ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿԵԱՆ ԿԱՊԵՐ ՈՒ ԽԱՂԵՐ

Շաբաթուայ սկզբում Թուրքիա այցելեց Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլըրի Քլինթընը: Ըստ յայտարարութիւնների, Քլինթընի այցելութեան գլխաւոր օրակարգն էր Թուրքիայի իշխանաւորների հետ մտքերի փոխանակումներ ունենալ շրջանային հարցերի, գլխաւորաբար` Սուրիայի եւ Լիպիայի իրադարձութիւնների վերաբերեալ: Քլինթընը հանդիպեց Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ապտիւլլա Կիւլի վարչապետ Էրտողանի եւ արտաքին գործերի նախարար Ահմէթ Տաւութօղլուի հետ` երկու երկրների փոխադարձ յարաբերութիւնների մասին խօսելու նպատակով: Յիշեալ հանդիպումը դռնփակ էր եւ լրատուամիջոցների ներկայացուցիչները մանրամասնութիւններ չհաղորդեցին այդ հանդիպումից:

Սուրիայի ու Լիպիայի եւ թուրք-ամերիկեան յարաբերութիւնների մասին խօսելուց բացի, այդ այցելութեան օրակարգերից են եղել նաեւ` Կիպրոսի հարցը, Թուրքիայի ներքին խնդիրներն ու նաեւ Թուրքիայի եւ իր հարեւան երկրների հետ ունեցած հարցերը, այդ շարքում` Հայաստան-Թուրքիա կապերը եւս:

Քլինթընը Թուրքիայից յետոյ այցելեց Յունաստան: Թուրքիան թողնելիս` նա մամլոյ ասուլիս ունեցաւ լրատուամիջոցների հետ: Նրա ասուլիսի գլխաւոր թեմաներից էին հետեւեալները.

– Քլինթընը գնահատեց իշխող կառավարութեան քայլերը` երկրում ժողովրդավարութիւն հաստատելու համար, եւ յոյս յայտնեց, որ նոր սահմանադրական օրէնքում աւելի ազատութիւններ նկատի առնուեն Թուրքիայի ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների համար:

– Քլինթընը քննադատեց մարդու իրաւունքների սահմանափակումը` Թուրքիայում եւ լրագրողների ձերբակալութիւնը` այդ երկրում:

– Հովանաւորեց թուրք կառավարութեանը` քրտերի դէմ տարուող պայքարում:

– Քլինթընը նաեւ յայտնեց, թէ Թուրքիան կարող է ծառայել որպէս ժողովրդավար մոտել` արաբական երկրների համար:

* * *

Երկրորդ Համաշխարհային պատերազմից մինչ այսօր Թուրքիան եղել է Ամերիկայի դաշնակիցն ու ռազմավարական ընկերը. Սառը պատերազմի ժամանակաշրջանում Թուրքիան կարեւոր դեր ունէր Միացեալ Նահանգների համար` որպէս պատնէշ Խորհրդային Միութեան դէմ: Խ. Միութեան փլուզումից յետոյ` Թուրքիայի դերը փոխուեց Միացեալ Նահանգների համար, բայցեւայնպէս` մնաց մի կարեւոր դաշնակից, սակայն` այլ ձեւաւորումով:

Չնայած վերջին տարիներում Թուրքիան երբեմն հակադրուել է Միացեալ Նահանգների միջինարեւելեան քաղաքականութեանը, բայց միջազգային քաղաքականութիւն մշակողներից շատերի կարծիքով` շրջանում Թուրքիայի եւ Միացեալ Նահանգների շահերը 90 առ հարիւրով համընկնում են միմեանց. բերենք մի քանի օրինակ.

– Աշխարհի կարեւոր ջրային ճանապարհներից է Վոսփորի նեղուցը, որը իրար միացնում է Սեւ ու Միջերկրական ծովերը: Վոսփորը գտնւում է Թուրքիայում: Միացեալ Նահանգներն միշտ ցանկացել է հակակշռութիւն ունենալ այս ջրանցքի վրայ ու նաեւ չի ցանկանում, որ Ռուսաստանը տիրական լինի այս շրջանում:

– Թուրքիան հարեւան է Կովկասին (արդէն յայտնի է Կովկասի կարեւորութիւնը` քաղաքական տեսակէտից, ու նաեւ այն, որ մի շրջան է, որտեղից են անցնում նաւթի խողովակներ եւ….), սահմանակից է արաբական եւ մուսուլման աշխարհին եւ միաժամանակ հարեւան է Եւրոպային, կամուրջն է այս երկու աշխարհամասերի: 2001 թուականից Միացեալ Նահանգներն այսպէս ասած պայքար է սկսել ծայրայեղ իսլամականութեան դէմ, Թուրքիան հեղինակութիւն եւ ազդեցութիւն ունի արաբական եւ իսլամական երկրներում (եւ փորձում է զարգացնել դա). ուստի` Թուրքիան կարող է Միացեալ Նահանգների քաղաքականութիւնների լրացուցիչը լինել այդ երկրներում:

– Ամերիկայի ազդեցութեան գօտու մէջ չի մտնում Սուրիան, սակայն Թուրքիայի յարաբերութիւնները շատ լաւ են Սուրիայի հետ (եթէ հաշուի չառնենք Սուրիայի վերջին դէպքերը):

– Թուրքիան ՕԹԱՆ-ի անդամ երկիր է եւ` որպէս այդպիսին, մեծ աջակցութիւն է ցուցաբերել Միացեալ Նահանգներին Աֆղանիստանում` թէ՛ իր զինեալ ուժերով, եւ թէ՛ տնտեսական օգնութիւններով, մինչ այժմ 100 միլիոն տոլար օժանդակութիւն է կատարել Աֆղանիստանի զարգացման ծրագրերում եւ խոստացել է, որ         300 միլիոն տոլար էլ օգնի: Ամերիկան թողնելու է Աֆղանստանը, բայց եւ կարիք ունի մի վստահելի ներկայացուցչի:

– Զարգացած տնտեսութիւնը ինքը ազդակ է, որ մի երկիր կարողանայ իր սահմաններից դուրս ազդեցութիւն ունենալ ուրիշ երկրներում: Թուրքիան մեծ ներդրումներ ունի հիւսիսային Իրաքում. Միացեալ Նահանգներն թողնելու է Իրաքը եւ Աֆղանստանը, իսկ մնում է Թուրքիան, որ գնալով դառնում է շրջանային ուժ:

* * *

Մինչ այժմ տարածաշրջանում ուժ էր Միացեալ Նահանգներն կամ գոնէ աւելի ներկայութիւն էր. հիմա ուժեղանում է Թուրքիան: Պատմութեան մէջ միշտ այսպէս է եղել, որ երբ առաջացել է մի նոր ուժ, այդ նորը մտածել է, թէ հին ուժը սահմանափակելու է իրեն եւ հին ուժն էլ մտածել է, թէ ստեղծուելիք նոր ուժը գալու է փոխելու ամէն ինչ. իրականութեան մէջ, երկուսն էլ ճիշդ են մտածում: Սակայն, Թուրքիան, որ ձգտում է տարածաշրջանային ուժ դառնալ, դեռ կարիք ունի իր բարեկամի եւ հին ուժի աջակցութեանն ու հովանաւորութեանը: Թուրքիայի քաղաքականութիւնը` Լիպիայի եւ Սուրիայի նկատմամբ, եւ նրա տատանումները` այս երկու երկրի հանդէպ իր որդեգրելիք քաղաքականութեան մէջ, ապացուցեցին, որ Թուրքիան դեռ հասուն ուժ չէ եւ չի կարողանում արագ կողմնորոշուել իր ռազմավարական շահերի եւ քաղաքական արժէքների միջեւ:

Թուրքիայի եւ Միացեալ Նահանգների պարագայում` պիտի ասել, որ փոխուել է նախկինում միմեանց հանդէպ եղած դրուածքը, փոխւում են իրենց յարաբերութիւնների հիմքերը, բայց նոր հիմքերն էլ դժուար են կառուցւում, եւ սա դեռ խաղի վերջը չէ:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

«Ալիք»

Share this Article
CATEGORIES