Հայոց Ցեղասպանութեան Ժխտման Պատմութիւնից. Թուրքական Մի Վաղ Հրատարակութեան Քննական Դիտարկում (Ա. Մաս)
ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Թուրքիայի կողմից շուրջ մէկ դար շարունակւում է Հայոց ցեղասպանութեան փաստի ժխտումը, որի «ակադեմական հենքն ապահովելու համար միտումնաւոր շրջանցւում է արդարութեան, գիտական անաչառութեան ու անկողմնակալութեան սկզբունքը: Վերջին տասնամեակների ընթացքում Հայոց ցեղասպանութեան փաստը ժխտող մենագրութիւնների եւ յօդուածների պակաս չի նկատուել: Դրանցում ընդհանուր առմամբ զարգացւում են դեռեւս կոտորածների ընթացքում շրջանառութեան մէջ դրուած մի քանի թեզեր` փորձելով տարբեր «փաստարկներով» գիտական հանրութեանը պարտադրել պատմութեան իրենց վարկածը: Այդ թեզերի ակունքները կարելի է գտնել Մեծ եղեռնի եւ դրան յաջորդած տարիներին երեւան եկած մի շարք հրատարակութիւններում, որոնցում փորձ էր արւում միջազգային հանրութեան ուշադրութիւնը շեղել իրադարձութիւնների ընթացքից, աղաւաղել փաստերը կամ պարզունակ կերպով հերքել հայերի ոչնչացման գործում թուրքերի դերակատարութեանն առնչուող ցանկացած մեղադրանք:
Այս յօդուածում քննական մօտեցմամբ դիտարկելու ենք թուրքական վաղ հրատարակութիւններից մէկը, որը, իրաւամբ, կարելի է համարել Հայոց ցեղասպանութեան ժխտման եւ կեղծարարութեան «հիմնարար մատեան»: Խօսքը վերաբերում է դեռեւս 1916 թ. Կ. Պոլսում օսմաներէն հրատարակուած «Հայկական կոմիտէների նպատակները եւ յեղափոխական գործունէութիւնը սահմանադրութեան հռչակումից առաջ եւ յետոյ» (այսուհետ` «Հայկական կոմիտէներ…») խորագրով գրքին, որը մէկ տարի յետոյ լոյս է տեսել նաեւ ֆրանսերէն թարգմանութեամբ: Մեր առջեւ դրուած խնդիրը, սակայն սահմանափակուելու է քարոզչական այս հրատարակութիւնում հայկական աւանդական կուսակցութիւններից երկուսի` Սոցիալ դեմոկրատ հնչակեան եւ Հայ յեղափոխական դաշնակցութեան գործունէութեան լուսաբանման` այս գրքում կիրառուող որոշ մօտեցումների քննութեամբ: Մասնաւորապէս, ժամանակագրական առումով դիտարկելու ենք Ա. Աշխարհամարտի նախօրէին հայկական երկու քաղաքական կազմակերպութիւնների գործունէութեանը վերաբերող որոշ հարցերի թուրքական մեկնաբանութիւնը:
Գրքի Հրատարակման Պատճառները
Եւ Նպատակները
Այս հատորը կազմուել եւ հրատարակուել է Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարարութեան կողմից, որին տրուող կարեւորութիւնն այնքան մեծ է եղել, որ շատ արագ թարգմանուել է նաեւ ֆրանսերէն: Բովանդակային առումով այն նուիրուած է հայկական կուսակցութիւնների գործունէութեան, հայ ազգային-ազատագրական պայքարի եւ դրանում քաղաքական ուժերի դերակատարութեան լուսաբանմանը: Հատորը կազմուել է նաեւ որպէս իւրայատուկ հակակշիռ Լորտ Ճէյմս Պրայսի եւ պատմաբան Առնոլտ Թոյնպիի կազմած փաստաթղթերի ժողովածուին` «Կապոյտ գրքին»: Սակայն, ի տարբերութիւն վերջինի, այն չունէր ո՛չ արժանահաւատութիւն, ո՛չ գիտականութիւն: Պատմաբան Ռ. Սաֆրաստեանը, հետազօտելով բազմաթիւ թուրքական աղբիւրներ, ընդգծում է այն փաստը, որ ժամանակակից թուրք հեղինակների կողմից կիրառուող կեղծիքի «աւանդոյթի» սկզբնաղբիւրն այս գիրք-տեղեկագիրն է: Ընդհանուր առմամբ, այս հրատարակութեան գլխաւոր նպատակը ոչ միայն Ա. Աշխարհամարտի տարիներին արեւմտահայութեան տեղահանութիւնների եւ կոտորածների համար պատասխանատուութիւնից խուսափելն էր, այլեւ` զանազան արդարացումների միջոցով դրանց համար հայերին մեղադրելը:
«Կարեւորութիւնը» Եւ Առաջին
Քննադատութիւնները
Հատորում ամփոփուած տեղեկութիւնները գլխիվայր շրջում էին իրականութիւնը` բոլոր իրադարձութիւնները ներկայացնելով կողմնակալ եւ կեղծուած: Ժամանակագրական առումով տեղեկագիրը սկսում է Օսմանեան կայսրութեան կազմում յայտնուելուց յետոյ հայերի «ապահով» եւ «արտօնեալ» դրութեան ներկայացմամբ` դրան հակադրելով արեւելահայերի վիճակը: Կտրուկ անցում կատարելով ԺԹ. դար` գրքի հեղինակ(ներ)ը` ներկայացնում են հայ ազատագրական խմբակների կազմաւորման, ինչպէս նաեւ արեւմտահայ եւ արեւելահայ մամուլի պատմութիւնը: Այնուհետեւ գլուխ առ գլուխ հաղորդում են հայկական կուսակցութիւնների ծագման, ծրագրերի, դրանց անդամների գործելակերպի վերաբերեալ խեղաթիւրուած, կեղծուած կամ պարզապէս յօրինուած տեղեկութիւններ: Այնուամենայնիւ, այս հատորը չի կարելի համարել միայն գիտականութիւնից եւ հաւաստիութիւնից զուրկ, սուտ տեղեկութիւնների ժողովածու: Ամբողջ գրքում կարմիր թելի պէս առաջ է տարւում այն գաղափարը, որ հայերի տեղահանութիւնների եւ կոտորածների գլխաւոր մեղաւորն իրենք` հայերն են: Այդ դրոյթն ապացուցելու համար հայերին մեղադրում են դաւաճանութեան, Օսմանեան կայսրութիւնը կործանելու, մուսուլման բնակչութեանը ոչնչացնելու նպատակադրուածութեան մէջ եւ այլն: Հաշուի առնելով, որ տեղեկագիրը կազմուել եւ հրատարակուել է պետութեան կողմից, բնականաբար արտայայտում էր հայերի կոտորածների վերաբերեալ վերջինիս պաշտօնական դիրքորոշումը:
Բաւական ուշագրաւ են հատորում ամփոփուած լուսանկարները կամ դրանց նմանահանութիւնները: «Հայերի դաւադրութեան այս անհերքելի ապացոյցների» մեծ մասը եւս կեղծիք է: Այսպէս, յաւելուածում ներկայացուած լուսանկարներից մէկում պատկերուած են իբր թէ հայերի կողմից սպաննուած թուրքերի դիակներ, որոնց վրայ սգում են թուրք կանայք: Սակայն նոյն նկարն ուշադիր դիտարկելու դէպքում երեւում է, որ դիակների մեծ մասի վրայ հագուստ չկայ, այլ միայն լուսանկարելուց առաջ են դրանք «հանդերձաւորուել»` ծածկուելով կտորներով: Նոյն տեսարանը լուսանկարուել է մի քանի դիտանկիւնից: Իրականում դրանք հայ տղամարդիկ են, որոնց սպաննել են թուրքերը: Զինաթափուած եւ անպաշտպան հայերը տարագրութեան ճանապարհին ինչպէ՞ս կարող էին սպաննել թուրքերին, առաւել եւս` թալանել նրանց հագուստը: Մէկ այլ լուսանկարում էլ ներկայացնում են «հայերից բռնագրաւուած» զէնքերը: Չի ներկայացւում եւ ոչ մի ապացոյց, որ դրանք պատկանել են հայերին:
Հատորի տպագրութիւնը չէր կարող աննկատ մնալ ժամանակակիցների աչքից: Հրատարակութիւնից շատ չանցած` արեւմտահայ մամուլում յայտնուեցին յօդուածներ, որոնք բացայայտում էին «Հայկական կոմիտէներ…»-ում եղած կեղծարարութիւնները: Առաջին քննադատներից մէկը պատմաբան Լէոն էր, ով 1918 թ. «Ժողովրդի ձայն» թերթի համարներում հանգամանալից անդրադարձել է խնդրոյ առարկայ գրքին, քննադատել դրա կողմնակալութիւնն ու փաստարկների անհեթեթութիւնը: Առաջինը հէնց Լէոն էր, որ ուշադրութիւն է դարձրել այն հանգամանքի վրայ, որ չնայած տիտղոսաթերթի վրայ բացակայում է նշումը, որը կը հաստատէր, որ հատորը տպագրուել է կառավարութեան կողմից, այնուամենայնիւ դա հաստատւում է հրատարակութեան բովանդակութիւնն ու ձեւը դիտարկելիս: Անուանի պատմաբանը կարողացել է ճիշդ ընկալել նաեւ հրատարակման դրդապատճառները` նշելով, որ դրա միջոցով փորձ է արուել հայերի ոչնչացումը փաստող արեւմտեան հրատարակութիւններին հակակշիռ ստեղծել: Լէոյի քննադատութիւնը զգալիօրէն ուղղուել է նաեւ հայկական կուսակցութիւնների դէմ: Սակայն ցաւալին այն է, որ կուսակցութիւնների գործելակերպի` Լէոյի քննադատութիւնները յաճախ ոչ ընդունելի գնահատականներ են:
«Հայկական կոմիտէներ…»-ում տեղ գտած կեղծարարութիւնների բացայայտման գործում մեծ աշխատանք է կատարել հայ գրական, հասարակական, քաղաքական գործիչ, «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ յանձնաժողովի» անդամ Տիգրան Յովհաննիսեանը (1865-1921): Հայ հեղինակի կողմից բացայայտուած թուրքերի կեղծարարութիւնները յանգում էին հետեւեալ կէտերին` 1. Նախ զուգահեռներ տանելով Հայոց ցեղասպանութիւնը փաստող հիմնական սկզբնաղբիւրներից մէկի` Լորտ Պրայսի կազմած փաստաթղթերի ժողովածուի հետ` Տ. Յովհաննիսեանն ընդգծում է այն փաստը, որ ի տարբերութիւն «Կապոյտ գրքի»` «Հայկական կոմիտէներ…»-ում պարունակուող բոլոր վկայութիւնների հեղինակները թուրքեր են: Այսինքն հայերի կողմից մուսուլմանների սպանութեան պատմութիւնների վկաները, նրանց հարցաքննողները, ինչպէս նաեւ արձանագրութիւն կազմողները եղել են թուրքեր (բնագրում` տաճիկ): 2. Հայկական կուսակցութիւնների գործունէութեանն առնչուող փաստաթղթերը ներկայացւում են միտումնաւոր թիւր եւ աղաւաղուած թարգմանութեամբ: 3. Շրջանառութեան մէջ են դրուել բազմաթիւ անյայտ ծագման «փաստաթղթեր», յատկապէս մասնաւոր բնոյթ կրող նամակներ, որոնք չեն պատասխանում այն հարցերին, թէ ինչպէս են թուրքերի ձեռքն ընկել, ի՞նչ ապացոյց կայ, որ դրանք իրենք` թուրքերը չեն գրել, կամ եթէ հայերն են գրել, ապա ո՞վ է թարգմանել դրանք, ի՞նչ բարեխղճութեամբ եւ հմտութեամբ: 4. Գրքում առկայ են ակնյայտ սուտ վկայութիւններ, որոնց հաւաստիութեան գլխաւոր երաշխիքը մուսուլման վկաների երդումն էր:
«Հայկական կոմիտէներ…»-ում եղած կեղծարարութիւններին բաւական ուժեղ հակահարուած տուեց Գրիգոր Չալխուշեանը (1861-1939)` 1919 թ. հրատարակելով «Կարմիր գիրք» խորագրով մի աշխատութիւն, որը Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան առումով ունի սկզբնաղբիւրային կարեւոր նշանակութիւն: Ինչպէս հեղինակն է նշում, գրքի «կարմիր» անուանումը պայմանաւորուած է ոչ թէ կազմի գոյնով, այլ այն խորհրդանշում է հայ ժողովրդի թափած արիւնը: «Կարմիր գիրքը» փաստօրէն հրատարակուել էր թուրքերի կազմած տեղեկագրին հակակշիռ ստեղծելու անհրաժեշտութիւնից: Այս հատորի հրատարակութեան մէջ օգտագործուած փաստաթղթերի զգալի մասը նախկինում անյայտ էր եւ հետեւաբար առաջին անգամ էր դրւում գիտական շրջանառութեան մէջ: Բացի այդ, ի տարբերութիւն «Հայկական կոմիտէներ…»-ի փաստաթղթերի մեծ մասի, «Կարմիր գրքում» նշւում էին օգտագործուած սկզբնաղբիւրները:
«Հայկական կոմիտէներ…»-ի քննադատներից իւրաքանչիւրը փորձել է իւրովի բացայայտել եւ ապացուցել դրա կեղծիքները, որոնք այնքան շատ են, որ դրանցից իւրաքանչիւրին առանձին անդրադառնալու դէպքում հարկ կը լինէր գրել մի ամբողջ հատոր:
ՀՅ Դաշնակցութիւն եւ ՍԴ Հնչակեան կուսակցութիւնների գործունէութեան հետ կապուած մի քանի հարցերի` թուրքական մեկնաբանութիւն:
Փաստարկներ Եւ Հակափաստարկներ
Նախ, կարեւոր է Ա. Աշխարհամարտից առաջ` 1914 թ. յուլիսի կէսին տեղի ունեցած Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան ութերորդ Ընդհանուր ժողովի հետ կապուած որոշ հարցերի պարզաբանումը: Յայտնի է, որ ժողովը հաստատեց Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեանն ընդդիմադիր լինելու իր դիրքորոշումը: Դրա արդիւնքում ընդունուած բանաձեւում առկայ էր հետեւեալ ձեւակերպումը. ժողովը չի ժխտել գործակցութեան սկզբունք այն համապետական կարեւոր խնդիրներուն համար, որոնք համապատասխան են մեր կուսակցութեան ծրագրային պահանջներուն:
Այս նախադասութիւնը բացակայում է «Հայկական կոմիտէներ…»-ում ներկայացուած հայերէն փաստաթղթի ֆրանսերէն թարգմանութեան մէջ, ինչն ամենեւին էլ պատահական չէ: Դրա փոխարէն` թարգմանութեան մէջ աւելացուել է բնագրում գոյութիւն չունեցող մի նախադասութիւն («… եւ կը խուսափեն որեւէ առնչութիւն ունենալ նրա հետ ուրիշ հանգամանքներում»): Չբաւարարուելով դրանով` նախադասութեանը համապատասխան յղումով տողատակում աւելացուել է բառացիօրէն հետեւեալը` «Cette décision a été prise à l՛unanimité à la première réance (պէտք է լինէր` séance – Գ. Վ.) du Congrès (հայերէն` «Այս որոշումը միաձայն ընդունուեց քոնկրեսի առաջին նիստին»), որն ակնյայտ կեղծիք է:
Դաշնակցութիւնը, չնայած իր ընդդիմադիր կեցուածքին, չէր գնում բացայայտ առճակատման, ինչը թելադրուած էր արեւմտահայութեան անվտանգութեան հարցի գիտակցմամբ: Այս ժողովի հետ կապուած անցքերն ունեն բացառիկ նշանակութիւն Հայոց ցեղասպանութեան ժխտման հենքերից մէկի` «հայերի դաւաճանութեան» թեզի ձեւաւորման առումով: Անշուշտ, «Հայկական կոմիտէներ…»-ի մէջ տեղ չեն գտել իրենց` թուրքերի կողմից ժողովի եւ ժողովականների վրայ ճնշում գործադրելու մասին յիշատակումներ, մինչդեռ դէպքերի անաչառ հետազօտութիւնը ենթադրում է նաեւ դրանց դիտարկումը:
1914 թ. յուլիսի վերջին Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի կողմից ընտրուել էր 9 հոգուց բաղկացած մի յանձնաժողով, որը պէտք էր զբաղուէր «առկախ մնացած հարցերով»: Շուտով Էրզրում է ժամանում իթթիհատականներից կազմուած մի պատուիրակութիւն եւ բանակցութիւններ սկսում դաշնակցականների հետ: 1914 թ. օգոստոսի 15-ին Էրզրումում տեղի է ունենում Դաշնակցութիւն ու Միութիւն եւ յառաջադիմութիւն» կուսակցութիւնների ներկայացուցիչների խորհրդակցութիւն: Իթթիհատի կողմից բանակցութիւնները վարում էին այստեղ շտապած Պեհաէտտին Շաքիրը, Նաճի պէյը եւ Խալիլ պէյը: Թուրքերի կողմից Դաշնակցութեանն առաջարկւում է. «Ռուսաստանը եւ նրա դաշնակիցներն ի վիճակի չեն դիմակայելու կենտրոնական տէրութիւններին. ամբողջ մահմետական աշխարհը` Մարոքից Պալուճիստան եւ Աֆղանիստան, համախմբուել է Թուրքիայի շուրջը` Ռուսաստանի, Ֆրանսայի եւ Անգլիայի դէմ պայքարելու համար. Կովկասում մեզ կը միանան վրացիները եւ մուսուլմանական ցեղերը, որոնց Թուրքիան կը կազմակերպի եւ կ՛ապահովի զէնքով: Սակայն Կովկասում մեր յաջողութիւնն ամբողջութեամբ ձեր ձեռքում է, եւ կովկասեան հակառուսական շարժումը գլխաւորելու` ձեր համաձայնութեան դէպքում բաւարար կը լինի Կովկաս ուղղել 200-300 հազար մարդ, որպէսզի ռուսներին յետ շպրտեն Կովկասեան լեռներից այն կողմ. ռուսների վտարումից յետոյ հիւսիս-արեւմուտքում մենք կը կազմաւորենք ինքնավար Վրաստան` Քութայիսի, Թիֆլիսի, Պաթումի եւ Տրապիզոնի նահանգի մի մասի սահմաններում, հիւսիսարեւելեան մասում կ՛առանձնացնենք մուսուլմանական ինքնավար մարզ` ներառելով Տաղստանը, Պաքուի նահանգը եւ Ելիզաւեթպոլի նահանգի մի մասը, եւ վերջապէս կենտրոնական մասում կը կազմաւորենք ինքնավար Հայաստան` Երեւանից, Կարսից եւ Ելիզաւեթպոլի նահանգի արեւմտեան մասից` դրան միացնելով Էրզրումի, Վանի եւ Պիթլիսի վիլայեթների սահմանակից շրջանները»:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի
ցեղասպանագիտական հանդէս, 2(7), Երեւան, 2014
(Շարունակելի)

