Հայոց Ցեղասպանութեան «Շարքային» Իրականացնողները. Երեխաների Գործառութային Առանձնայատկութիւները ( Ա. Մաս)

ՅԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ

1209jihad-childrenՑեղասպանագիտութեան մէջ գերակայող տեսակէտներից մէկի համաձայն` զանգուածային կոտորածներ կամ ցեղասպանութիւն իրականացնելու համար անհրաժեշտ է հասարակութեան անմիջական մասնակցութիւն կամ առնուազն գործօն աջակցութիւն: Այս հանգամանքը ենթադրում է զանգուածային կոտորածների կազմակերպումն ու հրահրումը կանխարգելելու համար հասարակութեան տարբեր ընկերային խմբերի համոզմունքների, մտայնութիւնների, բռնութիւններին մասնակցելու նրանց նպատակների ու շարժառիթների ուսումնասիրութեան անհրաժեշտութիւնը:

Ընդունուած է համարել, որ ցեղասպանութեան ամենախոցելի զոհերը երեխաներն են: Զանգուածային կոտորածների ու ցեղասպանութեան ժամանակ երեխաները զոհ են դառնում տարաբնոյթ հիւանդութիւնների, սպանութիւնների, սեռական եւ այլ բռնութիւնների:

Հարկ է նշել, որ երեխաների գործառոյթները որպէս ցեղասպանութեան «յանցագործների» աւելի քիչ է ուսումնասիրուած: Ցեղասպանութեան գործընթացում երեխաների մասնակցութեան խնդիրը հիմնականում լուսաբանւում է երեխաների իրաւունքների պաշտպանութեան պարունակում յղելով Միջազգային քրէական իրաւունքին, ինչպէս նաեւ Ռուանտայի ու նախկին Եուկոսլաւիոյ միջազգային քրէական դատարաններին: Երեխաների ներգրաւուածութեան խնդիրը պատերազմական եւ մարդկայնութեան դէմ ուղղուած այլ յանցագործութիւններում հիմնականում դիտարկւում է ռազմական եւ ռազմականացուած հիմնարկների մէջ անչափահասներին ընդգրկելու անընդունելիութեան տեսանկիւնից: Երեխաներին`  որպէս զինուորների, օգտագործելու փորձը մարդկութեանը յայտնի է դեռ վաղ անցեալից, որի միտումն Արեւմուտքում սկսել է նուազել 20-րդ դարի կէսից, յատկապէս երբ պարտադիր զինուորական ծառայութիւնը փոխարինուեց մասնագիտացուած զինծառայութեամբ: Հարկ է նշել, որ Օսմանեան կայսրութիւնում գոյութիւն ունէր «տեւշիրմէ» կոչուող հարկի մի տեսակ, որի ժամանակ 8-20 տարեկան տղաներին բռնի կերպով հաւաքագրել են ենիչերիական կանոնաւոր բանակի մէջ, ինչը լեհ իրաւաբան Ռաֆայէլ Լեմքինի կողմից ձեւակերպուած սահմանման համաձայն, ցեղասպանական գործողութիւն է:

«Հիումըն Ռայթց Ուոթըչ» կազմակերպութիւնը 1995-2002թթ. հետազօտութիւն է իրականացրել` հիմնուելով միջազգային եւ տեղական կազմակերպութիւնների, երեխաների իրաւունքների փորձագէտների, Միաւորուած ազգերի կազմակերպութեան երեխաների հիմնադրամի (ԵՈՒՆԻՍԵՖ) եւ Ռուանտայի իշխանութեան պաշտօնեայ անձանց հետ անցկացրած հարցազրոյցների վրայ: Կազմակերպութիւնը «ոճրագործ երեխաներին» դիտարկում է միջազգային օրէնքով` միտում ունենալով կանխարգելել երեխաների ներգրաւումը ռազմական եւ ռազմականացուած հիմնարկների մէջ, ինչպէս նաեւ մասնակցութիւնը մարդկութեան դէմ գործադրուող բռնութիւններին: Սակայն, նոյնիսկ այս պարագայում ԵՈՒՆԻՍԷՖ-ը երեխաներին աւելի շատ դիտարկում է որպէս զոհ, ովքեր շահագործւում են իշխանութեան կողմից, քան որպէս ոճրագործ: Իսկ «Երեխաների իրաւունքների կոմիտէն» ընդգծում է, որ ցեղասպանութեանը, ռազմական կամ մարդկայնութեան դէմ այլ յանցագործութիւնների մասնակցած երեխաներին պէտք չէ դիտարկել առանձին կտրուածքով, եւ նրանց նկատմամբ պէտք է կիրառել անչափահասների նկատմամբ գործող ընդհանուր սկզբունքները:

Միջազգային իրաւունքի համաձայն` յանցանք գործելու պահին 14 տարեկանից ցածր երեխաներն իրաւական հետապնդման եւ պատասխանատուութեան չեն ենթարկւում: Չնայած այս հանգամանքին` Ռուանտայում գրեթէ 5.000 անչափահասներ` 14-18 տարեկան, այդ թւում նաեւ` 14 տարեկանից ցածր, ձերբակալուել են ցեղասպանութեանը մասնակցելու մեղադրանքով, որոնցից 4.000-ը ԵՈՒՆԻՍԷՖ-ի 2002թ. տուեալներով դեռեւս բանտարկուած էին:

***

Օսմանեան կայսրութիւնում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ իրագործուած ցեղասպանութեան պարունակում հասարակութեան մասնակցութեան խնդրի ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ ցեղասպանութիւն իրականացնող «մարդուժը» համալրում են նոյնիսկ այնպիսի խմբեր, ինչպիսիք են` կանայք ու երեխաները, ովքեր իրենց դաժանութեամբ չեն զիջում մեծահասակներին: Այս առումով հետաքրքրական է, թէ ինչո՛ւ եւ ինչպէ՛ս են երեխաներն ընդգրկւում զանգուածային բռնութիւնների մէջ եւ ինչ գործառութային առանձնայատկութիւններ ունեն:

«Հանցագործ երեխաների» խնդիրն այլ ժողովուրդների ցեղասպանութիւնների պարունակում դիտարկելուն նպաստում է այն հանգամանքը, որ ցեղասպանութեան հարցով կազմուել են միջազգային դատարաններ, տեղի են ունեցել հարցաքննութիւններ հէնց ոճրագործների հետ, ինչն ուսումնասիրութեան լայն դաշտ է ստեղծում մասնագէտների համար:

Հայոց ցեղասպանութեան պարագայում միջազգային դատավարութեան եւ դրա հետ կապուած գործընթացների բացակայութիւնը հնարաւորութիւն չի ընձեռում առաւել յստակ ներկայացնելու «ոճրագործ երեխաների» գործառութային առանձնայատկութիւնները, տարիքային սանդղակը, դրդապատճառներն ու նպատակները: Հետեւաբար, ուսումնասիրութեան շրջանակներում հիմնուել ենք ցեղասպանութեան վերապրողների, օտարերկրեայ պաշտօնեաների ու ականատեսների յուշագրութիւններում, զեկուցագրերում տեղ գտած վկայութիւնների վրայ:

Այդ վկայութիւնների համաձայն: Օսմանեան կայսրութիւնում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած զանգուածային կոտորածների ու Հայոց ցեղասպանութեան պարունակում թուրք եւ քիւրտ «ոճրագործ երեխաների» դերային առանձնայատկութիւնները կարող ենք դասակարգել հետեւեալ կերպ` դեռահասներ, ովքեր հալածում էին իրենց հասակակից հայ երեխաներին (միջխմբային բախում հայ, թուրք եւ քիւրտ երեխաների միջեւ), մեծահասակներին նմանակող երեխաներ, սպանութիւնների անմիջական մասնակիցներ եւ երեխաներ, ովքեր պղծում էին հայերի դիակները:

– Դեռահասներ, ովքեր հալածում էին իրենց հասակակից հայ երեխաներին (միջխմբային բախումը հայ եւ թուրք եւ քիւրտ երեխաների միջեւ)

Հայոց ցեղասպանութիւնը վերապրած երեխաները հետագայում գրառած յուշագրութիւններում անդրադառնում են թուրք եւ քիւրտ երեխաների հետ իրենց ունեցած փոխյարաբերութիւններին: Թուրք եւ քիւրտ երեխաները հալածանքի են ենթարկել ոչ միայն իրենց հասակակից տղաներին, այլեւ` աղջիկներին:

Պեհեսնիահայ Վահան Համամճեանը պատմում է, որ կոտորածները սկսելու նախօրէին իրենք խուսափել են թուրքական թաղամասերով անցնելուց, քանի որ թուրք երեխաները «մեռցնելու աստիճան» ծեծում էին հայ տղաներին, ովքեր ընկնում էին իրենց ձեռքը:

Լինում էին նաեւ դէպքեր, երբ մի քանի թուրք երիտասարդներ որեւէ պատրուակով հայկական թաղերից դուրս հայ երիտասարդի էին ծեծում ու անպատիժ մնում: Վերապրող Ռուբէն Խաչատրեանը պատմում է. «այդպէս պատահեց Գրիգոր քեռուս տղայի` Պօղոսի հետ, ով հայկական թաղի տներից մի քանի մեթր դէպի հարաւ, ծառի տակ նստած ժամանակ յանկարծ յայտնւում են թուրք երիտասարդներ, նրան ծեծում եւ հեռանում: Ես այս ամէնի ականատեսն էի: Նոյնը պատահել էր նրա եղբօր` Յովհաննէսի հետ»: Յաճախ թուրք երեխաները հալածում էին բռնագաղթից յետոյ ընտանիքներում մնացած հայ անծնող երեխաներին: Տասներկուամեայ Կարապետ Զարիֆեանի` Խարբերդի գաւառի Մեզրէ գիւղաքաղաքի կոտորածների մասին վկայութեան համաձայն. «Նախապէս թուրքերը լաւ էին վերաբերւում հայերի հետ, բայց մի որոշ ժամանակից յետոյ սկսեցին վատանալ, այնպէս, որ հայ երեխաները երբ դուրս էին գալիս, թուրք երեխաներից ծեծւում էին եւ հայհոյանքներ լսում»: Հայոց ցեղասպանութիւնը վերապրած այնթապցի Մարիձա Թութունճեանն իր յուշերում պատմում է ամուսնու տեսածը. «Մի օր գիշերով քաղաքին մէջ պտտած ատեն կը տեսնէ, որ խումբ մը պատանիներ պարտէզներու մէջ կը հալածէին հայ աղջիկ մը, որ իբր հագուստ կը կրէր իր վրայ ցորենի պարկ մը…»:

Եոզկաթ գաւառի Րումտիկին գիւղում ծնուած Գէորգ Եափուճեանը վերյիշում է մի միջադէպ, որը պատահել էր, երբ ինքը ծառայութեան էր քրտական ընտանիքում. «Արեւը մօտենում էր իր մայրամուտին, որ ինձ ասացին հեռացած տաւարը թեքեմ դէպի գիւղի կողմը եւ ես, բաժանուելով նրանցից 200-300 մեթր տարածութիւն մի փոքր բլուրի ետեւ, նրանց քշեցի դէպի ծառաների կողմը եւ այդ միջոցին յանկարծ շատ մօտիկ տարածութիւնից յայտնուեցին երկու թուրք պատանիներ, որ կը լինէին 14-15 տարեկան, եւ ես նրանցից որեւէ վտանգ չսպասելով` փախուստի չդիմեցի: Սակայն նրանք մօտենալով ինձ, մէկը միւսին «Էյսան, բռնիր այս քեաֆիրին» ու երկուսով յարձակուեցին վրաս»:

Մեծահասակներին նմանակող երեխաներ

Մուսուլման երեխաները, նմանակելով մեծահասակների վարքը, արտայայտում էին իրենց վերաբերմունքը քրիստոնեաների եւ յատկապէս հայերի նկատմամբ, ինչը յաճախ դրսեւորւում էր զոհերի հանդէպ ցուցաբերուած ծաղրանքի ձեւով:

Վերապրողներից մէկը` վեցամեայ Բիւզանդ Ճամպազեանը, պատմում է. «կիրակի մը, Մարաշի մէջ, եկեղեցիէն որբանոց կը վերադառնայինք: Ճամբուն վրայ թիւրք մանչուկ մը, բաւականին լայն շրջագծով, փոս մը կը փորէր: Մեր վարժապետներէն, խարբերդցի ազնիւ հայ մը, պ. Նշանը, հարցուց, թէ ինչու՞ կը բանար այդ փոսը: Թիւրք մանչուկը համարձակութեամբ պատասխանեց` այս փոսը կը բանամ, որ կեաւուրները մէջը իյնան»: Համաձայն վերապրողի վկայութեան, այն հարցին, թէ կեաւուր կոչուածները նրա եղբայրները չեն, թուրք երեխան պատասխանել է. «Ո՛չ: Ես թիւրք եմ, իսկ անոնք կեաւուր»: Պաղտատի երկաթուղու շինարարութեան ընկերութեան բժիշկներից մէկը` դոկտոր Հրեշտակեանը, Մարտինի աղբիւրի մօտ հանդիպել էր մերկ կանանց: Նրանք տերեւներով ծածկել էին իրենց մերկութիւնը եւ ձեռքերով բռնել տերեւները: Դոկտոր Հրեշտակեանը վկայում է, որ թուրք եւ քիւրտ տղաները փայտերով խփում էին կանանց ձեռքերին, որպէսզի բաց թողնեն եւ բղաւում էին` թո՛ւ, թո՛ւ, էրմենի:

Խարբերդում աշխատանքային գործունէութիւն ծաւալած դանիացի միսիոներուհի Մարիա Ճէյքըպսընը, նկարագրելով Մեզրէ գնացող թուրք եւ քիւրտ մարդկանց, գրում է. «Երբեք տեսած չեմ կատաղի եւ վայրի տեսք ունեցող նման մարդիկ: Նոյնիսկ իրենց պզտիկ տղաքը ինքզինքնուն հասուն մարդու ձեւեր կու տային ու մեր ետեւէն կը պոռային` կեաւո՛ւր, քրիստոնեայ շուն»: Հեղինակը պատմում է, որ թուրք տղաներն ու երիտասարդները հաւաքւում եւ զուարճանում էին` հայերի չարչարանքները դիտելով: «Այսպիսի սոսկալի դէպք տակաւին տեսած չէի… Երկու ժանտարմաներ տեսայ, որոնք ծեր կին մը կը քաշկռտէին զառիվայր փողոցէ մը: Հոն 10-12 թուրք տղաք կային, որոնք կը խնդային ու կը զուարճանային այս ցաւալի տեսարանէն»: Իսկ սեբաստացիների տեղահանութեան ժամանակ Մալաթիայի թուրք երեխաները ծաղրում էին եւ ասում. «Ամէնքդ պիտի ջարդենք, սպաննենք»:

Վերապրող Սարգիս Պալապանեանն իր յուշագրութեան մէջ երեխաների մասնակցութեամբ հետաքրքիր դրուագ է նկարագրում. «Գիշերը, կախուած Յակոբին դիակը տախտակէ սանդուխի մը վրայ երկնցուցած, կու տան երկու խեղճ հայ զինուորներու ուսը եւ կը հրամայեն, որ տանին ու թաղեն զայն: Այս վերջինները, երբ կը սկսին ուսամբարձ տանիլ մեռելը, հարիւրաւոր թուրք լակոտներ քարկոծելով ու հայհոյելով, անարգելով ու պոռալով կը հետապնդեն զինուորները»: Գրիգորիս վարդապետ Պալաքեանը Չանքըրըում լինելու ժամանակ պատմում է տարածուած համաճարակի մասին, որին զոհ էր գնացել նաեւ տեղի քահանայ Տէր Սիմոնը. «Եւ երբ ողբացեալ քահանային դագաղը կը փոխադրէինք անձայն անշշուկ քաղաքէն դուրս այգիներու կողմ գտնուող հայոց գերեզմանատունը, թուրք տղաք յուղարկաւորներս քարի կը բռնէին»:

( Շարունակելի )

Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ

Share this Article
CATEGORIES