Հայաստանին Նոր Սահմանադրութիւն Է Պէտք, Բայց…

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանին նոր Սահմանադրութիւն է պէտք, սակայն պայմանով, որ Սերժ Սարգսեանը չզբաղեցնի վարչապետի պաշտօնը տասը տարի նախագահի աթոռը զբաղեցնելուց յետոյ եւ, ամէնից կարեւորը, Սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէն պէտք չէ կեղծուի: Սարգսեանը արդէն իսկ յայտարարել է, որ չի զբաղեցնի վարչապետի պաշտօնը, սակայն Բարգաւաճ Հայաստան, Հայ ազգային քոնկրես եւ Ժառանգութիւն կուսակցութիւնները համոզուած են, որ սահմանադրական բարեփոխումների անուան տակ գործող իշխանութիւնը փորձում է լուծել իր վերարտադրութեան հարցը:

Ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ նոր Սահմանադրութիւն: Կարելի է ներկայացնել մի քանի իրողութիւններ եւ, ըստ այդմ, հասարակութեանը համոզել, որ կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական դրոյթի, աւելի յարմար է Հայաստանի համար ու նաեւ արդարացուած: Կարելի է նաեւ ներկայացնել մի քանի պատճառներ եւ նոյն հասարակութեանը համոզել, որ Հայաստանում գործող կառավարման այս` կիսանախագահական համակարգից պէտք չէ հրաժարուել եւ անցնել վարչապետական իշխանական համակարգի: Կարեւորը ոչ թէ կառավարման դրոյթն է, այլ բովանդակութիւնը: Այսպէս, Գերմանիայում եւ եւրոպական զարգացած մի շարք երկրներում գործում է վարչապետական դրոյթը. հասարակութիւնը ընտրում է խորհրդարան (համամասնական` կուսակցական ցուցակներով), իսկ ընտրութիւններում յաղթած կուսակցութիւնը միայնակ (եթէ ստանում է քուէների մեծամասնութիւնը) կամ այլ կուսակցութեան կամ կուսակցութիւնների հետ ձեւաւորում է կառավարութիւն: Անշուշտ, այդ երկրներում կայ նաեւ նախագահ, որին սովորաբար նոյնպէս ընտրում է խորհրդարանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գիտի ողջ աշխարհը: Իսկ ո՞վ գիտի, թէ ով է զբաղեցնում Գերմանիայի նախագահի աթոռը:

Գերմանիայի հարեւան Ֆրանսայում կառավարման դրոյթը նախագահականն է: Նախագահական է նաեւ Միացեալ Նահանգները: Գրեթէ բոլորը գիտեն, որ Ֆրանսայի նախագահը Ֆրանսուա Հոլանտն է, իսկ քանի՞ մարդ կարող է յիշել այդ երկրի վարչապետի անունը: Միացեալ Նահանգներում վարչապետի պաշտօն ընդհանրապէս գոյութիւն չունի, քանի որ երկրի նախագահը նաեւ կառավարութեան ղեկավարն է: Այսպիսով, երկիրը կարող է ունենալ կառավարման նախագահական կամ վարչապետական դրոյթ, եւ երկու դէպքում էլ լինել զարգացած, տնտեսապէս ուժեղ եւ ժողովրդավարական:

Հայատանի առաջին հանրապետութիւնը (1918-1920) վարչապետական դրոյթ ունէր: Երբ 1991-ին Հայաստանը անկախացաւ, լուրջ բանավէճ էր գնում` նախագահակա՞ն կառավարում, թէ՞ խորհրդարանական: ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն (ղեկավար` Վազգէն Մանուկեան) եւ մի շարք այլ ուժեր կողմնակից էին վարչապետական դրոյթին, սակայն ՀՀՇ-ն եւ նրա առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանը, ով պէտք է դառնար Հայաստանի առաջին նախագահը, հակուած էին կառավարման նախագահական դրոյթին: Այդպէս էլ եղաւ. Տէր Պետրոսեանը 1991-ի հոկտեմբերին ընտրուեց նախագահ, իսկ 1995-ի յուլիսին Հայաստանը հանրաքուէով ունեցաւ իր Սահմանադրութիւնը, որը ենթադրում էր կառավարման նախագահական դրոյթ:

Այն օրերին ընդդիմութիւնը յայտարարում էր, որ Տէր Պետրոսեանը ձգտում է «իր համար Սահմանադրութիւն կատարել», որպէսզի միահեծան իշխի: Ընդդիմութիւնը, այն ժամանակ` ՀՅԴ-ն ու ԱԺՄ-ն, փաստացի հրաժարուեցին մաս կազմել սահմանադրական յանձնաժողովին (մի մարմին էր, որը քննարկում էր եւ մշակում Սահմանադրութեան նախագիծը, քանի որ Հայաստանը չունէր Սահմանադրութիւն) եւ պոյքոթի ենթարկեցին Սահմանադրութեան հանրաքուէն: 1995-ին համատարած կեղծիքներով Հայաստանը ունեցաւ Սահմանադրութիւն, իսկ մէկ տարի անց` աւելի համատարած կեղծիքներով, Տէր Պետրոսեանը դարձաւ նախագահ երկրորդ ժամկէտով: Եթէ երկրում կեղծւում է Սահմանադրութեան, այսինքն` մայր օրէնքի ընդունման հանրաքուէն, ապա այդ երկրում կը կեղծուի հնարաւոր ամէն ինչ:

