Դիլիջանը Դարձաւ Համաշխարհային Կրթական Համայնքի Անդամ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

1018dilijan31Հայաստանում այլեւս իրականութիւն է համաշխարհային չափանիշներով գործող կրթահամալիր: Հոկտեմբերի 11-ին Դիլիջան քաղաքում կայացաւ UWC Դիլիջան քոլեճի (UWC Dilijan College) հանդիսաւոր բացումը, որն «Աշխարհի միացեալ քոլեջներ» կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արեւելեան Եւրոպայում եւ ԱՊՀ տարածքում:

Հայաստանը կրթութեան միջոցով զարգացնելու տեսլականն էին կրում գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեանն ու կինը` Վերոնիկա Զոնաբենդը, երբ նախաձեռնեցին կրթական այս հաստատութեան կառուցումը: Նրանց գաղափարը հաւանութեան արժանացաւ համախոհների կողմից, եւ աշխարհի տարբեր անկիւններից նախաձեռնութեանը միացան հայ եւ օտարազգի անհատներ, ում շնորհիւ Հայաստանը յայտնուեց համաշխարհային կրթական քարտէսի վրայ: «Խորապէս համոզուած եմ, որ կրթութիւնը հանդիսանում է ազգի յաջողութեան հիմքը: Յուսով եմ, որ Դիլիջանի դպրոցն օրինակ կը դառնայ համաշխարհային կրթական չափանիշների ձեւաւորման համար եւ կ՛օգնի բարելաւելու նաեւ տեղի հայկական դպրոցների կրթական մակարդակը` մեր երեխաներին դարձնելով մրցունակ եւ յաջողակ աշխարհում:

Հայաստանի տնտեսական զարգացման առումով, մեր նպատակն է, որ երեխաները իւրացնելով միջազգային կրթական փորձը, սովորելով աշխարհի լաւագոյն համալսարաններում կեանքի մի փուլում իրենց ներդրումն ունենան Հայաստանում, որտեղ նրանք ստացել են իրենց կրթութիւնը», դպրոցի բացման առիթով հրաւիրուած մամլոյ ասուլիսում յայտարարեց Ռուբէն Վարդանեանը: Նախագծի գործուն անդամներից, ամերիկահայ Նուպար Աֆէյեանն էլ կարեւորեց սփիւռքի ներգրաւուածութիւնը նման ծրագրերում. «Սփիւռքը պէտք է առաւելագոյնս իրազեկուի Հայաստանում առկայ հզօր ներուժի մասին, որն այսօր, իմ կարծիքով մեծ քայլ է կատարում առաջ` ցոյց տալով, որ կարող է հիւրընկալել միջազգային չափանիշների դպրոց: Համոզուած ենք, որ սփիւռքահայերը կը ներգրաւուեն մեր նախագծերում ֆինանսապէս եւ հնարաւոր այլ միջոցներով` կրկնապատկելու այս յաջողութիւնը»:

Դպրոցի պաշտօնական բացման հանդիսաւոր արարողութեանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, Սերպիոյ նախագահը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը, Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մոր Իգնատիուս Եփրեմ Բ. Անտիոքի եւ Համայն Արեւելքի պատրիարքը, բարձրաստիճան պաշտօնեաներ, դպրոցի հիմնադիրներ ու գործընկերներ: Հոգեւոր դասի կողմից կատարուեց Դիլիջան քոլեճջի օրհնութեան կարգ, որից յետոյ մասնակիցներին իր պատգամն ուղղեց Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը:

Դիմելով ներկաներին` նախագահ Սերժ Սարգսեանը մասնաւորապէս նշեց. «Մենք չենք պատրաստւում որեւէ մէկի հետ մրցակցել բնական պաշարների եւ սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որեւէ տեղ անվերջ լինել չի կարող` դրա հնարաւորութիւնները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետեւողականօրէն զարգացնելու ենք մարդկային կապիտալը` օգտուելով մարդու ստեղծագործական բոլոր հնարաւորութիւններից: Հայերի ուսումնատենչութիւնը, ստեղծագործական տաղանդը, գործարար յաջողութիւնները միշտ եւ ամէնուր հիացմունք են առաջացրել: Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թէ նաւթով, գազով, խաւիարով, այլ Մատենադարանով, «Թումօ» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով եւ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եւ հէնց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ աւելի վստահ ենք զգալու»: Սերժ Սարգսեանը դպրոցին նուիրեց երկու գիրք, որտեղ ամփոփուած են մեր պատմական յուշարձանների մեծ մասի մասին տեղեկութիւններ:

1018dilijan6Իւրայատուկ տօնական տրամադրութեամբ էին համակուած Դիլիջանի քոլեճի ուսանողները` 16-17 տարեկան 96 աշակերտ 49 երկրից, այդ թւում` տասը Հայաստանից, նաեւ` Սպանիայից, Պրազիլիայից, Կանայից, Հնդկաստանից, Լիբանանից, Թուրքիայից եւ այլ: Նրանք իրենց հիացմունքն ու ոգեւորութիւնը յայտնեցին քոլեճում անցկացրած առաջին օրերի, Հայաստանի բնութեան եւ հիւրընկալութեան մասին:

Դիլիջանի միջազգային դպրոցը, 1962թ.ին Մեծն Բրիտանիայում հիմնադրուած Միացեալ համաշխարհային քոլեճներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի 14-րդ դպրոցն է, որտեղ ուսուցումն իրականացւում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչուած IB Diploma ծրագրով:

Դիլիջանի քոլեճի կառուցման աշխատանքների առաջին փուլն աւարտուել է, եւ ներկայում կրթահամալիրի 37 հազ. քմ. տարածքում գործում է դպրոցի գլխաւոր մասնաշէնքը, մարզական եւ բժշկական շէնքերը, բուժկէտը, հանրակացարանները: Ընթացքում է կառուցողական աշխատանքների երկրորդ փուլը, որ նախատեսուած է աւարտել 2016թ.-ին, եւ 2023-ին դպրոցը հասցնել լիակատար ծանրաբեռնուածութեան, որի ժամանակ աշակերտների թիւը կը կազմի շուրջ 650:

Քոլեճ ընդունելութեան համար դիմումներն ուղղւում են UWC համակարգին, որտեղ եւ անցկացւում է մի քանի մասից բաղկացած հարցազրոյց դիմորդի հետ: Հաշուի է առնւում ոչ միայն աշակերտի առաջադիմութիւնը, նաեւ` հասարակական ակտիւութիւնը, ընդհանուր աշխարհայեացքը: Անհրաժեշտութեան դէպքում, քոլեճն է հոգում աշակերտների ուսման վարձը: UWC Դիլիջան քոլեճի հիմնադիրների հեռահար նպատակն է տարբեր ազգութիւնների աշակերտներ հիւրընկալելով` ձեւաւորել Հայաստանի հետ խորը կապեր ձեռք բերած բազմազգ շրջանաւարտների համայնք, ովքեր հետագայում նաեւ կը դառնան մեր դեսպաններն աշխարհում:

Նշենք, որ քոլեճի հիմնադիրներն են ռուսաստանաբնակ գործարար եւ բարերար, IDEA հիմնադրամի հիմնադիր Ռուբէն Վարդանեանը, ով նաեւ UWC Դիլիջան քոլեճի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահն է եւ նրա կինը` քոլեճի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ռոսնանս» ԿԲԲԸ տնօրէնների խորհրդի նախագահ Վլադիմիր Աւետիսեանը, կնոջ` Աննա Աւետիսեանի հետ, RD Group ընկերութեան նախագահ Գագիկ Ադիբէկեանը, Flagship Ventures ընկերութեան ղեկավար-գործընկեր եւ գլխաւոր տնօրէն Նուպար Աֆէյեանը կնոջ` Աննա Աֆէյեանի հետ, ISD («Տոնպասի արդիւնաբերական միութիւն») ընկերութեան գլխաւոր տնօրէն Օլեգ Մկրտչեանը: Նախագծին եւ դպրոցի կառուցմանն աջակցել են շուրջ երկու հարիւր նուիրատուներ աշխարհի տարբեր երկրներից: Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթութեան ոլորտի եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ Միացեալ Նահանգներից, Մեծն Բրիտանիայից, Ֆրանսայից, Զուիցերիայից, Ճափոնիայից:

 

 

Share this Article
CATEGORIES