«Պռա՛ւօ, Երեւանի Երաժշտանոց, Պռա՛ւօ, Ասատրեան»

ՍԱՄՈՒԷԼ ԴԱՆԻԷԼԵԱՆ

1126Raffi_Miqaelyan10420416_10152378951512062_307102610583302871_nԼիբանանահայ խմբավար  Րաֆֆի Միքայէլեանի անունն առաջին անգամ լայն հնչեղութիւն ունեցաւ 2010թ. աշխարհահռչակ իտալացի երգիչ Պլաչիտօ Տոմինկոյի երեւանեան համերգի ժամանակ, երբ Տոմինկոյին «նուագակցեց» նաեւ «Փարոս» սենեկային երգչախումբը:

Րաֆֆի Միքայէլեանը Լիբանանում սովորել է ճանաչուած երաժիշտ Զաքար Քէշիշեանի դասարանում, ապա` 2003թ. ուսումը շարունակել Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում, իբրեւ սիմֆոնիկ խմբավար Ռուբէն Ասատրեանի դասարանում եւ Իվան Վարդանեանի ղեկավարութեամբ: Ժամանակին «Առաւօտ»-ի հետ զրոյցներում խօսելով իր ուսանողների մասին, այսօր արդէն Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի վոկալ-տեսական բաժանմունքի նորանշանակ տնօրէն, դոցենտ Ռուբէն Ասատրեանը մշտապէս առանձնացրել է Րաֆֆի Միքայէլեանին` նշելով, որ շատ տարիներ չի պահանջուի, որ Րաֆֆիի անունը հնչի անգամ Հայաստանի սահմաններից դուրս, նոյնիսկ վստահեցրել, որ սփիւռքահայ երիտասարդը մշտապէս բնակութիւն կը հաստատի Հայաստանում: Իսկապէս այդ ժամանակը շուտ եկաւ: 2011թ. Պրաթիսլաւայում կայացած երգչախմբերի միջազգային մրցոյթում «Փարոսն» արժանացաւ երկու պրոնզէ մետալի, իսկ խմբավարը` Րաֆֆին` յատուկ մրցանակի, այն էլ հայկական երաժշտութիւնը (Կոմիտաս, Տիգրան Մանսուրեան, Եկմալեան եւ այլն) լաւագոյնս ներկայացնելու համար: Իսկ 2014-ին Րաֆֆիի ղեկավարութեամբ «Հաւատամք» երգչախումբը Պիելոռուսում կայացած հոգեւոր երաժշտութեան միջազգային մրցոյթում առաջինն էր, իսկ ղեկավարն էլ` «Լաւագոյն խմբավարը»: Վերջերս էլ, աւելի ստոյգ` ամրանը, Ռիկայում կայացած «Համաշխարհային ողիմպիական մրցոյթին» «Փարոսն» արժանացաւ մեծ մրցանակի եւ 2 արծաթէ մետալի, բնականաբար` Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարութեամբ: Օրերս էլ արուեստագէտների շրջանում զրոյցներ էին տարածուած, թէ Րաֆֆի Միքայէլեանը բեմ է բարձրացել Ս. Փեթերսպուրկի Մարիինեան թատրոնում: «Առաւօտ»-ի հետ զրոյցում խմբավարը հերքելով մեզ հասած լուրը, ասաց, որ ինքը իսկապէս Ս. Փեթերսպուրկում էր, բայց` այլ «առաքելութեամբ»:

«Քորէայից, Արժանթինից, Պրազիլից, Սպանիայից հրաւիրուած խմբավարների թւում ես էլ մասնակցեցի Մեծն Բրիտանիայի թագաւորական ակադեմիայի փրոֆեսէօր Քոլլին Մեթթերսի անցկացրած վարպետութեան դասընթացներին: Մեթթերսը անուանի խմբավար ու մանկավարժ Իլիա Մուսինի մօտ քանիցս անցել է վարպետութեան դասեր: Նշեմ նաեւ, որ Մուսինի մօտ են ուսանել ճանաչուած խմբավարներ Վալերի Կերկիեւը եւ Եուրի Թեմիրքանովը: Ամենակարեւորը` Մուսինի մօտ ժամանակին կատարելագործուել է նաեւ իմ դասախօսը` Ռուբէն Ասատրեանը, յայտնեց երաժիշտը, յետոյ էլ ժպիտով յաւելեց, ես այնտեղ հասկացայ, թէ Երեւանի երաժշտանոցում սովորելով Ասատրեանի դասարանում, ի՜նչ «պակաժ» եմ ձեռք բերել, ինչի ապացոյցն է նաեւ Մեթթերսի ինձ ուղղուած խօսքերը` երիտասարդ, դու իսկապէս հասուն երաժիշտ ես, ինչպէս նաեւ Զուիցերիայից, Գերմանիայից ժամանած գործընկերներիս ժլատ, բայց խօսուն խօսքերը` պռա՛ւօ, Երեւանի երաժշտանոցի, պռա՛ւօ, Ասատրեան»:

 

«Առաւօտ» օրաթերթ 

15.11.2014

Share this Article
CATEGORIES