Արքայական Արգելոցի Անցեալն Ու Ներկան

Ներկայացրեց ԱՐՄԻՆԷ ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Khosrov-Forest-State-ReserveՀայկական լեռնաշխարն աչքի է ընկնում հարուստ բուսականութեամբ. կենդանական աշխարհի բազմազանութեամբ: Հայաստանի Հանրապետութիւնում առաւել գողտրիկ անկիւնները պահպանելու, բացառիկ բոյսերն ու անասունները ոչնչացումից փրկելու նպատակով դրանք «օղակւում» են ընդգծուած հոգատարութեամբ, ստեղծւում են արգելոցներ:

330 թուականին հայոց Տրդատ Մեծ թագաւորին փոխարինեց նրա որդի Խոսրովը: Իր կարճ հասակի համար նրան կոչում էին Խոսրով Կոտակ: Թէեւ նրա գահակալութիւնը կարճ տեւեց` ընդամէնը 8 տարի, սակայն նա կարողացաւ մեծ գործերով նշանաւորել իր անունը: Առաւել յիշարժան էին նրա ձեռնարկները հայրենաշինութեան բնագաւառում. նա հիմնադրեց Դուին մայրաքաղաքը եւ Արտաշատից այնտեղ տեղափոխեց արքունիքը, տնկեց երկու ընդարձակ անտառ` Տաճար մայրին (Մեծամօրի, Դուինի ու Գառնիի միջեւ) եւ Խոսրովակերտը, որոնք դարձան արքայական որսատեղիներ ու ռազմական ուսուցման վայրեր:

Khosrovi_argeloc1958 թուականին Խորհրդային Հայաստանի  նախարարների խորհրդի սեպտեմբերի 13-ի որոշմամբ` բուսական եւ կենդանական աշխարհի պահպանութեան եւ դրանց բնական վերարտադրութիւնը  ապահովելու նպատակով Արարատի մարզում ստեղծուեց շուրջ 23878 հեկտար զբաղեցնող «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: Արգելոցի հիմնական արժէքներն են բնական  միջավայրային համակարգերը, բուսականութիւնը, կենդանական աշխարհը եւ պատմական յուշարձանները` Հաւուց թառ ու Աղջոց վանքերը, Կաքաւաբերդը: Արգելոցի տարածքում աճում են 1849 տեսակի անօթաւոր բոյսեր, որոնցից 80-ը ընդգրկուած են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 24-ը էնդեմիկ են: Արգելոցի տարածքի 16 տոկոսն անտառածածկ է: Բացատները, թփուտները եւ նօսրուտները զբաղեցնում են տարածքի մօտ 20 տոկոսը, մնացած 64 տոկոսը զբաղեցնում են տարբեր տիպի լեռնային չորասէր համակեցութիւններ:

Արգելոցում հանդիպում են կաթնասունների 40, թռչունների 192, սողունների 33, երկակենցաղների 5 եւ ձկների 9 տեսակներ: Այստեղ բնակւում են անտառային կատու, գայլ, լուսան, քարակզաքիս, հնդկական մացառախոզ, վարազ, ինչպէս նաեւ` Հայաստանի Կարմիր գրքում նշուած գորշ արջը, բեզոարեան այծը, հայկական մուֆլոնը եւ կովկասեան ընձառիւծը: Վերջին երեքը գրանցուած են նաեւ Բնութեան պահպանութեան միջազգային միութեան Կարմիր ցուցակում: Թռչուններից Կարմիր գրքում ընդգրկուած են կասպիական ուլարը, սեւ եւ սպիտակագլուխ անգղը եւ այլն: Բուսական եւ կենդանական աշխարհի այս ուշագրաւ պատառիկի հանդէպ, ցաւօք, լիակատար վերահսկողութիւն չի իրականացւում: Արգելոցի քարտեսագրման ժամանակ նրա տարածքում ընդգրկուել են նաեւ Գիլանլար եւ Քէօլասար գիւղերը, որոնք մնում են մինչ այսօր: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրէն Սամուէլ Շաբոյեանի հաւաստմամբ, 1994 թուականին թէեւ փորձ է արուել մարդկանց դուրս բերել այդ տարածքից, սակայն նրանք յամառել են` պատճառաբանելով, թէ իրենց գերեզմանոցներն  այդտեղ են, եւ իրենք դուրս չեն գայ այդ տարածքից: Արգելոցի տարածքում կան բազմաթիւ ուխտատեղիներ, ուր մարդկանց այցելութիւնները յաճախակի են, սակայն սխալ կը լինի դրանք արգելել»:

THE-KHOSROV-RESERVE-620x300Ո՞վ չգիտէ, որ մենք մարդաշատ վայրերում մաքրակենցաղութեամբ առանձնապէս աչքի չենք ընկնում, եւ դժուար չէ ենթադրել, որ արգելոցում էլ կատարեալ մաքրութիւն չի տիրում: Բայց արգելոցի տնօրէնը հաւաստիացրեց, որ իրենց կողմից իրականացուող շարունակական վերահսկողութեան արդիւնքում արգելոցում աղբ չի կուտակւում, իսկ հրդեհի վտանգը բացառուած է: Բացառուած են նաեւ մերձակայ գիւղի բնակիչների կողմից ծառահատման կամ հողատարածքի զաւթման դէպքերը, քանի որ արգելոցի տարածքները առանձնանում են ջրբաժաններով ու գետերով: Իսկ որսագողութի՞ւնը:

– 15 տարուայ իմ աշխատանքային փորձը վկայում է, որ այդ երեւոյթի դէմ նուիրեալ աշխատակիցների հետ մեր համատեղ պայքարը տուել է իր դրական արդիւնքը,- ասում է Սամուէլ Շաբոյեանը: – Ոչ մէկի «դուխը» չի հերիքի այստեղ որս անի: Տուգանքի չափերը գիտէ՞ք: Քարայծի, հայկական մուֆլոնի կամ յովազի որսագողութեան համար սահմանուած տուգանքի չափը հասնում է 3 միլիոնի, գորշ արջի համար` 1 միլիոն, այն բազմապատկած 15-ով, պատկերացրէք թէ ինչ գումար է կազմում: Թռչունների որոշ տեսակների համար սահմանուած է 60000 դրամ տուգանք: Նապաստակի, բադի որսի թոյլտուութիւն ունեցողներն իրաւունք ունեն որսորդութեամբ զբաղուելու արգելոցի տարածքից դուրս: Արգելուած է նաեւ զէնքի կիրառումը. այն անհրաժեշտութեան դէպքում կարող են օգտագործել միայն մեր աշխատակիցները:

Շուտով Հայաստանի բնապահպանութեան նախարարութիւնը պատրաստւում է նշել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հիմնադրման 50-ամեակը, իսկ որպէս նուէր` արգելոցին կը տրամադրուեն նորաստեղծ թանգարանի եւ վարչական շէնքերը: Կ՛անցկացուեն նաեւ տօնական միջոցառումներ:

 

 

Share this Article
CATEGORIES