Մենք Բացակայ Չենք Դնում

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

8gSAWW71svUԸնթացիկ տարին խորհրդանշում է մեծանուն բանաստեղծ Համօ Սահեանի ծննդեան 100-ամեակը: Բանաստեղծ, որ իր բացառիկ, ինքնատիպ տեղն ու դերն ունի հայ գրականութեան պատմութեան անդաստանում: Խորաթափանց, նուրբ հոգեմտային աշխարհ, բնաշխարհի, բնութեան հանդէպ վեհօրէն գեղեցիկ ընկալում, բանաստեղծական պատկերաւոր լեզուամտածողութիւն, բարձրագոյն մասնագիտական-գրողական օժտուածութիւն, եւ վերջապէս` գլխատառով հայորդու, հայրենասէրի բիւրեղ կերպար: Այսպիսի՛նն էինք ճանաչում Համօ Սահեանին: Այսպիսի՛ն է նա իր ժողովրդին պարգեւած-ժառանգած իւրաքանչիւր բանաստեղծութեան մէջ եւ իւրաքանչիւր բանաստեղծութեան ամէն տողում:

Տասնհինգ տարի առաջ հրատարակուած Համօ Սահեանի անտիպ բանաստեղծութիւնների ժողովածուն կրում է «Ինձ բացակայ չդնէք» խորագիրը: Սա` բանաստեղծի, քաղաքացու նուիրական իղձ է եւ միանգամայն` արդար եւ օրինաչափ, մանաւանդ` Համօ Սահեանի նման  անհատականութեան դէպքում: Այդ ժողովածուի իւրօրինակութիւնը կայանում էր նրանում, որ հեղինակը` ինքը, սեփական հայեցողութեամբ եւ տրամաբանական ներքին կառուցուածքով է կազմել այն: Գրքի խմբագիր Յովհաննէս Այվազեանը իր նախաբանում յայտնում է այն միտքը, որ այդ տակաւին անտիպ բանաստեղծութիւններից զատ, Համօ Սահեանը էլի ունէր անտիպներ, որովհետեւ ինքը` Յովհաննէս Այվազեանը բազմիցս ականատես է եղել, թէ ինչպէ՛ս Համօ Սահեանը թղթերի վրայ գրում ու ծալում-դնում էր սեղանին եղած թերթերի, ամսագրերի մէջ: Եւ յաճախ մոռանում էր, թէ ո՛ւր է դրել: Իսկ այդ թերթերն ու ամսագրերը, հնանալով, յայտնում էին… վառարանում: Այո՛, դրանք 1992-93 թ. հայաստանեան դաժան ձմեռներն էին, որ մնացին մեր յիշողութեան մէջ, որպէս հոգեւոր տուայտանքների, մշակութային, ստեղծագործագործական, ազգային արժէքների կորստի ժամանակափուլ: Համօ Սահեանը երազում էր տեսնել իր այդ ժողովածուն տպագրուած, մանաւանդ որ բաւականին ժամանակ էր անցել իր վերջին գրքի հրատարակումից: Սակայն ներքին մի կանխազգացում յուշում էր, թէ իր երազանքը իրականութիւն չի դառնայ:

«Յետ մահո՜ւ.. յետ մահո՜ւ», յաճախ քմծիծաղով ասում էր նա, եւ վշտացնում էր մեզ իր նման մտածելակերպով: Սակայն նրա նախազգացումն իրական հիմք ունէր, քանզի նիւթական հնարաւորութիւններ չլինելու պատ                ճառով այն տպագրուեց վեց տարի յետոյ, շնորհիւ բանաստեղծի ընկերոջ` Ալեքսան Կիրակոսեանի: Հրատարակողը մեզանում համբաւանուն «Վան Արեան» հրատարակչութիւնն էր:

«Այս գրքի կենսագրութիւնը նման է հեղինակի կենսագրութեանը, այս բանաստեղծութիւններում մեր առջեւ ճիշդ-ճիշդ ինքն է` Համօ Սահեանը: Խիստ ինքնատիպ, գեղեցիկ, անսպասելի: Որպէս մարդ կեանքից յոգնած ու հիւանդ, որպէս բանաստեղծ` թարմ ու գերող: Եւ ինչպէս միշտ, ինչպէս իր ամբողջ կեանքում, ակնյայտօրէն համեստութիւն էր անում, երբ դիմելով իր սերնդակիցներին եւ ինքն իրեն` ափսոսում է ու կշտամբում էր. «Ներշնչանք դեռ կայ, բայց էլ նոր բարձունք չի նուաճւում…»: Մինչդեռ ինքը նուաճում էր, ինքը բարձրանում էր:

Իրապէս, իր իսկ` Համօ Սահեանի խօսքերով ասած` անտառն իր մէջ էր, ինքը` անտառի, ինքը` իրիկնաժամի մեղեդիների երգիչ… Եւ ինչի մասին էլ գրէր, մշտապէս գերում էր իր ինքնայատուկ սահեանական գուներանգով, իւրաքանչիւր բառ-պատկերի, խոր վերապրուած յոյզի ու զգացումի բացառիկ անկեղծութեան ալեկոծումներով, հիացմունքի եւ դառը իմաստութեան բազմահնչեղ տարերքով:

«Ամէն մարդ իր օրն ունի, իսկ դարը, որ կայ, բոլորինն է», մտորում է բանաստեղծը: Իրաւամբ կարելի է ասել, որ ամէն մի գիրք իր ժամն ունի, եւ գիրքն այս եւ բոլոր գրքերը Համօ Սահեանի` ունեն իրենց ժամը, իրենց օրը, որ դարի համար բացող կանաչ ճանապարհ է:

Ամէն ինչում էր ինքնատիպ, իւրօրինակ, բացառիկ Համօ Սահեան մարդը, Համօ Սահեան բանաստեղծը: Նաեւ` իր խիստ ներանձնական,  նուրբ մարդկային ներքին ցանկութիւններում.

Դագաղիս համար
Դուք ծառ չկտրէք:
Ինձ մի հին կոճղի
Փչակում դրէք,-
Անտառի եզրին,
Բլուրի վրայ:
Որ գնամ գտնեմ
Արմատը նրա,
Որ գնամ նրա
Արմատը գրկեմ…
Եւ ի՞նչ իմանաս
Գուցէ թէ մի օր
Դէպի լոյս աշխարհ
Մի նոր շիւղ արձակեմ:

Համօ Սահեանի արձակած շիւղերը յաւերժօրէն դալար ապրում են մեր մէջ:

Ձեր լռութեան համերգում,
Համբերութեան հանդէսում,
Անվերջ, անշարժ ձեր երթում
Եւ ձեր կամքին հակառակ
Ինձ բացակայ չդնէք:

Մեր լռութեան համերգում եւ աղմկոտ առօրեայում, համբերութեան հանդէսում եւ անհամբեր մեր վազքում, անվերջ ու նաեւ եզրին մօտեցող մեր երթում, մեր կամքին հակառակ ու մեր սրտի ազնիւ մղումով`

Համօ Սահեան, մենք քեզ
Բացակայ չե՛նք դնում:

 

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

Երեւան-Պէյրութ

 

Կը Գամ

Եթէ մինչեւ անգամ
լսած լինես, թէ ես այս աշխարհում չկամ,
միեւնոյն է, կը գամ, ինչ էլ լինի, կը գամ,
ուր էլ լինեմ, կը գամ:
Եթէ մինչեւ անգամ ես կուրացած լինեմ,
եթէ մինչեւ անգամ լոյսդ մարած լինի,
վերջին յոյսդ քամին առած-տարած լինի,
առանց լոյսի կը գամ, ես այս անգամ կը գամ
մենութեան մէջ լացող երգիդ վրայ:
Եթէ մինչեւ անգամ
քո հաւատի հանդէպ դու մեղք արած լինես
եւ համարած լինես, որ աշխարհում չկամ,
եթէ մինչեւ անգամ հողս մաղած լինես,
եթէ մինչեւ անգամ մտքով թաղած լինես,
եթէ մինչեւ անգամ ինձ վտարած լինես,
վերյուշերիդ վերջին խոնաւ քարանձաւից,
միեւնոյն է, կը գամ, ինչ էլ լինի, կը գամ,
եւ կը ճչաս յանկարծ տարօրինակ ցաւից…
Կը գամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կը տանք,
լաց կը լինենք մեռած մեղքիդ վրայ:
Եթէ մինչեւ անգամ հազար սարի ետեւ
հազար կապով կապուած, խաչով խաչուած լինեմ,
տքնած-տանջուած լինեմ, միեւնոյն է, կը գամ,
ինչ էլ լինի, կը գամ, չկանչես էլ, կը գամ,
եւ կը բերեմ ես քեզ ուրախութիւն մի մեծ
անակնկալ դարձիս իրողութեամբ –
քո տան ու քո հոգու տարողութեամբ,
երազներիդ, կեանքիդ տեւողութեամբ:
կը գամ եւ կը դառնամ գտած բախտի ժպիտ
եւ հաւատի ժպիտ` տառապանքից մաշուած,
արտասուքից խաշուած դէմքիդ վրայ:
Եթէ մինչեւ անգամ մէջքս ծալուած լինի,
եթէ մինչեւ անգամ ոտքս վառուած լինի,
եւ ճակատիս հազար հողմի հարուած լինի,
միեւնոյն է, կը գամ, ուր էլ լինեմ, կը գամ:
գետնի տակից կը գամ,
մի հեռաւոր, անյայտ մոլորակից կը գամ,
կը գամ ու թափ կը տամ
յարդագողի փոշին շէմքիդ վրայ:

 

Ում Համար Իմ Ուշքը Գնաց

Ում համար իմ ուշքը գնաց,
նա ինձ համար երազ մնաց,
բայց երբ յետոյ ուշքի եկաւ
որ ջուր պիտի շաղեր վրաս,
ուշքի բերէր ժամանակին,
ուշացել էր… ուշ էր արդէն:
ով ինձ համար ուշքը կորցրեց
Ով գիտի ում սիրտը կոտրեց:
Չտեսնելու տուի անցայ
բայց երբ յետոյ ուշքի եկայ,
թէ ես ինչ եմ կորցրել անդարձ,
անուերադարձ, ուշ էր արդէն:
Եւ ապրում ենք ափսոսալով,
եւ դժուար ենք ուշքի գալիս,
որ ուշացած ուշքի գալով
մի ողջ կեանք ենք տանուլ տալիս:

 

 

Անունդ Տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
ժայռի մէջ մի տուն եմ յիշում,
ալեւոր կամուրջի յօնքին
ծիծեռի մի բոյն եմ յիշում,
թեքուած մի մատուռ եմ յիշում
եւ բերդի տեղահան մի դուռ,
աւերակ տաճարի մի վէմ
եւ բեկուած մի սիւն եմ յիշում:
Յիշում եմ լքուած մի թոնիր,
բերանին մամռոտած մի խուփ,
մամռոտած որմի խոռոչում
մասրենու վարսաթափ մի թուփ,
աշխարհի քարերին մաշուած,
աշխարհից խռոված մի ցուպ,-
եւ հեռւում ինչ-որ ուշացած
ձիերի դոփիւն եմ յիշում:
Արեւոտ մի սար եմ յիշում,
ճակատին ձիւնի պատառիկ,
սարն ի վար բարակ մի առու –
շուրթերին հայրեն ու տաղիկ,
ցորենի կանաչ արտի մէջ
առուոյտի կապոյտ մի ծաղիկ
եւ արտի եզրին` մենաւոր
մի բարդու շրշիւն եմ յիշում:

Share this Article
CATEGORIES