Էթիէն Մահճուբեանը` Թուրքիայի Վարչապետի Խորհրդական Կամ Թուրքական Հաշուարկներ

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

KB_manchurianՊոլսահայ յայտնի գրող, քաղաքական մեկնաբան, «Ակօս»-ի նախկին խմբագրապետ Էթիէն Մահճուբեանն այսուհետ կը լինի Թուրքիայի վարչապետ Ահմեթ Տաւութօղլուի խորհրդականներից մէկը, իսկ սա ժամանակակից Թուրքիայում բաւական լուրջ նշանակում է: Եւ երբ Թուրքիայում նման մակարդակի նշանակում է լինում, այն էլ` այդ պաշտօնը վստահում են ազգութեամբ հայ գործչի, արձագանգն անհամեմատ աւելի մեծ է լինում:

Մահճուբեանը Թուրքիայի յայտնի քաղաքական վերլուծաբաններից է, երկար տարիներ թուրքական տարբեր հեղինակաւոր թերթերում հանդէս է եկել յօդուածներով: Մահճուբեանն աշխատել է այնպիսի ազդեցիկ լրատուամիջոցների հետ, ինչպիսիք են` «Ռատիքալ», «Թարաֆ», «Զաման» պարբերականները, իսկ վերջին շրջանում յօդուածներ էր պատրաստում իշխանամէտ, էրտողանական «Աքշամ» պարբերականի համար: Մինչ «Աքշամ» տեղափոխուելը Մահճուբեանը համագործակցում էր Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթի` «Զաման»-ի հետ, որը կիւլենական շարժման յենասիւնն է: 2013 թուականի դեկտեմբերեան փտածութեան գայթակղութիւնից յետոյ այս թերթը, որն աւելի վաղ յայտնի էր իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան աջակցութեամբ, անցաւ ընդգծուած ընդդիմադիրների շարքը, ինչը հետեւանք էր կիւլենական շարժման հիմնադիր ու առաջնորդ Ֆեթհուլլահ Կիւլենի եւ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրտողանի միջեւ կատաղի առճակատման: Այս տարուայ մայիսին Մահճուբեանը որոշեց փոխել քաղաքական ճամբարը` ընդդիմադիր դարձած կիւլենական լրատուամիջոցից անցում կատարելով պակաս հեղինակաւոր եւ քիչ ազդեցիկ, բայց եւ իշխող շրջանակների հետ լաւ յարաբերութիւններ ունեցող «Աքշամ» թերթ:

Վերջին ամիսներին Մահճուբեանի մասնակցութեամբ աչքի ընկնող դրուագներից էր նաեւ պոլսահայ համայնքի մի շարք մտաւորականների հետ «յօդուածային փոխհրաձգութիւնը», որը խիստ մանրակրկտութեամբ լուսաբանում էին թուրքական մի շարք յայտնի լրատուամիջոցներ: Պատճառը Մահճուբեանի կոշտ որակումներն էին հայ համայնքի մի շարք մտաւորականների հասցէներին, որոնք էլ խոյս չէին տալիս պատասխան «կրակահերթերից»:

Այստեղ հարկ է յիշել, որ Մահճուբեանը ներկայացնում է Թուրքիայի կաթողիկէ հայ համայնքը, իսկ Թուրքիայում եւ պետաիրաւական տեսանկիւնից, եւ հայ համայնքի յարաբերութիւնների համայնապատկերից սա կարեւոր նրբութիւն է: Սա որոշակիօրէն նուազեցնում է Թուրքիայի իշխանութիւնների կողմից հայ համայնքի հետ աշխատելու հնարաւորութիւնները, քանի որ Թուրքիայում բնակուող հայերի ճնշող մեծամասնութիւնն առաքելական եկեղեցու հետեւորդներ են:

Արդէն հոկտեմբերի վերջին թուրքական լրատուամիջոցները, բառիս բուն իմաստով, պայթեցին Մահճուբեանի` Տաւութօղլուի խորհրդական նշանակուելու վերաբերեալ տեղեկութիւններով: Թուրքիայում այս նշանակումը հասարակական կարծիքը բաժանեց երկու հակադիր ճամբարների: Ազգայնական շրջանակները շտապեցին քննադատել իշխանութիւններին` ազգութեամբ հայի խորհրդական նշանակելու համար, մինչդեռ մի խումբ թուրք մտաւորականներ էլ ողջունեցին այդ քայլը` մեկնաբանելով այն որպէս դրական ու կարեւոր քայլ Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհին:

Մինչ երկու ճամբարները շարունակում են քննարկել արդէն կայացած աղմկալի այս իրողութիւնը, կարեւոր է հասկանալ, թէ ի՛նչը կարող էր դրդել Թուրքիայի իշխող շրջանակներին, ըստ էութեան, նման համարձակ ու աննախադէպ քայլի գնալ: Վերլուծելով Էրտողանի ու Տաւութօղլուի` Հայոց ցեղասպանութեան հարցում որդեգրած քաղաքականութիւնը եւ Թուրքիայի` 2015-ի նախապատրաստութեան պատմութիւնը, նշանակումը կարելի է եւ պէտք է կապել Հայոց ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցին: Թուրքիան նախկին ամիսներին էլ ցոյց է տուել, որ պատրաստ է համարձակ, անսպասելի եւ արտաքնապէս դրական քայլերի, որպէսզի ի ցոյց դնի «փոփոխուող Թուրքիան»` այսպիսով փոխելով թուրքական պետութեան միջազգային իմէյճը եւ դրական փոփոխութիւնների գնալու պատրանք ստեղծի: Այս շրջանակներում առաւել քան տեղաւորւում է Մահճուբեանի անսպասելի նշանակումը նման պատասխանատու ու կարեւոր պաշտօնում, ինչպէս եւ դրան հետեւած շատ սպասելի աղմուկը: Մահճուբեանի նշանակումը 2015-ի համայնապատկերում կարելի է համադրել անցեալ տարի դեկտեմբերին Տաւութօղլուի երեւանեան այցի, Էրտողանի ապրիլքսանչորսեան ուղերձի հետ: Իսկ այս շղթան, վստահ ենք, դեռեւս անաւարտ է, եւ Թուրքիայից նման նոր ու «աննախադէպ» քայլեր սպասելու հիմքեր շատ կան: Սա, սակայն, այլ ուսումնասիրութեան նիւթ է եւ մեծ կարեւորութիւն է ներկայացնում:

Վերադառնալով Մահճուբեանի նշանակմանը` այդ իրադարձութիւնը պէտք չէ սահմանափակել միայն Հայոց ցեղասպանութեան հարցում քարոզչական խնդիրներ լուծելով կամ Մահճուբեանի` որոշակիօրէն իշխանական շրջանակներին յարելուն: Ի վերջոյ, Մահճուբեանը բաւական խելացի, փորձառու եւ վերլուծական դաշտում կշիռ ունեցող գործիչ է, որի ներկայութիւնն իշխանական խմբակում կարող է դրական ազդեցութիւն ունենալ դրա վրայ:

Կարեւոր է հաշուի առնել եւս մէկ հանգամանք: Այն, որ Մահճուբեանը պաշտօնապէս անդամագրւում է թուրքական իշխանական շրջանակներին, ինքնաբերաբար նրան չի դարձնում հակահայ գործիչ: Ժամանակակից Թուրքիայում պարտադիր չէ լինել իշխանամէտ ու անպայման լինել հակահայ: Յաճախ, բայց ոչ միշտ, այս երկուսը կարելի է համատեղել, եթէ դա բխում է Թուրքիայի շահերից: Միեւնոյն ժամանակ ընդդիմադիր լինելը Թուրքիայում չի ապահովում պարտադիր հայամէտութիւն, քանի որ հիմնական ընդդիմադիր ուժերը, ըստ էութեան, հայատեաց քաղաքականութեան կրողներ են: Պէտք չէ մոռանալ նաեւ Մահճուբեանի կարեւոր ներդրումը Թուրքիայի հայերի կեանքում: Նա էր, որ հեղինակեց մեծ արձագանք ստացած եւ բազմաթիւ մրցանակների արժանացած «Տիկին Սալքըմի ադամանդները» ժապաւէնի բեմագրութիւնը, որում բարձրաձայնւում է Բ. Համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում հայերի նկատմամբ պետութեան բռնաճնշումների մասին: Եւ նա էր, որ 2007 թուականին «Ակօս»-ի հիմնադիր Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ ծանր շրջանում ստանձնեց հայկական թերթի գլխաւոր խմբագրի պարտականութիւնները:

Ամէն դէպքում, նոր պաշտօնում Մահճուբեանի աշխատանքն ու քաղաքականութիւնը հնարաւոր կը լինի գնահատել միայն որոշ ժամանակ անց, երբ կը լինեն եզրակացութիւններ անելու բաւարար հիմքեր ու կ՛ունենանք ընդհանուր պատկեր: Առայժմ ունենք այն, որ Թուրքիայի վարչապետն ունի հայ խորհրդական, որը թուրքական իշխանութիւններին պէտք է ոչ միայն քարոզչութեան եւ սեփական ինքնագովազդի տեսանկիւնից, այլ նաեւ` իրենց ճամբարը փորձառու եւ հեղինակաւոր անձով համալրելու համար:

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Թուրքագէտ

«Թուրքագիտական փորթալ»

Share this Article
CATEGORIES