«ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԵՐՈՒ ՎԵՐՋԻՆ ՅՈՅՍՆ Է» Կ՛ԸՍԷ ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԵԱՆ

Ռոման Բալայեան

«Ամէնից տխուրն այն է, որ Երեւանում կան մարդիկ` ոչ մէկ կամ երկու, որոնց այլեւս յոգնեցրել է Լեռնային Ղարաբաղի հարցը, նրանք պատրաստ են վերադարձնել Ղարաբաղը», ըսած է յայտնի բեմադրիչ, ծնունդով ղարաբաղցի Ռոման Բալայեան «168 ժամ»ի հետ զրոյցին:

«Ես չգիտեմ եւ չեմ ուզում քննարկել, թէ ինչու է այդպէս, բայց դա շատ վատ է: Ղարաբաղը հայերի վերջին յոյսն է, որ աշխարհում կարող են պահել: Դա Հայաստանի միտքն ու ուժն է: Չկայ աւելի վատ բան, քան մի խնդրի շուրջ երկու կողմերի յոգնածութիւնը. երբ մի կողմը ցանկանում է միանգամից վերցնել, միւսը` միանգամից տալ: Ես կարող եմ ասել, որ հայ ազգն ունի ինձ մշտապէս ապշեցնող մի յատկութիւն` մենք ոչ այնքան յաղթանակներով ենք ուրախանում, որքան հպարտութեամբ յիշում ենք մեր պարտութիւնները: Սա ի՞նչ է: Մեր պատմութիւնն էլ այդպէս է` պարտութիւնը չենք տարբերակում յաղթանակից: Լաւ, ինչքա՞ն կարելի է այսպէս շարունակել: Իսկ ես յիշում եմ, երբ վերջացաւ պատերազմը, իմ ընկերներից մի քանիսը, որ իրենց անուանում էին փոքր-ինչ ղարաբաղցի, ասում էին` «բաբոս ու դեդոս ղարաբաղցի են»: Ես չեմ քննարկում հարցը` ում կամ ինչ, դա ինձ համար նշանակութիւն չունի: Ես ունեմ ե՛ւ իշխանամէտ, ե՛ւ ընդդիմադիր ընկերներ, ովքեր սկսում են վիճաբանել, իսկ ես ասում եմ` ընկերներ, ես եկել եմ ձեզ հետ զրուցելու, ես հայ եմ, իսկ դո՞ւք: Ես ապրում եմ հեռու, եւ դա ինձ չի հետաքրքրում: Ես ուզում եմ, որ հայերն իրար հետ լինեն` մի՞թէ սխալ միտք է, բայց չի ստացւում: Իբր ժողովրդավարութիւն է, եւ մեր հարեւանների հետ իրադրութիւնն այնպիսին է, որ մենք հեշտութեամբ կարող ենք մէկս միւսին քամահրանքով կամ, ներեցէք, զզուանքով մօտենալ», ըսած է Ռոման Բալայեան:

 

 

Share this Article
CATEGORIES