Թոշակառու Չունեցող Գիւղը, Որտեղ 1/3-ը Երեխայ Է

ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԵԱՆԵԱՆ

56619Մեր երիտասարդ վարորդը` Վրէժը, բաւականին հմուտ վարելով մեքենան, գրունտապատ, տեղ-տեղ նեղ, դժուարանցանելի ճանապարհով Հաթերքից իջնում է դէպի Թարթառի հովիտը: Հասնելով Գետաւան` թեքւում ենք աջ ու մտնում բաւականին լայն ճանապարհ, որը Վարդենիս-Մարտակերտ ապագայ մայրուղու մի հատուածն է: Սպիտակ «Նիվան», իր յետեւից փոշու ամպ բարձրացնելով, ընթանում է դեռեւս խճով ու հողով պատուած ճանապարհով:

Որոշ ժամանակ անց մեր առաջ յայտնւում է կապոյտ ցուցանակը` «Շահումեանի շրջան»: Խորհրդային տարիներին սա Ազրպէյճանի Քելբաջարի շրջանն էր` հայկական պատմական Քարվաճառը, որը միայն 1993-ի գարնանն ազատագրուեց: Այժմ սա Արցախի 7 շրջաններից մէկն է, որի մէջ մտնում են նախկին Քելբաջարի ու բռնագրաւուած Շահումեանի (1992-ի յունիսի 13-ին ազրպէյճանական ուժերը ռուսական զրահապատներով աջակցութեամբ զրաւեցին այս շրջանը, որն առ այսօր գտնւում է հակառակորդ պետութեան վերահսկողութեան տակ) շրջանները: Այսօրուայ Շահումեանի շրջանի շատ գիւղեր վերաբնակեցուել են փախստական շահումեանցիներով, իսկ գիւղերն էլ կրում են նախկին բնակավայրերի անունները` Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Էրքեջ…

IMG_6372Հէնց Նոր Էրքեջ էլ գնում ենք մենք: Սա մայրուղու վրայ գտնուող երկրորդ գիւղն է, որը գրեթէ կպած է Չարեքտարին: «Նիվա»-ն կանգ է առնում գիւղամէջի խանութի մօտ: Գիւղամէջն էլ այստեղ յարաբերական հասկացութիւն է, քանի որ համայնքի տները ցրուած են, միջով էլ անցնում է մայրուղին` կիսելով գիւղը: Խանութի մօտ հանդիպում ենք համայնքի ղեկավարին` Արա Յովհաննիսեանին: Ժպտադէմ անձնաւորութիւն է: Հրաւիրում է ճանապարհի ու գետի միջեւ ընկած հատուածում պատրաստուած տաղաւար: Դրա կողքին էլ պատերազմում զոհուածներին նուիրուած յուշարձան են կառուցել, որն այս տարուայ յունիսի 13-ին` Շահումեանի անկման օրն են բացել: Աւելի հեռւում Թարթառը «կտրող» նորակառոյց կամուրջն է:

IMG_6362Արա Յովհաննիսեանը 40 տարեկան է, 2000-ից` Նոր Էրքեջի հիմնադրման առաջին օրից, ղեկավարում է համայնքը: Սկզբում նշանակուել է շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից, յետոյ ընտրուել է բնակիչների քուէով: Ժպիտով ասում է, որ մինչեւ հիմա մրցակից չի ունեցել ընտրութիւններում: Հարցին, թէ արդեօք գոհ է իր պաշտօնից, ծիծաղով է պատասխանում. «Մինչեւ հիմա էլ փոշմանած եմ, բայց ճարս ինչ»:

Գիւղի Մէկ Երրորդը Երեխայ Է

Գիւղում 30 տուն կայ, 120 բնակիչ: Դրանցից 43-ը միջնակարգ դպրոցի աշակերտներն են: «Փաստօրէն, մէկ երրորդը երեխայ է»,- նկատում է ընկերս: Գիւղապետը նշում է, որ պաշտօնը ստանձնելիս համայնքում ընդամէնը 10 տուն կար: Հիմա եղածներից էլ 8-ը Էրքեջից են (ըստ ստուգաբանութեան` Էրքեջ անուանումն առաջացել է «այր» եւ «քաջ» արմատներից), միւսները` տարբեր տեղերից: 1991-ի յունիսին ազրպէյճանական ՕՄՕն-ը խորհրդային բանակի օգնութեամբ գրաւեց Շահումեանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գիւղերը, որոնք ազատագրուեցին նոյն տարուայ սեպտեմբերին: Սակայն 1992-ի ամրանը լայնածաւալ յարձակման արդիւնքում հակառակորդը կրկին գրաւեց ոչ միայն այս բնակավայրերը, այլեւ ամբողջ շրջանը, որը մինչ այդ գտնւում էր հայկական ուժերի վերահսկողութեան տակ:

Սկզբնական շրջանում Յովհաննիսեանների ընտանիքն ապրել է Վարդենիսում, իսկ 2000-ից բնակութիւն է հաստատել Արցախում: Ինքը` Արան, 4 երեխայ ունի: Ասում է, որ գիւղի կէսը բազմազաւակ է: Տուն կայ, որ 9 երեխայ ունի: Պետութիւնն աջակցութիւն է ցուցաբերում բազմազաւակ ընտանիքներին. օրինակ` 4-րդ երեխան ծնուելու դէպքում 1 միլիոն դրամ է յատկացնում, նոյնքան էլ աւանդ բացում բանկում մինչեւ չափահաս դառնալը: 4-րդ եւ իւրաքանչիւր յաջորդ երեխայի դէպքում յատկացւում է այդքան օգնութիւն, իսկ, օրինակ, 3-րդի դէպքում` 700,000: Իսկ 6-րդի ծնուելու դէպքում պետութիւնը տուն է կառուցում ընտանիքի համար: Երեխաներին նաեւ ամսական նպաստ է յատկացւում: Նոյն Յովհաննիսեանները այդկերպ ստանում են 35,000 դրամ: Պետութիւնը տրամադրում է նաեւ վերաբնակիչների հոսանքի ամսական ծախսը 60 քիլովաթ/ժամ չափով:

Նոր Էրքեջում Այս Տարի Ջրի Խնդիր Չի Եղել

IMG_6273Նոր Էրքեջի պիւտճէն 2,7 միլիոն դրամ է, որը հիմնականում ձեւաւորւում է պետական նպաստից: Դա էլ հիմնականում ծախսւում է աշխատավարձերի վրայ: Միջին աշխատավարձը մօտ 100,000 դրամ է: Արա Յովհաննիսեանն ասում է, որ նոր են իր նախկին 60,000-ը դարձրել 120.000: Ըստ նրա` համայնքի 90 տոկոսն աշխատանք ունի. դպրոց, գիւղապետարան, բանակ: Ի տարբերութիւն Արցախի շատ գիւղերի` Նոր Էրքեջում այս տարի ջրի խնդիր չի եղել: Յովհաննիսեանի ասելով` «ջրի խնդիրն 90 տոկոսով լուծուած է, բոլոր բակերում աղբիւր կայ, ոռոգումն էլ նոյն աղբիւրներից է, քանի որ ջուրը շատ է»: Բնակավայրը Թարթառի կիրճի մէջ է, ու հարթ տարածքների բացակայութեան պատճառով մարդիկ տնամերձերն են մշակում: «Անասնապահութեան երկիր է, բայց բոլորս էլ հայերին լաւ գիտենք. մինչեւ էսօր էնպէս չի զարգանում, որ պիտի զարգանար»,- այդ ճիւղի մասին ասում է գիւղապետը: Վերջերս Նոր Էրքեջում մեղուապահութիւնն է թափ հաւաքել:

Գիւղն անտառներով է շրջապատուած, որոնց կառավարումը անտառատնտեսութեանն է: Արան անկեղծանում է, որ նաեւ այդ պատճառով մինչեւ հիմա գրանցամատեանով ճշգրտուած չեն համայնքի սահմանները: Ասում է` գիւղապետերով են որոշել մօտաւոր սահմանները: Անտառի օգուտներից մէկն էլ այն է, որ գիւղացիներին թոյլատրում են 1500 դրամով 1 խմ փայտ հատել. «Գազ չկայ, եթէ լինի էլ, ձեռնտու չի, անտառը մօտ է, իսկ գազը թանկ է»:

Բացառիկ Գիւղապետը

Արան լաւատես է գիւղի ապագայի հանդէպ, համոզուած է, որ հիմնանորոգուող մայրուղին մեծ օգուտ կը տայ համայնքին: Ըստ նրա` զարգանալու լաւ հնարաւորութիւններ ունի մասնաւորապէս զբօսաշրջութիւնը. Դադիվանքը մի քանի քմ. է հեռու գիւղից, Թարթառի կիրճում գեղատեսիլ ուրիշ վայրերն էլ քիչ չեն: Այդուհանդերձ, 14 տարուայ գիւղապետը կարծում է, որ համայնքը պէտք է մեծացնել. «Ես էն բացառիկ գիւղապետերից եմ, որ համայնքների խոշորացմանը կողմնակից եմ: Կողմ եմ, որ 3-4 գիւղերը միացնեն»: Նոր Էրքեջին կից է Չարեքտարը, իսկ արեւմտեան կողմից Դադիվանք համայնքն է: Արան շեշտում է, որ իր գիւղի ծայրամասային տներն աւելի մօտ են Չարեքտարի դպրոցին, քան իրենց:

Բայց քանի դեռ խոշորոցման ծրագիրը սարերից այն կողմ է, 120 հոգու ղեկավարը մտածում է առկայ խնդիրների մասին: Դաշնակցական գիւղապետը դրսի կուսակցական կապերի միջոցով որոշակի գումար կարողացել է բերել Նոր Էրքեջ: 2003-ին Միացեալ Նահանգների ՀՅԴ «Շահէն Մեղրեան» կոմիտէն լուծել է համայնքի ջրագծերի հարցը, նոյն տարում պարսկահայ համայնքը դպրոցն է կառուցել, որը, սակայն, այսօր արդէն նորոգման կարիք ունի: Գիւղը բուժկէտ չունի, բուժքոյրը գալիս է հարեւան գիւղից: Շահումեանի շրջանում միայն Ակնաբերդ ու Եղէգնուտ գիւղերն ունեն մանկապարտէզ, սակայն Յովհաննիսեանն ասում է, որ դրսում ապրող էրքեջցիները խոստացել են լուծել այդ հարցը: Ըստ մեր զրուցակցի` մանկապարտէզ կը գնայ շուրջ 30 երեխայ, գումարած` Դադիվանքի ու Չարեքտարի փոքրիկները:

IMG_6363Արա Յովհաննիսեանը ժպիտով է յիշում, որ մի պահ կար, երբ գիւղում 15 ընտանիք կար, միջին տարիքը 16 էր, ու Նոր Էրքեջն Արցախի ամենաերիտասարդ գիւղն էր: Բայց հետաքրքիր է, որ այսօր էլ ոչ մի թոշակառու չկայ համայնքում:

Դպրոցն Ու Գիւղը Դահլիճ Չունեն

IMG_6313Նոր Էրքեջի միջնակարգ դպրոցի տնօրէն Արմինէ Յովհաննիսեանն Արայի քոյրն է: Նա էլ 2000-ից ապրում է այստեղ: Մինչեւ 2003-ն աշխատել է գիւղի տարրական դպրոցի վարիչ: Այդ ընթացքում այստեղի բարձր դասարանցիները Չարեքտարի դպրոց էին գնում: Հիմա 12-ամեայ դպրոցում 8 կոմպլեկտ դասարան կայ: Անցած ուստարում 5 շրջանաւարտ են ունեցել: Տնօրէնը հպարտութեամբ է նշում, որ նրանցից 4-ը բուհ են ընդունուել. 3-ը` Ստեփանակերտում, 1-ը` Երեւանում: Ընթացիկ ուստարում էլ դպրոցը 6 առաջինդասարանցի ունի: Դպրոցը աշխատատեղով է ապահովում 18 հոգու, որոնցից 12-ն  ուսուցիչ են: Կրթօճախի շէնքը չնայած տիպային չէ, ունի 11 սենեակ, որոնցից մէկը տնօրէնի սենեակն է, մէկը` ուսուցչանոց, մէկն էլ` գրադարան: Արմինէն ասում է, որ լաւ կը լինէր, եթէ դպրոցին կից սպորտդահլիճ լինէր, որտեղ եւ մարմնակրթանք կ՛անցկացնէին, եւ տարբեր միջոցառումներ գիւղում:

«Էրքեջ Վերադառնալը Երազանք Է»

«Ի՞նչն է Ձեզ այստեղ պահում»,- հարցնում ենք Արա Յովհաննիսեանին: «Անձամբ ինձ` գիւղի անունը»,- կարճ է կապում նա: Յետոյ աւելացնում է. «Էստեղ ապրելով` միշտ մտածում եմ, որ Էրքեջ կը գնամ»: Արմինէն էլ հաստատակամ է «նոր» բնակավայրում ապրելու հարցում. «Բա մեր հողերը որ չպահենք, ո՞վ պիտի պահի»:

Նոր Էրքեջի բնակիչ են Ցականեանները, որոնց 17-ամեայ որդուն` Սմբատին, այս յուլիսին ազրպէճանի հետախոյզներն առեւանգեցին, ու յետոյ յայտնաբերուեց տղայի դին: «Մեր դպրոցում 6-7-րդ դասարանի աշակերտն ասում է` ես երբեք դուրս չեմ գայ, եթէ կռիւ լինի, ես էլ կռիւ կ՛անեմ, զէնք կը տանեմ, ուտելիք կը տանեմ զինուորներին»,- պատմում է Արմինէ Յովհաննիսեանը: «Մտածո՞ւ մ էք վերադառնալու մասին»,- հարցնում ենք: «Էրքեջ վերադառնալը երազանք է, սպասում ենք, յամենայն դէպս, յուսով ենք կ՛իրականանայ»,- ժպտում է Արմինէն:

Լուսանկարները` Յակոբ Պօղոսեանի

29 սեպտեմբեր 2014
«ՀԵՏՔ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )