Յուշեր. Պորտաբոյծ Հայը

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

0930anasian…Հայկական տարբեր վայրերում (խանութ, հաւաքատեղի եւ այլն) յաճախ եմ հանդիպում անծանօթ մարդկանց, ովքեր հետագայում դառնում են մտերիմ բարեկամներ, եւ ժամանակի ընթացքում, գէթ հեռաձայնով, այս կամ այն առիթով կապի մէջ են լինում ինձ հետ:

Սակայն լինում են ծանօթութեան դէպքեր, որոնք ծանր հետք են թողնում իմ մտապատկերում: Նման ծանօթներին աշխատում եմ ջնջել իմ յիշողութիւնից, սակայն այս ծանօթացման դէպքը հազիւ թէ կարողանամ մոռանալ: Ահա այդ դէպքի հետ կապուած պատմութեան համառօտ շարադրանքը, որի մէջ եղած առանձին պարբերութիւններից կարելի է լուրջ հետեւութիւններ անել:

Հոլիվուտի մարզասրահից դուրս գալիս դիմացս ելաւ անծանօթ մի տղամարդ, որն ակնյայտօրէն շտապում էր մարզասրահ մտնել, ու ակամայից, դռների արանքում, առանց զգալու կոպտօրէն հրեց ինձ: Չէի հասցրել դիտողութիւն անել, երբ վերջինս շրջուելով դէպի ինձ` ասաց.

– Ներողութի՛ւն, պարո՛ն…օ՜, պարոն Անասեան, մաէսթրօ, այդ դո՞ւք էք, ներեցէք…ես սրբիչս մոռացել եմ ներսում, ես…նորից կը ներէք, ես երկու րոպէից կը վերադառնամ, մի քիչ կը զրուցենք, լա՞ւ:

Իսկապէս էլ, մի քանի րոպէ չանցած` երեւաց մեր հայրենակիցը.

– Ես ամէն օր եմ գալիս այստեղ, բայց ձեզ երբեք չեմ տեսել,- ասաց նա:

Իսկ ես` ոչ միշտ: Ընդհանրապէս` շաբաթը երկու-երեք անգամ, պարզապէս երբ ժամանակ ունենամ:

Ես մշտապէս կարդում եմ ձեր գրութիւնները, «տելեվիզոր»-ով էլ էք յաճախ երեւում: Չափազանց ուրախ եմ ձեզ տեսնելուս համար:

Մի քիչ դէսից-դէնից խօսելուց յետոյ, ներքին մի ձայն ինձ յուշեց, որ այս հայրենակիցը մեքենայ չունի եւ երեւի օգնութեան կարիք ունի, ուստի անմիջապէս հարցրի.

– Դուք մեքենայ ունէ՞ք:

– Ի հարկէ ունեմ, էն էլ երկուսը, մէկը «Մերսետես» է, իսկ միւսը` «Իմփալա», բայց միշտ նախընտրում եմ օթոպիւսով գնալ-գալ, թէեւ բաւական հեռու է մեր տունը, այդպէս շատ էժան է նստում:

– Օթոպիւսն էլ էժան չէ,- փորձում եմ հակադրուել խօսակցիս:

– Չէ՜, ի՞նչ էք ասում, շատ յարմար է մեզ համար, ես եւ կինս թոշակառու ենք, արտօնեալ պայմաններ ունենք, բժշկի մօտ էլ գնում ենք իրենց ուղարկած մեքենայով: Մեր մեքենան օգտագործում եմ միայն հեռու տեղեր գնալիս կամ` Ամերիկայի տարբեր շրջաններ ու քաղաքներ ճամբորդելիս: Այստեղի գործերի համար էլ պատահում է նաեւ, որ թաքսի ենք պատուիրում, դրա համար էլ է կառավարութիւնը վճարում: «Հոգին սիրեմ Ամերիկայի», այսպէս են ասում, չէ՞, ախպարները…

– ԴԷ, դէ, դէ՜…այդպէս չեղաւ, բարեկա՛մ, եթէ նման ձեւով ենք շարունակելու մեր խօսակցութիւնը, ուրեմն արի այս վայրկեանին իսկ հրաժեշտ տանք միմեանց,- հազիւ զսպելով արգահատանքի արտայայտութիւնս` ասացի ես:

– Ե՜ս…ես…ես ներողութիւն եմ խնդրում, պարո՛ն Անասեան, ես պարզապէս կատակի համար ասացի:

– Խնդրում եմ նման կատակ այլեւս չանել ինձ մօտ, առաւել եւս` մէկ ուրիշի: Մենք շատ ենք տուժել այդ բառի համար, եւ մինչեւ օրս էլ այդ արտայայտութիւնը նստած է բազմաթիւ հայաստանցիների հոգեբանութեան մէջ:

Ամօթահար, չիմանալով ինչպէս արդարանալ իր արտասանած քստմնելի բառի համար, պարոնը սպասում էր իմ հետագայ խօսքին:

Բաւական հետաքրքրեց ինձ այդ մարդը իր հաշուենկատութեամբ, ուստի որոշեցի առաջ գնալ ու փորձել է՛լ աւելի բացայայտել նրա, որպէս մարդու, հայ մարդու կերպարը:

– Հիմա ի՛նչ, օթոպիւսո՞վ էք գնալու տուն,- իբր թէ մոռացած տհաճ խօսակցութիւնը` ասացի ես:

– Այո՛, ինչպէս միշտ…- հազիւ լսելի ձայնով ասաց նա:

– Դէ լա՜ւ, լա՛ւ, քթներդ մի՛ կախէք, այդպէս չի կարելի: Մոռացէք ամէն ինչ: Ես մեքենայով եմ, ինչպէ՞ս կարող եմ ինձ թոյլ տալ, որ դուք օթոպիւսով գնաք, եկէ՛ք, եկէ՛ք, միասին գնանք, ես իմ մեքենայով ձեզ տուն կը հասցնեմ:

Մի քիչ չեմ ու չում անելուց յետոյ պարոնը համաձայնուեց:

– Ամրակապիչը կապէք,- մեքենան շարժելուց յետոյ ասացի պարոնին` տեսնելով, որ պարոնը միտք չունի այն ամրացնել: Յետոյ, մեքենայի մէջ բացուեց իր «հետաքրքիր» եւ «ուսանելի» պատմութեան կծիկը:

…Պարոնը (անունը յարմար չեմ գտնում հրապարակել, նրա նմանները քիչ չեն մեզանում) իր պատմութիւնն սկսեց Երեւանից.

«Այնտեղ ես լաւ գործի տէր էի` որպէս խանութի վարիչ, քսան տարուայ ընթացքում հսկայական գումար էի կուտակել: Ինչի՞ս էր պէտք այդ գումարը, երբ այն չէի կարող գործողութեան մէջ դնել: Որոշեցի իմ ողջ դրամագլուխը վերածել ոսկու եւ շատ թանկարժէք խալիներ (գորգեր) գնելուն: Անցեալ դարի 60-ականներին բացուեց Պէյրութի ճամբան: Մի լիբանանցի մեծահարուստի միջոցով եւ Երեւանի մաքսատան հետ համագործակցելով` կարողացայ իմ ողջ հարստութիւնը տեղափոխել Պէյրութ, ուր ապրեցինք գրեթէ երեք տարի:

– Իսկ յետոյ ի՞նչ եղաւ, կարողացա՞ք հարստութիւնը տեղափոխել Ամերիկա,- ընդհատելով զրուցակցիս խօսքը` հարցրի ես:

– Այո՛, բարեբախտաբար մի մեծ գումար կաշառք տալով, բարեկամներիս օգնութեամբ, 1976 թուականին մի զօրավար ամէնը հասցրեց Լոս Անճելըս:

– Եւ, ի հարկէ, ամբողջ ունեցուածքը դրեցիք գործի մէջ,- համոզուած ասացի ես:

– Ո՛չ, այդպէս չէ: Անմիջապէս երկու տուն գնեցի նոյն հողամասի վրայ, քիչ յետոյ կը տեսնէք, մէկը տղաներիս համար, իսկ միւսը` իմ եւ կնոջս: Այն տարիներին շատ էժան էին տները:

– Յետո՞յ, յետոյ ինչպէ՞ս դասաւորուեց ձեր կեանքը:

– Ես, ճիշդ է, շատ փող ու ոսկեղէն ունէի, բայց որոշեցի իմ կարողութիւնը ծառայեցնել իմ զաւակների բարձրագոյն ուսմանն ու մեր` իմ եւ կնոջս հանգստին: Ես պիզնեսի գլուխ չունեմ:

– Ինչպէ՞ս, չէ՞ որ, ձեր ասած կարողութեամբ, կարելի էր յաջող պիզնեսի դէպքում կրկնապատկել, գուցէ եւ տասնապատկել եղածը, ինչո՞ւ չմտածեցիք այդ մասին,- հետաքրքրուեցի ես:

– Չէ՛, ախպե՛ր ջան, պիզնեսն իմ բանը չի: Ես գոհ եմ իմ որոշման համար: Իմ մտածած ձեւով ես հասել եմ իմ նպատակին: Տղաներս բարձրագոյն կրթութիւն են ստացել, դոկտորական են պաշտպանել, ունեն իրենց սեփական գործը: Երկուսն էլ ամուսնացած են, ունեմ թոռներ, էլ ի՞նչ է պէտք մարդուն:

– Այդ ամէնը լաւ է ի հարկէ: Կայ դրամ, տուն-տեղ, թոռներ: Հաւանաբար ձեր զբաղմունքն էլ ձեր թոռներն են, այո՞…

– Չէ՜…ի՞նչ էք ասում, հազարից մէկ ենք տեսնում մեր թոռներին, էն էլ` տօնից տօն…իմ տանը կից միւս տունը վարձով եմ տուել: Տղաներս իրենց տներն ունեն Կլենտէյլի եւ Պըրպանքի սարերում: Մեծ տղաս հեռանալիս ասաց. «Հայրի՛կ, դուք ձեր ամբողջ կեանքը ապրել էք մեզ համար, այժմ ապրէք միայն ձեզ համար…»:

Խօսակցիս վերջին պարբերութիւնից յետոյ երկուսս էլ որոշ ժամանակ լուռ մնացինք: Իւրաքանչիւրս իր մտքերի հետ էր:

Լռութիւնը խախտեց բարեկամս.

– Հենա՛, հենա՛, հասնում ենք, պարո՛ն Անասեան, ահագին նեղութիւն տուի ձեզ:

– Ո՜չ, ի՞նչ էք ասում, ինձ համար հաճելի էր ձեզ հետ զրուցելը…այնուհանդերձ, մի հարց եւս. ինչպէ՞ս էք անցկացնում ձեր ժամանակը, կարդում էք, հասկացանք, իսկ հայկական երեկոների, համերգների գնո՞ւմ էք:

– Ճիշդը որ ասեմ, պարո՛ն Անասեան, ո՛չ մի հայկական ձեռնարկի չենք եղել, սակայն ասել չի, որ տանն ենք մնում: Ամբողջ տարին, երեսուն տարի եւ աւելի, ես ու կինս մշտապէս շրջագայութեան մէջ ենք: Շրջել ենք գրեթէ ողջ աշխարհը: Համարեա երկիր չի մնացել, որ չլինենք: Է՛լ ծովով, օդանաւով, երկաթուղով: Միայն Մեքսիկայում հանգստացել ենք տասներկու անգամ:

– Իսկ Հայաստան երբեւէ գնացե՞լ էք, չէ՞ որ գրեթէ քառասուն տարի է անցել ձեր հրաժեշտի օրուանից, դուք ձեր հայրենիքի անունը չտուիք…

Այստեղ մի պահ լրջացաւ մեր պարոնը` մինչ այդ հռետորական բարձրութիւնից իմ առջեւ փռելով աշխարհի քարտեսը:

– Ո՛չ…ո՛չ, չեմ գնացել,- մեղաւոր ժպիտով ասաց նա ու աւելացրեց,- մենք ոչ ոք չունենք այնտեղ, գնամ` ի՞նչ անեմ…

Սա արդէն չափից դուրս էր: Հազիւ զսպելով ինձ, որպէսզի չբղաւեմ, ասացի.

– Բա հայրենի՜քը, Երեւանը, քո ծննդավայրը, քո հողը…բա դրանք ոչինչ չ՛արժե՞ն…չէ՞ որ դրանց շնորհիւ, այնտեղ ապրող մարդկանց, այդ թւում նաեւ ԱԽՊԱՐՆԵՐԻՑ շորթած դրամներով ես միլիոններ դիզել, ու նրանց բարեկամների օգնութեամբ էլ դրանք հասել են Ամերիկա:

Ոչ մի խօսք, ոչ մի պատասխան: Արդէն տեղ ենք հասել: Պարոնը ձեռքը գցել է բռնակին ու առանց հրաժեշտ տալու` փորձում է իջնել մեքենայից, իսկ ես հեռացնում եմ նրա ձեռքը բռնակից ու ինքս եմ բաց անում դուռը եւ համարեա բղաւելով, աչքերս մեխելով նրա աչքերի մէջ` հարցնում եմ.

– Իսկ Լիբանանի եւ Սուրիայի քո սովեալ հայրենակիցներին, քո իսկ բառապաշարով` ԱԽՊԱՐՆԵՐԻՆ դրամ ուղարկո՞ւմ ես…

Մարդուկը լո՜ւռ, առանց մի բառ ասելու` իջնում է մեքենայից ու քայլերն ուղղում դէպի իր ապարանք յիշեցնող բնակատեղին:

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )