ԱԶՐՊԷՅՃԱՆՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԳՐՈՂ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ ԱՇԽԱՏՈՂ ԼՐՏԵՍ Է ՀԱՄԱՐՒՈՒՄ

Ազրպէյճանի կառավարութիւնը լրագրողներին Պաքւում անվճար կացարաններ կը տրամադրի, յայտնում է «Պի. Պի. Սի.»-ն:

Քննադատները, այդ թւում` իրաւապաշտպանները, սա դիտում են իբրեւ լրատուամիջոցների վրայ պետական վերահսկողութեան խստացման միջոց: Նրանք ասում են, որ սա կաշառք է, որը սպառնում է մամուլի ազատութեանը եւ դժուարացնում իշխանութիւններին մարտահրաւէր նետելը:

Կառավարութիւնն իր հերթին ասում է, որ դա ուղղուած է այն մարդկանց ընկերային պաշտպանութեան ապահովմանն, ովքեր դրա կարիքն ունեն: Նախագահի ներկայացուցչի խօսքով, լրագրողներն իրաւունք ունեն գրել այն, ինչ ցանկանում են:

Նախագահի պաշտօնական ներկայացուցիչ Ալի Հասանովը նաեւ լրագրողներին կոչ է արել հայրենասէրներ եւ պետութեան կողմնակիցներ լինել, քանի որ իւրաքանչիւր լրագրող «ազգային եւ հոգեւոր արժէքների կրող է եւ երկրի շահերի պաշտպան»:

«Որպէս հայրենասէր` մենք պէտք է գրենք միայն դրականի մասին եւ քննադատ չլինենք: Այդ պատճառով ճիշդը գրող լրագրողները ձերբակալւում են: Կառավարութիւնը կարծում է, որ եթէ լրագրողը գրում է խնդիրների մասին, ուրեմն չի սիրում իր երկիրը: Հետեւաբար նա Հայաստանի օգտին աշխատող լրտես է համարւում»,- ասել է Ազրպէյճանի Պատերազմի լուսաբանման եւ խաղաղութեան հիմնարկի ղեկավար Սամիրա Ահմետպէյլին:

«ՆԻՈՒԶ»

Share this Article
CATEGORIES