Սիրելի՛ Ռուբէն, Բարեկամս
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հասան Ճեմալ
Երեւանի «Նոյեան Տապան» գրախանութում եմ: Իմ «Հայերը եւ թուրքերը» գրքերից է վաճառուել, գումար պիտի ստանամ: Հէնց այդ պահին խանութի աշխատակցուհին շտապեցնում է եւ ասում, որ զանգահարէք Ռուբէն Մելքոնեանին, թող շուտ Հասան Ճեմալի գրքերից բերի, մարդիկ սպասում են: Զանգում են, հեռախօսի միւս կողմից թուրքագէտ բարեկամս, ենթադրաբար պատասխանում է` «Հասնում եմ»:
Դուրս եմ գալիս գրախանութից եւ հաւաքում նրա ձեռքի համարը: «Հա՛, Թաթո՛ւլ ջան», ասում է Ռուբէնը: Մի քիչ ստում եմ` «Ռուբէ՛ն ջան, հերթի մէջ մնացինք, Հասան Ճեմալի գիրքը հասցրու»: Ու չեմ կարողանում ծիծաղս զսպել: Ասում եմ` մի քանի շաբաթ առաջ, էս ի՜նչ մեղադրանքներ էին` թուրքական քարոզչութիւն եւ այլն, հիմա դո՞ւ ես Հասան Ճեմալի գրքերը վաճառում: Պատասխանում է` իմ արդար աշխատանքն է:
Մի քանի բարեկամական նախադասութիւն փոխանակելուց յետոյ (ես եւ Ռուբէնը միասին ճամբորդել ենք, երկուսս էլ դասաւանդում ենք ԵՊՀ-ում, ես կարդում եմ նրա` Թուրքիայի մասին գրութիւնները, անկեղծ ասած` հաւանում եմ եւ շատ ուրախ եմ, որ մեր թուրքագիտութիւնը երիտասարդանում է` Ռուբէն Մելքոնեան, Վահրամ Տէր Մաթեւոսեան, Արսէն Աւագեան, Արտակ Շաքարեան եւ այլ գնահատելի անուններ) ժպտալով ու խնդալով վերջացնում ենք խօսակցութիւնը: Մտածում եմ` Ռուբէնը շուտ հասցնի Հասան Ճեմալի գրքերը, իրօք մարդիկ սպասում էին, աչքովս տեսայ:
Հիմա` աւելի լուրջ:
Այո՛, պարոն Մելքոնեանը շատ ճիշտ է` դա իր արդար աշխատանքն է: Հասան Ճեմալի գիրքը ինքն է թարգմանել, դրա դիմաց Պոլսում գործող «Հրանդ Տինք հիմնադրամ»-ը վճարել է (եթէ արժանապատիւ չի վճարել, ապա դա արդար չէ): Եթէ իր եւ թուրքական հիմնադրամի միջեւ պայմանաւորուածութիւն է խախտուել, ապա դա էլ արդար չէ: Բայց սրանք մանրամասներ են, որոնք ինձ չեն հետաքրքրում: Ես ուզում եմ հասկանալ` ի՞նչ կապ ունեն այն հասարակական կազմակերպութիւնները, որոնց պարոն Մելքոնեանը ծանրագոյն եւ անպատասխանատու մեղադրանքեր պիտակեց, իսկ գործող իշխանութիւնների կրնկի տակ թպրտացող լրատուամիջոցները կրակ էին թափում: Սրանք այն նոյն լրատուամիջոցներն էին, որ Ապտիւլլա Կիւլի 2008-ի Երեւան այցը գրեթէ համահայկական տօնախմբութեան էին վերածել, մի կազմակերպութիւն զինանշանի վրայից Արարատ սարն էր ջնջում ու այլ անպատկերացնելի այլանդակութիւններ:
Ճիշտ այն օրերին, երբ Հայոց ցեղասպանութեան ծրագրաւորողներից եւ իրականացնողներից Ճեմալ փաշայի թոռը` 70-ամեայ Հասանը Երեւանում իր գիրքն էր ներկայացնում, ես չորս օր հայ-ազրպէյճանական սահմանում էի: Սահմանապահ գիւղերում լրագրողական աշխատանքը աւարտելուց յետոյ Բերդ քաղաքում մտնում եմ Ֆէյսպուք: Այն ուղղակի պայթում է: Պարոն Մելքոնեանը խօսում է տեսախցիկների առաջ: Առաջին բանը, որ մտածեցի, դա հետեւեալն էր` պարոն Մելքոնեանը հաւանաբար իր իսկ թարգմանած գիրքը կամ գրքերի մի քանի տասնեակ հատորներ ուր որ է հրապարակաւ կը հրկիզի` այդպէս արտայայտելով իր բողոքը այս անարդար աշխարհի դէմ: Երեկոյեան Տաւուշում միացնում եմ հեռուստացոյցը, կարծեմ երկուշաբթի երեկոյ էր, միայն Հ1 կայ: Ու ի՞նչ` Նուէր Մնացականեանի հիւրը պարոն Մելքոնեանն է:
Ու ես մտածում եմ` ԵՊՀ արեւելագիտութեան բաժանմունքում, երրորդ յարկում, երբ ես ու Ռուբէնը իրար դէմ դուրս գանք, բարեւից յետոյ պէտք է դժուարութեամբ ասեմ` դա ակադեմականի, գիտնականի պահուածք չէ: Կ՛անցնեն տարիները եւ կը համոզուես: Բայց հիմա ես շատ ուրախ եմ, որ դա այլեւս չեմ ասելու նրան եւ ինչպէս միշտ պարզ բարեւելու ենք ու անցնելու:
Իրաւամբ, անցած լինի: Մանաւանդ որ Հասան Ճեմալի գիրքը գուցէ արժէր թարգմանել: Եւ լաւ է, որ հէնց Ռուբէն Մելքոնեանը ստանձնեց այդ պատասխանատու գործը:
Եւ վերջում` կրկին բարեկամաբար:
Սիրելի՛ Ռուբէն, բարեկամս, շնորհաւոր քո գալիք Ամանոր ու Սուրբ Ծնունդը: 2015-ը քո եւ շատերիս համար լինելու է մարտահրաւէրի տարի: Համատեղ անցնենք այդ ճանապարհը: