Կարօ՞տ, Թէ՞ Երազելն Աւելի Հաճելի Է…
ՆԱՐԵԿ ՉՈԲԱՆԵԱՆ
Շատ անգամ եմ մտածել` հայրենիքի կարօտը դարերով բերնէբերա՞ն է գալիս, թէ՞ մեր արեան մէջ է: Ծնուածս օրուանից գիտեմ, որ մի բուռն է միայն ինձ ու ինձ նման հայերին բաժին հասել, բայց կարօտի մի տեսակ կայ, որ ոչ մի բառով չես բացատրի. որտեղի՞ց է ծնուել, ինչպէ՞ս է մէջս մտել…
Զօրամասս տեղակայուած է հէնց Արարատի դէմ դիմաց: Ամէն առաւօտ, երբ արեգակն ինձ «վերկաց» է տալիս, ժպիտով, կարօտով ու երազանքով աչք եմ գցում Արարատին, չէ՛, աւելի ճիշդ` մե՛ր Արարատին: Հաճելի է մտածել, որ մի օր այդ երազանք բառը չեմ ասի: Մարդկանց եմ հանդիպել, ովքեր փնովում են ինձ ու ինձ նմաններին` երազներով ու խաբկանքներով էք ապրում, իրատես չէք… Չեմ յանդիմանել նրանցից եւ ոչ մէկին, որովհետեւ նրանք լռութիւնը լսել չգիտեն: Հապա մի օր կանգնէք Արարատի դէմն ու լուռ նայէք նրան, լսէք նրա տրտունջները, տեսէք` ինչպէս է բնութիւնը խօսում արծիւների թռիչքով: Չէ՜, դա կարօտն է խօսում, այն անբացատրելի կարօտը, որ մեր արիւնն է կարմրացնում, այն նոյն կարօտը, որ ականջիս Կոմիտասի մեղեդիներ է բերում ու քամու հետ` մօրս բոյրը:
Ա՜խ, որքան հաճելի է երազելը…
Հրաման տրուեց. «Շարուե՛լ», ու բանակային առօրեան ինձ իրականութիւն վերադարձրեց… Տեսայ մեր տղաներին եւ հասկացայ, որ երազելով յետ չենք բերի մեր կորուստները, չենք սփոփի մեր հոգին, այլ` միայն ուժով ու ազգային, համընդհանուր կամքով…
Չեմ մոռանայ. մի օր քաղաքով զբօսնում էի` զինուորական համազգեստս հագիս: Հայր ու որդի քայլում էին հետեւիցս: Որդին, թէ.
– Հայրի՛կ, որ պատերազմ լինի, իրե՞նք են մեզ պաշտպանելու:
– Այո՛, իրենք: Նրանք հայրենիքի զինուորներն են, նրանց գործը հայրենիքը պաշտպանելն է: Բայց, եթէ բանը հասաւ պատերազմի, մենք իրենց մենակ չենք թողնի… Մենք կռուելու ենք նրանց հետ կողք կողքի…
– Ե՞ս էլ եմ կռուելու, հայրի՛կ…
– Դո՛ւ էլ, եթէ մեծացած լինես…
– Ես արդէն մեծ եմ…
– Ուրեմն` դո՛ւ էլ, ե՛ս էլ, բոլո՛րս…
Եւ ուրախ-ուրախ առաջ ընկան-գնացին:
Կանգնել էի փողոցում ու ժպիտով նայում էի նրանց յետեւից… Ա՛յ, սա է հայրենասիրութիւնը, ա՛յ, սա է այն կարօտը, որ ծնուել է Հայի հետ ու փոխանցւում է արեան հետ, հօրից` որդուն, Արարատից` մեզ…
ՆԱՐԵԿ ՉՈԲԱՆԵԱՆ
Շարքային
«Հայ Զինուոր»

