ՔԻՒՐՏԵՐԻ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ

Սիրելի ընթերցողներ, ինչպէս որ յիշում էք, յունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ եւ ընտրուեց երկրի 24-րդ խորհրդարանը, 550 երեսփոխանով, բաղկացած երկրի կուսակցութիւններից` իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւն (ԱԲԿ) եւ ընդդիմադիրներ` Ժողովրդահանրապետական կուսակցութիւն (ԺՀԿ), Ազգային շարժում կուսակցութիւն (ԱՇԿ) եւ քրտական Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեան (ԽԺԿ) անկախ թեկնածուներ:

Բայց խորհրդարանի աշխատանքներն ու դրան կապուող հարցերը բնականոն չեն ընթանում, եւ քաղաքական նոր տագնապ է սկսուել երկրում:

Ըստ երկրի օրէնքի, ընտրութիւնների արդիւնքը յայտարարուելուց յետոյ կատարւում է խորհրդարանի բացում, նորընտիր երեսփոխանները կատարում են երդում, ընտրում են խորհրդարանի նոր նախագահ, եւ վարչապետը ներկայացնում է նոր կառավարութեան նախարարներին ու խորհրդարանից ստանում է վստահութեան քուէ, ապա սկսւում է խորհրդարանի դադարի շրջանը` մինչեւ հոկտեմբերի 1, եւ այդ ժամանակ նոր խորհրդարանը պաշտօնապէս սկսում է իր աշխատանքը:

Մինչեւ հոկտեմբերի 1-ը դեռ մնացել է աւելի քան երկու ամիս, բացման օրը, որ յունիսի 28-ն էր, ընտրուեց նոր խորհրդարանի նախագահը` Ճեմիլ Չիչեքը, որը ԱԲԿ-ից է եւ Էրտողանի օգնականներից էր նախորդ կառավարութեան մէջ. նա հակահայ եւ հակաքիւրտ դէմք է:

Սակայն խորհրդարանին կապուող հարցերը չեն ընթանում իրենց բնական հունով:

Բացման օրը եւ երեսփոխանների երդման արարողութեան վերաբերեալ պատահել է մի հետաքրքիր եւ արտասովոր դէպք, որը նորութիւն է Թուրքիայի քաղաքական կեանքում, եւ որի համար թուրք իշխանաւորները դեռ չեն կարողացել լուծում գտնել, ու կողմերը շարունակում են բանակցել միմեանց հետ:

Հարցն այն է, որ խորհրդարանի բացման օրը, երբ  երդում պիտի կատարէին նաեւ երեսփոխանները, երեսփոխաններից 9-ը գտնւում էին բանտում: Բանտարկեալ  երեսփոխաններից վեցը պատկանում են քրտական ԽԺԿ-ին, երկուսը` ԺՀԿ-ին եւ մէկը`  ԱՇԿ-ին: Այդ պատճառով` ԽԺԿ-ն եւ ԺՀԿ-ն պոյքոթի ենթարկեցին բացման նիստը եւ չմասնակցեցին երդման արարողութեանը, ուստի երեսփոխանների շուրջ մէկ երրորդը բացակայ էր եւ չի երդուել որպէս երեսփոխան եւ յայտնի չէ, թէ դրանք հիմա երեսփոխա՞ն են, թէ՞ ոչ, քանի որ ըստ օրէնքի, երեսփոխանը պաշտօնապէս երդուելուց յետոյ է, որ դառնում է երեսփոխան: Այս երեւոյթը բոլորովին նորութիւն է Թուրքիայի իշխանաւորների համար, եւ որեւէ օրէնքի նախատեսում էլ չկայ, որ եթէ երեսփոխանները բացակայեն եւ չերդուեն, ինչպիսի՞ն կը լինի խորհրդարանի վիճակը եւ արդեօք այդ խորհրդարանը օրինաւո՞ր կը լինի, թէ՞ ոչ:

* Քրտական  ԽԺ կուսակցութիւնը այժմ ունի 36 երեսփոխան, որոնցից վեցը բանտում են եւ, ըստ դատարանի, ամբաստանուած են ահաբեկչական աշխատանքների հետ կապ ունենալու մեղադրանքով. դրանցից երեքը այժմ սպասում են դատավարութեան, մէկը` համալսարանի դասախօս է, մէկը` լրագրող եւ միւսն էլ հանգստեան կոչուած մի զօրավար է:

Ըստ թուրքական օրէնքի, խորհրդարանի երեսփոխանները ունեն քաղաքական անձեռնմխելիութիւն:

ՔՐՏԵՐԻ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ

Բազմաթիւ սադրանքներով, քաղաքական խաղերով ու կաշառքներով հանդերձ, վերջապէս քրտերին յաջողուեց 36 երեսփոխան ունենալ խորհրդարանում` համեմատ նախկինի, որ ունէին 21 երեսփոխան: Թուի այս յաւելումը նշանակում է նաեւ ուժի յաւելում. դա կարելի է համարել յաջողութիւն` Թուրքիայի քրտերի եւ Քրտական հարցի լուծման խնդրում (եթէ պիտի այսքան շուտ լուծուի, ի հարկէ): Այսպիսով, հարցը աւելի օրինաւոր տեսք է ստանում Թուրքիայում, քրտերի պայքարի առանցքը դառնում է քաղաքական միջոցները, քան թէ` ռազմական միջոցը:

Թուրքիայի ամենամեծ քաղաքական հարցը քրտերի հարցն է, որը գոյութիւն է ունեցել դեռ հանրապետութեան հիմնադրման օրուանից: Քրտերը այդ երկրում ճանաչուած չեն որպէս քիւրտ, այլ կոչւում են լեռնային թուրքեր: Նրանք պահանջում են ինքնավարութիւն` իրենց շրջաններում, մայրենի լեզուի դասաւանդում եւ ներքին ազատութիւններ:

Տարիներ թուրք իշխանաւորները, յանձինս նաեւ Էրտողանի, բազմաթիւ խոստումներ են տուել քրտերին, բայց եւ ոչ մէկն էլ չեն կատարել:

Քրտերի յաջողութիւնը խորհրդարանում պատճառ է դարձել քրտական թեւի ուժեղացմանը` երկրի օրէնսդիր ուժի մէջ, որով եւ կարող է վիճակներ պարտադրել իշխանութեանը եւ ստիպել, որ հաշուի առնուեն ու բանակցութիւնների նստեն իրենց պահանջներն իրականացնելու համար:

Թուրքիայի լիրայի արժէքը արդէն երդման արարողութիւնը պոյքոթի ենթարկուելով` իջաւ 0.6 տոկոսով եւ սպասւում է, որ իջնի 0.3 տոկոսով` տոլարի համեմատութեամբ: Նուազել են արտաքին ներդրումները` երկրի քրտական շրջաններում (հարաւ-արեւելք) եւ ըստ թուրք քաղաքական փորձագէտների, եթէ այս բանտարկեալ երեսփոխանները մուտք չգործեն խորհրդարան, նորանոր խլրտումների ու ժողովրդական բողոքների ականատեսը կը լինենք Թուրքիայում` թէ՛ քրտաբնակ շրջաններում, թէ՛ այն մեծ քաղաքներում, ուր ապրում են մեծ թուով քրտեր:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

«Ալիք»

Share this Article
CATEGORIES