Արթնանալու Ժամանակն Է

10669179_744703735565050_6200326788927866193_oՆախապէս հաղորդած էինք, որ Գերմանիոյ մէջ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեան աշխարհի մեծագոյն եւ կարեւորագոյն գիրքի ցուցահանդէսին` Ֆրանքֆորթի ցուցահանդէսին ներկայացուցած է իր «Մանտիլիոն» վէպին անգլերէն, ռուսերէն եւ հայերէն տարբերակները:

Այս առիթով Վահան Յովհաննիսեան իր գիրքի ընթերցողներուն յղած է նաեւ խօսք մը, որ ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ:

Սիրելի՛ ընթերցող,

Եթէ ընդամէնը 3 տարի առաջ ինչ-որ մէկն ինձ ասէր, որ ինձ վիճակուած է մօտ ապագայում ծաւալուն գիրք գրել, ընդ որում` գեղարուեստական ստեղծագործութիւն, ես ոչ մի կերպ չէի հաւատայ: Սակայն հանգամանքների բերումով ես զգացի, որ դա անհրաժեշտ է: Ի՞նչը դրան նպաստեց` ներքին պահանջը, անձնական բնոյթի հարցերը կամ ընկերների խորհուրդները, արդէն կարեւոր չէ: Գիրքը գրուած է եւ հրատարակուած, այնպէս որ` արդէն միայն ինձ չի պատկանում: Այժմ ամէն ոք կարող է դատել գրքի եւ այն մասին, թէ ինչ եմ աշխատել դրանում ամփոփել:

Հնարաւոր է` դուք համաձայնէք իմ մտքերին, հնարաւոր է` ժխտէք դրանք, սակայն անտարբեր չէք մնայ, ես անկեղծօրէն յոյս եմ տածում: Փորձեմ բացատրել` ինչո՛ւ: Վեց հարիւրամեակ առաջ իմ ժողովրդի պատմութիւնը «կանգ առաւ»: Հայաստանը` որպէս համաշխարհային զարգացման ինքնուրոյն ենթակայ (սուպիեքթ) դադարեց գոյութիւն ունենալ: Ոչ, ի հարկէ, հայ ժողովրդի կեանքը Հայկական բարձրաւանդակում եւ դրանից դուրս շարունակւում էր, սակայն այլ ժողովուրդների հետ մեր ուղղակի մասնակցութիւնը մարդկային քաղաքակրթութեան զարգացմանը դադարեց:

Անշուշտ, մեր բազմաթիւ հայրենակիցների հոգիներում փոթորկուող անյագ ներուժը եւ յոյսը (հիմա, կարծես, սկսում են սպառուել), պահանջելով ելք եւ իրացում` մասնաւոր յաջողութեան պարագայում, շարունակում էին սնել հայոց կեանքը` տալով աշխարհին հիասքանչ ճարտարապետներ, արդիւնաբերողներ, երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, զինուորականներ եւ քաղաքական գործիչներ, սակայն նրանք համալրում էին համաշխարհային քաղաքականութեան, տնտեսութեան եւ նոյնիսկ մշակոյթի գործիչների շարքերը այլ, յաճախ օտար քաղաքակրթական միջավայրի միջոցով: Որովհետեւ սեփականը չկար: Եւրոպական հարազատ մշակոյթների զանգուածից հայ ժողովրդին կտրել էին պատմական ճակատագրի յարուցած անյաղթահարելի պատնէշները: Այդ մասին ես ժամանակին յօդուած եմ գրել, որը հրապարակուել է մեզ մօտ եւ Գերմանիայում (այն կարող էք կարդալ իմ` www.vahan.am կայքում):

Սակայն նոյնիսկ այն ժառանգութիւնը, որ իմ ժողովուրդը թողել էր մարդկութեանը մինչ այն պահը, երբ Մութը պատեց մեր երկիրը, որը մինչ օրս չենք կարողացել ամբողջութեամբ թօթափել, բաւարար է քաղաքակրթութիւն` մեր վերադարձի կամուրջ լինելու համար:

Ի հարկէ, ճշմարտութիւնն այն է, որ ներկայումս էլ, երբ թւում է, թէ հայ ժողովրդին նոր հնարաւորութիւն է ընձեռուել ազգ դառնալու եւ կիսամոռացուած անցեալից արժանապատիւ ապագային անցնելու կամուրջները վերականգնելու, հին պատնէշները հեշտ չէ յաղթահարել: Ի դէպ, քաղաքակրթական շրջանը, որից Հայաստանը դուրս մնաց, բռնի ներառուելով օտար միջավայրում, մեզանից ոչ պակաս կորցրեց մեր բացակայութեան պատճառով:

Լռելու, շրջանցելու, հայ ժողովրդի օրինական պատմական ժառանգութիւնը եւ տեղը քրիստոնէական արժէքների հիման վրայ ձեւաւորուած եւրոպական քաղաքակրթութեան տարրերի ստեղծման գործում աղաւաղելու կամ մոռացութեան մատնելու արհեստական փորձերն աղքատացնում են ոչ միայն մեր պատմութիւնը, այլ նաեւ այսօրուայ եւրոպացիների հոգեւոր աշխարհը, այդ թւում` ռուսների:

Սակայն ամենակարեւորը` Հայաստանը եւ հայերը` որպէս եւրոպական քաղաքակրթութեան` օրկանապէս անքակտելի մաս, դրա դիմադրողականութեան կարեւոր տարրն են, դիմադրողականութիւն, որն այսօր թուլացել է մինչեւ այդ քաղաքակրթութեան համար վտանգաւոր սահմանը: Մինչեւ անդարձելիութեան կէտը:

Արթնանալու ժամանակն է: Եւ ես գրեցի «Մանտիլիոն»-ը: Կ՛օգնի՞ այն արթնանալուն, թէ` ոչ, թողնում եմ ձեր դատին:

Ֆրանքֆորթ
11 հոկտեմբեր, 2014

 

Share this Article
CATEGORIES