Դուք Ալ Աղէկ, Թեւ Ձգեցէք. (Համշէնահայերէնով` «Դուք Էլ Եկէք, Ձեռք Մեկնէք»)
ՆԻԼԱՅ ՎԱՐՏԱՐ
Համշէնցիներն իրենց մայրենի լեզուն վերակենդանացնելու համար առաջին անգամ Թուրքիայում ամսագիր են լոյս ընծայում, որն իր անուանը համահունչ` բոլորին կոչ է անում «համընդհանուր աշխատանքի»:
Փռշտալուց մեր մեծերը ասում էին «ցաւդ ցեռքի» (թող ցաւերդ ցրուեն): Յայտնի չէ, թէ մեր ցաւերը ցրուեցի՞ն, թէ՞ ոչ, սակայն մենք ցրուեցինք աշխարհով մէկ… Գիւղերում մարդ չմնաց, եայլաներում անասուն չմնաց, տատիկների գրկում թոռ չմնաց, թոռների մօտ էլ լեզու չմնաց:
«Այժմ մեր պատմութիւնները, դարդերը, մեղեդիները, հեքիաթները, աղօթքները, երազները, երգերը, ժողովրդական խաղիկները, ողբերը գրելու եւ վաղուան փոխանցելու համար ունենք «Գոր» ամսագիրը»: «Եկէք եւ թեւ ձգեցէք»:
Գոր նշանակում է համընդհանուր, համատեղ աշխատանք Սեւ ծովի ամենահին ժողովուրդներից` համշէնցիներն առաջին անգամ իրենց մայրենի լեզուով բանասիրական, մշակութային եւ պատմական ամսագիր են լոյս ընծայել:
«Գոր» ամսագիրը, որի անուանումը նշանակում է համատեղ աշխատանք, գրի է առնելու ոչնչացման վտանգի տակ կանգնած համշեներէնը:
Ամսագիրը, որն առայժմ 6 ամիսը մէկ համշէներէն եւ թուրքերէն է լոյս տեսնելու, ինչպէս եւ անուանումից է երեւում, բոլորին կոչ է անում իր ներդրումն ունենալ, այսինքն` համատեղ աշխատել:
Համշէնցիներից, որոնց թիւը Թուրքիայում հասել է 100 հազարի, միայն 40 հազարն է կարողանում խօսել իր մայրենի լեզուով: Այդ իսկ պատճառով ԵՈՒՆԵՍՔՕ-ն համշէներէնը դասել է անհետացման վտանգի տակ յայտնուած 15 լեզուների շարքին:
Վտանգաւոր Է Համշէնցի Լինել
Թէեւ համշէնցիների համար այս հարցը դեռեւս քննարկման փուլում է, սակայն համշէնցիները, որ ենթադրւում է, որ 18-րդ դարում իսլամացուած հայեր են, խօսում են արեւմտահայերէնի բարբառով:
Ամսագրի հիմնադիր գրողներից Հիքմեթ Աքչիչէքը այս քննարկման վերաբերեալ ասում է` «Թէեւ փոքր համայնք ենք, սակայն համշէնցի լինելը Թուրքիայում վտանգաւոր թեմա է: Ամսագրում այս բոլոր թեմաները գիտական շրջանակներում են քննարկուելու»:
Համշէներէն Այբուբեն Չկայ
Աքչիչէքը համշէներէնի անհետացման եւ կրած դժուարութիւնների վերաբերեալ ասաց. «Համշէներէն այբուբեն չկայ, հայերէնի հետ կապ ունի, սակայն գրաւոր մշակոյթ չունի: Թէեւ անցեալում գրաւոր մշակոյթ է ունեցել, սակայն 300-400 տարի է ինչ բանաւոր լեզուի է վերածուել: Հեշտ չէ լեզուն կենդանի պահել: Քաղաք գաղթող բնակչութիւն ունենք: Քաղաքներում, երբ այս լեզուով խօսում են, ստորացման են ենթարկւում: Միւս լեզուների հետ միախառնուել է: Հանրապետութեան (Թրքական, Ա.) շրջանում կիրառուած պետական ազգային քաղաքականութիւնը եւս թողել է իր կնիքը, սակայն Ռիզէում` այսինքն համշէներէնի հայրենիքում, լեզուի կորուստը սկսուել է դեռեւս օսմանեան շրջանից: Հանրապետութեան շրջանում արդէն այնտեղ համշէներէն խօսող շատ քիչ մարդ կար:
Որովհետեւ այն ժամանակ մարդկանց դասակարգում էին ոչ թէ լեզուի, այլ` կրօնի տեսանկիւնից: Հետեւաբար, քանի որ Թուրքիայի համշէնցիները իսլամ էին ընդունել, 1600-ական թթ. սկսած մարդիկ հեռացան նաեւ այն լեզուից, որ անուանում ենք համշէներէն եւ ասում են` հայերէն է: Նրանք թրքացան, իսլամացան: Բնականաբար կայ նաեւ պնդում, թէ քանի որ ապրել են հայերի հետ միասին, խօսում են համշէներէն»:
Քննարկուելու Է Գիտական
Մակարդակում
Համշէնականութիւնն ու համշէներէնը թուրքական եւ հայկական կողմը քննարկում է` տեղ տալով ազգայնական հակազդեցութիւններին: Փոքրիկ համայնք ենք, քանի որ ցանկանում են նախընտրութիւնը տալ որեւէ մի կողմին, շատ վտանգաւոր վիճակ է ստեղծւում: Անհրաժեշտ է ակադեմական ուսումնասիրութիւն կատարել: Եթէ ես ասեմ համշէներէնը հայերէն է, որեւէ առարկութիւն չկայ: Ամսագիրը, բնականաբար, լինելու է մի հարթակ, որտեղ խօսելու, քննարկելու են ամէն ինչի մասին: Քաղաքականից շատ աւելի մտածում ենք գիտական եւ գրական քննարկում անցկացնել:
Սովորելու Են Համշէներէն
Գրել-Կարդալ
Սակայն, ինչպէս ասացի, գրաւոր մշակոյթ չունի: Ամսագրում, ըստ կանոնների, համշէներէնն առաջին անգամ լատինատառ այբուբենով է գրուելու: Այսինքն համշէներէնի համար ամսագիրը փաստաթղթի նշանակութիւն է ունենալու:
Գրաւոր լեզուի փուլ մտած բոլոր լեզուների նման` համշէներէնի համար եւս ընկերաբանական եւ քաղաքական թեմաներն այդ լեզուով քննարկելու տեսանկիւնից բառաֆոնտի սղութիւն է նկատուելու: Ուղղագրական, տառերի ներդաշնակութեան խնդիր է առաջանում, սակայն սա բնական է, անգամ թուրքերէնի համար են լեզուաբանական խորհրդաժողովներ անցկացնում:
Քանի որ դեռ սովոր չեն, որպէսզի անգամ համշէներէն իմացողները գրաւոր համշէներէնին յարմարուեն, ժամանակ է հարկաւոր: Այդ իսկ պատճառով, որպէսզի սովորեն գրաւոր համշէներէնին, համշէներէն յօդուածների թուրքերէն տարբերակը ամսագրում գիտակցաբար չզետեղեցինք, որպէսզի հեշտութեան ձգտելով` թուրքերէն չկարդան: Համշէներէն հասկանալու համար թող ջանք թափեն:
Ի՞Նչ Է Լոյս Տեսել Առաջին Համարում
Մահիր Օզքան` «Կարմիլիք»
Աւետիք Թօփչեան` «Իրեք ընգեր»
Հիքմեթ Աքչիչէք` «Դիր չունիք մեք»
Նեճտաթ Չաքմաք` «Գագալվերիչ Խերխերիչ»
Մինէ Ճանսու Երրորդ` «Համշէներէն արգելուած խաղ»
Ճեմիլ Աքսու` «Համշէնցիներ. պատմութիւն եւ ինքնութիւն»
Իպրահիմ Քարաճա` «Այդ գիւղը մեր գիւղն է (Խաչափիթ)»
Ուղուր Պիրեոլ` «Փալովիթի հովիտ»
ԳՈՐ` «Լատինատառ համշէներէն գրել»
«Պիանէթ»
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»

