«Մայր Հայաստանը» Ճիոթթոյի Զանգակատան Ներքոյ

ՄԱՍՍԻՄՕ ԼԻՓՓԻ

1011_MassimoLippiՍտորեւ կը ներկայացնենք իտալացի նշանաւոր արուեստագէտ փրոֆ. Մասսիմօ Լիփփիի յօդուածը իտալահայ կերպարուեստագէտ Վիգէն Աւետիսի եւ Հայոց ցեղասպանութեան զոհերուն նուիրուած անոր քանդակին մասին:

Որպէս մեղմիկ մի զեփիւռ, որ լուսաբացին արթնացնում է մեզ գիշերային մղձաւանջից եւ աւերիչ Չարիքից, մեր աչքի առջեւ է յառնում Ոգուց ծաղկած մի նոր գաղափար` հզօր եւ նուրբ մի պատկեր, որ բխում է Աստուածային Սիրուց: Առաջին իսկ հայեացքից սրտի խորքը հասնող ամենաթափանց նրբութիւնն է Մայր Հայաստանի, որը հոգածութեամբ պաշտպանում է իր զաւակներին: Նա գրեթէ հրաշագեղ եւ ինքնաբաւ մի Տիրամայր է: Դարերի ճամբան անցած ոսկեփայլ մի ամպ, որի հայեացքում վեհաշուք լեռներն են ու կորած գիւղերը, եւ որն այժմ գնում է իր խնամքը բաշխելու բազմահոգս արարածներին:

Այս լուսաւոր Մայրը Ողորմածութեան մի աստղ է, որի մարմինը չարչրկուած է սեփական զաւակների ջարդի անսահման տաժանքից: Դրա խորքում 1915 թուականին մէկ ու կէս միլիոն հայերի բնաջնջումն է: Սակայն Մօր մէջ գերիշխում է նաեւ Աստուածային նախախնամութիւնը, որ սնում է կեանքի փորձութիւններ դիմագրաւելու նրա կարողութիւնը: Նա Գթասրտութեան Մայր է: Կենսուրախ ու կենդանի ներկայութիւն նահատակ մի Ժողովրդից սերող կնոջ մի տեսակի, որի սիրտն ու ձեռքերը բացուել են, որպէսզի փրկութիւն շնորհեն սարսափելի կոտորածից: Այսուհանդերձ, հայ արուեստագէտ Վիգէն Աւետիսի այս գլուխգործոցի մէջ որեւէ նշոյլ անգամ չկայ այն ճչացող ցաւից, որն ուղեկցել է այս փառահեղ Ժողովրդին:

Վարպետը քրիստոնէաբար շրջանցել է ցասումի, սարսափի եւ հակառակորդից վրէժխնդիր լինելու կատեգորիաները` հոգու անզուգական հզօրութեամբ մէկնաբանելով սեփական ժողովրդի զգայունութիւնն ու բնոյթը, որ կայանում է վիրաւորանքի եւ ջարդի դիմաց սիրոյ քաղաքակրթութեամբ հատուցելու մէջ: Ուշադիր զննենք այս յիրաւի կոթողային աշխատանքը` իր փլասթիք կազմուածքով, որը կառուցուած է աւելի շատ մտաւոր կարգապահութեամբ ու ջանասիրութեամբ, քան երկրաչափօրէն, եւ վերլուծենք հէնց Յուշարձան (Monumento) ասուածի հասկացութիւնը, որը սերում է «զսպել» բառից (ammonire), այսինքն` մարդու մէջ «զսպել» ցանկացած չարակամ միտում: Այստեղ, ըստ էութեան, մեր ձեռքի հպումը կանգ է առնում Մօր եւ իր անմեղ զաւակների առողջ մարմինների վրայ, որոնք դողահար շօշափում են նրա զգեստի թեւքերը: Կնոջ կերպարանքում զգալի է այն անսահման քաղցրութիւնը, որը բնորոշ է իւրաքանչիւր մօրն, ով սնում է եւ կանխատեսում իր ամէն մի վիրաւոր զաւակի տագնապն ու կանչը:

Հին Վարպետների շնորհքով կերտուած այս աշխատանքը ներկայացնում է հոգու առողջութիւն եւ մի զօրաւոր կորով, որը կոտրում է բռնութեան եւ ճնշուածութեան մութ կաղապարը: Այստեղ արտացոլուած է Հայաստանն` իր հոգեւոր մեծ երգիչներով եւ անդրաշխարհիկ գեղեցկութեամբ, մի անմահ զօրութեան կապով` արտայայտուած չորս զաւակների միջոցով, որոնք ամուր, զօրակցող եւ կենսուրախ, բռնուել են միմեանցից: Մայրը խնամում է նրանց իր հպարտ նրբագեղութեամբ, այն համակ ներգրաւուածութեամբ, որը, սակայն, որեւէ անհանգստութեան, յուզական որեւէ արգելքի թոյլ չի տալիս ներթափանցել: Վարպետ Աւետիսի աշխատանքն իր մէջ կրում է մի Ժողովրդի պատմութիւն, որն անցնում է իր սահմաններից այն կողմ եւ ձգւում դէպի խաղաղութեան եզերքը: Այս օրհնուած կերպարանքի հանդերձի ներքոյ բացւում է սիրոյ եւ գթասրտութեան մի անսահմանութիւն: Քրիստոնէական արուեստի պատմութիւնը լի է իր զաւակներին պաշտպանող Տիրամօր այս սփոփիչ կերպարով: Ֆլորանսի գթասրտութիւնն այսուհետ գմբէթարդ տաճարի հարեւանութեամբ իր պատուաւոր հանգրուանում` Ճիոթթոյի զանգակատան ներքոյ, կը ցուցադրուի որպէս յուշարձան` յիշեցնելով իրենով հիացող քաղաքացիներին եւ աշխարհի տարբեր անկիւններից ժամանած անթիւ-անհամար զբօսաշրջիկներին այն կենսուրախ կարեկցանքի զգացումը, որ բեկում-անցնում է մարդու եւ ժողովուրդների պատմութեան միջով:

Այս կատարեալ Կինը իրականում Աստուածամօր վեհ կերպար է, որն իր զգեստի ներքոյ պահպանում է ժողովուրդներ եւ ազգեր, եւ արդարացի է այն, որ ճակատագրի ընտրութեամբայն յայտնուել է հէնց այս գթասիրտ ֆիորենթացիների պատկառելի ընկերակցութեան մէջ, ովքեր դարեր շարունակ (սկսած` 1244-ից) լուսաւոր միջնադարից, ամէն օր հոգու անդորր եւ սփոփանք են բերում իրենց եղբայրներին:

Յատուկ շնորհակալութիւն Ֆլորանսի Գթասրտութեան յուշարձանի վերակացուներ Անդրէա Չեքքերինիին եւ Փիեռ Ճաքոմօ Թոցցիին, ովքեր Վարպետ Վիգէնի արուեստի սիրահարներ են:  Արձանը բացուել է տեղի ժամանակաւոր յատկացմամբ, ինչը նաեւ կը պատուի Վարպետ Աւետիսին, ով մասնագիտօրէն կայացել է Ֆլորանսի Գեղարուեստի ակադեմիայում եւ այժմ նոյն քաղաքի պատուաւոր քաղաքացի է: Այնուհետեւ, այս աշխատանքը Չիլիայի եւ Քառռայի հետ միասին հանգրուան կը գտնի Նորվեկիայում` Քրակերօ  քաղաքի մերձակայքում: Յուշարձանը Դանիայում եւ Նորվեկիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Հրաչեայ Աղաջանեանի եւ նրա եղբօր` ձեռնարկատէր եւ բարերար Արսէն Աղաջանեանի պատուէրն է: Անձամբ ծանօթ եմ այս անձանց մօր` նկարչուհի եւ բանաստեղծուհի Սվետանայի հետ, եւ նրանից ստացել եմ բոլոր մայրերի եւ հայ կանանց հանդէպ խորագոյն սիրոյ եւ կապուածութեան զգացում, քանի որ նրանում կենսական է այն կորիզը, որն այժմ ամբողջ սփիւռքում ծլարձակում է այս յուշարձանի միջոցով: Յստակ տեսել եմ նրա սէրն ընտանիքի եւ ամենասրբազան աւանդոյթների հանդէպ:

Արուեստագէտի մօրը, ցաւօք,  չեմ ճանաչել, սակայն միանշանակ տեսնում եմ նրա արտացոլքը այս հրեշտակի կերպարի դիմագծերում, որը երազային թէ երեւակայական աղերսներով ձուլւում է արուեստագէտի կնոջ` Էլինայի դիմագծերին: Վերջինս էլ մայր է, որ իր կրծքի տակ այժմ կրում է այս Ժողովրդի համար յոյսի եւ լուսոյ դարմանի սաղմը` մի Ժողովրդի, որը սերում է բարձրադիր լեռներից եւ միմիայն հրեշտակների շնորհքին հասու նրբաճաշակութեամբ ուրուագծուած ժայռափոր եկեղեցիներից: Նկատենք մանրակերտ վանքը յուշարձանի ետնամասում: Բացուած այն ձեռքը, որն ընթացք է խորհրդանշում, դատարկ է, որովհետեւ լացը վերափոխուած է աւետող խինդի. «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն»:

Վիգէն Աւետիսը ներկայանում է որպէս կեանքի եւ քանդակագործութեան մի պոէտ, որն ունակ է մէկ պոռթկմամբ միաձուլել ամենահամամարդկային ապրումները, որոնք գեղեցկացնում, արդարացնում, վեհացնում եւ մաքրագործում են արուեստագէտի նրա առաքելութիւնը: Վատիկանի թանգարանների տնօրէն Անթոնիօ Փաոլուչչին Վարպետ Աւետիսի ստեղծագործութեան անկեղծ երկրպագու է: Եւ սա մի անգին կնիք է, որը ներկայացնում է հայոց հինաւուրց Ժողովրդին Միքելանճելոյի հանճարի հետ միաւորող արժէքի երաշխիքը:

 

 

 

Share this Article
CATEGORIES