2005-ի նոյեմբերին Հայաստանում անց կացուեց սահմանադրական բարեփոխումների հանրաքուէ, որով երկիրը նախագահականից անցում կատարեց կիսանախագահական կամ կիսախորհրդարանական դրոյթի: Այն ժամանակ էլ ընդդիմութիւնը, որը ներկայացուած էր «արդարութիւն» դաշինքով, պոյքոթեց հանրաքուէն: Ընդդիմադիրները յայտարարում էին, որ Ռոպերթ Քոչարեանը, սահմանադրական փոփոխութիւններով փորձում է յաւերժացնել իր իշխանութիւնը եւ երկիրը ղեկավարել արդէն վարչապետի պաշտօնն ունենալով: Պատմութիւնը ցոյց տուեց, որ Քոչարեանը չդարձաւ վարչապետ: Բայց կարեւորը դա չէր: Հանրաքուէն ընդունուեց աննախադէպ կեղծիքներով: Որպէս լրագրող ես 1991-ից հետեւել եւ լուսաբանել եմ բոլոր ընտրութիւններն ու հանրաքուէները, սակայն չեմ յիշում նման համատարած կեղծարարութիւն, ինչպէս եղաւ 2005-ի նոյեմբերին: Եւրոպական պետութիւնները եւ կազմակերպութիւնները, որոնք քաջալերում էին սահմանադրական փոփոխութիւնները, աչք փակեցին կեղծիքների վրայ:

Այսպիսով, առաջին եւ երկրորդ նախագահները եւ նրանց սատարող ուժերը կեղծեցին մայր օրէնքի` Սահմանադրութեան ընդունման երկու հանրաքուէները: Արդեօ՞ք երրորդ նախագահը եւ նրա կուսակցութիւնը եւս նախապատրաստւում են կեղծիքներով ընդունել նոր Սահմանադրութիւն: Եթէ անցկացուելիք հանրաքուէն (թուականը դեռ վերջնական չի յստակեցուել) անցկացուի առանց կեղծիքների եւ բռնութիւնների, ապա դա կը լինի ողջունելի եւ գուցէ շրջադարձային քայլ Հայաստանի պատմութեան համար: Չափազանց կարեւոր է սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէի ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը: Հայաստանը պէտք է դուրս գայ կեղծիքներով նախագահ, խորհրդարան եւ Սահմանադրութիւն ընդունելու արատաւոր ուղուց: Բայց, ինչպէս նշեցինք, կայ նաեւ երկրորդ կարեւոր հանգամանքը. Սերժ Սարգսեանը պէտք չէ դառնայ վարչապետ նոր Սահամանադրութեան ընդունումից յետոյ:

Այսօրուայ ընդդիմութեան մտահոգութիւնը հաւանաբար տեղին է` Սարգսեանը ձգտում է սահմանադրական բարեփոխումների անուան տակ երկարացնել իր եւ իր կուսակցութեան մենատիրութիւնը: Սարգսեանը յայտարարել է, որ նոր Սահմանադրութիւն ընդունելուց յետոյ չի զբաղեցնի վարչապետի պաշտօնը, սակայն ընդդիմութիւնը այդ հաւաստիացումներին չի հաւատում: Հասարակութիւնը եւս չի հաւատում, քանի որ բազմաթիւ անգամ տեսել է Սարգսեանի խօսքի եւ գործի հակասութիւնը:

Ստեղծուած իրավիճակից դուրս գալու ճանապարհը մէկն է` գործող իշխանութիւնը եւ ընդդիմութիւնը հասարակութեան մասնակցութեամբ պէտք է կայացնեն քաղաքական որոշում եւ հաւատարիմ մնան այդ որոշման ոգուն եւ տառին: Ընդդիմութիւնը յայտարարում է, որ դադարեցնում է համաժողովրդական ցոյցերն ու հանրահաւաքները եւ հնարաւորութիւն տալիս, որպէսզի Սերժ Սարգսեանը աւարտի նախագահութեան իր երկրորդ ժամկէտը: Դրա դիմաց, գործող նախագահը յայտարարում է, որ 2018-ից յետոյ չի մնայ իշխանութեան ամենավերին օղակներում: Եւ ոչ պակաս կարեւորը` եթէ անգամ սահմանադրական բարեփոխումների հանրաքուէ է անցկացուելու, ապա այն պէտք չէ կեղծուի: Անշուշտ, պէտք չէ կեղծուէն նաեւ 2017-ի խորհրդարանական ընտրութիւնները:

Բայց արդեօք հնարաւոր ե՞ն նման պայմանաւորուածութիւնները կեանքի կոչել: Հնարաւոր է՞ ընտրութիւններ եւ հանրաքուէ չկեղծելու մասին պայմանաւորուել եւ դրանք իրականացնելու քաղաքական կամք դրսեւորել: Գուցէ Հայաստանում հնարաւոր չէ: Այդ դէպքում, թող ոչ ոք յոյս չունենայ, թէ Հայաստանը կը դառնայ արդար, բարեկեցիկ երկիր, որտեղ կ՛ապահովուեն քաղաքական ու տնտեսական ազատութիւնները, որտեղ հայ մարդը իրեն ՄԱՐԴ կը զգայ:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES