Հայոց Ցեղասպանութեան «Շարքային» Իրականացնողները. Երեխաների Գործառութային Առանձնայատկութիւնները (Բ. Մաս)

ՅԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ

1209jihad-childrenՀայոց ցեղասպանութիւնը վերապրած Պետրոս Ծատուրեանը պատմում է, որ թուրք ու քիւրտ շատ երեխաներ գալիս էին պարզապէս իր վէրքերը տեսնելու, եւ երբ ցոյց էր տալիս, նրանք հարուածում էին եւ ծիծաղելով` փախչում:

մեծահասակներից ընդօրինակուած մէկ այլ վարքային դրսեւորում էր այն, որ թուրք ու քիւրտ երեխաները, նմանակելով հաւանաբար իրենց մայրերին, նոյնիսկ տղամարդկանց հրահրում էին սպաննել հայերին: Պիթլիսի տեղահանութիւնը վերապրած Հմայեակ Պոյաճեանը տարիներ անց վերյիշում է. «Երբ Պիթլիսից դուրս էին բերում գիւղը վերադարձնելու համար, թուրք կանայք, երեխաները կտուրներին կանգնած բղաւում էին` ինչո՞ւ էք կենդանի թողել, այդ ո՞ւր էք տանում, կոտորէք»:

Սպաննութիւնների Անմիջական Մասնակիցներ

Օսմանեան կայսրութիւնում ցեղասպանութեան ժամանակ զանգուածային կոտորածների մասնակցել են նաեւ 6-15 տարեկան երեխաները, ովքեր զինուած են եղել քարերով, դանակներով, սրերով, զէնքով: Սպանութիւններին երեխաների մասնակցութիւնն եղել է անհատական եւ կրել է խմբային բնոյթ: Երեխաների այն հատուածը, որը զինուել է կառավարութեան կողմից, բռնութիւններ է իրագործել վերահսկողութեան ներքոյ, իսկ երեխաների մի մասը մասնակցութիւն է ունեցել անհատապէս եւ անձնական նախաձեռնութեամբ, յաճախ` ծնողների ուղեկցութեամբ:

1895թ. համիտեան կոտորածների ժամանակ Տրապիզոնում, Արաբկիրում կառավարութիւնը զինում էր տեղի բնակչութեանը, այդ թւում` նաեւ 11 տարեկան երեխաներին: Ուրֆայի կոտորածների վերաբերեալ վերապրողներից մէկի յուշագրութեան մէջ կարդում ենք. «Ամէնէն վերջ կու գային 10-12 տարեկան թուրք տղաք, որոնք ձեռքերնին շամփուր, դանակ եւ այլ տեսակ տեսակ զէնքեր ըլլալով գետինը փռուած հայ դիակները կը զննէին, եւ եթէ շնչաւոր կամ ողջ մնացողներ գտնուէր, զանոնք կա՛մ կը մորթէին եւ կա՛մ շամփուրով կը ծակծկէին, որ բոլորովին մեռնին»:

Հայոց ցեղասպանութիւնը վերապրող Ներսէս Մազմանեանը վկայում է, որ իրենց գիւղում կանանցից մէկի ձեռքերը հետեւի մասից են կապել, իսկ մազերը կապել են կեռ գամերից, որոնք խրուած են եղել հողի մէջ: Ապա 6-8 տարեկան թուրք երեխաներին քշել են նրա վրայ, ովքեր քարերով սպաննել են կնոջը:

Թուրք ու քիւրտ տղաների կողմից սպանութիւններ իրականացուելու մասին է պատմում վերապրող Մարտիրոս Պալմեանը, ով մի քանի անգամ հանդիպել է նման երեխաների, երբ թաքնուած է եղել Էնտերեսում. «… Խանըմ էֆենտիս [ազգութեամբ թուրք – Հ. Գ.] ինծի տուաւ մանգաղ մը, տոպրակ մը եւ ինծի ընկերացուց իր վեց տարեկան զաւակը, որպէսզի պարտէզէն խոտ քաղեմ եւ տուն բերեմ: Պզտիկը ճամբան ինծի ցոյց կու տար իր մէջքի դանակին գեղեցկութիւնը եւ կը փնտռէր կեաւուրներ, որպէսզի մորթէ զանոնք, որովհետեւ իր նոր ու գեղեցիկ դանակով արդէն մորթեր էր երկու կեաւուրներ եւ շատ ուրախացեր էր: Հեղինակը պատմում է, որ այս ամէնը լսելով եւ տեսնելով 6-12 տարեկան մի խումբ թուրքերի` մանգաղն ու տոպրակը տուել է երեխային եւ հեռացել: Վերապրողը մէկ անգամ եւս բախուել է տասնամեայ թուրք երեխայի, ով ցանկացել է սպաննել իրեն. «Ես գիտցայ որ դուն կեաւուր ես: Տես, այս դանակը նոր գնած եմ կեաւուրներ մորթելու համար: Փորդ խոթեմ ըսելով` դանակը ինծի մօտեցուցած պահուն բռունցքի հարուած մը տուի»:

Մխիթար Հազրոյեանի վկայութիւնը Պիթլիս գաւառի Մօտկան գաւառակի Խութ-բռնաշէն գիւղախմբի մասին. «Այս գիւղից սպաննուեցան չորս հոգի` Սերօ Յովհաննէսեան եւ իր եղբայր Աբրէն, Կարօ Կարապետեանը եւ իր եղբայր Աւտալը: Մի քիւրտ պատանի Աւճալիլ Րուպադօլ լամուկ անուն, տասնհինգ տարեկան, դրանց տարաւ գիւղից դուրս` ասելով աշխատանք կայ անելու ու այնտեղ ատրճանակի հարուածներով սպաննեց»:

Տասներկուամեայ զեյթունցի վերապրող Յովսէփ Բշտիկեանը Սուլեյմանիէից Բոզանթի ճանապարհի իրադարձութիւնների մասին պատմում է. «Թուրք զինուորները մեր քովէն կ՛երթային: Մէկ էլ թուրք լակոտ մը տեսաւ մեր էշի վրայ երկու կողմը հէյբայի մէջ դրուած երեք-չորս տարեկան քոյրս ու եղբայրս` ամէն մէկը մի կողմ: Էդ լակոտը մի ափ հող գետնից վերցրեց ու շպրտեց եղբօրս երեսին, եղբօրս աչքերը տեղն ու տեղը կ՛ուրացան, ինքն ալ վախեն մեռաւ»:

Երեխաներ, Ովքեր Պղծում Էին Դիակները

Ցեղասպանութիւնը վերապրողների ու օտարերկրեայ ականատեսների յուշագրութիւններում ու զեկուցագրերում երբեմն հանդիպում են այնպիսի վկայութիւններ, որոնցում նկարագրւում են թուրք ու քիւրտ երեխաների կողմից հայերի դիապղծութեան տեսարաններ: Դրանցից յատկապէս ուշագրաւ են երեւոյթի խաղային դրսեւորումները:

Ազգութեամբ յոյն ֆրանսացի լրագրող Ատոսիտեսն Ատանայի կոտորածների վերաբերեալ իր աշխատութեան մէջ գրում է. «Ամսի 26-ին, կէսօրից յետոյ, զբաղուեցին մահացածներին հաւաքելով: Նրանց բեռնում էին սայլակները, որոնք պէտք է բեռնաթափուէին Սարոսում: Այդ քարաւաններն ուղեկցող թուրք լակոտները զուարճանում էին` ծակծկելով դիերը, փորելով դրանց աչքերը, սրածայր ցուպիկներով ծակելով այտերը»: Հալէպի գերման հիւպատոս Ռեոսլերը իր երկրի վարչապետ Պեթման Հոլվեկին 1915թ. սեպտեմբերի 2-ին ուղարկած զեկուցագրին կցել է պարոն Վ. Շփիկերի վկայութիւնը Մարաշի իրադարձութիւնների մասին, որում կարդում ենք. «քաղաքից (Մարաշից) ֆերմա ճանապարհին քաղաքի ծայրամասում ես տեսայ մարդկային գլուխ` ընկած գոմաղբի կոյտի վրայ, որը թուրք դեռահասները դրել էին որպէս նշանակէտ»: Վերապրող Պետրոս Ծատուրեանը, իր յուշագրութեան մէջ նկարագրելով գաղթի ճանապարհները, որոնք լի էին մարդկային ոսկորներով, գրում է. «Գանկեր ամէն կողմ որոնց հետ կը խաղային քիւրտ լաճերը…»:

Գէորգ Եափուճեանը պատմում է. «Անելանելի վիճակ, խնամքի կարօտ, զրկուած հարազատներից, վիշտ ու տառապանք, կեանքին սպառնացող վտանգներով յղի սեւ օրեր, միշտ ծաղր ու ծանակի ենթակայ թուրք լակոտների կողմից, որ համատեղ գործ ունես անասուններին արածեցնելիս, նաեւ ծառան ես այն ծառաների եւս, որ քեզ հրամայեն եզները շրջելու, ջուր բերելու, գիւղը հացի գնալու եւ այլ գործերի կատարման համար: Պակաս չէր բորբոքւում նաեւ մատաղ սրտիս վէրքերը այն ժամանակ, երբ յաճախ ձորերում հանդիպում էինք տանջամահ եղած հայերի կմախքներին, գանգերին, ծնկոսկրներին, որ ծաղրանքով լակոտները ասէին` «է՛յ, քեաֆիր, տես-տե՛ս, սա քո հօր գլուխն է, կացինով ջարդուած»:

***

Քննարկելով Օսմանեան կայսրութիւնում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ իրականացուած զանգուածային կոտորածներին ու ցեղասպանութեանը «ոճրագործ թուրք ու քիւրտ երեխաների» մասնակցութեան գործառութային առանձնայատկութիւնները` կարող ենք ասել, որ նրանց ընդգրկուածութիւնը բռնութիւններին չի եղել կազմակերպուած եւ համակարգուած: Նրանց ակամայ մասնակցութիւնը բացառապէս եղել է շարքային քաղաքացիների ներգրաւուածութեան պարունակում, ինչը պայմանաւորուած էր Օսմանեան կայսրութիւնում առկայ նախացեղասպանական ընկերային-մշակութային մթնոլորտով:

Չնայած նախացեղասպանական փուլին բնորոշ ընկերային-մշակութային միջավայրը բազմաշերտ էր, այդուհանդերձ հարկ է նշել այն երեք հիմնական ընկերային-հոգեբանական եւ ընկերային-մշակութային «մեքանիզմ»-ները, որոնք լոյս են սփռում կոտորածներին եւ ցեղասպանութիւններին հասարակութեան լայնածաւալ մասնակցութեան խնդրի վրայ:

  1. Նախացեղասպանական Քարոզչութեան Ազդեցութիւնը

ժողովրդական զանգուածներին ուղղորդելու եւ ցեղասպանութեանը մասնակից դարձնելու համար իշխանութիւնները որպէս քարոզչութեան տողատակ օգտագործում էին «մշակութային կերպարներ», որոնք հիմնականում իւրացւում են ընկերայնացման ընթացքում: Դրանով ստեղծում են հոգեբանական այնպիսի մթնոլորտ, որ անհատները կորցնում են իրենց բնորոշ յատկանիշները եւ արմատապէս վերափոխում իրենց վարքագիծը:

Այդպիսի «մշակութային կերպարներից» է «օտարի» կերպարի վերաբերեալ օտարամուտ ախտի վտանգ պարունակող տեղեկատուութիւնը, որն Օսմանեան կայսրութիւնում յանգում էր գլխաւորապէս հայերի «ապստամբ» եւ «դաւաճան» լինելու մասին լուրերի տարածմանը: Օսմանեան կայսրութիւնում «օտարի» կերպարի շուրջ սահմանը գծւում էր դարերով արմատացած կրօնահոգեբանական, կրօնաբարոյական աշխարհընկալման սկզբունքով` տարանջատելով հասարակութեանը «ճշմարիտ հաւատացեալների» եւ «անհաւատների», համապատասխանաբար` թուրք ու քիւրտների եւ ոչ թուրք ու քիւրտների, իրենց` տիրապետողների եւ ենթարկուողների դերակատարութեամբ:

Յուրայինի եւ օտարի միջեւ տարածութիւնը պարզ ֆիզիքական տարածութիւն չէ, այլ հոգեբանական: Հետեւաբար ցեղասպանութեան ժամանակ զոհի ու յանցագործի միջեւ բարոյահոգեբանական տարածութեան աճը դիւրացնում է ոճրագործութեան իրականացումը: Բռնութեան կիրառման համար կարեւոր է, թէ ինչպէս է «օտարի» կերպարը տեղաւորւում ոճրագործների աշխարհընկալման համակարգում, ինչ նախնական վերաբերմունք գոյութիւն ունի նրա նկատմամբ եւ ինչ վերաձեւաւորման է ենթարկւում: Օսմանեան կայսրութիւնում հայերն ընկալւում էին որպէս օտար, որն արտայայտող գրութիւններից են «ոչ մարդ», «մակաբոյծներ», «անհաւատներ», «շարժուող իրեր», «թափառական հրեաներ», «ռայա» պիտակները:

«Օտարի» ապամարդկայնացման գործընթացը յանգեցնում է զոհի ընկերային մահուան, որին էլ յաջորդում են հետապնդումն ու ֆիզիքական ոչնչացումը: Ժողովրդական զանգուածներին համախմբող մշակութային կերպարներից է նաեւ հայրենիքի գաղափարը: 1910թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Սալոնիկում 13 օր տեւած Իթթիհատի համագումարի կարգախօսն էր` «Թուրքիան միայն թուրքերի համար»: Առաջ քաշելով «ետ դէպի Թուրան» լոզունգը` թուրք ազգայնամոլները հանդէս էին գալիս թուրքական հին սովորութիւնների վերականգնման օգտին:

Ժողովրդական զանգուածների վարքը կառուցող մէկ այլ մշակութային կերպարի է «սրբազան պատերազմը» (ժիհատը): Կոտորածների նկարագրութիւններում յաճախ հանդիպում ենք այնպիսի դէպքերի, երբ հայերի վրայ յարձակուող մահմետականները կրօնական բնոյթի կոչեր են անում:

  1. Հասարակութեան Նուիրապետական Կառուցուածքը

Զանգուածային կոտորածներին ու ցեղասպանութեանն ամբողջ հասարակութեան, այդ թւում` նաեւ թուրք ու քիւրտ երեխաների, ներգրաւուածութիւնը պայմանաւորուած է նաեւ տուեալ հասարակութեան ընդգծուած նուիրապետական կառուցուածքով: Աւանդական նուիրապետական կառուցուածք ունեցող հասարակութիւնների կազմակերպման հիմքում խարսխուած են հաւաքական արժէքները, որոնք ծայրայեղ դրսեւորմամբ կարող են վերածուել զանգուածային բռնութեան կամ ցեղասպանութեան հրամայականի, քանի որ կիրառւում են ներխմբային համերաշխութիւն հաստատելու համար եւ վերացնում բռնութիւն գործադրելը խոչընդոտող արգելքները:

  1. Իրավիճակային Ճնշումը

հասարակութեան շարքային քաղաքացիները զանգուածային կոտորածներին ու ցեղասպանութեանը մասնակցում են երկու կերպ. կա՛մ ընդգրկւում են ռազմական եւ ռազմականացուած կառոյցներում, կա՛մ ներգրաւուում փողոցային ոճրագործ խմբերում: Ժողովրդական զանգուածների` կոտորածներին ու ցեղասպանութեանը մասնակից դառնալու գլխաւոր ազդակներից են միջավայրի ճնշումը եւ խմբային համատեղման ազդեցութիւնները: Օսմանեան կայսրութիւնում շարքային թուրք ու քիւրտ երեխաները զանգուածային բռնութիւններին ու անկարգութիւններին մասնակցում էին գլխաւորապէս իրավիճակային ճնշմամբ` ընդգրկուելով մեծահասակներից բաղկացած փողոցային խմբերում:

Երեխաների ընդգրկուածութիւնը զանգուածային կոտորածներին ու ցեղասպանութեանը պայմանաւորւում է նրանով, որ իրենց բնոյթով լինելով դիւրագրգիռ` աւելի հեշտութեամբ ու արագ են արձագանգում եւ համարկում բռնութիւնների իրագործմանը: Թուրք եւ քիւրտ երեխաները մասնակցել են ոճրագործութիւններին, կողոպուտին` մեծմասամբ հետեւելով կամ նմանակելով մեծահասակներին, արտայայտելով նոյն վերաբերմունքը, ինչ գոյութիւն ունէր նրանց ընտանիքներում եւ հասարակութեան մէջ: Այս հանգամանքն իր հերթին պայմանաւորուած է նրանով, որ հասարակութեան մէջ կայուն էր դրուած մեծահասակներին հնազանդուելու կանոնը, ինչը նպաստում է, որ երեխաներն ու պատանիներն աւելի պատրաստակամութեամբ ենթարկուեն մեծահասակներին, ինչպէս նաեւ` իշխանութեան հրահանգներին:

Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)

( Վերջ )

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )