Թուրք Բարձրաստիճան Զօրավարն Այցելել Է Հայ-Ազրպէյճանական Շփման Գիծ
«ԹՈՒՐՔԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐԹԱԼ»
Թուրքիայի զինուած ուժերի յատուկ նշանակութեան զօրքերի հրամանատար, զօրավար Զեքայի Աքսակալլըն նոյեմբերի 8-ին այցելել է Ազրպէյճան, ապա նաեւ հայ-ազրպէյճանական զինուած ուժերի շփման գիծ (Արցախի հատուած):
Ինչպէս տեղեկացնում է թուրքական Սի. Էն. Էն. թիւրքը»-ը, թուրք զօրավարն իր գլխաւորած պատուիրակութեան հետ Պաքու է ժամանել 3 օր առաջ, ապա մի շարք հանդիպումներ է ունեցել Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաների հետ:
Աւելի ուշ նա մեկնել է առաջնագիծ, որտեղը ըստ թուրքական աղբիւրների, դիտել է հայկական զինուժի դիրքերը, ապա նաեւ զրուցել Ազրպէյճանի զինեալ ուժերի զինծառայողների հետ, ովքեր հսկել են սահմանի այդ հատուածը:
«Ձեզանով հպարտանում եմ: Ձեր բարոյահոգեբանական վիճակը, զինուորական արհեստագիտութիւնը, զէնքերը լաւ վիճակում են: Սա ինձ շատ է ուրախացնում: Թուրքիան մշտապէս Ազրպէյճանի կողքին է: Ազրպէյճանի- Թուրքիայի զինուորներն անպարտելի են: Պատերազմներում մենք սա բազմիցս ցուցադրել ենք»,- ազրպէյճանցի զինծառայողների հետ զրոյցում յայտարարել է Թուրքիայի զինեալ ուժերի յատուկ նշանակութեան զօրքերի հրամանատարը:
Հարկ է նշել, որ «անպարտելի» ազրպէյճանական բանակը ոչ վաղ անցեալում հայկական կողմից անառարկելի պարտութիւն է կրել արցախեան պատերազմում: