Փոքր Պետութիւնների Դիւանագիտութեան Առանձնայատկութիւնները. (Մաքիավելիզմը` Փոքր Պետութիւնների Դիւանագիտութեան Նախատիպ: Փոքր Պետութիւնների Դիւանագիտութեան Յարաբերակցութիւնը Նրանց Ներուժի Հետ)
ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
Փոքր պետութիւնների դիւանագիտութիւնն անցել է զարգացման երկար ուղի: Հին աշխարհի պատմագիր թիւսիդիդիսը հետեւեալ կերպ է բնորոշել պետութիւնների հնարաւորութիւնները. «Ուժեղն անում է այն, ինչը կարող է անել, իսկ թոյլն ընդունում է այն, ինչի հետ ստիպուած է հաշտուել»: Իսկ Արիստոտելն իր հիմնարար «Քաղաքականութիւն» աշխատասիրութիւնում, որով հարստացրել է ժամանակի գիտական միտքը, մանրամասն վերլուծում է պետութիւնների առաջացման եւ զարգացման գործընթացները, իշխանութեան եւ պետութեան իրաւական հիմքերը, նրա տարածքային, ժողովրդագրական ու դասակարգային առանձնայատկութիւնները եւ այլն: Եթէ հաշուի առնենք, որ Ք. Ա. Դ. դարում հին յունական կայսրութիւնը կազմուած էր պոլիս-քաղաքներից, այսինքն` փոքր պետութիւններից, ապա արտաքին քաղաքականութեան արիստոտելեան մեկնաբանութիւնը կարող ենք դիտել որպէս փոքր պետութեան դիւանագիտական առանձնայատկութիւն, որը բնորոշ էր հելլէնական պոլիսներին: Հելլէնական դիւանագիտութեան այդ ուրոյն յատկանիշի վրայ հետագայում կառուցուեց արեւմտեան դիւանագիտական մեքանիզմը, այդ թւում` փոքր երկրների դիւանագիտութեան առումով:
Փոքր պետութիւնների դիւանագիտական ծառայութիւնը դարձաւ քաղաքական դաս Վերածննդի դարաշրջանի իտալական գաճաճ-պետութիւնների համար, որոնք ո՛չ զինուած ուժեր ունէին, ո՛չ էլ ոստիկանութիւն: Արտաքին ռազմական վտանգի դէպքում ինչո՞վ պէտք էր պաշտպանուէին նրանք: Դիւանագիտութեամբ, որի տեսութիւնը եւ գործնական կիրառութիւնն ամփոփուած են Նիքոլօ Մաքիավելիի յայտնի մաքիաւելիզմ կոչուող ուսմունքի մէջ: Ինքը` միջնադարի գրող, փիլիսոփայ, նշանաւոր քաղաքական գործիչն այն անուանում էր virtu, որն իտալերէն նշանակում է` որեւէ նպատակի հասնելու միջոց: Իրեն յատուկ հեգնանքով եւ շնականութեամբ նա ապացուցում է, որ պետութեան շահերի պաշտպանութեան համար ընդունելի են ամենաթողութիւնը, խորամանկութիւնը, սուտն ու խարդաւանքը: Դիւանագիտական պայքարի մէջ Մաքիաւելին տեսնում է երկու գործօն` օրէնք եւ ուժ: Առաջինից օգտւում են մարդիկ, երկրորդից` գազանները, եւ քանի որ առաջին մեթոտը յաճախ անբաւարար է, մարդիկ դիմում են երկրորդ` գազանային մեթոտին: Առաջնորդուելով նման փիլիսոփայութեամբ` Մաքիավելին դիւանագէտներին խորհուրդ է տալիս անասուններից ընտրել առիւծին եւ աղուէսին` որպէս ուժ եւ խորամանկութեան խորհրդանիշներ: «Պէտք է աղուէս լինել` թակարդից խուսափելու համար, եւ լինել առիւծ` գայլերին խժռելու համար», ասում է նա: Մաքիավելին գտնում է, որ դիւանագէտի հմտութիւնն «իրականութիւնը խօսքերի տակ թաքցնելն է»: «Մէկի անազնուութիւնն արդարանում է միւսի անփութութեամբ»: Իր յայտնի «Տիրակալը» գրքում Մաքիավելին գրում է. «Մենք փորձից գիտենք, որ մեր օրերում միայն նրանց է յաջողւում անել մեծ գործեր, որոնք չեն յարգում իրենց խօսքը եւ կարողանում են ստել: Այդպիսի տիրակալները վերջին հաշուով աւելի են շահում, քան նրանք, ովքեր ազնիւ են»:
Այսպիսով, Մաքիավելին եւ նրա ուսմունքի յետնորդները միջազգային յարաբերութիւններում փոխադարձ վստահութիւնը, հեռահար ծրագրերի եւ միջպետական յարաբերութիւնների բնականոն ու աստիճանական զարգացումը փոխարինում են մի արատաւոր տեսութեամբ, որը միջազգային իրաւունքը ստորադասում է ազգային հետաքրքրութիւններին եւ շահերին:
Չնայած այն հանգամանքին, որ մաքիավելիզմը մերժուել եւ քննադատութեան է ենթարկուել Ֆ. Կալիէրի, Հ. Նիքոլսոնի, Ժ. Քամպոնի, Է. Սաթոուի, Վ. Փոփովի եւ միւս յայտնի տեսաբանների կողմից, այն, այնուամենայնիւ, խոր հետք է թողել համաշխարհային դիւանագիտութեան վրայ եւ այսօր էլ չի կորցրել հետաքրքրութիւնը արհեստավարժների համար: Բանն այն է, որ մաքիավելիզմն, իր շնականութեամբ, անբարոյականութեամբ եւ պատեհապաշտութեամբ հանդերձ, պարունակում է բանական հատիկ` փոքր երկրի պետականութեան եւ ազգային շահերի պաշտպանութեան համար: Երբ խօսում ենք մաքիավելիզմի մասին, պէտք չէ մոռանանք, թէ նրանում որքա՜ն մեծ նշանակութիւն է տրւում օրէնքին եւ ուժեղ կառավարութեան անհրաժեշտութեանը: Մեր օրերում այդ նախազգուշացման իմաստուն լինելն են վկայում, օրինակ, Ուքրանիայում Վ. Եանուքովիչի իշխանութեան թուլութիւնը եւ դրա արիւնալի հետեւանքները երկրի համար:
Մեր կարծիքով, սա պէտք է հաշուի առնել նման երկրների դիւանագիտական ծառայութեան կայացման գործում:
Քաղաքագիտութեան համակարգում այսօր որո՞նք են համարւում փոքր պետութիւններ, եւ ի՞նչ դեր են նրանք խաղում միջազգային յարաբերութիւններում: Բոլոր այն պետութիւնները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ չեն, մտնում են փոքր պետութիւնների դասակարգի մէջ: Ըստ դիւանագիտութեան պատմութեան ամերիկեան ճանաչուած հեղինակ Է. Փլիշքէի, դրանք այն երկրներն են, որոնց բնակչութիւնը չի անցնում 5 միլիոնից: Իսկ անգլիացիները փոքր են համարում այն պետութիւնները, որոնց բնակչութիւնը 1 միլիոնից պակաս է` անուանելով դրանք ‹‹մինի պետութիւն››: Է. Փլիշքէի կարծիքով, փոքր երկրների արտաքին քաղաքականութիւնն ունի երեք ուղղուածութիւն. ա) գերտէրութիւններ, որոնց հետ նրանք ձգտում են համագործակցութեան, բ) խոշոր միջազգային կազմակերպութիւններ, որոնց հետ համագործակցութիւնը խոստանում է շօշափելի ֆինանսական ու տնտեսական օգնութիւն, գ) հարեւան երկրներ, որոնց հետ յարաբերութիւնները ներկայացնում են փոխադարձ հետաքրքրութիւններ:
Պատմականօրէն փոքր երկրների կարգավիճակը պայմանաւորուած է նրանց ներուժի` պահեստի (ռազմական, ֆինանսատնտեսական, արդիւնաբերական եւ այլն) փոքրութեամբ, հետեւաբար` անվտանգութեան խոցելիութեամբ: Ելնելով այս իրողութիւնից` փոքր պետութիւնները միշտ ձգտել են հաւասարակշռել ուժեղ երկրների միջեւ եւ պահպանել չէզոքութիւն (Աւստրիա) կամ ստանալ նրանց հովանաւորութիւնը (Իսրայէլ): Երբ ասում ենք, որ փոքր պետութիւնները զրկուած են ներուժից, մոռանում ենք, որ նրանց ներուժը դիւանագիտութիւնն է: Եւ եթէ երկիրն ունի բարձրակարգ դիւանագիտական ծառայութիւն, ապա այն աշխուժօրէն մասնակցում է միջազգային իրաւունքի կանոնների հաստատութենականացման եւ միջազգային կազմակերպութիւնների ու հաւաքական անվտանգութեան համակարգերի ստեղծման գործընթացին: Դա, մի կողմից, ապահովում է փոքր պետութեան համարկումը միջազգային տնտեսական եւ քաղաքական կառոյցներում, միւս կողմից` նպաստում է սեփական խնդիրների լուծմանը:
Հարկ է նշել, որ ներկայ քաղաքական իրականութիւնում փոքր պետութիւնները յաճախ ցուցաբերում են հաւաքական եսասիրութիւն եւ անարդարացի պահանջներ մեծ տէրութիւնների նկատմամբ: Օրինակ` միջազգային կազմակերպութիւններում փոքր պետութիւնների զանգուածային համարկման պատճառով ստեղծւում է «թզուկների բռնատիրութեան» վտանգ, երբ փոքր պետութիւնները, միաւորուելով եւ օգտուելով համախոհութիւն եւ վեթոյի իրաւունքից, լրջօրէն սպառնում են իրենց կարգավիճակից դուրս գտնուող երկրների շահերին: Դէպքերի նման զարգացումն արգելակելու նպատակով Եւրոպական Միութիւնն իրականացրեց հաստատութենական բարեկարգումներ` ամփոփելով դրանք Լիզպոնեան պայմանագրերում:
Սակայն, ինչպէս ցոյց է տալիս դիւանագիտութեան նոր շրջանի պատմութիւնը, յատկապէս` գաղութատիրութեան վերացումից եւ երկբեւեռ համակարգի փլուզումից յետոյ, փոքր պետութիւնների համար լայն հորիզոններ են բացւում արտաքին քաղաքականութեան մէջ աշխուժօրէն ներգրաւուելու, անգամ միջազգային խաղացողների շարքին դասուելու համար: Փոքր պետութիւնները կարող են առանցքային դերակատարութիւն ունենալ միջազգային ասպարէզում: Օրինակ` Զուիցերիան ֆինանսական եւ դիւանագիտական, Քուէյթը` ածխաջրերի, Հոլանտան եւ Շուէտը` միջազգային իրաւունքի, Նորվեկիան` Արքթիքայի շահագործման ոլորտներում:
Դիւանագիտութեան պատմութիւնը բազմաթիւ օրինակներ ունի, երբ միջազգային հարցերը լուծւում են ոչ թէ դիւանագիտութեան միջոցով, այլ` ուժի դիրքերից: Գերտէրութիւնների արտաքին քաղաքականութիւնը յաճախ իրագործւում է «մկանային դիւանագիտութեան», այլ ոչ թէ` նրա մեթոտների եւ կանոնների օգնութեամբ: Եւ այդ գործելակերպը, որպէս կանոն, ունենում է ծանր հետեւանքներ այն կիրառողների համար (Միացեալ Նահանգների պատերազմները Վիեթնամում, Աֆղանիստանում եւ Իրաքում, Խորհրդային Միութեան համար Աֆղանիստանում, Չեչնիայում, Աբխազիայում եւ Հարաւային Օսեթիայում, երբ անտեսուել է դիւանագիտութիւնը որպէս միջազգային յարաբերութիւնների գործիք): Խորհրդային Միութեան երկարակեաց արտաքին գործերի նախարար Անտրէ Կրոմիքոն 26 անգամ վեթօ է դրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի որոշումների վրայ` ստանալով «միսթր նիէթ» մականունը: Սակայն ուժի ցուցադրումը, ի վերջոյ, չփրկեց պետութիւնը փլուզումից:
Երկար տարիներ փոքր պետութիւնների դիւանագիտական ծառայութիւնների ուսումնասիրութիւնը մեզ յուշում է հետեւեալ եզրայանգումը. երկրի դիւանագիտական համակարգի ճկունութիւնը եւ հմտութիւնը հակադարձ համեմատական են նրա ռազմատնտեսական եւ քաղաքական ներուժին: Որքան հզօր է երկիրը, այնքա՛ն թոյլ է նրա դիւանագիտական արուեստը, եւ հակառակը: Պետութեան հզօրութեան եւ դիւանագիտութեան յարաբերակցութեան մեր այս տեսակէտը կարող է թուալ յարակարծիք սոփեստութիւն: Սակայն, մեր կարծիքով, այն գոյութեան իրաւունք ունի եւ կարող է դառնալ դիւանագիտութեան տեսութեան լուրջ եւ մանրակրկիտ ուսումնասիրութեան թեմա:
Անդրադառնանք նաեւ փոքր պետութիւնների դիւանագիտութեան եւս մէկ առանձնայատկութեանը` միջնորդական դիւանագիտութեանը: Դրա մեթոտները տարբեր են` հրապարակային` «մեկաֆոն»-ային, գաղտնի, հաւաքական, առանձին, տարածաշրջանային, միջազգային եւ այլն: Միջնորդական դիւանագիտութիւնն ունի երկու կերպարանք` արտաքին եւ ներքին: Առաջին պարագայում փոքր երկրի դիւանագիտութիւնը մասնակցում եւ նպաստում է միջազգային նշանակութեան խնդիրների կարգաւորմանը եւ հակամարտութիւնների հանգուցալուծմանը: Երկրորդը միջնորդ երկրի հեղինակութեան բարձրացման եւ նրա շահերի պաշտպանութեան խնդիրն է: Այս առումով հեռանկարային են թւում հայկական դիւանագիտութեան հնարաւորութիւնները: Այն կարող էր միջնորդական առաքելութիւն ստանձնել Իրան-Միացեալ Նահանգներ երկխօսութիւնում, Մոսկուա-Թեհրան-Ուաշինկթըն եռանկիւնում, վրաց-ռուսական յարաբերութիւններում, Մերձաւոր Արեւելքում եւ այլն: Հայաստանը, չունենալով մեծ ներուժ, կարող էր միջնորդական հմուտ դիւանագիտութիւն իրագործել` շնորհիւ իր աշխարհաքաղաքական, պատմական, ազգային իմացութեան եւ սփիւռքի գործօնների:
ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
Ռուս-հայկական (Սլաւոնական) համալսարանի
համաշխարհային քաղաքականութեան եւ
միջազգային յարաբերութիւնների ամպիոնի վարիչ,արտակարգ եւ լիազօր դեսպան
«21-ՐԴ ԴԱՐ»

