Հայոց Ցեղասպանութեան Ժխտման Պատմութիւնից Թրքական Մի Վաղ Հրատարակութեան Քննական Դիտարկում (Բ. Մաս)

ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԵԱՆ

article-book03Երիտթուրքերի առաջարկում թաքնուած նպատակների մասին Լէոն նշում է. «Երիտասարդ թիւրքերի այս ծրագիրը Հարաւային Կովկասը հեշտութէամբ նուաճելու ծրագիրն էր, որ ունէր, անշուշտ, գերմանական ծագում»:

Առկայ էր նաեւ ակնյայտ մի բան, որը միանգամից ուշադրութիւն է գրաւում: Խօսքը հայերին ինքնավարութիւն (ընդգծումն իմն է` Գ. Վ.) տալու մասին է, ընդ որում` երիտթուրքերի առաջարկած «Ինքնավար Հայաստանի» (ընդգծումն իմն է` Գ. Վ.) տարածքը Երեւանի ու Ելիզաւեթպոլի նահանգներից եւ Կարսի մարզից բացի ընդգրկելու էր օսմանեան վարչական միաւորներից Էրզրումի, Վանի եւ Պիթլիսի վիլայեթների սահմանակից շրջանները: Այսինքն իրենք` երիտթուրքերն էին հայերին առաջարկում ինքնավարութիւն, մինչդեռ ինքնավարութեան գաղափարն այդքան ջանասիրաբար պախարակւում է «Հայկական կոմիտէներ…»-ում: Միւս ուշագրաւ հանգամանքն այն է, որ երիտթուրքերը, փաստօրէն, ռուսների դէմ ապստամբութեան առաջարկ էին անում: Աւելի՛ն. Իթթիհատի լիազօրներն իրենց հետ Էրզրում էին բերել մի քանի տասնեակ կովկասցի թուրքեր, որոնք հաւաստիացնում էին, թէ գնում են Կովկաս` խռովութիւններ եւ ապստամբութիւններ կազմակերպելու եւ հնարաւոր պատերազմի դէպքում ռուսական բանակի թիկունքը կազմալուծելու նպատակով: Ըստ Պեհաէտտին Շաքիրի եւ Նաճի պէյի, հայերի չմիանալը կարող էր ծանր հետեւանքներ առաջացնել: Անշուշտ, երիտթուրքերի այս խոստումները ոչ մի արժէք չունէին. նպատակը հայերին ռուսների դէմ օգտագործելն էր, սակայն գլխաւորն այն է, որ նրանք առաջարկում էին մի բան, որի համար միշտ մեղադրել էին հայերին:

Օգոստոսեան խորհրդակցութեանը Դաշնակցութիւնը ներկայացնում էին Ռոստոմը, Ակնունին եւ Վռամեանը: Ի պատասխան երիտթուրքերի առաջարկին` անփոփոխ է մնում Դաշնակցութեան Է. Ընդհանուր ժողովի որոշումը, որի համաձայն, պատերազմի պարագային, իւրաքանչիւր պետութեան քաղաքացի պէտք է կատարէ իր պարտականութիւնները` իր պետութեան նկատմամբ»:

Բացի այդ, Դաշնակցութեան ղեկավարները փորձում էին թուրքերին համոզել հրաժարուել պատերազմի մէջ մտնելու մտադրութիւնից, քանի որ դա կարող էր վտանգաւոր լինել կայսրութեան ապագայի համար:

Այս առումով ուշագրաւ են Ուինսթըն Չըրչիլի խօսքերը, ով հայերի կայացրած որոշման կապակցութեամբ նշում է. «… Թուրքական կառավարութիւնը` հետամուտ սեփական շահերին, ջանում էր ապահովել հայերի օգնութիւնը, յատկապէս` Ռուսաստանում ապրող հայերի: Հայ ղեկավարների առջեւ սարսափելի այլընտրանք ծառացաւ` արդեօ՞ք պէտք է իրենց ժողովրդի ամբողջ ուժը դնել Ռուսաստանի կամ Թուրքիայի տրամադրութեան տակ, թէ՞ համաձայնել, որ իրենց ժողովուրդն առաջուայ պէս մնայ բաժանուած, եւ նրա որդիները թշնամական բանակներում պայքարեն միմեանց դէմ: Վերջիվերջոյ, նրանք եկան այն եզրակացութեան, որ պատերազմի դէպքում Թուրքիայում եւ Ռուսաստանում ապրող հայերը պէտք է կատարեն իրենց պարտքն այն պետութեան նկատմամբ, որի հպատակներն են: Նրանք աւելի խելամիտ համարեցին գնալ եղբայրասպան պայքարի` մարտնչելով տարբեր ճամբարներում, քան իրենց ճակատագիրը կապելով կողմերից մէկի յաղթանակի հետ` վտանգել ազգի ամբողջական գոյութիւնը (ընդգծումն իմն է` Գ. Վ.)»:

Դաշնակցութեան այս դիրքորոշումը թուրքերն ընկալեցին որպէս դաւաճանութիւն` որակելով այն ռուսասիրութիւն: Հետագայում արդէն ժխտողական պատմագրութեան մէջ թուրք հեղինակները սկսեցին «աճպարարութիւններ» անել այս խեղաթիւրումների վրայ: Այս առումով կարեւոր նկատառում է արել թուրք ընկերաբան եւ պատմաբան Թ. Աքչամը, ով նշում է, որ երիտթուրքերի` Էրզրում ժամանելու գլխաւոր նպատակը ոչ թէ Դաշնակցութեան ժողովին մասնակցելն էր, այլ` «Յատուկ կազմակերպութեան» ջոկատներ ստեղծելը: Ժողովը միայն յարմար պատրուակ էր, որպէսզի նրանք ժամանեն Էրզրում` խնդիր ունենալով նաեւ չէզոքացնել ժողովի դաշնակցական մասնակիցներին: Աքչամի այս դիտարկումը, որը հիմնուած է օսմանեան աղբիւրների վրայ, լրիւ հաստատւում է, եթէ հաշուի առնենք, որ օգոստոսի վերջին տեղական իշխանութիւնները ձերբակալում եւ բռնի Կ. Պոլիս եւ Սամսոն են արտաքսում դաշնակցական երկու ղեկավարներին` Ակնունուն (Խաչատուր Մալումեան) եւ Վահան Մինախորեանին:

«Հայկական կոմիտէներ…»-ի մէջ շատ է անդրադարձը Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեանը: Դա ամենեւին էլ պատահական չէ. Հնչակեան կուսակցութիւնը միշտ էլ աչքի է ընկել Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան նկատմամբ ընդգծուած ընդդիմադիր կեցուածքով: 1913 թ. Քոսթանցայի (Ռումանիա) համագումարից յետոյ, երբ հնչակ պատուիրակները ժամանեցին Կ. Պոլիս, ձերբակալուեցին եւ 1915 թ. յունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Պայազիտ հրապարակում կախաղան բարձրացուեցին: Հնչակեան կուսակցութեան 20 գործիչների դատավարութեան դիտարկումն ունի կարեւոր նշանակութիւն: Ինչպէս նշւում է Արսէն Կիտուրի կողմից խմբագրուած` Հնչակեան կուսակցութեան պատմութիւնը ներկայացնող գրքի մէջ, հնչակեանների ձերբակալութեան հետ մէկտեղ երիտթուրքերն առգրաւուեցին նաեւ նրանց արխիւները, այդ թւում` Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան` Թուրքիայում կայացած Գ. Պատգամաւորական ժողովի արձանագրութիւնները: Ինքը` Արսէն Կիտուրը եւս ընդգծում է, որ Գ. Պատգամաւորական ժողովից մնացած որոշ պատառիկներ (ժողովի Ա. նիստի հայերէն բնագիրը եւ յաջորդող երկու էջերի վրայ Գ. Պատգ. ժողովի վերջնական որոշումները (թուրքերէն) շրջաբերականի ձեւով եւ դրանց թարգմանութիւնը) պահպանուել են «Հայկական կոմիտէներ…»-ում:

Այստեղ անհրաժեշտ եմ համարում հնարաւորութեան սահմաններում մանրակրկիտ դիտարկել փաստերը` հաշուի առնելով նաեւ այն հանգամանքը, որ «Հայկական կոմիտէներ…»-ի մէջ հայկական կուսակցութիւններին ուղղուած մեղադրանքները յատկապէս ծանր են Հնչակեան կուսակցութեան առումով: Գլխաւոր խնդիրն այն է, որ հնչակեանների հասցէին հնչեցուող մեղադրանքները հիմնւում են վերը նշուած մի քանի փաստաթղթերի վրայ, որոնց բնագրերը չկան: Երկրորդ` բռնագրաւուած փաստաթղթերն ամբողջութեամբ չեն ներկայացւում, միւս կողմից դժուար է որոշել, թէ ներկայացուած փաստաթղթերը որքանով են համապատասխանում իրականութեանը` հաշուի առնելով «Հայկական կոմիտէներ…»-ը կազմող(ներ)ի` թարգմանելու բարեխղճութիւնը: Այս հարցի վրայ անհրաժեշտութիւն չէր առաջանայ կանգ առնել, եթէ այստեղ տեղ գտած որոշ քաղուածքներ ցայսօր չյղուէին թուրքական ժխտողական պատմագրութեան կողմից:

Նախ «Հայկական կոմիտէներ…»-ում ներկայացւում է Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան` Կ. Պոլսում տեղի ունեցած Գ. Պատգամաւորական ժողովի եօթներորդ նիստին առնչուող գրութիւն: Այն սկսւում է Կոզանը ներկայացնող պատուիրակ Մեծն Մուրատի (Համբարձում Պոյաճեան) խօսքով, որին յաջորդում է նիստը նախագահող Ջանգուլեանի խօսքը: Յաջորդիւ ներկայացուած գրութիւնը առնչւում է կուսակցութեան մասնաճիւղերին ուղարկուելիք շրջաբերականներին:

Ահա այս գրութեան մէջ է, որ ի յայտ է գալիս ակնյայտ կեղծարարութիւնը: Նախ, մէջբերելով շրջաբերականը, դրա մի հատուածի ֆրանսերէն թարգմանութեան մէջ, որտեղ խօսւում է հնչակեանների անյաջողութիւնների մասին, աւելացւում է մի «ծանօթագրութիւն». անյաջողութիւն բարեկարգումներում, դաւադրութիւնների կազմակերպման մէջ, արուած ռուս քննիչների նշանակման ուղղուած քարոզչութեան մէջ եւ այլն եւ այլն:

Տողատակում տրուած այս «ծանօթագրութիւնն» արդէն յօրինուածք է եւ թուրքերի տեսակէտը, քանզի այն չի եղել բնագրում: «Հայկական կոմիտէներ…»-ի թուրքերէն տարբերակում հանդիպող լուսապատճէններում առկայ է միայն հնչակեանների` Պոլսի Պատգամաւորական ժողովը ներկայացնող 5 էջ հայերէն փաստաթուղթ: Դրանցից առաջինն արտատպուած է Ա. Կիտուրի գրքում: Սակայն այդ հինգ թերթում բացակայում են մասնաճիւղերին տրուող շրջաբերականները: Ստացւում է, որ մի քանի էջ գրեթէ ոչինչ չասող լուսապատճէնուած հայերէն գրութիւնը, որի մեծ մասը զբաղեցնում է ժողովի մասնակիցների անունների թուարկումը, դառնում է հնչակեանների «դաւադրութեան անհերքելի ապացոյց»: Ի հարկէ, յանուն ճշմարտութեան պէտք է նշել, որ Արսէն Կիտուրը, ով մասնակցել է ժողովին, այլեւս չունենալով բնագիրը եւ ստիպուած իր գրքում արտատպելով այն, ինչն արդէն տպագրուել էր «Հայկական կոմիտէներ…»-ում, բուն գրութեան մասին դիտարկում չի անում, սակայն նա եւս ընդգծում է, որ` «հայերէն բնագիրը զանցուած ըլլալով թրքերէն հրատարակութէան մէջ, թրքերէն բնագրին թարգմանութիւնը կը ներկայացնենք հանդիպակաց էջով»: Այսինքն` նա ներկայացնում է թուրքերէն թարգմանութեան հայերէն տարբերակը: Իսկ քանի որ թուրքերէն հրատարակութիւնում շրջաբերականի ձեւով վերջնական որոշումների ամբողջական լուսապատճէնները չկան, այլ ներկայացւում են դրանց թուրքերէն կամ ֆրանսերէն թարգմանութիւնները, ապա պատկերը միանգամայն պարզ է դառնում:

Միւս կարեւոր փաստաթուղթը Հնչակեան կուսակցութեան` Պուլկարիայի մասնաճիւղերի գործադիր մարմնի յայտարարութիւնն է` թուագրուած 1915 թ. մարտի 9, Սոֆիա: «Հայկական կոմիտէներ…»-ի թուրքերէն տարբերակում դրուած է այդ փաստաթղթի հայերէն բնօրինակի պատճէնը, իսկ առաւել տարածուած ֆրանսերէն տարբերակում` գրութեան ֆրանսերէն թարգմանութիւնը: Դա կարելի է աւելի շուտ փոխադրութիւն, քան թէ թարգմանութիւն համարել: Ամենեւին նպատակ չունենալով նախադասութիւն առ նախադասութիւն ներկայացնել, թէ ինչպէս է թարգմանուել գրութիւնը ֆրանսերէն, փորձենք նկատել, թէ ինչպէս է գրութեամբ աճպարարութիւն արւում «ինքնավարութիւն» եւ «անկախութիւն» բառերի հետ:

Ֆրանսերէն օրինակում առկայ է հետեւեալ գրութիւնը, որի թարգմանութիւնն է.

«Այսպիսին է ժողովրդի ներկայ վիճակը: Այսօր նրա առջեւ կանգնած է իր անկախութեան` «լինելու կամ չլինելու» հարցը: Այսպիսով, մենք պարտաւոր ենք աւելի եռանդուն, քան երբեւէ, առաջ տանել մեր անկախութեան համար ազգային քաղաքականութիւնը»:

 

Հայերէն բնօրինակը հետեւեալն է.

 

«Ինքնապաշտպանութեան խնդիր կայ դրուած հայ ժողովրդի առջեւ, լինել չլինելու խնդիրը, ազգովին ապրելու խնդիրը: Առաւել քան երբեք, հիմա է որ մենք պէտք է ստեղծենք մեր ազգային առնական քաղաքականութիւնը` հիմնուած գոյութէան կռուի երկաթէ օրէնքներու վրայ, որուն տրամադրութիւնն է հաւաքական ինքնապաշտպանութիւնը իր իրաւունքներու եւ միջոցներու: «Յարձակման դէմ դիմադրութիւնը ոչ միայն արդարանալի այլ եւ հարկադրական է: Անդիմադրութիւնը կը մեղանչէ թէ՛ եսասիրութեան եւ թէ՛ այլասիրութեան դէմ միանգամայն»:

Ակնյայտ է, թէ ինչպէս է տուեալ պարբերութիւնը թարգմանուել: Ֆրանսերէն գրութեան մէջ «լինել կամ չլինել» արտայայտութիւնը մգացուած է, ինչը բացատրւում է նրանով, որ թարգմանութեան մէջ հայ ժողովրդի լինել-չլինելը կապւում է անկախութեան գաղափարի հետ` ի տարբերութիւն հայերէն բնագրի, որտեղ խօսւում է ինքնապաշտպանութեան մասին: Բացի այդ, բնագրում դրան յաջորդող նախադասութիւններում հիմնաւորւում է դիմադրութեան անհրաժեշտութիւնը, իսկ ֆրանսերէն գրութեան մէջ կրկին խօսւում է անկախութեան համար պայքարում եռանդուն լինելու մասին: Ի հարկէ, ասուածը մէկ անգամ եւս հաստատւում է, եթէ կարդում ենք նաեւ դրան նախորդող երկու նախադասութիւնները:

«… Եւ Հնչակեան կուսակցութիւնը իր միջոցները պիտի չխնայէ մինչեւ չստանայ իր բաղձանքներու իրական արժէքը` Հայաստանի տեղական ինքնավարութիւն` լայն ռամկավար կարգերով»:

Ահա դրանց ֆրանսերէն թարգմանութեան հայերէն տարբերակը. «… Հետեւաբար պէտք չէ անտեսուի ոչ մի միջոց Հայաստանի համար անկախութեան հասնելու` հիմնուած ժողովրդավարական լայն հիմքի վրայ»:

Ակնյայտ է, որ գրքի հեղինակ(ներ)ը ջանք չեն խնայում ցոյց տալու ինչ-որ դաւադրութեան, հայերի կողմից անկախութեան ձգտումների մասին: Եւ այդ ամէնը կատարւում է սխալ թարգմանութեան, բառերի արհեստական փոփոխութեան միջոցով: Ցայսօր այս գիրք-տեղեկագիրը թուրք եւ թուրքամէտ հեղինակների համար չի կորցրել իր «արդիականութիւնը»: Աւելի՛ն. այն օգտագործւում է որպէս «կարեւոր» եւ «արժանահաւատ» սկզբնաղբիւր: Ասուածի ապացոյցներից մէկն էլ Թուրքիայի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքէջում տեղադրուած` Հայոց ցեղասպանութեանն ու հայկական պահանջներին առնչուող երկու տեղեկագրերն են(37ս), որոնցում, փաստօրէն, ներկայացւում է հարցի վերաբերեալ Թուրքիայի Հանրապետութեան պաշտօնական տեսակէտը: Անգարայի Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի կազմած զոյգ տեղեկագրերում Հայոց ցեղասպանութեան փաստի ժխտման «փաստարկները» մեծապէս հիմնւում են նաեւ «Հայկական կոմիտէների նպատակները եւ յեղափոխական գործողութիւնները սահմանադրութեան հռչակումից առաջ եւ յետոյ» գրքի վրայ: Չնայած թուրքական կողմի` դրան տրուող մեծ նշանակութեանը, այնուամենայնիւ, գիրք-տեղեկագիրը, չունենալով հաւաստիութիւն եւ գիտականութիւն, չի դիմանում որեւէ փորձաքննութեան եւ միմիայն կարելի է դիտարկել որպէս պետական քարոզչութեան դրսեւորում:

Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի
ցեղասպանագիտական հանդէս 2 (1), Երեւան, 2014

 

(Շար. 2 եւ վերջ)

 

Share this Article
CATEGORIES