Թուրքական Իշխանութիւնները Մահուան Թուղթ Էին Տալիս Մի Ամբողջ Ազգի. NYT-ի Անդրադարձը Ցեղասպանութեանը

«ԹԵՐԹ»

1210_urlՀայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ ամերիկեան հեղինակաւոր «Տը Նիւ Եորք Թայմզ» պարբերականն ուշագրաւ անդրադարձ է կատարել այս թեմային: Ստորեւ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք պարբերականի յօդուածագիր Ճոն Քիֆների անդրադարձը:

Հեղինակը սկսում է պատմական փաստերի ներկայացմամբ` ասելով, որ Ա. աշխարհամարտի նախաշեմին անկում ապրող Օսմանեան կայսրութիւնում բնակւում էր 2 միլիոն հայ: Մինչդեռ 1922թ. դրութեամբ նրանց թիւը հասել էր 400.000-ի. մնացած 1.5 միլիոնը դարձել են ցեղասպանութեան զոհ:

«Սակայն թուրքերի համար 1915թ. տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան` երբեմնի հզօր կայսրութեանը վերջ դրած խառը պատերազմի մի մաս: Նրանք չեն ընդունում «ցեղասպանութիւն» եզրոյթն ու պատմաբանների եզրայանգումները` ասելով, որ իրենք նպատակ չեն ունեցել մի ողջ ժողովուրդ ոչնչացնել: Աւելի՛ն. այսօրուայ Թուրքիայում յանցանք է համարւում հայերի հետ պատահածի մասին հարց անգամ բարձրացնելը», գրում է Քիֆնըրը:

Հեղինակը նշում է, որ Լոս Անճելըսում կենտրոնացած հզօր հայկական համայնքը տարիներ շարունակ ճնշում է գործադրում Քոնկրէսի վրայ` Հայոց ցեղասպանութիւնը դատապարտելու համար: Սրան Թուրքիան պատասխանում է բուռն սպառնալիքներով: Քիֆնըրը յիշեցնում է, որ 2007թ. քիչ էր մնում դատապարտող բանաձեւ ընդունուէր, սակայն նախագահ Ճորճ Պուշի վարչակազմը, հաշուի առնելով, որ Թուրքիան կարեւոր ռազմական դաշնակից է Միացեալ Նահանգների համար, այնպէս արեց, որ բանաձեւը հանուի օրակարգից:

Վերադառնալով Հայոց ցեղասպանութեան բուն հարցին` յօդուածագիրը գրում է, որ տեղի ունեցած ողբերգութեան արմատներն Օսմանեան կայսրութեան անկման մէջ են: Նա յիշեցնում է, որ իշխանութիւնն իրենց ձեռքը վերցնելով` երիտթուրքերը յանձն առան երկրի «թուրքականացման» գործընթացը: Նրանք մտան Ա. Աշխարհամարտի թոհուբոհի մէջ` կռուելով գերմանացիների կողմից` ռուսների դէմ: Սակայն ռուսներից ծանր պարտութիւն կրելով` երիտթուրքերը մեղադրեցին հայերին, եւ նրանց հռչակեցին որպէս թուրքական պետութեան կայացման համար լուրջ սպառնալիք:

Ըստ Քիֆնըրի` «Տը Նիւ Եորք թայմզ»-ը դեռ դարասկզբին արած հրապարակումներում յստակ նշել է, որ «թուրքերը վարում են քրիստոնեաներին ոչնչացնելուն ուղղուած քաղաքականութիւն»: Միայն 1915թ. հեղինակաւոր հանդէսը 145 անդրադարձ է կատարել հայերի բնաջնջման թեմային: Հեղինակը շարունակում է` գրելով, որ` «հայերին թուլացնելու համար» երիտթուրքերը սեփականացնում էին նրանց ունեցուածքը, արտաքսում «վտանգ» ներկայացնող մարդկանց, խլում զէնքերը, հեռացնում զինուորական աշխատանքից` նրանց տեղափոխելով աշխատանքային ճամբարներ:

«Ցեղասպանութեան ժամանակ հայերի կրած տառապանքների մասին տուեալները պահուել են այն ժամանակուայ արեւմտեան դիւանագէտների, միսիոնարների եւ այլոց մօտ: Դրա պատճառով Արեւմուտքը խիստ քննադատել է թուրքերին: Թէեւ այն ժամանակ Թուրքիայի դաշնակից Գերմանիան լուռ էր, սակայն տարիներ անց ի յայտ եկած փաստաթղթերը վկայում են, թէ բարձրաստիճան գերմանացի պաշտօնեաներն ու զինուորականներն ինչպիսի սարսափ են ապրել` տեսնելով տեղի ունեցածը», շարունակում է Քիֆները:

Հեղինակը նաեւ մէջբերում է ամերիկացի դիւանագէտ Հենրի Մորկընթաուի խօսքերը, ըստ որոնց` «թուրքական իշխանութիւնները մահուան թուղթ էին տալիս մի ամբողջ ազգի»:

«Նրանք շատ լաւ գիտակցում էին այս փաստն ու ինձ հետ զրուցելիս առանձնապէս չէին փորձում քօղարկել այն», վերյիշել է դիւանագէտը:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )