մեր թիւը մէկով աւելանում է, մեզ աւելի լաւ ենք զգում:
Ասում ենք` «տեսէ՛ք` Չինաստանում էլ մենք կանք» (չնայած` այնտեղ ունենք մեծ հայկական համայնք):
Երբեմն ես ու կինս` Լինտան, «ի. պէյ» եւ թուրքական համանման ցանցերում գրում ենք «Էրմենի» (թուրքերէն` հայ, Սիվիլնէթ) կամ «Արմինիըն», եւ որոնում ենք:
Ձեզ կը զարմացնեն արդիւնքները:
Արհեստականօրէն հնեցուած ափսէներ, որոնց վրայ յունարէն է գրուած:
Թղթեր, որոնք իբր թէ գանձ փնտռելու քարտեսներ են:
Ահաւասիկ` վաճառուող հայկական գիւղեր:
Ի հարկէ կան նաեւ ճիշդ բաներ:
Հին փաստաթղթեր
Գրքեր
Ամսագրեր
Բացիկներ
Լուսանկարներ
Հին սկաւառակներ
Ձայնասկաւառակներ
Եւ էլի ինչե՜ր, ինչե՛ր:
Եւ դրանից ինձ թէ՛ լաւ եմ զգում եւ թէ՛ վատ: Քանի որ այդ հնութիւնների` այդտեղ յայտնուելու պատճառը կա՛մ նախկին տէրերի գոյութիւն չունենալն է, կա՛մ այդ վայրերից գողացուած լինելը:
Շիշլիի (հայաշատ թաղամաս Պոլսի եւրոպական մասում, Սիվիլնէթ) մեր տան մօտ մի հնավաճառ կար:
Ամէն շաբաթ` ուրբաթ օրերին, մի ինքնաշարժ գալիս եւ ճամպրուկով փաստաթղթեր էր դատարկում այդ խանութում:
Հին քրքրուած իրեր էին, սակայն` մեծ քանակութեամբ, պարկերով:
Մի օր իմացայ, որ այդ թղթերն ու հնութիւնները հանգուցեալների լքուած տներից են վերցուած:
Ժամերով խորասուզւում էի փաստաթղթերով լեցուն պարկերի մէջ:
Դրանք Փարիզում աշխատող մի հայ բժշկի` կնոջը գրուած նամակներ էին:
Տնից հաւաքելու-գողանալու ընթացքում ընդհանրապէս հոգ չէր տարուել դրանց մասին:
Էջերը ճմռթած, ճղուած էին. դժուարութեամբ էի կարդում:
Եթէ կար, օրինակ, առաջին էջը, չկար երկրորդը:
Լաւ է գոնէ որոշների վրայ թէ՛ առջեւի, թէ՛ յետեւի կողմում ձեռագիր գրութիւններ կային:
Նկատի ունեցէք` դժուարութիւններից մէկն էլ բժշկի հայերէն ձեռագրերն էին, հազիւ էի նմանեցնում ինչ-որ բանի:
Սակայն ամէն նամակի յետեւի կողմում բանաստեղծութիւն կար:
Ինչեւէ, երբ մտայ խանութ, հնավաճառը որոշեց պարկը 100 թուրքական լիրայով (50 տոլար) վաճառել ինձ, բայց երբ սկսեցի աւելի մանրակրկիտ ուսումնասիրել եւ խորասուզուել բժշկի բանաստեղծութիւնների մէջ, ամէն մի նամակի գինը հասաւ 25 (13 տոլար) լիրայի:
Մի պարկի գինն արդէն մօտենում էր 1000 թուրքական լիրայի:
Վերջում վիճեցի այդ մարդու հետ եւ հեռացայ:
Դրանից յետոյ, երբ անցնում էի այդ փողոցով, նա ինձ խեթ-խեթ էր նայում:
Անցած անգամ նայեցի` նամակները դեռ այնտեղ են, չեն վաճառուել:
Հետաքրքրուողների համար` կրպակը գտնւում է Ռեհա Եուրտաքուլ փողոցի սկզբնամասում:

