Դրական Մի Լուր Հայաստանից

ԱՐՄԻՆԷ Կ. ԳՈՒՆՏԱԳՃԵԱՆ

AGK_asbed-(3)Բազում չարախօսութիւններից, երբեմն տեղի ու երբեմն էլ անտեղի,  այստեղ ուզում եմ պատմել մի շողացող ու իրապէս գնահատելի ծրագրի մասին, որին կարող էք ականատես լինել ամէն կիրակի Հանրային հեռատեսիլով` որը կոչւում է «ՀԱՅ  ԱՍՊԵՏ» գիտելիքների մրցոյթ` դպրոցակաների միջեւ:

2006  թուականից ի վեր, հիմնադրամի միջոցներով եւ վարպէտ լրագրող, բեմագիր Կարին Տոնոյեանի ղեկավարութեամբ հիմնուել է հայագիտութեան եւ հայրենաճանաչման մի շատ արդիւնաւէտ ծրագիր: Սա մի եզակի դաստիարակչական եւ հայրենասիրական մրցոյթ է, որի շնորհիւ մատաղ սերունդը ձեռք է բերում դիմադրելու կարողութիւն` արտաքին մարտահրաւէրներին: Ծրագիրը ջանում է զինել հայ մանուկին իր ստացած ազգային գիտակցութեամբ եւ միջազգային գիտութեամբ դիմադրել ու զգօն լինել քայքայիչ օտարածին ազդեցութիւներին եւ կասեցնել մեզ պարտադրող օտարի կամքը:

AGK_asbed-(1)Կարին Տոնոյեանը գրել է բազմաթիւ հեռուստատեսիլի, բանակի 15, 16 եւ 17 ամեակների եւ Սարդարապատի 90-ամեակի բեմագրութիւնները: Նա ասում է, որ հիմա երգահան Մարտին Ահարոնեանի հետ զբաղուած է` գրելով ԱՆԻ պատմական քաղաքի  համար նոր երգ, որը բեմադրուելու է պարերով:

Այս հեռուստատեսային խաղ-մրցոյթը եթեր է սփռւում նոյնանուն ընդարձակ եռայարկ դպրոցի շէնքից, ուր ամէն օր սովորում են 35 աշակերտ, որոնք ընդունուել են մէկ ամիս խիստ փորձառական շրջան անցնելուց յետոյ: Ուրբաթ եւ շաբաթ օրերին 80 աշակերտ են գալիս դպրոց` միօրեայ դասերին հետեւելով, եւ նորից ընտրւում են լուրջ ու խիստ շահագրգռուած երեխաներ: Քանի որ ներկայումս միայն շէնքի կէսն է տրամադրուած այս նպատակի համար, տնօրէն Տոնոյեանը երազում է, որ մօտ ապագայում դպրոցը աւելի ընդարձակուի, որ կարելի լինի աւելի մեծ թիւով ամէնօրեայ աշակերտ ունենալու: Ամէն տարի Հայաստանի 105 դպրոցներից գալիս են այստեղ 1200 աշակերտ` մասնակցելու «Հայ ասպետ» մրցոյթին: Մինչեւ օրս շուրջ 7000 երեխայ է մասնակցել: Նախօրօք մասնակցող դպրոցներին ուղարկւում է հարկաւոր գրքեր ու տրւում է երկու ամիս ժամանակ` պատրաստւելու մրցոյթին, գրքերից բացի, տրամադրւում է պարերի «Տի. Վի. Տի.»-ներ եւ երգերի խտասալիկներ: Ամէն շաբաթ երեք խմբեր են մրցում իրար դէմ, որոնք են` կարմիր, կապոյտ եւ նարնջագոյն: Դպրոցական տարեվերջին ամենաբարձր նիշ հաւաքած խումբերը անվճար մեկնում են շրջապտոյտի` Արեւմտեան Հայաստան:

AGK_asbed-(2)Դպրոցականներից բացի, «Հայ ասպետին» մասնակցում են նաեւ հայկական բանակից զինուորներ: Մինչեւ օրս մասնակցել են 18 զօրամաս Արցախից եւ 30 զօրամաս` Հայաստանից: Ծրագիրը կայանում է պետութեան յատկացրած տարեկան 6 միլիոն դրամով: Ամէն շաբաթ մրցոյթը յաղթող խմբին բաշխուած նուէրները հայթայթում է Համաշխարհային Հայկական համագումարը («Քոնկրես») եւ այլ բարերար նուիրատուներ:

Կազմակերպութեան անձնակազմը բաղկացած է 27 հոգուց: Հանրապետութեան կրթական ծրագրին զուգահեռ դասաւանդւում է խորացուած կերպով հայոց պատմութիւն, լեզուներ, ինչպիսիք են` ռուսերէն, անգլերէն, թուրքերէն, առասպելներ, առակներ, ասացուածքներ, եւ հեքիաթներ, ազգային  եւ դասական պար, ազգային երգ եւ այլն: Դասերը տեւում են մինչեւ ժամը 5:00-ը: Բոլոր ուսուցիչները փորձառու մանկավարժներ են:

Տարեկան 70 միլիոն դրամ յատկացում կայ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնից,եւ 10-15 միլիոն դրամի նիւթական աջակցութիւն էլ` պաշտպանութեան նախարարութիւնից: Այս գումարներից ծախսւում է արշաւներ կազմակերպելու համար Հայաստանի զանազան մարզեր ու քաղաքներ, օրինակ` Գիւմրի, Լոռի, Արցախ, Սիւնիք  Տաւուշ եւ այլն: Ամէն տարի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախութեան տօնի առթիվ, լեռնագնացութիւն է լինում Արագած,  Աժդահակ եւ այլ բարձրունքներ: «Մենք փոքրիկ, ժիր ու քաջ զինուորներ ենք մեծացնում,- ասում է Կարին Տոնոյեանը.-Վերակենդանացնում ենք մեր բոլոր ազգային տօներն ու աւանդական սովորոյթները»:

AGK_asbed-(4)ԱՊԱԳԱՅԻ  ԾՐԱԳԻՐՆԵՐ-  Տիկին Տոնոյեանը ծրագրում է Ցեղասպանութեան հարիւրերորդ  տարելիցին, 1500 հայ ասպէտներով «Ֆլեշ մոպ» կատարել Անի քաղաքի աւերակների դիմացի սարահարթում: Պետութեան հովանաւորութեամբ, ծրագրում է  յաջորդ տարի էլ 600-800 ասպետներով արշաւի գնալ մարզերում:  Մի այլ հետաքրքիր ծրագիր եւս կայ իր մտքում.  Կարին Տոնոյեանը ձեռնարկած է համաշխարհային ստորագրահաւաք-բողոք ԵՈՒՆԵՍՔՕ-ին ( armcongress.am), քանի որ վերջերս թուրք կառավարութիւնը ձեռնարկած է Անի քաղաքի եկեղեցիները նորոգելու աշխատանքին օտար մասնագետներով, որոնք անխնայ ոչնչացնում են հայկական հետքերը` նորոգելու պատրուակով:

Այժմ  նախապատրաստւում է նաեւ Եղեռնի 100-ամեակին նուիրուած հեռուստախաղ` համալսարանների ուսանողների միջեւ, որը 2015-ին կը ցուցադրուի ամէն ամսի 24-ին: Այս խաղի յաղթողները եւս կը մեկնեն պատմական  Արեւմտեան Հայաստան:

Ես անձամբ ներկայ եղայ դպրոցի դասարաններում, շրջեցի մաքուր խոհանոցում` ճաշի պահին, տեսայ համազգեստների ու նուէրների  պահարանները, գրադարանը, ու հեռացայ  շատ տպաւորուած եւ ուրախ, որ ունենք մեր մայրաքաղաքում այսպիսի մի կարեւոր դաստիրակչական ազգօգուտ մի հաստատութիւն:  Տնօրէն Տոնոյեանը վերջում ինձ նուիրեց իրեց պարբերական ամսագրերից մի քանի հատ ու մի եզակի նուէր` գեղեցիկ երկրագունդ հայերէնով,  իբրեւ գնահատանք  անցած գարնանը իրենց նուիրած իմ  ստեղծած քերականական-ուսումնական խաղերի որ կոչւում է «Հոմանիշային զոյգեր»:

Ով որ տեսած է «Հայ ասպետ» մրցոյթ-խաղը,  Հանրային հեռուստատեսութիւնից, հիացել է թէ՛ տարրական եւ թէ՛ միջնակարգ աշակերտների գիտելիքների ու գեղեցիկ հայերէն խօսքի կարողութեան վրայ:

Սրտանց մաղթում եմ Կարին Տոնոյեանին, որ յղացած է այսպիսի մի բարձրորակ դաստիարակչական ձեռնարկ,  ամենայն բարիք ու յաջողութիւն: Յիշեմ այստեղ մի լաւ ասացուածք` «Նախընտրելի է վառել մի մոմ, քան թէ անիծել խաւարը»:

 

 

 

Share this Article
CATEGORIES